«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՎԱԳՐԻ ՏԱՐՈՒՄ «ԱՌՅՈՒԾ» ՏԻՊԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԿԱՐԻՔ ԿԱ

ՎԱԳՐԻ ՏԱՐՈՒՄ «ԱՌՅՈՒԾ» ՏԻՊԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԿԱՐԻՔ ԿԱ
12.01.2010 | 00:00

«ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ ԵՎՍ ԿԵՐԱԿՈՒՐ Է»
ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (ԺԿ նախագահ)
-Վագրն ուժեղ և հզոր կենդանի է։ Ասում են` այդ կենդանակերպի տարին ևս այդպիսին կլինի։ Համամի՞տ եք։
-Ո՛չ։ Ընդհանրապես չեմ կարծում, որ վագրին կարելի է համատեղել Հայաստանի, հայի կամ քրիստոնեության հետ։
-«Վագրային թռիչքներն» էլ քաղաքականության մեջ հնարավոր չե՞ն։
-Չէ, դրա հիմքերը ևս չկան։
-Քաղաքական «վագրեր» ի հայտ կգա՞ն, թե՞ այն, ինչ Ցլի տարում ունեինք, կժառանգի Վագրը։
-Բառիս բուն իմաստով, վագր` ոչ։ Մարդիկ կան, որ հարմարվել են։ ՈՒ Աստված գիտի, թե որքանով են նրանք վագր։
-Այս տարի Ձմեռ պապը Ձեզ ի՞նչ բերեց։ Գո՞հ եք նրանից։
-Ես կյանքից ընդհանրապես գոհ եմ։ Հավատացյալ մարդ եմ, ու կյանքն ինչպես կա, ինձ գոհացնում է։ Պիտի ժողովրդի վիճակի, ոչ թե սեփական ապրուստի, կյանքի մասին մտածել։ Ժողովրդին, մերձավորին ինչքան կարող ես օգնիր։
-Այս տարվա Ամանորն էլ Ձեր հեռուստաընկերությունում անցկացրիք երգով-պարով։ Նոր տարին ընտանեկան տոն է, փաստորեն, Ձեզ համար նաև եթերայի՞ն, աշխատանքայի՞ն։
-Մեր կոլեկտիվն ինձ համար ընտանիք է։ Հունվարի 13-ին ևս լինելու ենք եթերում ու հին տոմարով Նոր տարին ավելի բուռն ենք անցկացնելու։
-Նախորդ տարիների պես։
-Ավանդույթի համաձայն։
-Եթերում Դուք հայտնվեցիք շատ ավելի շուտ, քան ԶԼՄ-ների մյուս ներկայացուցիչները։ Տոնական օրերի՞ն էլ չեք հանգստանում։
-Մտածում ենք, որ ժողովուրդը պետք է ինֆորմացվի։ Ժողովրդի համար ինֆորմացիան ևս կերակուր է։ Ինֆորմացիան պաշար է, որը պետք է հրամցնենք ժողովրդին։ Ի դեպ, դա մեր պարտականությունն է։

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԵՂԵԼ ԵՆ «ԱՂՎԵՍ», «ԿՈՊԻՏ ԱՐՋ»
ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ (ԱԺԴ ղեկավար)

-Մեր ամանորյա բլիցներից մեկում պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը քաղաքական գործիչներից Ձմեռ պապի կերպարում լավագույնը Ձեզ համարեց։ Եթե, իսկապես, նման հնարավորություն ունենայիք, ի՞նչ կբերեիք Հայաստանին։
-Եթե Հայաստանը հրաշքներին հավատացող երեխա լիներ, շատ բաներ կարելի էր բերել։ Բայց Հայաստանի համար, առաջին հերթին, պետք է բերել հավատ, հույս` իր ապագայի հանդեպ։ Ամենից առաջ հավատ, որ հնարավոր է ամեն ինչ փոխել։ Այ, երեխաները հավատում են Ձմեռ պապին, թող Հայաստանն էլ հավատա իր ուժերին։
-Հնարավո՞ր է` Վագրի տարին Ձեզ ակտիվ քաղաքականություն վերադարձնի։
-Չեմ կարծում, որ ակտիվ քաղաքականությունից դուրս եմ։ ՈՒշադիր հետևում եմ քաղաքական գործընթացներին ու կարծում եմ, որ այս տարի ակտիվության աստիճանը պետք է մեծացնել, որովհետև պայքարող քաղաքական գործիչների պակաս եմ զգում։
-Կարո՞ղ եք թվել մեր երեկվա ու այսօրվա «վագր» քաղաքական գործիչներին։
-Հայաստանի քաղաքական գործիչների մեջ վագրեր գրեթե չեն եղել, հիմնականում եղել են «աղվես», «կոպիտ արջ»։ Վագր քաղաքական գործչի, որը համատեղում է հզորությունը ճկունության հետ, ցավոք, չեմ հանդիպել։
-Հավատո՞ւմ եք, որ հետագայում կլինեն։
-Կուզենայի, որ լինեին ավելի շատ «առյուծ» տիպի գործիչներ։
-«Վագրային թռիչք» արտահայտությանը 2010-ին կհանդիպե՞նք։
-Այս տարի հազիվ թե վագրի մեծ թռիչք արձանագրվի, սակայն գոնե մի քիչ թռիչք պիտի լինի, որ անցյալ տարվա ճգնաժամային բարդությունները հաղթահարենք։
-Ի՞նչ ցանկություններ ունեք այս տարվա համար։
-Թող բոլոր հայերը փորձեն ղեկավարվել բարեկամության սկզբունքով, հավատան հայի դարավոր ուժին, որը հնարավորություն կտա հասնելու ամեն ինչի։
Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1535

Մեկնաբանություններ