ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Անազատության մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի արձագանքը ՔՊ-ական պատգամավորի հայտարարությանը

Անազատության մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի արձագանքը ՔՊ-ական պատգամավորի հայտարարությանը
16.06.2022 | 07:21

Տեղեկացա, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, մեկնաբանելով «Պաշտպանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, խոսել է այն մասին, որ պաշտպանության նախարարը պետք է պարտադիր Նիկոլ Փաշինյանի թիմակիցը լինի, և բառացի ասել է. «էս պատերազմի ժամանակ, որ մենք տանուլ տվեցինք, հիմնական խնդիրներից մեկն այդ էր, որ իր թիմից չէին, որ կազմակերպված ձևով, մենք գիտենք ինչ ձևով փախուստներ կազմակերպեցին»:


Այս առիթով մի քանի շեշտադրում կանեմ.
1. Այն փաստը, որ Գագիկ Մելքոնյանը նախկինում բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել ՊՆ-ում, ամենևին չի նշանակում, որ նա ունի պաշտպանական ոլորտի կազմակերպման անհրաժեշտ մասնագիտական որակներ պատերազմի արդյունքի մասին եզրակացություններ անելու համար:


2. Հպարտ եմ, որ կառավարության անդամ լինելով՝ չեմ եղել մի «թիմում», որի անդամներից մեկը Մելքոնյանն է:


3. 2022թ. ապրիլին սպառիչ պատասխան եմ տվել այն հարցին, թե ինչու ինձ «քաղաքական թիմի» անդամ չեմ համարել, և ինչով էր պայմանավորված իմ որոշումը՝ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու մասին:


4. Գագիկ Մելքոնյանի հայտարարությունները միայն հաստատում են իմ կասկածները ԱԺ «Քննիչ հանձնաժողովի» իրական նպատակների մասին:


5. Իմ խորին համոզմամբ՝ պաշտպանության նախարարը, հանդիսանալով կառավարության անդամ և քաղաքական պատասխանատվություն ստանձնելով պաշտպանական ոլորտում կառավարության ծրագրերի իրականացման համար, այնուամենայնիվ, պետք է դուրս լինի «քաղաքական-կուսակցական թիմի» տրամաբանությունից։


Ինչ վերաբերում է կառավարության կողմից Ազգային ժողով ուղարկված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, դրա վերաբերյալ իմ մասնագիտական կարծիքը կհայտնեմ հետո՝ մոտ ժամանակներս։

Դիտվել է՝ 7469

Մեկնաբանություններ