Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հարազատ հոգի էի կորցրել

Հարազատ հոգի էի կորցրել
04.02.2024 | 08:49

Ես ինչքան ինձ եմ հիշում, էնքան էլ մեր սառնարանի գլխի ծաղիկը՝ մեծ ծաղկամանի մեջ։ Դա չորս կողմ տարածվող երկար, մուգ կանաչ, փայլուն տերևներ էին, որ երբեք ծաղիկ չէին տալիս, բայց սիրուն էին։

Երբ բալկոնը փակեցինք ու խոհանոցը բալկոն տարանք, սառնարանն էլ հետը գնաց՝ իր ծաղիկով։ Երբ նոր, բարձր սառնարան առանք, ծաղիկը հայտնվեց նոր սառնարանի գլխին։ Ծաղիկը ջրում էինք, խնամում, տերևների վրայից փոշին մաքրում, բայց ես, իհարկե, չէի մասնակցում. ծաղիկ խնամելը հեչ տղու գործ չէր։

Տարիներ անցան, ու երբ ես արդեն բարձր դասարանում էի, մեկ էլ, մի տարի՝ հենց ծննդյանս օրը՝ առավոտյան, տեսնեմ՝ տերևների մեջտեղից մի հսկա ցողուն է բարձրանում դեպի առաստաղ. երևի, մետր-մետրուկես կլիներ։ Նույն երեկոյան ցողունի ծայրին բացվեցին առաջին ծաղիկները։ Ծաղիկները սպիտակավուն-բաց վարդագույն, երկար, բարալիկ թերթեր ունեին, որ ծայրում իրար կպած էին, ասես, ինչ-որ փոքր կափարիչով։ Կափարիչն ընկնում էր, ու թերթերն աչքիդ առաջ իրար հետևից՝ պը՛տ-պը՛տ-պը՛տ-պը՛տ, իջնում էին ու տարածվում չորս կողմ. էդ պահին նենց մի նուրբ, աննկարագրելի հոտ էր ընկնում խոհանոցում, որ հարբում էիր։ Ամեն օր երկու ծաղիկ էր բացվում, մինչև բոլորը վերջանում էին։

Զուգադիպությու՞ն էր, թե՞ չէ, որ հենց իմ ծննդյան օրը ծաղկեց ծաղիկը։ Սպասեցի մինչև մյուս տարի, ու էլի հենց ծննդյանս օրը ծաղիկը ծաղկեց։ Ուրեմն՝ չէ, զուգադիպություն չէր։ Դրանից հետո՝ ամեն տարի, ծննդյանս օրը ծաղիկները սկսում էին հերթով բացվել։ Իմ գրասեղանն ու բազկաթոռը խոհանոցի մի անկյունում էին, հենց սառնարանին կպած, ու երբ նստում էի սեղանիս մոտ, ծաղիկն աչքիս առաջ էր։ Մեր ծանոթները սկսեցին ասել, որ դա իմ ծաղիկն է, ինձ սիրում է, ու մեր մեջ անտեսանելի հոգեկան կապ կա։ Ես հավատում էի, որովհետև երբ սկսեցի ավելի ուշադիր լինել, նկատեցի, որ իմ տրամադրությամբ է ապրում՝ տերևները մեկ փայլում էին, մեկ խամրում, մեկ բարձրանում, մեկ իջնում, ինձ հետ երաժշտություն էր լսում, ինձ օդային համբույրներ ուղարկում․․․

Հետո ես գնացի, ծաղիկիս թողեցի, գնացի հեռու՜-հեռու՜ ու տարիներով չէի գալիս։ Ուր ասես՝ եղա, էլ Ամերիկա, էլ Ֆրանսիա, Անգլիա, Իռլանդիա, Գերմանիա, Դանիա, Հունգարիա, Լեհաստան, Ռուսասատան․․․ Ծաղիկս տանը սպասում էր ինձ. մերոնք ասում էին, որ, էլի, ամեն տարի ծննունդիս ծաղկում է։

Յոթ տարի անց վերադարձա Հայաստան։ Ծաղիկս ինձ սպասել էր։ Էլի ծննդյանս օրը ծաղկեց․․․ Շատ էի կարոտել։

Հետո տուն առա ու տեղափոխվեցի, իսկ ծաղիկս հետս չվերցրի, մնաց մեր հին տանը՝ սառնարանի գլխին։ Հաջորդ տարի շատ ցուրտ ձմեռ արեց, անգամ վաննաներում ջուրը սառում էր։ Ես շատ խառն էի, չէի էլ հիշում ծաղիկիս մասին։ Հետո իմացա, որ ծաղիկս չի դիմացել ցրտին ու չորացել է։ Նոր միայն զգացի, թե ինչ եմ կորցրել՝ մոտ, հարազատ հոգի էի կորցրել։

Հիմա մեկ-մեկ երազում տեսնում եմ ին ծաղիկին, խոսում եմ հետը, ներողություն խնդրում․․․ Երևի, ներել է ինձ:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 8387

Մեկնաբանություններ