«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Հայելի, հայելի, ասա, ով է ավելի...

Հայելի, հայելի, ասա, ով է ավելի...
27.06.2008 | 00:00

Ավստրիայում և Շվեցարիայում ընթացող երեք գործողությամբ ֆուտբոլային հոյակապ ներկայացումը մոտենում է հանգուցալուծման։ Նախորդ օրը հայտնի դարձավ եզրափակիչի առաջին մասնակիցը։ Եվրոպայի եռակի չեմպիոն Գերմանիայի հավաքականն ուժերը չափեց այս առաջնության գլխավոր հերոսներից մեկի` Թուրքիայի հավաքականի հետ։ Որ գերմանացիներին սպասում էր չափազանց դժվարին պայքար, գիտեին բոլորը։ Ֆաթիհ Թերիմի տղաները, որոնց ամենափորձառու մասնագետներն անգամ մինչև առաջնության մեկնարկը մեդալների հավակնորդ չէին համարում, հերթական անգամ ապացուցեցին, որ թիմի գլխավոր զենքը համախմբվածությունն է և հաղթանակի հասնելու անկոտրում կամքը։ Նույն կարծիքին էր նաև Հայաստանի վաստակավոր մարզիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ։ «Արարատ-73»-ի մարզիչներից մեկը, որը լրացուցիչ ծանոթության կարիք չի զգում, Գերմանիա-Թուրքիա հանդիպումից առաջ կայացած զրույցի ժամանակ ասաց.
-Եթե մինչև առաջնության մեկնարկը թուրքերին մեդալների հավակնորդ չէին համարում, ապա այսօր աշխարհի առաջնության ընտրական փուլի մեր ապագա մրցակիցներին նայում են բոլորովին այլ աչքերով։ Նախնական խաղերում տոնած կամային հաղթանակներից հետո նրանք դարձել են այս առաջնության գլխավոր անակնկալներից մեկը։ Եթե Եվրոպայի նախորդ առաջնության չեմպիոնին` Հունաստանի հավաքականին մեծարելով հանդերձ կարծում էինք, որ առաջնությունը նման ավարտ չպետք է ունենար, ապա այսօր նույնը չեմ կարող ասել թուրքերի մասին։ Նրանք իրենց խաղով գրեթե ոչնչով չեն զիջում ո´չ գերմանացիներին, ո´չ իսպանացիներին և ո´չ էլ արդեն պայքարից դուրս մնացած հոլանդացիներին, շվեդներին և մյուսներին։ Ճիշտ է, դժվար է ասել` սա ընդամենը մեկ առաջնության թի՞մ է, թե՞ կկարողանա նույն բարձրության վրա մնալ հետագայում, բայց որ 13 թիվը նրանց համար ավելի քան երջանիկ եղավ, միանշանակ է։ Շատերը կարծում էին, որ գերմանացիների հետ խաղում նրանց ծանր քննություն է սպասում։ Նման պատասխանատու խաղից առաջ կորցնել ինը ֆուտբոլիստ, կատակ բան չէ, բայց, կարծում եմ, այնուամենայնիվ, գերմանացիների համար հեշտ չեղավ։
-Դուք մեր առաջին հանդիպման ժամանակ թուրքերի մասին այլ կարծիքի էիք։
-Ես այժմ էլ կարծում եմ, որ արդեն տոնած հաղթանակներն իրենց խաղամակարդակին չեն համապատասխանում։ Թիմում ընդգծված աստղեր չկան։ Կարող եմ ասել նաև, որ եվրոպական չափանիշերի ֆուտբոլիստներ նույնպես գրեթե չունեն, բայց ունեն հաղթանակի հասնելու ձգտում, իսկ դա արդեն հաջողության գրեթե կեսն է, ինչը չես ասի Ռուսաստանի հավաքականի մասին։ Արդեն այսօր եվրոպական ակումբների մարզիչների ուշադրության կենտրոնում են Ժիրկովը, Պավլյուչենկոն, Իգնաշևիչը։ Սրանք իսկապես աստղեր են` երիտասարդ աստղեր, որոնք կարող են հանդես գալ եվրոպական գրանդ ակումբներում։ Թեև արդեն շատ բան է ասվել Գուուս Հիդինկի մարզչական հանճարի մասին, սակայն չեմ կարող չթաքցնել հիացմունքս։ Մենք շատ լավ գիտենք, թե իրենից ինչ էր ներկայացնում Խորհրդային Միության հավաքականը։ Թիմ, որն ունենալով բարձրակարգ խաղացողներ, այնուամենայնիվ, չէր կարողանում