ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Տեր-Պետրոսյանը չի պատրաստվում քաղաքապետ դառնալ»

«Տեր-Պետրոսյանը չի պատրաստվում քաղաքապետ դառնալ»
24.04.2009 | 00:00

«ԿՈԱԼԻՑԻՈՆ ՈՒԺԵՐԸ ԽՐՎԱԾ ԵՆ ՆՈՒՅՆ ՃԱՀՃՈՒՄ»
«Միայն Երևանի լավ քաղաքապետ ունենալով չի լուծվում Հայաստան երկրի խնդիրը»,- համոզված է «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, ում հետ մեր զրույցը և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական խնդիրների շուրջ է։
-Այսօր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը միաբերան պնդում են, թե երևանցին քաղաքականապես հասունացել է ու ճիշտ ընտրություն կարող է անել։ Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ քաղաքապետ է պետք այսօրվա քաղաքականապես հասունացած երևանցուն։
-Մեր կուսակցության մոտեցումը հետևյալն է. մարտի 31-ին Երևանում կայանալիք ավագանու ընտրությունը լոկ ավագանու ընտրության հարց չէ, այլ իշխանափոխության, ռեժիմից ազատվելու հերթական կարևորագույն քաղաքական գործընթաց է։ Իհարկե, ըստ օրենքի, սա նախագահական ընտրություն չէ, բայց մեր փոքր հանրապետությունում Երևանը և՛ ինտելեկտուալ, և՛ տնտեսական, և՛ մշակութային, և՛ հարաբերականորեն արդյունաբերական կենտրոն է, և բնակչության գրեթե մեկ երրորդն էլ այստեղ է ապրում, չնայած հեռավոր գյուղերում, շրջաններում ավելի բարձր է մարդկանց բարոյական նկարագիրը, ինչը չենք կարող ասել մայրաքաղաքի մասին։ Այսուհանդերձ, նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ այս ռեժիմը բացարձակ ձայն չունի կամ շատ չնչին տոկոս է հավաքում, ինչը հիմնականում հիմնված է վարչական ռեսուրսի վրա։ Եվ ամենագլխավորը, նրանց հաջողվում է հաղթել կեղծիքների միջոցով։ Մենք չենք ուզում սթափվել ու տեսնել այն կործանարար ճանապարհը, որն ընտրել է ռեժիմը` լինելով 99-ի հոկտեմբերի 27-ի, 2004-ի ապրիլի 13-ի ջարդերի, 2008-ի մարտի 1-ի սպանդի և այլ հանցագործությունների հեղինակը։ Այս ամենը հետևանք է այն բանի, որ կրիմինալը սերտաճել է իշխանական բուրգի հետ` գործադիր, օրենսդիր, դատաիրավական ոլորտներում։ Ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ Հայաստանում դատարան չկա, օրենսդիր մարմին ևս, որտեղ դատարկ դահլիճում կարևորագույն օրենքներ են քննարկվում։ Ավելին, այդ մարմնում կա մի կատեգորիա, որը տարրական կրթություն, մասնագիտական փորձ անգամ չունի, բայց երկրի համար օրենքներ է մշակում ու ձևավորում։ Ահա սա է ռեժիմին դրդում, որ Երևանն ընտրությունների արդյունքում չկորցնեն, հակառակ պարագայում` դա կնշանակի քայլել մեկ ոտքով։ Համոզված եմ, որ պայքարի արդյունքում մենք ունենալու ենք բարոյական կառավարություն, օրենսդիր մարմին, քաղաքապետ, գյուղապետ և այլն։ Այսպիսի պայմաններում Հայաստան երկրի գոյատևման ժամկետը շատ կարճ է։ Այնքան էլ պարտադիր չէ, որ ապագա քաղաքապետը լինի մեծ տնտեսագետ, իրավաբան։ Առաջին հերթին հարկավոր է, որ քաղաքապետը լինի բարոյական, ազնիվ, օրենքի առաջ պատասխանատու անհատ։ Հայ մարդը շատ կարճ ժամանակում կարող է ձեռք բերել այս ամենը։ Սա Երևանը չէ։ Մենք մոռանում ենք, որ Երևանն` իր ճարտարապետական կոթողներով ու այլ արժեքներով աշխարհի հիացմունքն էր շարժում։ Իսկ հիմա բերել-կառուցել են երկնաքերներ, որոնք ընդհանրապես կապ չունեն թամանյանական նախագծի հետ։
