Օձունի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցից հանելն անարդարացի է համարում թե՛ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, թե՛ հայոց գրի, դպրության և մատաղ սերնդի հանդեպ։ «Ինքս դպրոցահասակ չորս երեխայի հայր եմ, ու կարող եմ փաստել՝ առարկան ոչ միայն իմ, այլև բազմաթիվ երեխաների ամենասիրած առարկան է դպրոցում»,- «Իրատեսի» հետ զրույցում ասում է տեր Հայրն ու հավելում՝ երեխաներին պետք չէ զրկել մայր եկեղեցու պատմությունը հանրակրթական դպրոցում սովորելու հնարավորությունից։
Տեր Վրթանեսը վստահ է՝ դրսի կազմակերպություններից սնվող ապազգային և հակաեկեղեցական կառույցների պատվերով չէ, որ պետք է առաջնորդվեն հայրենի իշխանությունները. կառավարող թիմի տեսլականում մատաղ սերդի հայեցի և բարոյական դաստիարակության տեսլականը պետք է լինի:
«Հայ եկեղեցու պատմությունը մեր ազգի պատմության կարևորագույն օղակներից է։ Վաղն էլ, հնարավոր է, հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության և ռազմագիտության դասաժամերը հանրակրթական դպրոցներից հանելու հարց բարձրացնեն կեղծ արժեքներ տարածող որոշ կազմակերպություններ։ Ի՞նչ է, այդ առարկաներն է՞լ պիտի դպրոցից հանենք: Բայց ես դեռ հույս եմ տածում առ Աստված, որ պետական և ազգային մտածողություն կրող հայրենի իշխանության ներկայացուցիչները չեն ընկրկի և եկեղեցու հանդեպ չհիմնավորված ագրեսիվ կեցվածք որդեգրած օտար, ապազգային կառույցների «խորհուրդներին» տուրք չեն տա։ Հայ երեխան իրավունք ունի հանրակրթական դպրոցում տեղեկություն ստանալու իր եկեղեցու պատմության մասին։ Եթե ոչ դպրոցում, ապա էլ որտե՞ղ հայ մանուկը պետք է սովորի Հայ եկեղեցու պատմությունն ու մեծ ավանդը հայ էթնոսի պատմության հոլովույթում: Հայ և քրիստոնյա հասկացություները դարերի ընթացքում միաձուլվել ու նույնացել են։ Հավատք և ազգ ուրանալը նույնացվել է։ Մեր պապերը, երբ երեխային մկրտում էին, ասում էին` քրիստոնյա դարձավ, հայ դարձավ»,- ընդգծում է մեր զրուցակիցը։
Շեշտելով «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի կարևորությունը դպրոցում՝ Օձունի հոգևոր հովիվը հիշեցնում է՝ առարկան հանրակրթական դպրոց է մտել հայ հասարակության հոգևոր պահանջներին և ցանկությանն ընդառաջ, հետևաբար, պետք է ոչ միայն շարունակել դասավանդումը, այլև դասավանդման որակը բարելավել. «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի շնորհիվ մեր երեխաները ոչ միայն եկեղեցու պատմություն են սովորում, այլև կրթվում են հոգևոր, մշակութային և համամարդկային գաղափարներով։ Սխալ է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ներառել «Հայոց պատմություն» առարկայի մեջ, քանի որ խորհրդային շրջանում հայ եկեղեցու պատմությունը հանիրավի աղավաղվել է: Այս կամ այն առարկայի մեջ այն ներառելը չի կարող ունենալ նույն արդյունավետությունը, ինչ առանձին դասավանդման դեպքում է ունենում։ Խորհրդային շրջանում տպագրված դասագրքերի մեջ եկեղեցու դերը պատշաճ ներկայացված չէ, իսկ դարեր շարունակ ժողովրդի կյանքում եկեղեցու ունեցած վաստակը նենգափոխված է»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