Երևանի պետական կամերային երգչախմբի մենակատար, միջազգային մրցույթների դափնեկիր ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ հետ զրուցել ենք երաժշտական արվեստում առկա նորությունների, ինչպես նաև իր՝ երգչի անցած ստեղծագործական ճանապարհի մասին։ Անդրանիկ Մալխասյանը 2013-ից աշխատում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես օժանդակ կազմի դերասան, 2018-ից՝ կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախմբում, ինչպես նաև Երևանի պետական կամերային երգչախմբում։ 2014-2017 թթ. աշխատել է նաև Սուրբ Հովհաննես եկեղեցու «Սաղմոսերգու» երգչախմբում։
Գործունեություն է ծավալում նաև որպես անհատ մենակատար։ 2014-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի և դիպլոմի՝ «Ակադեմիական երգեցողություն» անվանակարգում։ Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթի դափնեկիր է (2015 թ.): Հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում, Հոլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում։
-Ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդում, Ձեր «Ձայն տուր, ո՛վ ծովակ» երգի կատարումը մեծ արձագանք ունեցավ։ Մամուլը գրում էր՝ «Ձայն տուր, ո՛վ ծովակ» երգի կատարման ժամանակ երիտասարդ երգչի աչքերից արցունքներ հոսեցին։ Ինչպե՞ս ընտրվեց երգը, ի՞նչ զգացողություններ ունեիք։
-Կամերային երգչախմբի մենակատարներից յուրաքանչյուրը պատիվ ուներ հանդես գալու մեկ կատարմամբ։ Ընտրությունը բավական բարդ էր. կային երգացանկային երգեր, որ, ինչպես գիտեք, ամեն ապրիլի 24-ին պարտադիր հնչում են։ Միտք հղացավ կատարելու այնպիսի գործ, որ քիչ հայտնի է, նաև արդիական է և արտացոլում է մեր ազգի ցավը, կարոտը։ Ելույթս գիշերն էր, կարելի է ասել՝ լուսաբացին՝ ժամը 5-ն անց 10-ին։ ՈՒղիղ եթեր էր, հուզմունքը շատ մեծ էր. ներկայանում ես համազգային նշանակություն ունեցող հուշակոթողի մոտ, առանց նվագակցության, մանավանդ՝ երկամսյա պարապուրդից հետո, իսկ ամենակարևորը պատասխանատվության զգացումն էր հարգանքի այդ մեծ տուրքին։ Արցունքներն ակամայից են հոսել, ինձ թվում էր՝ այդ ամենը ներսումս է կատարվում, պարզվեց՝ արտասվել եմ։ Երբ ավարտեցի կատարումս, բոլորը քարացած ինձ էին նայում։ Ապրիլքսանչորսյան ելույթս հոգու ճիչ էր, կարոտ, ցավ, աղոթք, կարելի է ասել՝ այդ աղոթքը տեղ հասավ։ Մարդիկ գրում էին ինձ, զանգում, մեծ տարածում ունեցավ կատարումը։ Այդ ջերմ արձագանքն ինձ համար ամենամեծ գնահատականն էր։
-Այսինքն, արտիստի համար կարևոր է՝ որտեղ է ելույթ ունենում, ինչ լսարանի համար, ինչ առիթով։ Իսկ, առհասարակ, հաջողության գրավականն ավելի շատ բեմական հմա՞յքն է, ձայնային տվյալնե՞րը, պրոֆեսիոնալի՞զմը, թե՞ ներաշխարհը։
-Փորձեմ ավելի ընդգրկուն պատասխանել. արտիստի համար առաջնային է նախ գրագետ երգեցողությունը՝ ձայնին տիրապետելը, հետո նաև կերպարի ճիշտ ընկալումն ու փոխանցումը հանդիսատեսին։ Բայց կարելի է ձայնով, հոգով, նվազագույն ժեստերով խոսքը հասցնել հանդիսատեսին, նույնիսկ եթե երգում ես նրան ոչ հասկանալի լեզվով։
