ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«ՍՊՈՐՏԸ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻՑ ՇԱՏ ՀԵՌՈՒ ՉԷ»

«ՍՊՈՐՏԸ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻՑ ՇԱՏ ՀԵՌՈՒ ՉԷ»
22.12.2009 | 00:00

2009-ը կարելի է մարզական համարել, քանի որ մեծ ձեռքբերումներ գրանցվեցին, որոնք ստիպեցին աշխարհին ոտքի կանգնել Հայաստանի օրհներգի հնչյունների տակ։ ՀՀ երիտասարդության և սպորտի հարցերի նախարար ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ խնդրեցինք ներկայացնել տարեվերջյան իր գնահատականն այդ ձեռքբերումներին, սակայն նախարարը նկատեց, որ վերջին մեկ շաբաթում տարբեր միջոցառումներում դրանց մասին մանրակրկիտ զեկույցով հանդես է եկել և չցանկացավ ձանձրացնել ընթերցողին։ Այնուհանդերձ, ձեռքբերումների հետ մեկտեղ եղա՞ն ծրագրեր, որոնք այս կամ այն պատճառով չհաջողվեց իրականացնել։
-Ոչ թե չիրականացվեցին, այլ մասամբ իրականացվեցին որոշ ծրագրեր, ինչը պայմանավորված էր ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամով,- ասաց նախարարը։- Խոսքը վերաբերում է մարզային և մայրաքաղաքի սպորտդպրոցներն ու ֆեդերացիաները անհրաժեշտ մարզային գույքով հագեցնելու ծրագրին։ Մեր կանխատեսումներով` առաջիկա երեք տարում այդ խնդիրը պետք է լուծվեր, և աշխատանքներն սկսվելու էին 2009-ին։ Սակայն ճգնաժամի պատճառով անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար հատկացվող գումարն այս տարի սահմանվածից քիչ էր։ Բայց կարևորն այն է, որ ծրագիրը որոշ չափով իրականացվեց և շարունակվելու է հաջորդ տարի։ Գույքի ապահովման հարցը նախարարության գերխնդիրներից մեկն է, ինչն իր լուծումը կստանա, քանի որ ծրագիրն ընթացքի մեջ է։ Երկրորդ ծրագիրը, որտեղ մեծ առաջընթաց չգրանցեցինք, շինարարության ոլորտին է առնչվում։ ՀՀ նախագահի, վարչապետի հանձնարարականներով ձևավորվել է բոլոր մարզերի, սպորտային կառույցների (մանկապատանեկան բազաներ, դպրոցներ) կառուցման, վերականգնման քարտեզ։ Այս ծրագիրն իրականացվել է 30-50 տոկոսով։ Այս ցուցանիշը շատ ավելի բարձր կլիներ, եթե չլիներ ճգնաժամը։ Մնացած բոլոր ծրագրերը կատարվել են։ Կարծում եմ, այս առումով մեր ոլորտը, համեմատաբար շատ չի տուժել ճգնաժամից։ Հուսով եմ` հետագա տարիներին ավելի մեծ քայլերով կհասնենք բաց թողածը վերականգնելուն։
-Տարիներ շարունակ ստվերում մնացած ոլորտը (սպորտը) վերջին մեկ-երկու տարում հանկարծ իրեն «թափ տվեց» և տված պտուղները ոսկի ու արծաթ են։ Ինչո՞վ է սա պայմանավորված։
-Ձեռքբերումները պայմանավորված են մարզիչների քրտնաջան աշխատանքով, ինչն իր հերթին հետևանք է պետական հոգածության։ Փոխվեցին ՀՀ նախագահի մոտեցումները, կառավարության ուշադրությունը մեծացավ, համատեղ աշխատանք սկսվեց, և համակարգն սկսեց աշխատել մեկ բռունցքի պես` օլիմպիական կոմիտե, նախարարություն, ֆեդերացիաներ։ Այնպես որ, կազմակերպված, գրագետ ու ճիշտ աշխատանքով առաջընթաց քայլեր կատարեցինք և ունեցանք համապատասխան հաջողություններ։ ՈՒրիշ գաղտնիք չկա. ֆինանսներ, նյութատեխնիկական բազա, պրոֆեսիոնալ մասնագետներ։ Սա է գաղտնիքը։
-Ինչ խոսք, սպորտային ոլորտում անզեն աչքով էլ նկատելի էին հաջողությունները, սակայն հետաքրքիր է իմանալ, ի՞նչ է արվել երիտասարդական ծրագրերի ուղղությամբ։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի երիտասարդներն առանձնապես գոհ չեն իրենց նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունից։
