Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Այնուամենայնիվ, ծանոթացե՛ք քեռի Արամին

Այնուամենայնիվ, ծանոթացե՛ք քեռի Արամին
06.12.2023 | 21:04

Արամ Սարոյանի կամ քեռի Արամի անունը հայությանն ու աշխարհին հայտնի դարձավ Վիլյամ Սարոյանի շնորհիվ: Մեծանուն գրողը իր ստեղծագործություններում, հուշերում ու զրույցներում հաճախ է անդրադարձել իր մորեղբորը , որի հետ կապված էր վաղ մանկությունից մինչև իր կյանքի մայրամուտը: Այն մորեղբորը, որը Ֆրեզնոյի իր փաստաբանական գրասենյակում ընդունել էր Զորավար Անդրանիկին ու աչքերը լցրել ազգային հերոսից ստացած տպավորություններից (Վ.Սարոյան, «Հայաստանի Անդրանիկը»):

Քեռի Արամին, արդեն ծերունական տարիքում, նախախնամությունը մեկ անգամ ևս հնարավորություն ընձեռեց հայտնվել հայ և օտար շրջանակների ուշադրության կենտրոնում: Այս անգամ նա կարողացավ իր անունը կապել մեկ այլ մեծանուն հայի՝ Գուրգեն Յանիկյանի անվանը:

1973թ. հունվարի 27-ի՝ Գուրգեն Յանիկյանի գործողությունից հետո ԱՄՆ հայկական շրջանակներից շատերը հարցաքննության ենթարկվեցին: Առաջինների թվում Արամ Սարոյանն էր, քանի որ համայնքում ճանաչված անուն էր, ուներ ազգային գործչի համարում, հաճախ էր հանդես գալիս մամուլում և, մանավանդ, տասնամյակների ընթացքում ազգային հարցերով մի քանի անգամ առնչվել էր Յանիկյանին ու որոշակիորեն ճանաչում էր նրան: Բացի այդ, իր փաստաբանական երկարամյա գործունեության արդյունքում քաջատեղյակ էր ԱՄՆ արդարադատության համակարգի անցուդարձին, գիտեր այդ համակարգում գործող բազմաթիվ անձանց: Ինչպես, օրինակ, Յանիկյանի գործով պետական մեղադրողին՝ դատախազ Դեյվիդ Մինիերին, որի հետ հանդիպումները Յանիկյանի գործի շրջանակներում հաճախակի դարձան: Արամ Սարոյանը Յանիկյանի տարեկիցն էր, նույնիսկ նրանից չորս-հինգ տարով ավագ, և ծերունական տարիքը ավելի էր խորացրել նրա փառասիրությունը, ամեն առիթով իր անձն ու գործը կարևորելու մարդկային թուլությունը: Այս մասին բավականին թափանցիկ ակնարկել է նաև Վիլյամ Սարոյանը: Ահա, Յանիկյանի գործը բացառիկ առիթ էր Արամ Սարոյանի համար՝ միանգամից հայտնվելու լրագրողների, հիշյալ գործը քննողների և, ընդհանրապես լայն հանրության ուշադրության կենտրոնում: Սիրով ու եռանդով հանդիպումներ էր ունենում, հարցազրույցներ ու ցուցմունքներ էր տալիս՝ չմոռանալով շարունակ ուշադրություն հրավիրել իր երկարամյա վաստակի ու հատկապես անգլերենով լույս ընծայած իր ինքնակենսագրական գրքի («Ծանոթացիր քեռի Արամին», 1970 թ.) վրա: Ի դեպ, այս գրքի վերնագիրն անգամ վկայում է, որ Ա.Սարոյանը հեռատեսորեն դիրքավորվել է իր հռչակավոր քեռորդու լայն համբավի ծիրում՝ մեծապես օգտվելով դրանից: Չէ՞ որ ինքը սովորական քեռի չէ, ինքը Վիլյամ Սարոյանի՛ քեռին է:

Այդ հանդիպումների ընթացքում Ա.Սարոյանը կարողացավ դատախազի հետաքրքրությունը շարժել իր գրքի հանդեպ և նրան ու դատավոր Վեստվիկին այդ գրքից օրինակներ նվիրեց: Հետաքրքիր է, որ դատավարության ընթացքում դատախազը այդ գրքից անբարեխիղճ մեջբերումներ էր անում՝ հարուցելով նիստերին ներկա հայերի վրդովմունքը:

Ինչպես հավաստիացնում է Արամ Սարոյանը, հենց դատախազն էլ իրեն առաջարկել է ստանձնել Յանիկյանի դատավարության պաշտոնական թարգմանչի պարտավորությունները, և ինքն էլ համաձայնել է՝ Յանիկյանին «ամեն միջոցներով օժանդակելու» մղումով: Թե որքանով է օժանդակել՝ կիմանանք քիչ անց…

Դատավարությունից հետո Ա.Սարոյանը սկսեց յուրովի շարադրել Յանիկյանի կենսագրությունը և դատական նիստերի ընթացքը՝ անելով նաև մասնագիտական նկատառումներ: Նույն 1973-ի վերջին էլ նրա հուշագրությունը հայերեն թարգմանությամբ լույս ընծայվեց Բեյրութի՝ Հնչակյան կուսակցության օրգան «Արարատ» օրաթերթի նախաձեռնությամբ՝ որպես մի գիրք-ժողովածուի երկրորդ մաս: Այդ գրքի առաջին մասը նույն՝ «Ծանոթացիր քեռի Արամին» ինքնակենսագրական երկն է: Արամ Սարոյանի այս հատորի լույսընծայումը նկատելի իրադարձություն էր սփյուռքի համայնքների համար, քանի որ հայությունը անհամբեր սպասում էր Յանիկյանի մասին ցանկացած լուրի, իսկ այդպիսիք հազվադեպ էին պատահում, քանի որ Յանիկյանի պաշտպանության համար ձևավորված միջկուսակցական հանձնախումբը, ԱՄՆ իշխանությունների ցուցումով, ինքնալուծարվել էր, նվիրատուներին վերադարձրել ծերունի վրիժառուի դատի համար հանգանակված գումարները, և կուսակցությունները արգելել էին մամուլին՝ որևէ դրվատական բան գրել Յանիկյանի մասին: Ա.Սարոյանի այս գիրքը երկար տարիներ հայության համար մնաց որպես Յանիկյանի դատավարության և մեղադրական վճռի հիմքերի վերաբերյալ ամենաամփոփ և հավաստի աղբյուրը: Երկու տասնամյակ անց հնարավոր եղավ այն առանձին գրքույկով հրատարակել նաև Երևանում (Արամ Սարոյան, «Գուրգեն Յանիկյանի դատավարության պատմականը», Երևան, 1992: Կազմող՝ Գրիգոր Գույումջյան):

Այդ նույն ընթացքում, երբ Արամ Սարոյանը գրում էր իր հուշերը, ազգային կուսակցություններից դավաճանված ու ԱՄՆ արդարադատության մեքենայությունների առաջ մեն-մենակ մնացած ու ցմահ դատապարտված Գուրգեն Յանիկյանը բանտախցում գրի էր առնում իր գլխովն անցածը՝ իրեն հատուկ հետևողականությամբ չմոռանալով ոչ մի մանրուք: Յանիկյանի այդ հուշագրությունը հնարավոր եղավ հրապարակել միայն 1990-91 թվականներին՝ Բեյրութի «Սփյուռք» պարբերաթերթի համարներում, իսկ 1999-ին որպես առանձին գիրք լույս ընծայվեց Երևանում (Գուրգեն Յանիկյան «Նպատակ և ճշմարտություն»): Ծերունի հերոսը անողորմ քննադատության է ենթարկել իր բոլոր երեսպաշտ հայրենակիցներին՝ կամենալով պատմությանը թողնել բացառապես մերկ ճշմարտությունը: Նրա այրող հարվածներից զերծ չի մնացել նաև պաշտոնական թարգմանիչը՝ Արամ Սարոյանը: Հետևություններ անելու համար ստորև Յանիկյանի հուշերից բերում ենք Ա.Սարոյանին վերաբերող էջերը.

