Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Բացակա լինելու ժամանակը

Բացակա լինելու ժամանակը
22.07.2008 | 00:00

Տարածաշրջանում կարծես նոր թափ հավաքող ռուս-վրացական հակամարտությունը թեժանալու միտում ունի։ Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ գաղտնի բանակցություններում Ռուսաստանն ու Վրաստանը համաձայնության չեն եկել Աբխազիայի բաժանման վերաբերյալ, և Թբիլիսին հաստատել է ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու իր մտադրությունը, հակադրությունը վրաց-աբխազական և վրաց-օսեթական հակամարտության գոտիներում գնալով ընդունում է ավելի կոշտ ձևեր, և կողմերը կարծես պատրաստվում են կրկնել 15-ամյա վաղեմության պատերազմական գործողությունների սցենարը։
Երկու սառեցված հակամարտությունների «ջերմացման» հնարավորությունն ունի մի քանի բացատրություն կամ վարկած։ Աբխազական և ռուսական լրատվամիջոցների ներկայացմամբ, այն բանից հետո, երբ ապրիլին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ռուսաստանի եվրոպական գործընկերներ Ֆրանսիան և Գերմանիան տորպեդահարեցին Վրաստանին ՆԱՏՕ ընդգրկվելու պաշտոնական հրավեր ուղարկելու ամերիկյան նախաձեռնությունը, Վաշինգտոնն ու Թբիլիսին որոշեցին սրել իրավիճակը, որպեսզի եվրոպական հանրությանն ի ցույց դնեն Վրաստանի նկատմամբ Մոսկվայի ագրեսիվ նկրտումները։ ՈՒշագրավ է այն հանգամանքը, որ ԱՄՆ պետքարտուղարը, այցելելով Թբիլիսի, վճռական աջակցություն հայտնեց Վրաստանի ղեկավարությանը՝ ամեն տեսակի ոտնձգություններից երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու հարցում։ Միաժամանակ Աբխազիայում, կոնկրետ՝ Գագրայում, Սուխումում և Գալիում, տեղի ունեցած պայթյուններից հետո, որոնք աբխազական կողմը բնորոշեց իբրև վրացական հատուկ ծառայությունների կազմակերպած ահաբեկչություն, ԱՄՆ-ն այդ հանգամանքը բնութագրեց այն կերպ, որ ռուս խաղաղապահները չեն կարողանում նորմալ կատարել իրենց գործառույթները, և ժամանակն է, որ նրանց փոխարինի խաղաղապահ ուժերի միջազգային զորակազմը։ Հնչեցված առաջարկը, ինչպես և սպասելի էր, անմիջապես մերժվեց աբխազական կողմից։
Այնուհանդերձ, Թբիլիսին Վաշինգտոնի աջակցության պայմաններում իրեն բավական վստահ է զգում։ Վրաստանի խորհրդարանն արդեն որոշում է կայացրել երկրի զինված ուժերը 32 հազարից մինչև 37 հազար մարդ մեծացնելու վերաբերյալ։ Պետք է նկատի ունենալ, որ տվյալ պարագայում խոսքը միայն ցամաքային զորքերի մասին է, մինչդեռ Վրաստանի ուժային կառույցները ներառում են ինչպես ռազմածովային ուժեր, այնպես էլ ներքին գործերի և անվտանգության նախարարության հատուկ զորամասեր, որոնք թվակազմով բանակից պակաս չեն։ Միևնույն ժամանակ, ռուսական աղբյուրների վկայությամբ, Վրաստանի ուժային կառույցները հատկապես վրաց-օսեթական հակամարտության գոտում բավական ակտիվ գործունեություն են ծավալում և այս փուլում նույնիսկ հաջողել են տեղ-տեղ օղակի մեջ առնել ու սահմանափակել շփման գծում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի տեղաշարժի հնարավորությունները։ Դրան զուգահեռ Թբիլիսին զգալի ուժեր է կուտակել վրաց-աբխազական հակամարտության գոտու Կոդորի կիրճի շրջանում և պարզապես անտեսում է զորքերն այնտեղից հետ քաշելու Աբխազիայի ու Մոսկվայի պահանջները։ Փոխհրաձգություններն այս հատվածում վերջին շրջանում առօրյա երևույթ են դարձել։ Տարբեր փորձագետների գնահատմամբ, բոլորովին չի բացառվում, որ Վրաստանը նախապատրաստվում է երկու սառեցված հակամարտությունների ուժային լուծման։