-Երբ հայտնի դարձավ, որ ՀԱԿ-ի ցուցակը գլխավորելու է Տեր-Պետրոսյանը, իշխանական թևը միանգամից փաստեց, որ առաջին նախագահը չի կարող զբաղվել քաղաքի աղբահանությամբ, կանաչապատմամբ ու նմանօրինակ «մանր-մունր» հարցերով։ Այս ամենը հաշվի առե՞լ էր կոնգրեսը, երբ Տեր-Պետրոսյանին առաջադրեց։
-Նախ` ներկայացնեմ իմ անձնական դիտարկումը. Տեր-Պետրոսյանը երբևիցե քաղաքապետ չի լինի, սակայն իր փոխարեն չեմ պատրաստվում դա հայտարարել։ Նա 2008-ի ընտրություններում հաղթած նախագահ է, ու արդարությունը պետք է վերականգնվի։ Իշխանությունը փորձեց Տեր-Պետրոսյանին տեղափոխել քաղաքապետի «հարթակ», բայց նշենք, որ Երևանի խնդիրը միայն աղբահանությունը չէ, այլև արդյունաբերություն, էկոլոգիա, դեմոգրաֆիկ խնդիրներ և այլն։ Քանի որ հասարակության մեջ կա մի շերտ, որը դեռևս չի կողմնորոշվել, ձեռք չի բերել քաղաքացիական ինքնուրույնություն, ապա փորձ է արվում ապակողմնորոշել նրան ու խոսել միայն աղբահանությունից։ Սակայն աղբահանությունից խոսելուց առաջ պետք է վերջ տան կոռուպցիային։ Կարծում եմ` Տեր-Պետրոսյանը չի պատրաստվում քաղաքապետ դառնալ, իսկ ՀԱԿ-ի ներկայացրած ցուցակում շատ կան արժանի մարդիկ, ովքեր իրավամբ կարող են զբաղեցնել այդ պաշտոնը, զորօրինակ, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։
-Ստացվում է` խորհրդանշակա՞ն է ցուցակի առաջին հորիզոնականում Տեր-Պետրոսյանի հայտնվելը։
-Լինելով կոնգրեսի առաջնորդ` ճիշտ չէր լինի, որ նա ցուցակը չգլխավորեր։ Կարծում եմ, սա ամենաճշմարիտ որոշումն էր։
-Ասում են` ՀԱԿ-ի ցուցակում իրենց զբաղեցրած հորիզոնականներից դժգոհ քաղաքական գործիչներ կան։ Դժգոհությունները շարունակվո՞ւմ են։
-Դա ռեժիմի մատուցած հերթական, անհաջող բամբասանքն է: Սա նրանց բնորոշ ձեռագիր է։ Մեր կուսակցությունից ներկայացրել ենք 7 անձի ու չենք մտածել, թե ինչ տեղեր են նրանք զբաղեցնելու։ Նման խոսակցություններ չեմ լսել նաև իմ գործընկերների շրջապատում։
-Երևանի ավագանու, ըստ այդմ նաև քաղաքապետի ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի պատկերը դիտարկելով, տեսնո՞ւմ եք ընտրության լայն հնարավորություն, թե՞ կրկին, ինչպես նախագահի ընտրության ժամանակ, քաղաքական դաշտը երկու բևեռների կբաժանվի։
-Քաղաքական դաշտ վերադառնալով` Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ տարաբաժանեց սև ու սպիտակ սահմանագիծը։ Սևը փոքրամասնությունն է` իշխանական բուրգն իր կրիմինալով, իսկ մյուս մասում քաղաքական առողջ ուժերն են, ժողովրդի զգալի զանգվածը։ Միայն մի փոքր մաս կա, որը չի կողմնորոշվել, բայց տեսնելով կոնգրեսի ճիշտ քայլերն ու գործողությունները, անցնելու է նրա կողմը։ Հայաստանում 88-ից հետո առաջին անգամ կայացել է քաղաքական շարժումը, որի զգալի զանգվածը Երևանում է, ու համոզված եմ, որ նրանք միանշանակ ձայն են տալու ՀԱԿ-ին։ Մյուս բևեռում մնալու են կոալիցիոն ուժերը, որոնք ինչքան էլ ասեն, թե առանձին-առանձին են գնում այս ընտրությանը, միևնույն է, խրված են նույն ճահճում։
-Ի դեպ, կոալիցիայում էլ առավոտները խաղաղ չեն, ու այստեղ ընդդիմադիր «ընդվզումներ» են ի հայտ գալիս։ Ընտրությունից ընտրություն իշխանության մաս կազմող կուսակցությունների նման վարքագիծն ինչի՞ հետևանք է։
