ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Այս տարածաշրջանի ցանկացած իրադարձություն յուրովի ազդելու է Ղարաբաղի հիմնահարցի լուծման վրա»

«Այս տարածաշրջանի ցանկացած իրադարձություն յուրովի ազդելու է Ղարաբաղի հիմնահարցի լուծման վրա»
02.10.2009 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հյուրն է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ
-Մեր առաջին հարցազրույցը տասը տարի առաջ էր։ Այդ ընթացքում ի՞նչ փոխվեց Ձեր ու երկրի կյանքում:
-Փոխվեցինք մենք, կյանքը փոխվեց: Տասը տարի առաջ իմ եղբայր, վարչապետ Վազգեն Սարգսյանն ասում էր. «Մտածեք էս երկրի մասին»: Չգիտեմ՝ ինչու էր ասում, գուցե ինչ-որ բան էր կանխազգում, գուցե ուզում էր զգուշացնել: Տասը տարվա փոփոխությունները՝ լավ թե վատ, ժամանակը կգնահատի, ես կարծում եմ, որ մենք ավելի աղքատացանք հոգով, նույնիսկ եթե նյութական ինչ-որ արժեքներ ավելացան: Տասը տարի առաջ մեր երկրին տրված էր զարգացման ընթացքն ու ժամանակը փոխելու շանս, որը հոկտեմբերի 27-ին գնդակահարվեց, վերստին այդ շանսը կա, բայց արդեն կորուստների իրավունք չունենք՝ մտածելով էս երկրի մասին:
-Ձեր կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերությունների ձևավորման գործընթացը կանխատեսելի՞ էր, թե՞ անակնկալներ եղան:
-Համաշխարհային հանրության տեսանկյունից դեռ առաջին աշխարհամարտի ժամանակ երկու հետամնաց երկիր միմյանց դեմ կռվել են և առայսօր չեն կարողանում հաշտության եզրեր գտնել: Ինչն էլ ո՛չ մեզ, ո՛չ Թուրքիային պատիվ չի բերում, առավել ևս, որ երկրորդ համաշխարհայինի բոլոր երկրներն արդեն բարեկամ են և մի միության մեջ են: Այս առումով՝ խնդիրը կարելի է ուշացած համարել: Բայց քանի որ տասնամյակներով երկու երկրներն էլ թշնամության վրա էին քաղաքականություն կառուցում, այսօրվա զարգացումը նաև անակնկալ էր: Ընդհանուր առմամբ՝ հարցը վաղուց լուծումներ էր պահանջում, այլ խնդիր է, թե ովքե՛ր են բերում լուծումները: Ես չեմ մոռացել այն ժամանակները, երբ ՀՀԿ-ն պաշտպանում էր Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունն ու նրա քաղաքական գիծը` դա հաստատելով իր յուրաքանչյուր համագումարում, իսկ նա թուրքերի հետ գենետիկ անհամատեղելիության տեսությունն էր զարգացնում, և կուսակցությունն ամբողջովին համամիտ էր նրա հետ: Այսօր նույն կուսակցությունը բոլորովին այլ կարծիք ունի և ակտիվորեն ջատագովում է հայ-թուրքական հարաբերությունների կարևորությունը, անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը: «Ինչու»-ի պատասխանը, կարծում եմ, Հայաստանում բոլորն են հասկանում: Սա ուղղակիորեն գործադիր ու օրենսդիր իշխանության լեգիտիմության անբավարարության հետևանք էր, որը ստիպեց Հայաստանի իշխանություններին` աշխարհի համար ընկալելի դառնալու, լեգիտիմության բացը լրացնելու համար գնալ նման լուծումների: Լեգիտիմության բացով նման լուծումների գնացող քաղաքական ուժը նաև պիտի համակերպվի առաջարկվող պայմանների հետ:
-Այսինքն, նախքան հայ-թուրքական հարաբերությունները, պետք էր հայ-հայկական հարաբերություննե՞րը կարգավորել: Եթե ֆուտբոլ ես խաղում ու լավ մարզավիճակում չես, խաղում ես այն խաղը, որի հնարավորությունը տալիս է մրցակի՞ցդ:
-Միանշանակ: Գործընթաց սկսելը պետք էր, բայց Սերժ Սարգսյանն իր քաղաքականությամբ ավելի շատ փորձում է սեփական տեղն ու դերը կարևորել, քան լուծումներ գտնել: Այդ պատճառով մեծ մտավախություն ունեմ, որ այս իշխանության պարագայում հայ-թուրքական հարաբերություններն ավելի կվատանան: Հիշո՞ւմ եք Ռիբենտրոպ-Մոլոտով պակտը: Դիկտատորների ու ոչ լեգիտիմ իշխանությունների պարագայում ստորագրված որևէ փաստաթուղթ չի ապահովագրում ապագայի վտանգներից: Խոսքը վերաբերում է թե՛ հայ-թուրքական հարաբերություններին, թե՛ Ղարաբաղի հիմնահարցին:
-Իսկ ի՞նչ տարբերակ ունի Սերժ Սարգսյանը:
-Տարբերակներ նրան ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ առաջարկվեցին: Նախ՝ մինչև նախաստորագրված փաստաթուղթը ստորագրելը պետք է ճշտվեր հասարակության տեսակետը. նա պիտի խոսեր իր ժողովրդի հետ, Ղարաբաղի հասարակության ու իշխանության ներկայացուցիչների հետ, խոսեր սփյուռքի համայնքների ու լոբբիստական կազմակերպությունների հետ, ներկայացներ իր տեսակետները, փորձեր համոզել, լսեր նրանց տեսակետները և այդ ամենն ի մի բերելուց հետո նոր գնար լուծումների, որպեսզի այսօրվա քննարկումների աժիոտաժը ծիծաղելի, աննպատակ ու կոմունիստական ժամանակների կամավոր-պարտադիր քննարկումները չհիշեցնեին: Այսինքն՝ առաջին հերթին երկրի ներսում պիտի փորձես լուծել խնդիրը, հետո՝ Թուրքիայում ու Ադրբեջանում: Ես շատ կուզենայի, որ Սերժ Սարգսյանն ուշադիր կարդար Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը վերջին հանրահավաքում, կարդար ոչ թե որպես հակառակորդի ելույթ, այլ հայ մարդու, փորձառու քաղաքական գործչի ելույթ, որը լուծումներ է առաջարկում: Սերժ Սարգսյանը պիտի ընդունի, որ 21-րդ դարում հարևանների հետ նորմալ հարաբերություններ ունենալուց առաջ երկրում քաղբանտարկյալներ չեն ունենում: Հիմա էլ ուշ չէ նրանց ազատ արձակելու համար: Քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո նա կարող է երկխոսություն սկսել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ փորձելով իր տեսակետները տարածել հայ հասարակության մի ստվար զանգվածի վրա: Հայաստանի քաղաքական էլիտան, որն իր պատկերացումներն ունի, թե Հայաստանում տեղի ունեցող ամեն ինչ ատամնացավի պես իր նյարդերով է զգում, հավաքվում է հանրահավաքի հրապարակում, չի վախենում ոստիկանությունից, չի վախենում աշխատանքը կորցնելուց ու համարձակ տեսակետներից: Նրանք իսկապես այս երկրի սերուցքն են, ասելիքդ առաջին հերթին այդ մարդկանց պիտի ասես: Իսկ այսօր, առանց Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցությունն ունենալու, հասարակության այդ հատվածի հետ իշխանության ցանկացած շփում անհնարին է դառնում: Հետևաբար, ցանկացած լուծում թերի ու անընդունելի է լինելու ոչ միայն Հայաստանի, այլև սփյուռքի և Ղարաբաղի հասարակության մի ստվար զանգվածի համար: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կամ պետք է փորձի, թեկուզ ուշացած, բայց սեփական սխալներն ընդունելով ու շտկելով, առաջին հերթին, ընդհանուր լեզու գտնել սեփական ժողովրդի հետ, կամ իմիտացիա անելով որևէ լուծման չգնա, ինչի հնարավորությունը նախորդ իշխանությունը ինքնանպատակ ու անիմաստ մսխել է: Կամ պետք է հրաժարական տա, իր վրա չվերցնելով նման ծանր ժառանգության բեռը՝ հնարավորություն տալով իրապես լեգիտիմ և նոր իշխանություն ձևավորելու, որը չի ունենա նախորդ իշխանությունների կայացրած որոշումների պատասխանատվությունը:
-Նախաստորագրված արձանագրություններում հիմնականում երկու կետի շուրջ են տարաձայնությունները՝ նախ, որ ընդունում ենք այլ պետությունների տարածքային ամբողջականությունը և վավերացնում ենք սահմանները: Փաստորեն, առանց անուններ տալու՝ ընդունում ենք Կարսի համաձայնագիրը: Դուք վտանգ տեսնո՞ւմ եք: Թե՞ այնքան կարևոր չէ՝ ինչ ես ստորագրում, որքան՝ ինչպե՞ս և ո՞վ է իրականացնում:
