Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Գնացել էի պարտքս վերցնեմ, բայց ես պարտք մնացի

Գնացել էի պարտքս վերցնեմ, բայց ես պարտք մնացի
06.11.2023 | 17:03

Պատերազմից առաջ էր:

44-օրյայից մի քանի օր առաջ:

Մի տղա նստեց, շարժվեցինք:

Սկսեց կյանքը պատմել: Հեռվից եկավ, պարզվեց փող չկա մոտը, հեռախոսի էլ լիցքավորումն էր նստել, իմ հեռախոսով զանգեց ընկերոջը, որ ճամփից փող վերցնի:

Մոտեցանք, ընկերը չտվեց:

Երևանի հակառակ ծայրից պիտի գնար Երևանի մյուս ծայրի քաղաքամերձ մի գյուղ:

Մտածեց կիջացնեմ ճամփին:

Ասեցի` մի՛ նեղվիր, ես իմ մեքենայից ո՛չ մի Հայի ճամփի կեսին չեմ իջացնում, կհասցնեմ դռանդ դեմը:

ՈՒրախացավ:

Կեսգիշերին մոտ էր, թե բա` ախպերս համարդ տուր, վաղը անպայման կզանգեմ փողդ կբերեմ:

Հասցրի տան մոտ, համարս թղթի վրա գրեցի տվեցի:

Թե բա` ճիշտն ասած, պռոստը տնեցիքիս հետ էլ վիճված եմ հիմա մի քիչ, դրա համար չեմ էլ կարա փողը իրանցից ուզեմ:

ՈՒ այդպես էլ չզանգեց:

Մի քանի օրից սեպտեմբերի 27-ն էր:

Մոռացանք... գնացինք... եկանք ...

Հետո մեկ-մեկ պահի տակ հիշում էի տղայի ու իր պարտքի մասին, որ «մոռացել» էր զանգել:

Հատուկ դրա համար ալարում էի քշել հասնել իր հասցեով:

Էդքան գումարը չէր հարցը, ինչքան չգնահատված ու խաբված լինելու զգացումը:

Օրեր առաջ գործով էդ գյուղ մարդ տարա:

Հիշեցի:

Մտածեցի` քանի եկել հասել եմ, գնամ տեսնեմ, հիշացնեմ, ամոթանք տամ ու պարտքս վերցնեմ:

Մեքենայով հասա տան դիմաց:

Հիշեցի տունը, դարպասը:

Ամեն ինչ նույնն էր, անգամ դարպասի մոխրագույնը:

Միայն տան դիմաց ցայտաղբյուր էր ավելացել:

Ավելի մոտեցա:

Ցայտաղբյուրի վրա փորագրված` Հերոս ու Անունը...

Անունը հիշում էի:

Սառեցի մի պահ, հետո ոտքս գազին ու փախա:

Փախա էդ գյուղից:

Փախա ինքս ինձանից:

Փախա բոլորից:

Փախա աշխարհից:

Փախա պարտքից:

Գնացել էի պարտքս վերցնեմ, բայց ես պարտք մնացի:

...Չգիտեմ հիմա ինչի եմ սա պատմում: Բայց արդեն երեք տարի էս պարտքի զգացումն ինձ հանգիստ չի տալիս, չեմ կարողանում քնել:

Ոտս գազին եմ դնում, բայց տոռմուզ ա մոտս, փախնել չի լինում:

Պատերազմից անցել է երեք տարի: Բայց պարտքի զգացումն օրեցօր ավելի է խորանում, իսկ պարտքն ավելանում… կոնկրետ դեպքերով հիշեցնելով:

Հայրերին պարտք եմ մնացել, իրենց թողած ժառանգությունը կորցնելու համար:

Ախպերներին պարտք եմ մնացել կյանքով:

Որդիներին Հայրենիք եմ պարտք մնացե

Սաղին պարտք եմ մնացել... ո՞նց քնեմ:

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Գծանկարը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3380

Մեկնաբանություններ