-Հայտնի, սիրված, այսպես ասած՝ ականջին սովոր երգերով հեշտ է լսարան ապահովել։ Իսկ ի՞նչ է արվում երգարվեստի գանձարանում պահվող արժեքավոր, սակայն լայն տարածում չգտած ստեղծագործությունները հանրայնացնելու առումով։
-Երկար տարիներ համագործակցում եմ դաշնակահար, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի հետ։ Առանց նրա չեմ պատկերացնում գործունեությունս։ Նա որոշեց 2015-ին դաշնակել Նիկոլ Գալանտերյանի «Ծիրանավառ գիշեր» ստեղծագործությունը։ Մինչ այդ եղած դաշնակումը շատ թույլ էր այդ ստեղծագործության համար։ Մարգարիտ Սարգսյանը դաշնամուրային պարտիտուրան նորից գրեց ու համերգային կատարումով ներկայացրեց երաժշտասեր հանրությանը։ Դա նոր աշխարհ, նոր բացահայտում ու թարմություն էր երգարվեստի մեջ։ Այնուհետև մոտ 20 գործ դաշնակեց, ունեցանք մեծ թվով համերգներ։ Հանդիսատեսը գալիս էր ունկնդրելու այդ նոր բացահայտումները։ Գալանտերյանի գործերը (մեղեդիների նոտագրությունը) 300 տարուց ավելի սնդուկի մեջ էին, թոռնիկը պատահաբար բացել է, հայտնաբերել։ Դրանք կարող էին մոռացվել, բայց Մարագարիտ Սարգսյանի շնորհիվ նոր շունչ ու կյանք ստացան։ ՈՒրախությամբ պետք է ասեմ, որ օրերս լույս տեսավ այդ ստեղծագործություններն ամփոփող ժողովածուն։
-Իսկ ժամանակակից կոմպոզիտորների գործերին Կամերային երգչախումբն անդրադառնու՞մ է։
-Այդ առումով կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Հարություն Թոփիկյանը բավական ճկուն է։ Միակ երգչախումբն է, որ ձայնագրել է Կոմիասի 150 խմբերգերը։ Մենք յոթ համերգ ունեցանք, որոնց ընթացքում ներկայացրինք բոլոր այդ խմբերգերը։ Միաժամանակ կատարում ենք արդի կոմպոզիտորների գործերը, որոնք նույնպես մեծ արձագանք են ստանում։ Չենք շրջանցում նաև արտասահմանյան հայտնի գործերի մշակումները։ Այսինքն, մաեստրոն անընդհատ նորը փնտրելու, բայց հինը չկորցնելու ճանապարհին է։ Փոքր խմբերով աշխատել ենք նաև համավարակի ամիսներին, ինչի արդյունքում օրերս մեկնարկեցին Էդգար Հովհաննսիյանի մեկ տասնյակից ավելի գործերն ամփոփող սկավառակի ձայնագրությունները։
-Մեկուսացման օրերին կարծես բացվեցին մշակութային հաստատությունների դռները, տանը նստած, առցանց կարող էիր համերգներ լսել, թանգարաններ այցելել։ Տարածության, ժամանակի, նաև վճարելու խնդիր առհասարակ չկար։ Մշակութային առցանց նախագծերը գուցե այսուհե՞տ էլ պետք է ակտիվորեն կյանքի կոչել՝ այլընտրանքային հարթակ ապահովելով արվեստասերների համար։
-Ինձ համար սա ողբերգություն է, ինչքան էլ հասանելի կամ մատչելի լինի առցանց տարբերակը. դա նման է թվային կրիչով գիրք կարդալուն։ Մթնոլորտ, լույսեր, վարագույր, արտիստ, հանդիսատես, նվագախումբ. այս ամենը պետք է լինի։ Նկարահանումը, հեռարձակումը, որքան էլ որակով լինեն,նույն ազդեցությունը չեն կարող ունենալ։ ՈՒնեցել եմ զրույց-կատարումով առցանց հանդես գալու առաջարկ, բայց չկարողացա այդպես ներկայանալ։ Ողջունելի է, որ շատերը դրսևորվեցին այս իրավիճակում, պարապուրդի չմատնվեցին։ Առցանց ստեղծագործական կյանքը պարտադրված էր, ինչ-որ ժամանակ պետք է դա լիներ, բայց եթե շարունակական բնույթ ստանա, մահ է արտիստի համար։