«Յանիկյան անհատի դատավարությունը սկսվեց:

Մի նոր զավեշտ սկսվեց: Ահա և այդ դերասանների նկարագիրը:

Իմ փաստաբանների պահանջի համաձայն՝ դատավարության ժամանակ ես ունենալու էի թարգմանիչ:

Մի քանի անունների ցուցակը քննվում էր թե դատախազի և թե իմ փաստաբանների կողմից:

Տեսակցության օրը բանտ եկավ Արամ Սարոյան անունով մի փաստաբան, որին ես գիտեի մոտ 20 տարի:

Առաջարկեց լինել իմ թարգմանիչը դատավարության ժամանակ: Արամ Սարոյանը (խոսում էր Վանի բարբառով) սկսեց ինձ բացատրել, որ, լինելով իրավաբան, կարող է մեծ օգուտ տալ թարգմանության ժամանակ: Բացի դրանից, ինքը լավ գիտե տաճիկների ու մեր ցեղի պահանջների մասին:

«Ես դրամի համար չեմ ուզում քո թարգմանիչը լինել,-ասաց նա: Ես դրամի կարիք չունեմ: Դրամը նվիրելու եմ քո՝ արդեն կազմված պաշտպանության հիմնադրամին: Ես ուզում եմ մեր ազգի համար օգտակար լինել և իմ վարկի համար»:

Նրա առաջարկը, որ դրամի համար չէ այդ անում, ավելի մեծ դեր խաղաց իմ համաձայնությունը տալու մեջ, քան իր մեջբերած բոլոր մյուս առավելությունները: Եկանք համաձայնության, որ ես անելու եմ ամեն ինչ, որ նա նշանակվի, իսկ ինքը պարտավորվում է ստացած դրամը հատկացնել Յանիկյանի պաշտպանության հիմնադրամին:

Ըստ օրենքի՝ թարգմանիչն օրական ստանում է 50 դոլար: Նկատի ունենալով, որ իմ դատավարությունը տևելու էր առնվազն 2 ամիս, հաշվեցի, որ 2-3 հազար դոլար է մտցվելու պաշտպանության հիմնադրամ:

Հետևյալ օրը փաստաբան Լինդզիին հայտնեցի Սարոյանի հետ իմ կազմած համաձայնության մասին և խնդրեցի նրա աջակությունը՝ Սարոյանին որպես պաշտոնական թարգմանիչ հրավիրելու համար: Դատախազը և պաշտոնյան, չնայած ունեին 2 ուրիշ թեկնածու, ստիպված եղան համաձայնվել ինձ հետ:

Նույն օրը Արամ Սարոյանն ընդունվեց դատավորի կողմից որպես ընտրյալ թարգմանիչ ու երդվեց լինել անկողմնակալ իմ դատավարության ընթացքում:

Դատավարության ժամանակ ներկաներն ականատես եղան «անկողմնակալությանը»:

Նույնիսկ ինքը՝ դատախազը, այնքան վատ զգաց, որ հարցրեց նրան մի բացատրության ժամանակ.

- Պարոն Սարոյան, ես ձեզանից այդ բացատրությունը խնդրեցի՞:

- Ոչ, պատասխանեց նա,-ե՛ս տալիս եմ այս բացատրությունը, որպեսզի չմեղադրվեմ, որ մեղադրյալի օգտին եմ խոսում, այլ ապացուցեմ, որ դատախազի օգտին եմ խոսում ու նրա տեսակետը պաշտպանում:

Ո՞վ էր այդ բացատրության ժամանակ Սարոյանը- մի հա՞յ, որ խոստացել էր լինել միայն անկողմնակալ մի թարգմանիչ, թե, ինչ-ինչ պատճառներից դրդված, դատախազի գնահատելի օգնականը: Գուցե նրա խիղճը միշտ քնած է եղել, բայց հույս ունեմ, որ կարդալով այս գրությունս՝ կարթնանա: Եթե միայն այս լիներ նրա մեղքը, գուցե ես ժամանակ չկորցնեի ու չգրեի նրա մասին, բայց քանի որ նա գործեց և ուրիշ «քաջագործություններ»՝ որոշեցի գրել և նրա անունն էլ հավերժացնել Յանիկյանի պատմական դատավարության փաստերի շարքում:

Մի գիրք էր գրել, որը ջերմ ու սրտառուչ մակագրությամբ նվիրել էր այդ դատախազին: Բոլորը գիտեին, որ նրանք հաճախ էին միասին անցկացնում երեկոները և մեծ մասամբ՝ Սարոյանի տանը: Ի՞նչ էր այդ հաճախակի հանդիպումների բուն նպատակը, գաղտնիք է մինչ այսօր:

Բայց գաղտնիքը ծածկող վարագույրի մի անկյունը բացվեց, երբ դատախազն իր մեղադրական ճառի մեջ սկսեց մեջբերումներ անել Սարոյանի գրքից.

- Շունը հաչում է, քարավանը շարունակում իր ճանապարհը,- բացականչեց դատախազը՝ «քարավան» խոսքի տակ նկատի ունենալով տաճիկ կառավարությանը:

Ներկաներից մեկը դատարանի միջանցքում մեղադրեց դատախազին և ասաց, որ իրավունք չունի այդպես վիրավորվել մի ամբողջ ազգ: Նա պատասխանեց.

- Ես չեմ հնարել այդ խոսքերը, վերցրել եմ Սարոյանի գրքից:

Անձնապես ես ենթադրում եմ, որ դատախազը փաստեց Սարոյանին, որ նա էլ պարտավորված լինի օգնել դատապարտելու մեղադրյալին, այլապես մեղավորը կլինեն թե՛ ԱՄՆ կառավարությունը և թե՛ տաճիկ երկիրը:

Ինչպե՞ս կարող էր օգնել Սարոյանը:

Իմ գրությունների թարգմանությունը նա երբեմն կատարում էր այնպես, որ գրածիս իմաստը բոլորվին հակառակն էր դուրս գալիս: Կամ բաց էր թողնում մի խոսք, որը փոխում էր գրվածի իմաստը: Բացասական գրած մտքերս դրական էր դարձնում և հակառակը: Մի քանի անգամ բողոքեցի: Մի քանի անգամ նույնիսկ վիճաբանություն ունեցանք դատարանում:

Բացատրել, թե այդ բոլորն արվում էին անգիտակցաբար, դժվար է, բայց ենթադրենք՝ այդպես է:

Դատավարությունը վերջացավ: Սարոյանը ստացավ իր ստանալիք դրամը ու գնաց Լոնգ բիչ՝ ժամանակ անցկացնելու: Մոռացավ իր՝ ինձ հետ ունեցած պայմանը, մոռացավ հիմնադրամը, ուր մտցնելու էր իր ստացածը: Ես խնդրեցի փաստաբան Լինդզիին հիշեցնել նրան: Ասացի, որ նույնիսկ նամակ գրի ու պաշտոնապես պահանջի: Սարոյանը, որ տարիների ընթացքում ամեն մի հարմար ու անհարմար միջավայրում հրապարակ էր գալիս որպես մեր ազգի համար պայքարող, Սարոյանը, որ նույնիսկ չամաչեց մի գրողի անուն կրելուց, որով ամբողջ ազգն է հպարտանում, և ոչ միայն անունն է կրում, այլ նրա հորեղբորորդին է, Սարոյանը, որն իրեն ներկայացնում է որպես հարուստ ու հանգստության քաշված իրավաբան, չկարողացավ բաժանվել մի քանի դոլարից, որ նա ստացավ շնորհիվ մեր համաձայնության:

Պոռոտախոս անհատների ժամանակն անցել է, պարոն Սարոյան: Չկարծես, թե մոռանալու եմ քեզ: Պիտի հիշեմ ոչ միայն ե՛ս, այլ շատ-շատերը, որոնք կտեղեկանան քո վարմունքի մասին: Զղջում եմ, որ քեզ հետ աղ ու հաց եմ կերել: Որտե՞ղ են քո խոստումները ոչ միայն ինձ, այլև իմ փաստաբաններին, որ երբ դատավարությունը վերջանա, որպես Սարոյան՝ սկսելու ես մի դատավարություն կոմիտեի դեմ ու պահանջելու ես, որ ժողովրդից ստացած բոլոր դրամները մտցվեն պաշտպանության համար կազմված հիմնադրամի մեջ:

Ի՞նչ եղան քո խոստումները: Ի՞նչ պատահեց, որ դու դատավարությունից հետո փոխեցիր քո տեսակետը, թե՞ դու տեսակետ չունես, այլ լոկ մի կենդանի ես, որը դժբախտաբար կրում է հայ անունը:

Միայն մի քանի դոլարնե՞րը թելադրեցին քո անելիքը, թե՞ դատախազի համոզումները դեռ շարունակում են իրենց ունեցած ազդեցությունը: Եթե դու ունես մի քիչ ինքնասիրություն, պատասխանիր հանրությանը:

Գիտեմ, որ քեզ պես պոռոտախոս ու սուտ հայրենասերների թիվը Ամերիկայում ներկայումս քիչ չէ:

Ցավալի է, որ շատ-շատերը չեն գործածում այս նշանաբանը իրենց առօրյա կյանքում, նամանավանդ երբ հարցը վերաբերում է մեր ցեղին ու մեր ազգի պահանջներին մի կառավարությունից, որին միայն «բարբարոս» կոչելը քիչ է» (Գ.Յանիկյան, «Նպատակ և ճշմարտություն», էջ 83-85):

Երջանիկ մարդ էր Արամ Սարոյանը, որ այդպես էլ չտեսավ այս խարազանող էջերը. երբ կարելիություն ստեղծվեց հրապարակելու Յանիկյանի հուշերը, և՛ ինքը, և՛ Յանիկյանը այլևս ողջ չէին:

Անշուշտ նկատեցիք, որ Գուրգեն Յանիկյանը Արամ Սարոյանին կոչել է Վիլյամ Սարոյանի հորեղբորորդի: Յանիկյանը գիտեր, որ նրանք ազգականներ են, բայց չգիտեր, թե որ կողմից են ազգական: Դատել է ազգանվան նույնությունից և եզրակացրել, որ նրանց ազգակցական կապը հայրական կողմից է: Իհարկե, Յանիկյանը, ինչպես և շատերս, կարող էր և չիմանալ, որ Վիլյամ Սարոյանի և հայրական, և մայրական կողմերը նույն ազգանունն են կրել: Հետագայում, մի դիպվածով նա իմացավ այդ մասին:

Վերը բերված մերկացումները դեռ ամբողջը չեն: Ի տարբերություն Ա.Սարոյանի, Յանիկյանը հնարավորություն ունեցավ կարդալ նրա հուշերը: Բարեկամների մի նեղ շրջանակ մշտապես բանտ էր հասցնում նրան առնչվող ամեն հրապարակում: Կարդաց ու հերթական անգամ դառնացավ բարեկամ ձևացողի երեսպաշտությունից ու կեղծիքից: Տեսավ, որ աղճատված ու խեղաթյուրված է իր հագեցած կենսագրությունը, դատավարության ընթացքը ներկայացված է կամայականորեն:

Ծերունի բանտարկյալը հետագա տարիների ընթացքում շատ բան էր բացահայտել: Կյանքի վիթխարի փորձն ու շրջահայացությունը օգնել էին նրան քանդել իր շուրջը հյուսված դավադրությունների կծիկը, պատռել շատերի դիմակները, և հասունացել էր այդ ամենը երկրորդ հուշագրությամբ պատմությանը թողնելու պահանջը: Արամ Սարոյանի այս գիրքը դարձավ ազդակներից մեկը, որպեսզի Յանիկյանը վերստին գրիչ վերցնի: Ու հենց Սարոյանով էլ բացվում է նրա հուշերի երկրորդ գիրքը: Ահավասիկ.

