Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Իրանի Ատրպատականի շիա բարձրաստիճան հոգևորականի աշխարհագրական սահմանումների հետքերով

Իրանի Ատրպատականի շիա բարձրաստիճան հոգևորականի աշխարհագրական սահմանումների հետքերով
09.11.2023 | 11:01

Ատրպատականցի հանրահռչակ մուջթահիդ (կրոնապետ), «Մուլինա» գրչանվամբ՝ Սեյյեդ Մուհամմեդ Բին Աբդ ուլ-Քարիմ Մուսավի Թաբրիզին ծնվել է 1876թ.՝ Թավրիզում: Նրա գերդաստանի տոհմածառային արմատները հասնում են Իմամ Մուսա Քազեմին:

Մուլինան ուսումը ստացել է Թավրիզում և Նաջաֆ Աշրաֆի (Իրաք) կրոնագիտական դպրոցում: Բարձր ինտելեկտի ու դավանաբանական գիտությունների նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության շնորհիվ, արժանացել է մուջթահիդի և այաթուլլահ ուլ-օզամայի բարձր կոչումներին: Մուլինային նաև իսլամական ասույթների և խոսույթների մեկնաբանության իրավունք են շնորհել մի շարք շիա կրոնապետներ, այդ թվում, Ատրպատականի մեծ մուջթահիդ՝ Մառաաշի Նաջաֆին:

Մուլինան Ռեզա խանի անգլամետ ու բռնապետական քաղաքականությունների դեմ պայքարելու համար ձերբակալվել է 1928թ. և մյուս ակտիվիստների հետ աքսորվել Քրդստան նահանգ: Վախճանվել է Թավրիզում, 1944թ.:

Մուլինա Մուսավի Թաբրիզիի հեղինակած բազմաթիվ աշխատությունների շարքում է «Մեսբահ ուլ-սալեքին վա զադ ուլ-մոսաֆերին»-ը (Ցուցումներ ուղևորների համար), որը գրվել է քսաներորդ դարասկզբին՝ մուսուլմանների աղոթքի ու աղոթակողմը (քիբլա) գտնելու կապակցությամբ: Սույն գիրքը լույս է տեսել Թավրիզում, 1930թ. և պահպանվում է «Իրանի իսլամական հանրապետության Ազգային գրադարան և արխիվ»-ում:

Մուլինան այս աշխատությունում հանգամանորեն ներկայացրել է տարբեր քաղաքների աշխարհագրական երկայնությունն ու լայնությունը, նշելով դրանց պատկանելության շրջանը: Նրա ցուցակում նշվում են՝ Բեյլաղանը (Փայտակարան), որպես «Էրեմինիե-ի-քոբրա»-ի (Մեծ Հայաստան), Բարդաեն (Պարտավ), Չանգարեն (Գանձակ) և Շամքուրեն (Շամխոր), որպես «Էրեմինիե-ի-Ռուսիե»-ի (Արևելյան Հայաստան), և Անին, որպես «Էրմինիե»-ի (Հայաստան) քաղաքներ:

Նրա ցուցակում ներկայացվել են նաև Հայաստանի հայտնի այլ քաղաքները, ինչպիսիք են Արջիշը (Արջեշ), Սանաջերդը (Մալազկերտ, Մանազկերտ), Կալիկլան (Էրզրում, Կարին կալա), որպես «Էրեմինիե-ի-քոբրա»-ի (Մեծ Հայաստան) քաղաքներ։

(Մուսավի Թաբրիզի, Մեսբահ ուլ-սալեքին վա զադ ուլ-մոսաֆերին, Թավրիզ, 1930թ., էջ 33, 34, 40 և 41):

Եթե Մուլինա Մուսավի Թաբրիզիի աշխարհագրական տվյալները ի մի բերենք քարտեզի վրա, ապա մոտավոր կերպով պատկերացվելու է ամբողջական Հայաստանը։

Ներկայիս պայմանների լույսի տակ, չափազանց կարևոր են մասնավորապես արևելյան Հայաստանի մասին «Մեսբահ ուլ-սալեքին վա զադ ուլ-մոսաֆերին»-ում առկա աշխարհագրական բնորոշումները, քանզի Մուլինան չորս քաղաքների՝ Փայտակարանի, Պարտավի, Գանձակի և Շամխորի անունները հստակորեն ֆիքսելով, որպես Հայաստանապատկան քաղաքներ, ամբողջական Հայաստանի արևելյան սահմանը փաստորեն ճշտորոշել է Կուր գետով և այդպիսով Արցախը համարել Հայաստանի մաս:

Անտարակույս Իրանի Ատրպատականի բարձրաստիճան շիա հոգևորականն անփոխարինելի ծառայություն է մատուցել պատմական օբյեկտիվության սկզբունքին։

ԿարԷն ԽԱՆԼԱՐԵԱՆ

Դիտվել է՝ 6028

Մեկնաբանություններ