-Ես միայն այդ երկու կետերը չեմ վտանգավոր համարում. կա նաև ցեղասպանության խնդրի ուսումնասիրության պատմական ենթահանձնաժողով ստեղծելու հարցը, որն անընդունելի է: Շատ կարևոր է, թե ի՞նչ է ստորագրվում, ո՞վ է ստորագրում և ի՞նչ լեգիտիմություն ունի իբրև քաղաքական գործիչ, դրանից էլ բխում է, թե ինչքանով տվյալ փաստաթուղթը տվյալ ժողովրդի համար կարող է բարենպաստ և օգտակար լինել: Մարտի 1-ով իշխանության եկած, լեգիտիմության դեֆիցիտ ու երկրում քաղբանտարկյալներ ունեցող իշխանություններին, բնականաբար, այս կարգի փաստաթղթեր պիտի պարտադրվեին:
-Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասում էր, որ առաջ էլ նման առաջարկներ են եղել ու չեն ընդունվել:
-Վարդան Օսկանյանն էլ մի այլ ծայրահեղություն է: Նա հայտարարում էր, որ փակ սահմաններով մենք 100 տարի էլ կապրենք: Նման քաղաքականության հետևանքն է, որ ես տեսնում եմ հենց իմ փողոցում՝ իմ ընկերներից քանիսն ընտանիքներով հեռացան Հայաստանից: Փակ սահմաններով իրենք ապրել կարող են, բայց ես չեմ կարող: Չեմ էլ ուզում, որ իմ երեխաները փակ սահմաններով երկրում ապրեն:
-Թեպետ ասվում է, որ բանակցություններն առանց նախապայմանների են վարվում, փաստորեն, նախապայմաններ կան, և մենք ընդունել ենք: Չե՞ք կարծում, որ այդ նախապայմանները վտանգելու են Լեռնային Ղարաբաղի բանակցությունները, որովհետև Թուրքիայի նախապայմաններից մեկն Ադրբեջանի հետ է կապված՝ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման:
-Ես զարմանում եմ, որ գործող նախագահը հայտարարում է, թե նախապայմաններ չկան: Այս տարածաշրջանի ցանկացած իրադարձություն յուրովի ազդելու է Ղարաբաղի հիմնահարցի լուծման վրա: Տարածաշրջանը շատ փոքր է ու սերտորեն փոխկապակցված: Առավել ևս, որ Ադրբեջանն ու Թուրքիան կարելի է համարել երկու պետություն, մեկ ազգ՝ նույն լեզվով, նույն հավատքով, նույն մենթալիտետով: Այլ հարց է, որ փաստաթղթում Թուրքիան այդ խնդիրներն ուղղակի չի նշում՝ Թուրքիայի վրա էլ ճնշումներ կան: Այսինքն՝ տարածաշրջանի խնդիրների լուծումներում մեծ ազդեցություն ունեն գերտերությունները, որոնք պաշտպանում են իրենց սեփական շահերը՝ տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ: Փաստաթուղթը մտահոգությունների տեղիք է տալիս, որովհետև այդ շահերը միշտ լուծվում են թույլերի հաշվին, իսկ թույլ չլինելու միակ գրավականը սեփական ժողովրդի աջակցությունն ունենալն է: Դա է պատճառը, որ 2008-ի նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը կգերադասեր պարտվել, բայց Հայաստանը լեգիտիմ նախագահ ունենար: Մենք այլ ռեսուրս, քան ժողովրդավարությունը, չունենք` տարածաշրջանում մեր տեղն ու դիրքը հիմնավորելու, հավասարը հավասարին ներկայանալու համար:
-Հայ-թուրքական հարաբերությունների կայացման պատմությունը երկրորդ պլան մղեց Ղարաբաղի հարցի լուծումը, թեպետ տարեսկզբից մեծ արագություն էր հավաքել. մադրիդյան, կրակովյան սկզբունքներ, համանախագահ երկրների նախագահների հայտարարություն... Քանակական կուտակումները որակական փոփոխությունը դարձնում են անխուսափելի: Հնարավոր չե՞ք համարում նաև այս հարցի լուծումը համաձայնագրի մակարդակով:
-Համոզված եմ, որ այդպես է լինելու: Հայ-թուրքական հարաբերությունները և Ղարաբաղի հիմնահարցը տարանջատել հնարավոր չէ: Անկախ նրանից, թե նախագահներն ինչ հայտարարություններ կանեն, փաստաթղթերում ինչ տողերի ու վերնագրերի տակ կդնեն ստորագրությունները, միանշանակ է, որ հայ-թուրքական սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման հիմնաքարերից մեկը Ղարաբաղի հիմնահարցի լուծումն է: Վերջին մեկ-մեկուկես տարում իրադարձությունները երկու հարթություններում էլ ծավալվում են զուգահեռ՝ ինչ-որ պահերի հայ-թուրքականն է առաջ անցնում, ինչ-որ պահերի` Ղարաբաղի հարցը: Սրանք զուգահեռներ են, որոնք ժամանակի և տարածության մեջ միանշանակ հատվելու են: Գործընթացների նման արագությունն ու ակտիվությունը հիմք են տալիս ասելու, որ այդ ժամանակը շատ, շատ մոտ է: Եվ սա է պատճառը, որ եթե ես հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մտահոգություններ ունեմ, ապա Ղարաբաղի հիմնահարցի լուծման մեխանիզմներում լուրջ վտանգ եմ տեսնում:
-Այդ մտահոգություններն ու վտանգներն ինչի՞ հետ են կապված:
-Նախ՝ Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու, երկրորդ՝ Ղարաբաղի հետ ցամաքային կապ ունենալու, երրորդ՝ Ղարաբաղի ժողովրդի ազատ, անկաշկանդ, անկախ տեսակետն արտահայտելու հնարավորության առկայության, որը համարում եմ ամենակարևորը: Միայն նշված գործոնների հստակ, անվերապահ ամրագրման դեպքում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու այնտեղ ապրող բնակչությունն ապագա կունենան: Այս փաստաթղթում դա, դժբախտաբար, այդպես չէ, և, որ դա այդպես չէ, ունի իր մեղավորներն ու դրդապատճառները: Ես ամենից շատ վախենում եմ Ղարաբաղում հնարավոր խուճապից: Միայն այդ դեպքում է, որ իմ հայրենի տունը կարող եմ թողնել ու գնալ Ղարաբաղում ապրել: Դժբախտաբար, Հայաստանում ապրող ղարաբաղցիները դա չեն հասկանում կամ, հասկանալով հանդերձ, իրենք իրենց այստեղ այնքան լավ են զգում, որ այնտեղ չեն ուզում ոչինչ անել: Երկրի ամենահարուստ մարդկանց շարքում բնիկ ղարաբաղցիները շատ-շատ են, նաև իշխանություն բանեցնելով են այդպիսին դարձել: Այստեղ աշխարհի ամենաթանկարժեք խանութները կառուցելով՝ ի՞նչ են կառուցել Ղարաբաղում: Ինչո՞ւ այնտեղ չեն հուղարկավորում իրենց հարազատներին՝ պապենական գերեզմանոցներում: Սա լուրջ հոգեբանական խնդիր է առաջացնում Ղարաբաղում ապրող մարդու համար: Հնարավոր է ունենալ անկախ Ղարաբաղ, հնարավոր է գտնել Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ լուծում, բայց դրան հասնելու համար պիտի ունենաս այդ ժողովրդի վստահությունը, այդ ժողովուրդը պիտի հավատա քեզ: Պիտի ընդունի, որ դու ճիշտ լուծում ես բերում: Պիտի առաջիկայում այդ տարածքում ապրելու հնարավորություն ու հավատ ունենա: Ի վերջո, հողը նրանն է, ով նրա վրա ապրում է, իսկ այդ ուղղությամբ ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը ոչինչ չեն արել, եթե չասեմ հակառակը: Ցավոք:
-Հայ-թուրքական հարաբերությունների գերխնդիրը՝ հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, բացվի սահմանը, իրականում երկրորդական է, որովհետև ունենք արմատական խնդիր՝ ցեղասպանությունը: ՈՒնենք պահանջատիրությունը սահմանելու խնդիր. անհատներ, կուսակցություններ իրենց տեսակետները ներկայացրել են, բայց համազգային-պետական մակարդակով մենք չունենք սահմանում՝ ի՞նչ ենք ուզում ի վերջո՝ հո՞ղ, փո՞ղ, բարոյական բավարարո՞ւմ... Ինչքա՞ն կարող ենք շրջանցել այդ խնդիրը՝ հետաձգելով լուծումը: Դա ական է, որ վաղեմության ժամկետ չունի ու պայթելու է՝ այստեղ, սփյուռքում, Թուրքիայում...
