Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Այս խմորը դեռ շատ ջուր կտանի

Այս խմորը դեռ շատ ջուր կտանի
28.04.2023 | 22:04

Աշխարհացունց փոփոխությունների ֆոնի վրա, որը նշանակում է, որ աշխարհի պատմությունը մի գլոբալ պարադիգմից անցում է կատարում դեպի նոր գլոբալ պարադիգմ, տարբեր տեսակի հնարավորություններ են բացվում մարդկանց և տարբեր ժողովուրդների առաջ՝ նորովի դիտել, քննարկել ու մեկնաբանել իրենց գոյության հետ առնչված կրիտիկական պրոբլեմները։

Հին արևմտակենտրոն պարադիգմը, որն աշխարհի պատմության առանցքն էր վերջին 400 տարիների ընթացքում և որը մարդկային քաղաքակրթությունը բարձրացրել էր աննախադեպ բարձր մակարդակի, բնության անողոք օրենքների ուժով մոտենում է իր հնարավորությունների սպառմանը։

Եվ հնարավորությունների սպառման այդ քաղաքակրթական պրոցեսը առաջին հերթին բարոյահոգեբանական է, ոչ թե ուժային, գիտական կամ տեխնոլոգիական, որի ընթացքում մարդիկ հանդուգն ու ամեն ինչում նախաձեռնող մարտիկից աստիճանաբար վերածվում են դեմագոգ ու հաճույքների գերի քաղքենու։

Ուրիշ խոսքով, տևական և հարաբերականորեն բարեկեցիկ կյանքն ու դոմինանտ դիրքն աշխարհում աստճանաբար մարդկանց զրկում են սթափ և օբյեկտիվ հայացքով իրերն ու երևույթները գնահատելու հնարավորությունից։

Մյուս կողմից էլ, պատմությունը գիտի բազմաթիվ դեպքեր, երբ իր հնարավորությունները լրիվ չսպառած մեկը նոր իրավիճակներում իր մեջ ուժ է գտնում հարմարվելու փոփոխվող պայմաններին, մանավանդ, երբ ուժն ու հզորությունը գոնե մասամբ պահպանած է լինում, իսկ Արևմուտքը ներկայում դեռևս ահռելի ագրեգատ հզորության տեր է։

Պասիոնարության տեսության մոտեցումով կարևոր է այն հանգամանքը, թե գլոբալ փոփոխությունների պայմաններում ինչքան է հիմնական խաղացողների մնացորդային պասիոնարության չափը կամ դեռևս պահպանված ապրելու կամքը, որը, գումարած նրանց հզորության այլ բաղադրիչների հետ, կարող է նոր թափ հաղորդել մրցակցային պայքարին։

Այս իմաստով կարևոր են Չինաստանի ոտքի կանգնելը ափիոնային պատերազմներից հետո ու ներկա վեր հառնելը որպես գլոբալ հզորություն և 20-րդ դարի ընթացքում Ռուսաստանի ոտքի կանգնելը երեք կործանարար հարվածներից հետո (բոլշևիկյան հեղափոխություն, երկրորդ աշխարհամարտ, ՍՍՀՄ կոլապս)։

Այնպես որ, դեռ ամեն ինչ առջևում է, և այս խմորը դեռ շատ ջուր կտանի։

Իսկ ինչ վերաբերում է մեզ ու մեր նման թույլերին, ապա այստեղ կարևոր է գոնե լոկալ իմաստով ուժ ունենալը, որը ոչ մասշտաբային իրավիճակներում հնարավորություն կտա ինչ-որ չափի ինքնուրույնություն ցուցաբերել։

Մեզ թուլացնող հիմնական հանգամանքներն են գաղափարազուրկ գոյությունը, հետամնացությունն ու քարանձավային մտածողությունը, սթափ ու իրատեսական մոտեցում չունենալը մեր և ուրիշների էությանն ու հոգեբարոյական պատկերին, առաջընթացի գաղափարին երկրորդական նշանակություն տալը, անհիմն մեծամտությունը, մասշտաբային կյանքով չապրելու հետևանքով լուրջ ռիսկերի գնալու հատկության կորուստը, կրթական գործի ձախողումը և այլն։

Բայց որոշ հույս է ներշնչում այն հանգամանքը, որ օտար նպաստավոր միջավայրերում մերոնք կարողանում են հասնել ընդհանուր առմամբ ուրիշներին հավասար արդյունքների։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2472

Մեկնաբանություններ