իր պոտենցիալը լիովին ներկայացնել։ Ինչ-որ բան չէր բավականացնում։ Ահա, Հիդինկը եկավ և հուշեց, թե այդ ինչ-որ բանը որն է։ Մեկնաբանները շատ դիպուկ համեմատություն են արել, որն ինձ շատ դուր եկավ։ Իսկապես, Հիդինկը ռուսական անճոռնի բադիկներին շատ կարճ ժամանակում վերածեց հրաշագեղ կարապների։ Շատերը գտնում են, որ իսպանացիների հետ հանդիպումը կարող է կրկին ավարտվել Լուիս Արագոնեսի սաների հաղթանակով, սակայն, ինչպես ասում են, նույն ջուրը երկու անգամ չի կարելի մտնել։ Ռուսաստանի հավաքականն արդեն առաջնության այն նորեկը չէ, որը ստիպված էր չորս գնդակ դուրս բերել սեփական դարպասից։ Դուք էլ տեսաք, թե խաղից խաղ թիմն ինչպես ուղղահայաց վերելք կատարեց, և համոզված եմ, որ այդ վերելքը շարունակվելու է։ Ռուսաստանի հավաքականն արդեն լիովին հասկանում է, թե ուր է եկել և իրենից ինչ են սպասում ոչ միայն միլիոնավոր մարզասերները, այլև մասնագետները: Անչափ ցավալի կլինի, եթե նրանք հուսախաբ անեն նրանց։ Սա, իհարկե, չի նշանակում, որ թիմն անպայման կհասնի հաղթանակի, բայց որ կանի ամեն ինչ, որպեսզի չպարտվի, դա կասկածից վեր է։
Առաջիկա մրցակիցների հասցեին հարգանքով է արտահայտվել նաև Լուիս Արագոնեսը, ասելով, որ բոլորն էլ շատ վտանգավոր են։
-Ռուսական թիմի հարձակողական պոտենցիալը շատ մեծ է։ Փաստորեն, յուրաքանչյուր խաղացող վտանգավոր կարող է լինել ցանկացած մրցակցի համար։ Ռուսներն ունեն խաղացողներ, որոնցից միշտ կարելի է վտանգ սպասել, ինչպես, ասենք, Պավլյուչենկոն է,- ասել է Արագոնեսը։
Իսկ այժմ նախորդ գիշեր կայացած Գերմանիա-Թուրքիա հանդիպման մասին։ Խոսակցությունները, թե թուրքերի համար շատ ծանր է լինելու, որ նրանք ֆուտբոլիստների ընտրության հնարավորություն չունեն և մինչև խաղի մեկնարկը դատապարտված են, շատ արագ հօդս ցնդեց։ Հանդիպումը սկսվեց հենց նրանց բուռն գրոհներով, և առաջին վտանգավոր պահերն էլ ստեղծվեցին գերմանացիների տուգանային հրապարակում։ Հենց նրանք էլ հանդիպման 22-րդ րոպեին գրավեցին մրցակցի դարպասը։ Դարպասաձողից հետ եկած գնդակը հուժկու հարվածով նպատակին հասցրեց ՈՒղուր Բորալը, իսկ չորս րոպե անց Շվայնշտայգերը վերականգնեց հավասարակշռությունը։ Մինչև հանդիպման 79-րդ րոպեն հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ, իսկ հետո դարձյալ թանձր ամպեր կուտակվեցին թուրքերի դարպասի վրա։ Գերմանիայի հավաքականի գլխավոր ռմբարկու Միրոսլավ Կլոզեն գլխի հարվածով առաջ մղեց իր թիմին։ Հետո եկավ թուրքերի հերթը։ Սեմիհ Շենթուրքը` խորվաթների հետ հանդիպման գլխավոր հերոսը, երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։ Հանգուցալուծումը տեղի ունեցավ հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ։ Ֆիլիպ Լամը խորտակեց թուրքերի երազանքը։ 3։2, և եզրափակիչում, որը գերմանացիների համար կլինի վեցերորդը, կհանդիպեն Ռուսաստան-Իսպանիա զույգի հաղթողի հետ։ Դուք, իհարկե, արդեն գիտեք, թե ինչպես է ավարտվել այդ հանդիպումը, և ով է հավաքել ճամպրուկները։ Անկեղծորեն ցանկանում ենք, որ հունիսի 29-ին գերմանացիների հետ սրերը խաչաձևի հենց Ռուսաստանի հավաքականը։ Գուուս Հիդինկի սաները միանգամայն արժանի են դրան։

Հովհաննես ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 9440

Մեկնաբանություններ