-Հայության յուրաքանչյուր շրջանակ այս հարցերի իր պատասխաններն ունի, ու յուրաքանչյուրն էլ ճիշտ է: Արդարացի: Համազգային մոտեցում ձևավորելը բարդ ու երկարատև գործ է, լուրջ քննարկումների խնդիր: Այս խնդիրները, փոխկապակցված լինելով, ժամանակի մեջ լուծում են ուզում: Այս խնդիրները կան, որովհետև լուծումները շատ ենք հետաձգել: Այլ ժողովուրդներ նման խնդիրները վաղուց լուծել-անցել են: Մենք 21-րդ դարում փորձում ենք 20-րդ դարի լուծումները գտնել: ՈՒ երբ այդ լուծումները փորձում է բերել կոռումպացված, օլիգարխիկ, հասարակության վստահությունն ու քվեն չունեցող իշխանությունը, վիճակն է՛լ ավելի է բարդանում: Սկսված գործընթացը շատ վտանգավոր է: Սերժ Սարգսյանի համար` միանշանակ կործանարար: Բայց դա եթե կործանարար լիներ միայն իր անձի համար, իր որոշումն ու քաղաքական ճակատագիրն է, դժբախտաբար, կործանարար է լինելու նաև մեր զավակների ու մեր երկրի համար, այդ է պատճառը, որ մենք փորձում էինք այս շրջանում ելքեր և ուղղություններ ցույց տալ իշխանություններին այս վիճակից դուրս գալու համար: Որևէ մեկը Սերժ Սարգսյանին այդքան խորհուրդներ չի տվել, ինչքան մենք՝ մեր հարթակից:
-Կարծում եք, թե հարթակից հնչած խորհուրդն իբրև մարտահրավեր չի՞ ընկալվում:
-Կուզենայի, որ չընկալվեր: Այս առումով ցանկացած նոր իշխանություն, թեկուզ ոչ լեգիտիմ, մի շատ «փոքր» խնդիր ուներ լուծելու՝ ցույց տալ, որ ինքը տարբերվում է Ռոբերտ Քոչարյանի դաժան, մարդատյաց, ոչ ադեկվատ ու վտանգավոր իշխանությունից: Որ կարող է լսել դիմացինի տեսակետը, դիմացինին չընդունել որպես թշնամի, առավել ևս՝ մարտի 1-ի դեպքերից ու տասն անմեղ զոհերից հետո: Անընդհատ խոսվում է հանդուրժողականության մասին, համերաշխության, քաղաքակիրթ աշխարհի այլ արժեքների, իրականում դրանք բառեր են, բառեր, բառեր՝ ինչպես արքայազն Համլետն էր ասում դանիական հողում կատարվող իրադարձությունների մասին, որտեղ, իր խոսքով, ինչ-որ բան փտել էր... Երկիրը վտանգավոր պայթյունների առաջ է կանգնած. ցանկացած փաստաթուղթ կարող է լուրջ բողոքների պատճառ դառնալ: Ամենալուրջ ալիքը կարող է բարձրանալ հենց Լեռնային Ղարաբաղում: Սերժ Սարգսյանը թող չմտածի, որ ինքը, ղարաբաղցի լինելով, ապահովագրված է: Նույնիսկ Հիսուս Քրիստոսը Նազարեթում զգաց, որ մենակ է...
-Մարդիկ երկու մասի են բաժանվում՝ ոմանք ուզում են ինչ-որ բան ունենալ, ոմանք՝ լինել: Քաղաքական գործիչները ո՞ր մասում են:
-Չկա մարդկային տեսակ, որ չուզենա և՛ ունենալ, և՛ լինել: Կա մարդկային տեսակ, որ ուզում է՝ այդ ունենալն ու լինելը լինի արդար և աստվածահաճո: Կա մարդկային մի տեսակ էլ, որի համար կապ չունի, թե ինչ տարբերակներով կունենա կամ կդառնա. կարևորն ունենալն է, կարևորը լինելն է: Գլոբալ առումով՝ այսօր Հայաստանում իշխանության ու ընդդիմության տարբերությունը դա է՝ իրենք ուզում են ունենալ ու լինել ցանկացած գնով, այսինքն՝ ինքնանպատակ ու ինքնաբավ իշխանություն են, իսկ իրական ու արմատական ընդդիմությունն ուզում է լինել և ունենալ՝ հանուն իր նպատակների ու խնդիրների, որոնց արդարությունը որոշում է ժողովուրդը: Ես իսկապես շատ կուզենայի, որ իմ ժողովուրդը չլքի երկիրը և իր ունենալն ու լինելը չփնտրի օտար ափերում, հավատա, որ փոփոխությունը մոտ է, և շուտով, շատ շուտով ինքը կարող և՛ ունենալ, և՛ լինել իր հայրենի երկրում, իր ծնողների ու զավակների հետ` ապագայի հանդեպ հույսով ու քրիստոնյային վայել հավատով:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1282

Մեկնաբանություններ