-Ի՞նչ խնդիր ունի երիտասարդ երաժիշտը Հայաստանում։
-Այսօր ուսանողները, երիտասարդ երաժիշտները կարող են համացանցի միջոցով տեղեկանալ ու մասնակցել դրամաշնորհային, հովանավորչական և այլ ծրագրերի, դրանց շնորհիվ սովորել, վերապատրաստվել, ներկայանալ արտերկրում։ Մեր ժամանակ հնարավորություններն այդքան լայն չէին։ Իսկ առհասարակ, անընդհատ հանդիպող խնդիրներ լինում են՝ անկախ նրանից` Հայաստանու՞մ ես, թե՞ արտերկրում։ Իմ պարագայում կարող եմ ասել, որ ունեմ իմ աշխատանքը, գործունեություն եմ ծավալում նաև որպես մենակատար։
-ՈՒնե՞ք երազանք, որը դեռ չի հաջողվել իրականացնել։
-Նպատակ ունեմ որպես մենակատար արտերկրում ներկայացնելու հայ կոմպոզիտորների այն գործերը, որ քիչ են կատարվել կամ չեն կատարվել։ Իհարկե, այդ ամենը պահանջում է կազմակերպական աշխատանք, կառավարիչ, պրոդյուսեր, թիմ։ Սա մի փոքր երազանքի ժանրից է, մանավանդ այս օրերի համար։ Եթե ամեն ինչ դեպի լավը գնա, գուցե հնարավորություն լինի հետագայում իրագործելու։
-Երկրի սահմաններից դուրս գալն անհրաժե՞շտ պայման է արտիստի համար։
-Երկրից դուրս գալը, տեսնելը, վերցնելը, սովորելը արվեստագետի համար շատ կարևոր են։ Ինքս դեմ չեմ դրսում հանդես գալուն, բայց հայրենիք վերադառնալու պարտադիր պայմանով։ Չգնալ, չմնալ, չհարստացնել ուրիշ երկրի մշակույթը, երբ կարող ես քո ունեցած փորձը բերել հայրենիք։
-Մի քիչ հետ գնանք. ե՞րբ և ինչպե՞ս իմացաք, որ երաժիշտ եք դառնալու, ու դա է Ձեր առաքելությունը։
-Երրորդ դասարանում, դասղեկիս ցանկությամբ, համերգի ժամանակ «Մարտիկի երգը» կատարեցի։ Ես երգում էի, ամբողջ դահլիճը լաց էր լինում։ Չէի հասկանում՝ ինչ է կատարվում։ Այդ ելույթը ճակատագրական եղավ։ Բյուրեղավանի արվեստի դպրոցի տնօրենը երաժշտական դպրոց ընդունվելու խորհուրդ տվեց, ասում էր՝ հետաքրքիր տվյալներ ու տեմբր ունեմ։ Ծնողներս հետևողական եղան։ Ընդունվեցի երաժշտակսն դպրոց։ Հուրախություն ինձ՝ սովորեցի օպերային թատրոնի մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Անահիտ Կիրակոսյանի դասարանում։ Նա խորհուրդ տվեց, որ 15 տարեկանից որոշ ժամանակ չերգեմ՝ ձայնս չվնասելու համար։ ՈՒսումս շարունակեցի որպես խմբավար, ինչն ավելի խոր մասնագիտական փորձառություն էր ինձ համար։ Զինվորական ծառայությունից հետո ընդունվեցի Երևանի պետական կոնսերվատորիա՝ պրոֆեսոր, վաստակավոր արտիստ Վալերի Հարությունովի դասարան։ Այդպիսին է եղել ճանապարհս դեպի երաժշտական աշխարհ։
-«Մարտիկի երգը» հիմա երգու՞մ եք։
-Եթե առիթ է լինում, համապատասխան մթնոլորտ, մեծ սիրով կատարում եմ։ Ինձ համար թանկ հիշողոթյուն է դա։
Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