ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ո՞վ ավելի շուտ աչքը կթարթի…

Ո՞վ ավելի շուտ աչքը կթարթի…
18.09.2009 | 00:00

ՀԱՅԱՍՏԱ՞ՆԸ, ԹԵ՞ ԹՈՒՐՔԻԱՆ
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա Կուրիերի» խմբագիր

Ասեկոսեների տարափով և տեղեկատվության հոսքով լեցուն ամիսներից հետո Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները Շվեյցարիայի միջնորդությամբ օգոստոսի 31-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ` հանրությանը ներկայացնելով երկու արձանագրություններ, որոնց նպատակն իրենց երկրների խնդրահարույց հարաբերությունների կարգավորումն է: Ապրիլի 22-ին հրապարակված նախորդ հայտարարության մեջ հայ և թուրք պաշտոնյաները նշել էին, որ համաձայնել են մի «ուղեցույցի» (բառացի` «ճանապարհային քարտեզի»), որը «ողջամիտ ժամանակացույցով» պետք է առաջնորդեր իրենց դեպի հարաբերությունների կարգավորում: Երկու կողմերը նշել էին նաև, որ սկզբունքային համաձայնության են եկել` նախաստորագրելով երկու արձանագրությունները, որոնք, սակայն, մինչև օգոստոսի 31-ը չհրապարակվեցին: ՈՒշացման պատճառն Ադրբեջանի իրականացրած ճնշումների հետևանքով ուղեցույցից Թուրքիայի հրաժարումն էր: Նախագահ Ալիևը պնդում էր, որ Թուրքիան փակ պահի Հայաստանի հետ իր սահմանը` մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
Հետագա ամիսներին հայ-թուրքական հարաբերությունների մեջ որևէ առաջխաղացման բացակայությունն առիթ էր տալիս ենթադրություններ անելու, թե արդյոք նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 14-ին կհամաձայնի՞ այցելել Թուրքիա` ներկա գտնվելու երկու երկրների ֆուտբոլային խաղին: Հայաստանի նախագահը փորձեց ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս հարգի ուղեցույցի շուրջ ձեռք բերված համաձայնության իր բաժինը, հայտարարելով, որ կայցելի Թուրքիա` եթե միայն սահմանը բաց լինի կամ լինի բացման նախաշեմին:
Ամերիկյան կառավարությունը նույնպես ճնշում էր գործադրում Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս ընդառաջ գնա Հայաստանի հետ վերոհիշյալ համաձայնությանը: Օրեր առաջ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հեռախոսային խոսակցություն էր ունեցել ինչպես նախագահ Սարգսյանի, այնպես էլ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուի հետ` նպատակ ունենալով օգնել հաղթահարելու առկա մի քանի խոչընդոտները: Քանի որ ապրիլի 24-ի իր ուղերձում «Հայկական ցեղասպանություն» արտահայտության չգործածմամբ նախագահ Օբաման դրժեց նախընտրական իր խոստումը` Հայաստանի և Թուրքիայի միջև «զգայուն» բանակցությունները չականահարելու պատճառաբանությամբ, Միացյալ Նահանգները փորձեց առաջխաղացում ապահովել երկու երկրների հարաբերություններում` նպատակ ունենալով վերականգնել ԱՄՆ-ի նախագահի հեղինակությունը:
Արդյունքում, օգոստոսի 31-ին Հայաստանն ու Թուրքիան առաջին անգամ քննարկեցին երկու արձանագրությունները և հայտարարեցին, որ համաձայն են սկսելու ներքին քաղաքական խորհրդակցություններ` «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու» և «Հարաբերությունները զարգացնելու» արձանագրությունների շուրջ: Այս խորհրդակցությունները պետք է ավարտվեն 6 շաբաթվա ընթացքում, որից հետո երկու պետությունները պետք է ստորագրեն և իրենց համապատասխան խորհրդարանների վավերացմանը ներկայացնեն վերոհիշյալ արձանագրությունները:
Առաջին արձանագրությունը երկու կողմերին պարտավորեցնում է իրենց միջև բացել սահմանները և հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Այս արձանագրությունը Հայաստանից ու Թուրքիայից պահանջում է ճանաչել երկու երկրների միջև գոյություն ունեցող ներկայիս սահմանները` միջազգային իրավունքի համաձայնագրերի համապատասխան: Սա կարևոր պահանջ է Թուրքիայի համար` Թուրքիայի Հանրապետության մաս կազմող հայկական պատմական հողերի պահանջին վերջ դնելու առումով: Մյուս կողմից, մեծ թվով հայեր մերժում են այս դրույթը, քանի որ նրանք ցանկություն ունեն օրակարգում պահելու զավթված հողերի, ներառյալ` Արարատ լեռան հարցը, ապագայում Թուրքիային պահանջ ներկայացնելու համար:
Երկրորդ արձանագրությունն իր մեջ ներառում է զույգ փաստաթղթերի մեջ առկա ամենախնդրահարույց տարրերը: Այն նշում է, որ Հայաստանն ու Թուրքիան համաձայնում են «իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար»։ Առաջին հերթին պետք է ստեղծվի «միջկառավարական երկկողմ հանձնաժողով», որը բաղկացած կլինի մի շարք ենթահանձնաժողովներից, որոնցից մեկը պետք է զբաղվի «պատմական» հարցերով: Երկրորդ արձանագրությանը կցված «ժամանակացույցը» հավելյալ կարգով հստակեցնում է «հայ, թուրք, ինչպես նաև շվեյցարացի և այլ միջազգային փորձագետների» մասնակցությունը «պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովի» խորհրդակցություններում:
Նախատեսվում է, որ այս երկու արձանագրությունները լուրջ խնդիրներ կբարձրացնեն և քաղաքական մեծ տագնապի առիթ կտան Ադրբեջանում, Թուրքիայում ու Հայաստանում:
Նախագահ Ալիևը, հավանաբար, ևս մեկ անգամ կզայրանա Թուրքիայի վրա, ինչպես արեց ապրիլի 22-ին` առաջին ուղեցույցի հրապարակման ժամանակ: Ադրբեջանի արժեքավոր էներգետիկ ռեսուրսները և Թուրքիայի տարածքով դրանց փոխադրումը հաշվի առնելով` Անկարայի ղեկավարներին ձեռնտու չէ անտեսել Ալիևի ջղագրգիռ «նոպաները»:
Թուրքիայում ևս կարող են առաջ գալ անհանգստություններ: Քաղաքական ընդդիմությունը, ինչպես նաև «խորունկ պետության» մասնիկները, կարող են կազմակերպել զանգվածային ցույցեր` նախագահ Գյուլին և վարչապետ Էրդողանին մեղադրելով հայրենասիրության պակասի, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունները «եղբայր» Ադրբեջանից ավելի բարձր դասելու մեջ: Այս տիպի մեղադրանքները կարող են բավարար չափով կրճատել խորհրդարանի իշխող մեծամասնության քվեները` արձանագրությունների վավերացումը մերժելու համար:
Վավերացումը երաշխավորված չէ նաև Հայաստանում: Ավելի քան մեկ տարի է, ինչ մեծ թվով հայեր թե Հայաստանում և թե սփյուռքում բողոքում են նման համաձայնության գնալու կառավարության անխոհեմության դեմ: Նրանք դեմ են պատմական հարցերը քննարկող ենթահանձնաժողովի ստեղծմանը, որն իր բնույթով կարող է կասկածի տակ դնել հայկական ցեղասպանության իրողությունը: Ավելին, բազմաթիվ հայեր չեն ընդունում Թուրքիայի հետ գոյություն ունեցող սահմանը, որպեսզի ապագայում չխափանեն հայկական հողային պահանջները: Այս փաստաթղթում առկա դրույթները կարող են առաջացնել մեծածավալ բողոքի ցույցեր թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս, ինչպես նաև պատճառ հանդիսանալ քաղաքական լուրջ դժգոհության` վտանգելով Հայաստանի կայունությունն ու անվտանգությունը:
Նկատի ունենալով այն ճնշումը, որ Հայաստանի կառավարության վրա գործադրում են Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Եվրոպան, Երևանի համար հեշտ չի լինի հետ կանգնել վերոհիշյալ համաձայնությունից: Այնուհանդերձ, ամեն բան դեռ կորած չէ: Մեծ հավանականություն կա, որ այս հարցի շուրջ Ադրբեջան-Թուրքիա սուր հակամարտության պատճառով, զուգորդված Գյուլ-Էրդողան վարչակարգի դեմ ներքին ընդդիմությամբ, թուրքական կառավարությունն անաղմուկ իր խորհրդարանական մեծամասնությանը կստիպի չվավերացնել այս արձանագրությունները:
Թուրքիայի վրա ճնշումը պահելու և ստիպելու համար, որ առաջինն ինքը աչքը թարթի, Հայաստանը ներկայումս չպետք է Արցախի շուրջ որևէ համաձայնություն ստորագրի Ադրբեջանի հետ: Կարելի է նաև, որ այս արձանագրություններին դեմ ամբողջ աշխարհի հայերի բողոքը համոզի հայկական կառավարությանը, որ չշարունակի այդ համաձայնության գործընթացը և կոչ անի խորհրդարանի մեծամասնությանը դրան դեմ քվեարկելու:
Դժբախտաբար, բանակցությունների հենց սկզբից, հոդվածիս հեղինակի և այլոց շարունակական զգուշացումները` ուղղված Հայաստանի իշխանություններին, արհամարհվեցին: Այն ժամանակ շատ ավելի հեշտ կլիներ քաղաքական ճշգրտումներ և համապատասխան շտկումներ կատարելը: Հիմա եթե Հայաստանն առաջինը հրաժարվի այս համաձայնությունից, իր վրա կուղղի հզոր երկրների զայրույթը: Այդուհանդերձ, այս ճակատագրական խաչմերուկում Հայաստանի կառավարության գլխավոր մտահոգությունը պետք է լինի երկրի ազգային շահերի պաշտպանությունը` օտար ուժերից դիվիդենդներ շահելու փոխարեն:

Դիտվել է՝ 1453

Մեկնաբանություններ