Վերլուծաբանների մի այլ խումբ վրաց-աբխազական և վրաց-օսեթական հակամարտությունների գոտիներում իրավիճակի սրացումը կապում է Մոսկվայի նախաձեռնած գործողությունների հետ։ Մասնավորապես օրերս «Նեզավիսիմայա գազետան» տեղեկացրեց հանրությանը, թե խմբագրությունը տիրապետում է գաղտնի բովանդակությամբ մի փաստաթղթի, որը մշակվել է ռուսական հատուկ ծառայությունների վերլուծաբանների կողմից և քննարկման առարկա դարձել դեռ գարնանը Պետական դումայի անվտանգության հարցերով կոմիտեի նիստում։ Այդ փաստաթղթում Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ ռուսական քաղաքականությունը գնահատվում է պասիվ և ոչ արդյունավետ։ Փորձագետների գնահատմամբ, Ռուսաստանն անցած ժամանակահատվածում այս գոտում զիջել է ռազմավարական նախաձեռնությունը և ընդամենը վրացական գործողություններին հակազդելով է զբաղված։ Փաստաթղթում Ռուսաստանի ղեկավարությանն առաջարկվում է Աբխազիան և Հարավային Օսիան հայտարարել Ռուսաստանի կենսական շահերի գոտի՝ հատկապես նկատի ունենալով, որ երկու չճանաչված պետությունների բնակչության բացարձակ մեծամասնությունն անցած տարիների ընթացքում ռուսական քաղաքացիություն է ընդունել։ Եթե նկատի ունենանք, որ այս փաստաթուղթը երևան է եկել դեռ տարեսկզբին, ապա միգուցե դրա հետևանքն են Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ գրեթե պաշտոնական հարաբերություններ հաստատելու Վլադիմիր Պուտինի հայտնի որոշումը, երկաթուղային և ծովային հաղորդակցության վերահաստատումը Ռուսաստանի և Աբխազիայի միջև, ինչպես նաև վերջին ամիսներին ռուսական լրացուցիչ ռազմական ուժերի մուտքն Աբխազիա։
Իսկ անցած օրերին Մոսկվան դիմեց առհասարակ աննախադեպ քայլի. երբ վրաց-օսեթական հակամարտության գոտում փոխհրաձգությունը սկսեց ամենօրյա բնույթ կրել, Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մի քանի թռիչք իրականացրին Հարավային Օսիայի տարածքի վրա։ Վրացական բողոքի նոտային ի պատասխան՝ Ռուսաստանը պարզաբանեց, թե այդ քայլին է դիմել վրացական տաքգլուխներին սառեցնելու համար, որպեսզի թույլ չտա լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսումն այդ շրջանում։ Միաժամանակ ռուսական խաղաղապահ ուժերի կազմում հյուսիս-օսեթական հատուկ գումարտակի հրամանատար գնդապետ Կազբեկ Ֆրիևը հայտարարեց, թե Ռուսաստանի կազմում գտնվող Հյուսիսային Օսիայի ներկայացուցիչներից ձևավորված գումարտակի թվակազմը մեծացվելու է։ Առայժմ` 50 մարդով, բայց հասկանալի է, որ դա միայն առայժմ։ Այսպիսով, կարծես հակամարտության բոլոր կողմերն էլ պատրաստ են ռազմական գործողությունների, եթե նկատի ունենանք լրատվամիջոցներով տարածված այն լուրը, թե Ռուսաստանը Հարավային Օսիային նույնիսկ մարտական ավիացիա տրամադրելու մտադրություն ունի։ Մինչ այժմ այս չճանաչված հանրապետության ռազմաօդային ուժերը կազմված էին միայն մի քանի մարտական ուղղաթիռներից, ի տարբերություն Աբխազիայի, որ դեռ առաջին պատերազմի շրջանում ուներ նաև մարտական ինքնաթիռներ։
