Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը նոր բան չի առաջարկում և չի կարող առաջարկել»

«Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը նոր բան չի առաջարկում և չի կարող առաջարկել»
29.08.2008 | 00:00

«ԱՅՍՕՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԶՎՌՏՈՑԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ»
Արդեն տևական ժամանակահատված մամուլում քննարկվող թիվ 1 խնդիրը ԱԺ նախագահի փոփոխության հարցն է։ Տարբեր սցենարներով Տիգրան Թորոսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելը հանրապետականների համար ևս կուլիսային թեժ քննարկումների նյութ է դարձել, չնայած վերջիններս հրապարակայնորեն խուսափում են այս մասին խոսելուց։ Նախապես ընդգծելով, որ մտադիր չէ հիշյալ թեմայի շուրջ զրուցել, քանի որ ՀՀԿ-ի կողմից նման հարց դեռևս «պաշտոնապես հրապարակ նետված չէ», ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ, այնուհանդերձ, պատասխանեց «Իրավունքը de facto»-ի նաև այդ հարցերին։
-Ըստ շրջանառվող լուրերի, ԱԺ նախագահի փոփոխությունը ներկուսակցական լարվածություն է ստեղծել։ Իրո՞ք հանրապետականները բաժանված են մի քանի թևերի։
-Հանրապետական կուսակցության ճակատագիրն այնպես է դասավորել, որ տարբեր ժամանակահատվածներում մամուլը, քաղաքական որոշ շրջանակների ներկայացուցիչներ փորձում են հանրապետականի ներսում տեսնել իրական և հորինված խնդիրներ։ Սա նոր հարցադրում չէ, տարվա ընթացքում յոթ-ութ անգամ մամուլը կանխատեսում է հանրապետականի տրոհում, կործանում, ներկուսակցական խնդիրների պոռթկում։ Մեր կուսակցության պատմությունը ցույց է տալիս, որ նման կանխատեսումները խայտառակում են հենց կանխատեսողներին, որովհետև, ինչպես Մարկ Տվենն էր ասում` «մեր կործանման մասին լուրը մի քիչ չափազանցված է»։ Չեմ ցանկանում հերթական անգամ հերքել այն, ինչը հերքվել է, հերքվելու է, կհերքվի։
-Այնուամենայնիվ, որքանո՞վ եք արդարացի համարում այն փաստը, որ ԱԺ նախագահի փոփոխման սցենարը, եթե հավատանք մամուլում տեղ գտած հրապարակումներին, նախ` ուրվագծվում, մշակվում է նախագահական նստավայրում, հետո միայն ձևական ներկայացվում ԱԺ մեծամասնությանը, որպեսզի նա այդ որոշումը պարզապես դակի։
-Սկսեմ նրանից, որ Սերժ Սարգսյանը և՛ ՀՀԿ-ի ղեկավարն է, և՛ երկրի նախագահը, ու հաշվի առնելով քաղաքական դաշտում կուսակցության դերակատարումը՝ որոշումների մեծ մասը պետք է լինի Ձեր նշած մեխանիզմով։ Ավելին, եթե և՛ կուսակցության, և՛ պետության մոտեցումները համընկնում են, ապա որոշումների կայացումն իրականացվում է հենց այդ մեխանիզմով։ Կան նաև բազմաթիվ հարցեր, որտեղ նեղ կուսակցական շահերն այլ մոտեցում են պահանջում, իսկ պետական շահը` մեկ այլ։ Օրինակ` կադրային հարցում, երբ պետության ղեկավարն առաջնորդվում է պետական շահով, թեպետ նա նաև կուսակցության ղեկավարն է։ Կուսակցությունը գործիք է պետության խնդիրները լուծելու համար, որի անդամների մոտեցումները կարող են շատ տարբեր, իրարամերժ լինել։ Մենք ունենք կարծիքների արտահայտման ազատ հարթակ, որը թե՛ ՀՀԿ խորհրդի, թե՛ գործադիր կոմիտեի նիստերն են։ Որոշումներ կայացնելուց առաջ գործում են քաղաքական պլյուրալիզմի, ժողովրդավարության բարձր աստիճանները, իսկ որոշման կայացումից հետո, ինչպես իրեն հարգող ամեն կազմակերպություն, ՀՀԿ-ն ևս իր բոլոր անդամներով պարտավոր է կատարել այն։ Մինչև որոշումների կայացումը տարաձայնությունները ոչ միայն ընդունելի են, այլև խրախուսելի։
