ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Վրաստանը միակ կողմն է,որը պատերազմից հետո չունեցավ ոչ մի ձեռքբերում

Վրաստանը միակ կողմն է,որը պատերազմից հետո չունեցավ ոչ մի ձեռքբերում
09.09.2008 | 00:00

ՀԵՏԱՀԱՅԱՑ
Օգոստոսյան հայտնի իրադարձությունները Հարավային Կովկասում (որն առանց այն էլ տարածաշրջանային պետությունների, ինչպես նաև` գերտերությունների աշխարհաքաղաքական և տնտեսական շահերի խաչաձևման գոտի է) հիմք դրեցին նոր գործընթացների, որոնք դեռ շատ երկար են բորբոքվելու:
Վրաց-հարավօսական պատերազմն անմիջական հետևանքն ու գագաթնակետն էր «վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանի վարած հակառուսական քաղաքականության: Պետք է նշել, որ սկզբնական շրջանում այդ քաղաքականությունը Աջարիայի հարցում որոշակի հաջողություններ բերեց Վրաստանին, ինչն էլ ոգևորեց վրացական իշխանություններին: Վրաստանում կարծում էին, թե Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի աջակցության շնորհիվ, չնայած հնարավոր որոշակի բարդություններին, այնուամենայնիվ, դիվանագիտական ճնշումների ու զենքի միջոցով կհաջողվի վերականգնել Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Պատերազմ նախաձեռնողները թերևս հաշվի չէին առել սեփական շահերը պաշտպանելու և Կոսովոյի անկախության միջազգային ճանաչման նախադեպից օգտվելու Ռուսաստանի վճռականությունը:
Այս պատերազմի պատճառներն ամբողջությամբ ընկալելու, ինչպես նաև հետագայում ճիշտ կողմնորոշվելու և հնարավոր հետևանքները կանխատեսելու համար անհրաժեշտ է բազմակողմանի և օբյեկտիվ վերլուծություն կատարել: Նախ՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության շեշտադրումների մեջ կատարված փոփոխություններին Հարավային Կովկասում, հատկապես ՆԱՏՕ-ի՝ դեպի Ռուսաստան ընդարձակմանը, այդ ճանապարհին Վրաստանին տրվող դերին ու ցուցաբերվող օժանդակությանը, որը պետք է փոխարիներ կամ հակակշռեր ռուսական ազդեցությանը: Փաստորեն, այդ քաղաքականությամբ ԱՄՆ-ը, չնայած նախկինում արված հայտարարություններին, վիճարկում է Ռուսաստանի հեգեմոնիայի հարցը մեր տարածաշրջանում: Ամերիկյան արտաքին քաղաքականության ակտիվացման առաջին ակորդը Հարավային Կովկասում տրվեց դեռևս այն պահին, երբ հաջողվեց իշխանության բերել Միխեիլ Սաակաշվիլուն, որին հետագայում մշտապես ցուցաբերվում էր քաղաքական, տնտեսական ու ռազմական աջակցություն: Պետք է նկատել, որ Միացյալ Նահանգները, Սաակաշվիլուն բերելով իշխանության, հետապնդում էր խիստ որոշակի և հեռագնա նպատակներ։ Վրաստանի տարածքային խնդիրներն օգտագործելով՝ սեփական շահերի իրականացումն ԱՄՆ-ի համար իդեալական առիթ և տարբերակ էր, որից չէր կարելի չօգտվել: Այսպիսով, ի դեմս Վրաստանի և Հարավային Օսիայի, բախվում էին ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերը, և Վրաստանը միայնակ չէր կարող հաջողության հասնել Ռուսաստանի կողմից հովանավորվող Հարավային Օսիայի դեմ նախաձեռնած ռազմական գործողություններում, հետևաբար վրաց-օսական պատերազմը միջնորդավորված, անուղղակի բախում էր ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև:
Ըստ էության, Վրաստանը միակ կողմն է, որը պատերազմից հետո չունեցավ ոչ մի ձեռքբերում, ավելին, Վրաստանից անջատված տարածքների փաստացի անկախությունը ճանաչվեց նաև այլ պետությունների կողմից: Անշուշտ, չպետք է մոռանալ նաև հսկայական տնտեսական, մարդկային ու քաղաքական կորուստները: Ռուսաստանը պատերազմի սկզբում թեև զիջում էր տեղեկատվական պատերազմում և գտնվում էր եվրոպական մի շարք պետությունների ճնշման ներքո, հետագայում կարողացավ իր դիրքորոշումը տեղ հասցնել ու դուրս եկավ տեղեկատվական մեկուսացումից: Բացի դրանից, հաջողվեց պահել և ավելի ամրացնել դիրքերը քաղաքական ու ռազմական առումով: Պետք է նկատել, սակայն, որ Ռուսաստանն ապագայում ևս ստիպված կլինի դիմակայելու որոշակի տնտեսական ու քաղաքական ճնշումների: Հարցն այն է, թե Ռուսաստանն Արևմուտքի հետ հարաբերություններում լուրջ կորուստներ չի՞ ունենա արդյոք այլ հարցերում: Եվրամիությունը, չնայած որոշ անդամ երկրների արմատական դիրքորոշմանը, հնարավորինս չեզոք դիրք գրավեց` չվնասելով Ռուսաստանի հետ իր հարաբերություններին: Կարծում ենք, որ լուրջ հաջողությունների հասավ նաև Միացյալ Նահանգները: ԱՄՆ-ը կարողացավ պարարտ հող նախապատրաստել Հարավային Կովկասում իր ռազմական ներկայության և դրա հիմնավորման համար: Պատերազմը լավ առիթ էր հիմնավորելու և արդարացնելու ՆԱՏՕ-ի ընդարձակումը, ինչպես նաև հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղադրումը Լեհաստանում և Չեխիայում: Պատերազմից բոլոր առումներով շահեց միայն Աբխազիան, որը չկրեց ոչ մի վնաս, ընդհակառակը ` ճանաչվեց որպես անկախ պետություն:
Հարավային Կովկասում ուժերի ներկա վիճակը, ամենայն հավանականությամբ, կպահպանվի առնվազն մինչև Միացյալ Նահանգների նախագահական առաջիկա ընտրությունները, իսկ դրանից հետո իրադարձությունների հետագա զարգացումը մեծապես կախված կլինի այն բանից, թե երկու թեկնածուներից ո՞վ կդառնա ԱՄՆ-ի հաջորդ նախագահը: Կարևոր է նաև այն հանգամանքը, թե Վրաստանը կդառնա՞ արդյոք ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ Միացյալ Նահանգների որոշ դաշնակիցներ Ռուսաստանի հետ ուղղակի ընդհարումից խուսափելու համար կարող են դեմ լինել Վրաստանի անդամակցությանը Հյուսիս-ատլանտյան դաշինքին: Մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի հետագա քայլերն ու ակտիվությունը պայմանավորված կլինեն նաև այն հանգամանքով, թե ամերիկացիները որքան զբաղված կմնան Իրաքում, և որքան կշարունակվի ամերիկյան տնտեսության անկումային առկա վիճակը: Անկախ ամեն ինչից, պատերազմն ու դրան հաջորդած իրադարձությունները ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգներն այսուհետ ևս իր աշխարհաքաղաքական և տնտեսական շահերն ու հավակնությունները փորձելու է պաշտպանել ընդհուպ մինչև ռազմական ներկայություն։
Հակոբ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 5338

Մեկնաբանություններ