Քանի որ պատերազմական գործողությունների վերսկսումն աբխազական և օսեթական հակամարտությունների գոտիներում անմիջական առնչություն ունի Հայաստանի շահերի հետ, ապա արժե դիտարկել հենց այդ վարկածը և Երևանի հնարավոր գործողություններն այդ համատեքստում։ Միանշանակ է, որ Աբխազիան և Հարավային Օսիան, ռազմական դաշինքի մեջ լինելով, Վրաստանի կողմից հարձակում նախաձեռնելու դեպքում, պատերազմը սկսելու են միաժամանակ։ Այսինքն, Թբիլիսիին չի հաջողվի առանձին-առանձին ջախջախել աբխազներին և օսերին, պատերազմը կմղվի երկու ճակատով և կարճաժամկետ լինել չի կարող։ Երկու չճանաչված պետությունների զինված ուժերը ռազմական տեխնիկայի և զինատեսակների առումով գրեթե չեն զիջում վրացական բանակին և Ռուսաստանի դիրքորոշման պարագայում ունեն զինանոցը համալրելու լիարժեք հնարավորություններ։ Վրաստանն իր երկու նախկին հատվածները գերազանցում է մարդկային պոտենցիալով, սակայն պետք է նկատի ունենալ, որ Հարավային Օսիան մարդկային ուժով մշտական համալրում կունենա Հյուսիսային Օսիայից, եթե անգամ Ռուսաստանն ուղղակիորեն իր զինված ուժերով չմիջամտի կոնֆլիկտին։ Աբխազիայի պարագայում միանգամայն հավանական է, որ ինչպես առաջին վրաց-աբխազական պատերազմի ժամանակ, Սուխումը սատարում ստանա Կովկասի ժողովուրդների համադաշնությունից։ Հենց այդ կազմակերպության կոչով ժամանակին Աբխազիան պաշտպանելու եկան հյուսիսկովկասյան տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ հատկապես չեչեններ։ Հիմա, երբ չեչենական խնդիրը Ռուսաստանի համար սկզբունքորեն լուծված է, Կրեմլը Աբխազիային այդպիսի «կամավոր» օգնություն կազմակերպելու հարցում որևէ խնդիր չի ունենա։ Հետևապես, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում պատերազմը լինելու է երկարատև՝ ինչպես Վրաստանին, այնպես էլ Աբխազիային ու Հարավային Օսիային նյութական և մարդկային լուրջ կորուստներ պատճառելով։
Այդ պայմաններում Հայաստանը կբախվի երկու լուրջ խնդրի։ Առաջինը՝ անմիջապես կփակվեն Վրաստանով դեպի Ռուսաստան տանող կոմունիկացիաները։ Վերին Լարսի անցակետը գտնվում է Հյուսիսային Օսիայի սահմանին մոտ, և Ռուսաստանը կամ Վրաստանն իրենց նախաձեռնությամբ, անկասկած, կփակեն անցումը՝ ռազմական գործողությունների պատճառաբանությամբ։ Կխափանվի նաև վրացական Փոթի նավահանգստից դեպի ռուսական նավահանգիստներ լաստանավային կապը։ Ավելին, լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում դրանք կարող են ընդգրկել նաև Վրաստան-Աբխազիա ծովային տարածքը։ Փոթին բավական մոտ է հակամարտության շփման գծին, և չի բացառվում, որ ռազմական գործողությունների հետևանքով այս նավահանգստից իրականացվող բեռնափոխադրումները Վրաստանի նախաձեռնությամբ առհասարակ դադարեցվեն։ Հետևապես, նույնիսկ ՈՒկրաինայի կամ այլ սևծովյան երկրների հետ լաստանավով կապվելու համար Հայաստանին կմնա օգտվել միայն Բաթումի նավահանգստից։ Այլ կերպ ասած, այդ ուղին, ինչպես նաև Իրանի հետ երկու ավտոմայրուղիները կմնան Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող և տնտեսական կենսագործունեության ապահովման միակ երակները։