-Ասածից կարելի՞ է եզրակացնել, որ հենց քննարկվող հարցի շուրջ կուսակցությունում կան հակասական տեսակետներ։
-Ես նկարագրեցի որոշումների կայացման, քննարկման ընդհանուր սխեման։ Ցանկացած խնդիր, որ կլինի, կարող եք տեղադրել այդ բանաձևի մեջ և լուծում ստանալ։ Ամեն հարց լուծվում է այդ և կուսակցության քաղաքական բանաձևով։ Տեղադրեք Ձեր տվյալներն այդ բանաձևի մեջ և կստանաք արդյունքները։
-Անդրադառնանք այն իրողությանը, որ ընդդիմությունը պատրաստվում է հերթական հանրահավաքին, որից առաջ տեղի ունեցան Հյուսիսային պողոտայի միջադեպերը։ Իշխանությունն այս քայլով նախատեսված հանրահավաքն ավելի բազմամարդ չդարձրե՞ց։
-Ակնհայտ է, որ ընդդիմության որդեգրած գործելաոճը հաջողության չի հանգեցնի։ Իսկ եթե նրանք հաջողություն են համարում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը, ապա ակներև է, որ հաջողության չեն հասնի։ Ավելին, նրանց ապակայունացնելու միտումները ոչ միայն չեն մարում, այլև փորձ է արվում դրանք աշնանն ավելի սրել։ Հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանի և ԼՂՀ-ի առջև (խոսքը տարածաշրջանային աշխարհաքաղաքական նոր փուլի մասին է, ինչը Հայաստանի առաջ նոր հարցեր է դնում), շատ վտանգավոր է սխալ քայլեր անել, ուստի պահանջվում է պետական և հասարակական շահերի վերդասում։ Արտաքին քաղաքականության ոլորտում Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը նոր բան չի առաջարկում և չի կարող առաջարկել, իհարկե, ո՛չ այն պատճառով, որ ունակ չէ առաջարկելու կամ ինտելեկտուալ պոտենցիալը և միջազգային կապերը չեն ներում։ Եթե համեմատենք Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցում արտահայտած դիրքորոշումը և գլոբալ իմաստով Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը, ապա դրանք գրեթե նույնն են, այն է՝ փորձել աշխատել գերտերությունների շահերի համադրմամբ, հատուկ շեշտադրում անել հայ-ռուսական հարաբերություններին և մեր հարևանների հետ հնարավորինս բարելավել հարաբերությունները։ Հայաստանի ցանկացած իշխանություն վարելու էր այսպիսի արտաքին քաղաքականություն։ Մեր երկրի դիվանագիտության առջև սրությամբ կանգնած է արտաքին քաղաքականության մոտեցումների վերանայման հարցը։ Կոմպլեմենտարիզմը, բազմավեկտոր քաղաքականությունը, որ մենք որդեգրել ենք տարիներ շարունակ, այս բևեռացման և հակադրման դեպքում կարող են խնդիրներ ունենալ իրագործման ընթացքում։
-Հակիրճ անդրադառնանք նաև Տեր-Պետրոսյանի՝ օրերս «Ա1+»-ին տված հարցազրույցին, ուր նա զարմանալի ռուսամետ կողմնորոշում է դրսևորում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ իրողությունը։
-Տեր-Պետրոսյանի թիմի մոտ ռուսաֆիլության վեկտորը, զարմանալի դրսևորումներով, կարող է լինել տարբեր հանգամանքների հետևանք, քանի որ ռուսական քաղաքական, տնտեսական վերնախավը ևս միատարր չէ, այնտեղ կան ազդեցության տարբեր խմբեր, որոնց հատվածական շահերը կարող են թելադրել ինչ-որ տեսակի աջակցություն Տեր-Պետրոսյանին։
-Փորձենք եզրակացնել, թե ԵԽ-ում Հայաստանի զեկույցի ներկայացումից ընդամենը օրեր առաջ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպերն ինչքանո՞վ են բխում իշխանության շահերից։