-Կորստի վերջնական զգացում ունեն։ Կոալիցիայում լուրջ ուժ է ՀՅԴ-ն` իր ազգային մի շարք ծրագրերով, մոտեցումներով, պատմությամբ։ Սակայն նրանք ևս հասկանում են, որ սա իրենց վերջին հնարավորությունն է։ Այսպիսի փորձ արվեց նախորդ տարվա նախագահական ընտրություններից հետո, երբ ԱԺ փոխնախագահը հրաժարական տվեց։ Սակայն երկրորդեմ` նրանք նույն ճահճում են ու միասին են խեղդվելու։ Հիմա իրենց ապագան փրկելու փորձեր են անում, բայց դա կարճատեսություն է ու ռեսուրսի կորստի է հանգեցնելու։
-Ընդդիմության հաղթանակի պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում ընդդիմադիր քաղաքապետի աշխատանքը գործող իշխանության հետ։
-Երբ իշխանական բուրգը փլուզվի, ու ՀԱԿ-ը ֆիքսի իր հաղթանակը (իսկ մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր ձայները պահպանենք, թույլ չտանք կեղծիքներ), ընդդիմադիր քաղաքապետը կառաջնորդվի միմիայն օրենքի պահանջներով։ Այս պարագայում իշխանությունը չի կարող օրինական դաշտում աշխատել ու ստիպված է լինելու հրաժարական տալ։
-Անդրադառնանք արտաքին քաղաքականության օրակարգում թիվ մեկ խնդրին` հայ-թուրքական հարաբերություններին։ Տեր-Պետրոսյանն իր պաշտոնավարման տարիներին մշտապես կողմնակից է եղել սահմանների բացմանը, գործող իշխանությունն էլ այդ քաղաքականության կողմնակիցն է։ Ասել է` նրանց նպատակներն այս հարցում համընկնում են։ ՈՒրեմն, ո՞րն է տարբերությունը։
-Բազմաթիվ անգամ նշել եմ, որ մենք շատ լավ գիտենք, թե ինչ սխալներ է թույլ տվել Տեր-Պետրոսյանը, այդ մասին ասել ենք նաև առաջին նախագահին։ Բայց պետք է օբյեկտիվ գնահատել այն հանգամանքը, որ առաջին նախագահը քաղաքացիական մեծ համարձակություն ունեցավ այս ծանր պայմաններում նորից քաղաքականություն վերադառնալու։ Երբ երկրում լեգիտիմ իշխանություն կհաստատվի, և հայ-թուրքական հարաբերությունները նորմալացնելու պայմանները կփոխվեն, այն ժամանակ էլ կարելի է հայ-թուրքական սահմանը բացել։ Իսկ այս իշխանությունների պարագայում դա կլինի Հայաստանի վերջը։
-Ի՞նչ հիմքեր ունի Ձեր այդ համոզվածությունը։
-Ցեղասպանության 100 տարին դեռ չլրացած` ոչ մի հայ իրավունք չունի հայտարարելու, թե մենք չունենք ո՛չ տարածքի, ո՛չ բարոյական պահանջներ, ո՛չ էլ հայ դատի խնդիր։ Ով ասում է դա, գենետիկորեն հայ չէ։
-Հայ-թուրքական հարաբերություններում «առանց նախապայմանների» արտահայտությունը չե՞ք ընդունում։
-Իհարկե` ոչ։ Նախ` պետք է թուրք հասարակությանը նախապատրաստել, որ նա հասկանա 20-րդ դարասկզբին կատարվածի ողջ ահավորությունը։
-Իսկ հայ հասարակությունը պատրա՞ստ է հիշողություններից ջնջելու անցյալը։
-Կարծում եմ` հայ հասարակությունը ևս պատրաստ չէ։ Եթե Հայաստանի հեռավոր գյուղերի բնակիչներին սահմանի բացմանն առնչվող հարց ուղղեք, նրանք միանշանակ բացասական պատասխան են տալու։ Նույն պատասխանը կլսեք նաև քաղաքի բնակչից։ Այս հարցի միակ ճիշտ լուծումն այն է, որ երկրում լինի լեգիտիմ իշխանություն, որը կարողանա դիմակայել արտաքին ճնշումներին։ Բացի այդ, մինչև Հայաստանը տնտեսապես չհզորանա, չհասնի Արցախի հարցի հայանպաստ կարգավորման, սահմանի բացումը մեզ համար դրական հետևանքներ չի ունենալու։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1601

Մեկնաբանություններ