Աբխազիայի, Հարավային Օսիայի և Վրաստանի միջև ռազմական հակամարտության վերսկսումը Հայաստանին բերելու է նաև որոշակի քաղաքական խնդիրներ։ Ավանդաբար վրաց-ռուսական հարաբերությունների սրման փուլում Հայաստանի դիրքորոշումը երկու կողմից էլ կարևորվում է։ Եվ ահա հիմա էլ չի բացառվում, որ օստապբենդերյան ոճով կրկին երևան կգա «կապույտ եզրաշերտով սկուտեղը»։ Մոսկվայում միանգամից կհիշեն, որ Հարավային Կովկասի ամենահարավում գոյություն ունի այդպիսի մի ռազմավարական դաշնակից կամ «ֆորպոստ» Հայաստան, և Վրաստանի կազմում՝ հայաբնակ Ջավախք։ Եվ ինչպես միշտ, անկասկած, փորձ կարվի լայնացնել վրացական հակամարտության սահմանները՝ դրա մեջ ներքաշելով Ջավախքը և, ինքնաբերաբար, Հայաստանը։ Հենց այստեղ է, որ Հայաստանի իշխանությունները, անկախ Կրեմլի հետ հարաբերությունների կարևորության աստիճանից, պետք է բացատրեն ռազմավարական դաշնակիցներին, որ միշտ և բոլոր դեպքերում չէ, որ առաջնորդվելու են բացառապես նրանց շահերով։ Նախ, վերը նշված տնտեսական խնդիրների կարևորությունից ելնելով։ Ընդ որում, ինքնըստինքյան հասկանալի է, որ վրաց-աբխազա-օսական հակամարտությանը որևէ մասնակցություն չեն կարող ունենալ Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը։ Որովհետև եթե այդ զորախմբի կողմից որևէ քայլ ձեռնարկվի Վրաստանի ուղղությամբ, դա միևնույն է, կնշանակի Հայաստանի միջամտություն։ Եվ հետագայում ոչ ոք չի ասի, թե Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը միջամտեցին վրացիների, աբխազների և օսերի պատերազմին։ Հարևան վրացիների մեջ կամրապնդվի հավերժ հիշողությունը, թե հայերը ռուսների հետ համատեղ ներխուժեցին Վրաստան, ինչը մեզ բոլորովին պետք չէ։ Որքան բարդ են Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի փոխհարաբերությունները, այնքան կարևոր պիտի համարվի Իրանի և Վրաստանի հետ բարիդրացիական կամ առնվազն նորմալ հարաբերությունների պահպանումը։ Եթե Հայաստանը ձեռնպահ մնաց ռուս-վրացական վերջին գաղտնի բանակցություններին մասնակցելուց, որոնց համատեքստում, անշուշտ, քննարկվել է նաև աբխազական երկաթգծի վերաբացման հնարավորությունը, ապա հիմա Ռուսաստան-Վրաստան հակադրությանը միջամտելն ամենևին իմաստ չունի։ Սա այն դեպքն է, երբ բացակա լինելը բոլորից ճիշտ տարբերակն է։
Մանավանդ, որ Ռուսաստանն իր նոր նախագահի Բաքու կատարած վերջին այցով Անդրկովկասում ձեռք բերեց ևս մի ռազմավարական դաշնակից։ Այդ մասին Ադրբեջանի նախագահը երկար գովազդում էր՝ ռուս-ադրբեջանական հավերժ «քիրվայության» հռչակագիրը աշխարհին ներկայացնելով։ Դե, ուրեմն, այդ ռազմավարական դաշնակիցն էլ թող օգնի Կրեմլին՝ վրացական «գորդյան հանգույցը» քանդելու։
Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7019

Մեկնաբանություններ