-Ես չեմ կարծում, թե Հյուսիսային պողոտայում շատ զարհուրելի բան է կատարվել։ Ճանճից փիղ սարքելու փորձերը նրանց թիմի մամուլից բացի, ուրիշների մոտ այդպիսի արձագանքներ չեն ունենում։ Շնորհակալ եմ բոլոր այն տերպետրոսյանականներին, ովքեր մտահոգված են Սարգսյանի վարկանիշով, սակայն կարող եմ նրանց հանգստացնել ու հավաստիացնել, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ձեռնարկած քայլերն ունեն բոլոր քաղաքացիների աջակցությունը։ Սարգսյանի վարկանիշը կայուն է և չի խաթարվում որոշակի գործողությունների արդյունքում, որոշակի շրջանակի կարծիքների պատճառով։
-Իշխանությունները, ըստ Ձեզ, սպասում են, թե երբ շարժումն ինքնաբերաբար կմարի՞, թե՞ այսօրինակ քայլերով փորձում են այն «վնասազերծել»։
-Այն, ինչ փորձում են մատուցել, իրականում ոչ մի կապ չունի ՀՀ հասարակ քաղաքացու և ՀՀ պետության շահերի հետ։
-Իսկ ինչի՞ հետ կապ ունի։
-Իրենց նեղ, անձնական հատվածական շահերի հետ։ Այդպես էլ այդ մարդկանց մի մասը չի կարող հասկանալ, որ իրենց հեղափոխական պաթոսն ավելի օգտակար կիրառման ոլորտներ կարելի էր ուղղորդել։ Առհասարակ իշխանությունները ոչ թե պետք է միայն ընդդիմության գործողություններին հետևեն, օրենքի շրջանակներում չեզոքացնեն, այլ նախ և առաջ պետք է ստանձնեն հայ հասարակության առջև ունեցած պարտավորությունները։ Մենք ունենք համակարգ, որն ամենօրյա հոգածության, աշխատանքի կարիք ունի։ Իշխանությունների առաջին գործն աշխատելն է, ոչ թե ընդդիմության այս կամ այն շոուին ակամայից մասնակից դառնալը։ Ցավում եմ, որ մարտի 1-ին հաջորդած օրերին ընդդիմության որոշ շրջանակներ այդ ժամանակահատվածը չօգտագործեցին սեփական տեսակետները վերանայելու, մեղմացնելու համար։ Ծայրահեղականությունը ոչ մի լավ բանի չի բերել ու չի բերելու, առնվազն վնասում է իրենց, մեծ հաշվով էլ՝ պետությանը։
-Իշխանությունը մարտի 1-ից հետո վերանայե՞ց իր մոտեցումները։
-Միանշանակ։ Ես իմ անունից կխոսեմ։ Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված իմ նախնական պատկերացումներն ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքի արդյունքում փոխվել են։ Իշխանությունները բավականին ըմբռնումով են մոտենում ընդդիմադիրների չարտոնված հանրահավաքներին, երթերին։ Իշխանությունները նաև ընդդիմությունից ակնկալում են պատասխանատվություն։ Ընդդիմության շարքերում առաջին ջութակի դեր են սկսել ստանձնել գործիչներ, ովքեր ուղղակի չեն սիրում մեր պետությունը, որոնց ծայրահեղականությունը և ինքնագոհությունն ընդամենը հաճույք կարող են պատճառել միայն իրենց շրջապատին։ Տարածաշրջանի իրադարձությունները եթե այս կերպ զարգանան՝ բևեռացնելով աշխարհաքաղաքական պայքարը, կարող են հանգեցնել պետականության կորստի կամ համապետական աղետի։ Իսկ ով-ով, բայց գոնե Տեր-Պետրոսյանն այս ամենը շատ լավ հասկանում է, ու, ըստ այդմ, նրանից ակնկալվում են համապատասխան քայլեր։ Որոշակի մորատորիումի խնդիր կա։ Այսօր դեռ կարող ենք կանխատեսել իրադարձությունների զարգացումը՝ փորձելով պրոֆիլակտիկ քայլեր անել, նախապաշտպանվել։
-Իշխանությունն այսօր պատրա՞ստ է համարժեք գործողություններ իրականացնելու, որ Հայաստանը Ձեր նշած «պետականության կորուստը» չունենա։
-Համարժեք գործողություններ, բնականաբար, կատարում է։ Բայց որպեսզի դրսում վստահ լինենք, նախ երկրի ներսում արտաքին խնդիրների շուրջ պետք է համախմբվածություն լինի։ Ոչ մեկը չի սահմանափակում որևէ քաղաքացու, այդ թվում և` Տեր-Պետրոսյանի՝ քաղաքական տեսակետներ հայտնելու իրավունքը։ Ես բավական մտահոգիչ զարգացումներ եմ տեսնում տարածաշրջանում ու կարծում եմ, որ ներքաղաքական գզվռտոցի ժամանակը չէ։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5161

Մեկնաբանություններ