«Երբ իմ կենդանության ժամանակ լսում և կարդում եմ թերթերում իմ մասին տեղեկություններ, որոնք երբեմն շատ հեռու են ճշմարտությունից, ապա պարզ է, որ իմ մահից հետո կեղծիքն ավելին է լինելու:

Նախ ինքս գրեցի իմ կենսագրությունը՝ բաղկացած երեք մասից, որ ազատեմ ոմանց իմ մասին գրելու «նեղությունից»: Ինչպես փաստաբան Արամ Սարոյանին՝ Վիլյամ Սարոյանի քեռուն, որպեսզի չզբաղվի կենսագրությունս գրելով ու Վիլյամ Սարոյանի նախաբանով մի քանի դոլար շինելով, այլ բավականանա այն գողացած դրամով, որ նա ստացավ որպես թարգմանիչ իմ դատավարության ժամանակ, ու գնաց Լոնգ Այլդ՝ բրիջ խաղալու:

Այդ դրամը, համաձայն մեր պայմանի, նա մուտք էր անելու իմ պաշտպանության ֆոնդ, և այդ էր պատճառը, որ նա թարգմանչի պաշտոնը ստացավ. «միայն պրիստիժի համար», ինչպես ինքն ասաց ինձ, երբ եկավ Սանտա Բարբարայի բանտը՝ այդ խնդրանքով ու աղաչանքով: Կենսագրությունս գրելով, որը մեծ մասամբ իր հնարածն է, և դրան կցելով Վիլյամ Սարոյանի նախաբանը, նա, ճիշտ է, հնարավորություն ունեցավ մի քանի դոլար վաստակելու, բայց դա նրան չազատեց դատավարության ժամանակ տեղի ունեցած խայտառակությունից, ինչը նրա կեղծ թարգմանությունների արդյունքն էր: Նա պաշտոնապես սխալ թարգմանեց ու ստորագրությամբ հաստատեց իմ գրության մի մասը, և այդ տեսքով էլ ներկայացրեց դատախազին, ինչը կարող էր վնասել ինձ: Դատախազը, իր ձեռքին բռնած իմ գրության նրա անգլերեն «թարգմանությունը»՝ հայտնեց, թե Յանիկյանը գրում է. «Մեր Սահմանադրությունը ծածկված է այնքան փոշով ու աղբով, որ միակ ելքը այդ Սահմանադրությունը ոչնչացնելն է»: Լսելով այդ՝ ես գոռացի. «Սո՛ւտ է, պարոն դատավոր, դա դատախազի հնարածն է, ես այդպիսի բան չեմ գրել»:

Դատախազն ասաց դատավորին, որ թարգմանությունը ստորագրված է պաշտոնապես հաստատված թարգմանչի կողմից:

Դատավորը ընդհատեց դատավարությունը և առաջարկեց, որ ես ու Սարոյանը պարզենք այդ հարցը:

«Ապո՛ւշ,- ասացի Սարոյանին, որտեղի՞ց ես դու դա հնարել»: Քննեցինք և պարզվեց, որ իմ գրածն այսպիսին է. «Մեր Սահմանադրությունը ադամանդ է, բայց ծածկված է փոշով: Երիտասարդ սերունդը պիտի մաքրի այդ փոշին, բայց զգուշությամբ, որ ադամանդը չվնասվի»:

Քանի որ ես հայտնեցի, թե այդ թարգմանությունը կատարված է դատախազի կարգադրությամբ, վիրավորված դատախազը խնդրեց դատավորին, որ ինքը հարցաքննի թարգմանիչ Սարոյանին: Ստորև բերում եմ այդ հարցաքննության արձանագրությունը.

ԴԱՏԱԽԱԶ - Պրն Սարոյան, Դուք դատարանի երդվյալ թարգմանի՞չն եք այս դատին:

ՍԱՐՈՅԱՆ – Այո:

ԴԱՏԱԽԱԶ – Այս երկու թարգմանություններից ո՞րն է ճիշտը. երեկվա տվա՞ծը, թե՞ սա:

ՍԱՐՈՅԱՆ – Առաջին տվածս սխալ է… Ճիշտը այսօրվա տվածս է:

ԴԱՏԱԽԱԶ – Ես խնդրե՞լ եմ Ձեզ սխալ թարգմանել:

ՍԱՐՈՅԱՆ – Ոչ, պարոն դատախազ:

ԴԱՏԱԽԱԶ – Ինչո՞ւ եք սխալ թարգմանել այս գրությունը:

ՍԱՐՈՅԱՆ - Որովհետև ես ուզում էի Ձեզ օգնել, ես Ձեր կողմն եմ…

ԴԱՏԱԽԱԶ – Շնորհակալություն:

Իմ երկու փաստաբանները ավանակների պես նստած էին, և բողոքի ոչ մի ծպտուն չհանեցին: Նույնը և դատավորը: Սարոյանին փոխանակ բանտ նետելու, թույլ տվեցին, որ շարունակի թարգմանչի իր պաշտոնը… մինչև վերջ, և վճարվի լիովին:

Ո՞վ է ասում, որ Ամերիկա կոչված մեր երկրում արդարադատություն չկա: Կա՛. վկա Սարոյանի դեպքը: Իմ խեղճ Ամերիկա, ո՞ւր ես գնում…» (Գ.Յանիկյան, «Բանտարկյալի ձայնը», Երևան, 2022, էջ 10-12):

Այստեղ Յանիկյանի հիշատակած՝ Վիլյամ Սարոյանի առաջաբանը մեզ շատ հետաքրքրեց: Ասենք, որ Ա.Սարոյանի հուշագրության երևանյան հրատարակության մեջ այն չկա, և շատ էինք ուզում իմանալ մեծանուն գրողի գնահատականը Յանիկյանի և նրա գործողության մասին, մանավանդ որ Յանիկյանն իր հուշերում չի խնայել նաև Վիլյամ Սարոյանին: Այդ առաջաբանը հայերեն թարգմանությամբ մեզ տրամադրեց Լիբանանի «Սփիւռք» պարբերաթերթի խմբագիր Սաքո Օգնայանը: Ցավոք Վիլյամ Սարոյանը խուսափել է որևէ վերաբերմունք արտահայտելուց: Նա հիմնականում գրում է քեռու մասին և կոչ անում ընթերցողներին ոչ միայն գնել քեռու գրքից, այլև թելադրել իրենց բարեկամներին, որ նրանք էլ գնեն: Անհամեստորեն խոստովանենք, որ հայերիս համար հույժ արժեքավոր ստորագրությունը կրող այդ առաջաբանը ևս ընդգրկել ենք այս հատորյակի մեջ, որպեսզի ժամանակակից ընթերցողը անսա Վիլյամ Սարոյանի կոչին և գնի այս նոր հրատարակությունը:

Ասենք նաև, որ գրքույկի 1992թ. երևանյան հրատարակության առաջաբանը գրել է անվանի արձակագիր և ազգային գործիչ Սերո Խանզադյանը: Ճիշտ է, այդտեղ ևս Յանիկյանի վերաբերյալ շահեկան շատ բան չկա. Խանզադյանն էլ առիթը բաց չի թողնում հիշատակելու իր «Մխիթար Սպարապետը» և կարևորում է հուշագրության ժանրը՝ այն համարելով «պատմական ամենից ստույգ տեղեկություններ», իսկ իրականում կրկնում է Արամ Սարոյանի բերած կենսագրական խոցելի տեղեկությունները և դրանք ներկայացնում որպես իր և Գուրգեն Յանիկյանի միջև տեղի ունեցած զրույց (Յանիկյանը գործողությունից մի քանի ամիս առաջ, 1972-ի աշնանը, այցելել էր Հայաստան): Խանզադյանի առաջաբանը ևս առկա է այս հրատարակությունում:

Այս ամենով հանդերձ, Արամ Սարոյանի հուշագրությունը ունի նաև անժխտելի գրավչություն: Այնտեղ կա անթաքույց մեծարանք Գուրգեն Յանիկյանի կյանքի ու գործի հանդեպ, կան նաև իրավաբան-փաստաբանի ուշագրավ դիտարկումներ:

Գուրգեն Յանիկյանի ազդարարած անօրինակ պայքարը և դրա հետևանքով ձևավորված Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը (ASALA) ուշացումով սկսել է հետաքրքրել նաև պատմաբաններին: Եվ ուսումնասիրողի համար ասպարեզում արդեն բավականին նյութ կա, որոնց մեջ իր որոշակի տեղն ունի նաև Արամ Սարոյանի այս գրքույկը:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7673

Մեկնաբանություններ