-Չգիտեմ, ում հետ եք զրուցել, բայց ես նման բան չէի ասի։ Այս տարի նախարարությունը հարյուրից ավելի հանրապետական և միջազգային նշանակության փոքր ու մեծ միջոցառումներ է կազմակերպել այդ ոլորտում։ Հենց այս պահին էլ «Մենք հայ ենք, մենք երիտասարդ ենք, մենք ուժեղ ենք» խորագրով մշակութային սպորտային ծրագիր է իրականացվում։ Մեկնարկն սկսվել է Երևանից, երիտասարդներն անցնելու են բոլոր մարզերով` հասնելով Սյունիք, Արցախ և Ջավախք։ Սա լավ ծրագիր է, կարծում եմ։ Շուտով` դեկտեմբերի 25-ին, Երևանի և մարզերի միջև հեռուստակամուրջ կկազմակերպվի` թրաֆիքինգի թեմայով։ Բացի այդ, շատ մեծ ծրագիր ենք իրականացրել` երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան և ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով։
-Բայց այդ ծրագրի իրականացման հետ կապված, կարծես որոշ դժվարություններ են ի հայտ եկել։
-Ոչ թե դժվարություններ, այլ ժամանակը երկարաձգվեց։ Մեր մշակած կարգը ներկայացված է կառավարությանը։ Աշխատել ենք ֆինանսների նախարարության, ԿԲ-ի հետ, կարծում եմ` ֆինանսական հատվածն առաջիկայում իր շեշտադրումները կանի, և ծրագիրը կսկսի գործել։ Դա մեծ և լուրջ ծրագիր է։
-Որքան գիտեմ, խոսքը ցածր տոկոսադրույքներով և երկար ժամանակահատվածով երիտասարդ ընտանիքներին հիպոթեքային վարկ տրամադրելու մասին է։ Ի՞նչ տոկոսա-դրույքների մասին է խոսքը։
-Ըստ ծրագրի, վարկի տոկոսադրույքը կկազմի 10-11 տոկոս, որի 2 տոկոսը ֆինանսավորելու (սուբսիդավորելու) է պետությունը։ Երիտասարդ ընտանիքի համար ամսական վարկի տոկոսը, այդպիսով, կկազմի 8-8,5 տոկոս` 10-15 տարի մարման ժամկետով։
-Առևտրային բանկերի հետ պայմանավորվածությունը հստա՞կ է, այն առումով, որ հետագայում տոկոսադրույքները չավելանան։
-Այո՛, ԿԲ-ում արդեն իսկ ձևավորված է հիմնադրամ։ Այս ծրագրի նպատակն է օժանդակել երիտասարդ ընտանիքներին։
-Վերադառնանք երիտասարդության խնդիրներին։ Երիտասարդական ծրագրերում, կարծես, ավելի շատ ներգրավված են կազմակերպություններ, իսկ շարքային երիտասարդը, ով որևէ կազմակերպության անդամ չէ, դուրս է մնում դրանցից։
-Շարքային քաղաքացին պետք է մի քիչ ակտիվ լինի, ընդգրկված լինի ինչ-որ կազմակերպության մեջ, մասնակցի պետական գործընթացներին։ Իհարկե, եթե երիտասարդն ամբողջ օրը տանը նստի, դուրս կմնա իրադարձություններից։
-Երիտասարդ ժամանակ Դուք ինքներդ ակտի՞վ եք եղել։
-Իհարկե, ես մարզիկ եմ եղել։
-Այժմ զբաղվո՞ւմ եք սպորտով։
-Այո, շաբաթը երկու անգամ` լողով և ձիասպորտով։
-Ընդհանրապես, մեզ` հայերիս, բնորոշ չէ սպորտը մտցնել կենցաղ։ Ձեր ընտանիքում է՞լ է այդպես։
-Չէի ասի, թե հային բնորոշ չէ սպորտով զբաղվելը։ Այս տարվա ձեռքբերումներն ապացուցում են հակառակը։ Դա վկայում է, որ սպորտը մտել է հայկական ընտանիք թե՛ մասսայական մարզաձևերի, թե՛ մեծ սպորտի առումով։ Իմ երեք երեխաներն էլ սպորտին շատ մոտ են։ Երկու աղջիկներս զբաղվել են սինխրոն լողով, իսկ 10 տարեկան տղաս զբաղվում է էկվանդո մարզաձևով և արդեն իր տարիքային խմբում երկու անգամ արժանացել է ՀՀ-ի չեմպիոնի կոչման։ Այնպես որ, սպորտը մեր ընտանիքից շատ հեռու չէ։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1308

Մեկնաբանություններ