«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԱՅՆՔԱՆ ԿԱՐևՈՐ ՉԷ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ԱՍԱԾԸ, ՈՐՔԱՆ ՕԲԱՄԱՅԻ ԿՈՒԼԻՍԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԴՐԱՆ»

«ԱՅՆՔԱՆ ԿԱՐևՈՐ ՉԷ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ԱՍԱԾԸ, ՈՐՔԱՆ ՕԲԱՄԱՅԻ ԿՈՒԼԻՍԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԴՐԱՆ»
25.12.2009 | 00:00

Հայ-թուրքական արձանագրությունների շուրջ հետագա զարգացումները մեկնաբանում է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։
-Պարոն Գրիգորյան, հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ողջ գործընթացն անցնող տարվա ամենակարևոր իրադարձությունն էր։ Ինչպես այլ փորձագետներ, այնպես էլ Դուք, բավական լավատեսորեն էիք տրամադրված այդ կապակցությամբ։ Սակայն Էրդողանի այցը ԱՄՆ հակառակ տպավորությունն է թողնում։ Թուրքիան, փաստորեն, բացահայտ առաջ է քաշում ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը` որպես արձանագրությունների վավերացման նախապայման։ Ինչո՞վ եք բացատրում դիրքորոշման այսպիսի կոշտացումը։
-Չեմ կարծում, թե սա նոր դիրքորոշում է։ Իրականում Թուրքիայի կեցվածքը որոշակի դրական էվոլյուցիա է ապրել այն իմաստով, որ մեկ տարի առաջ նրանք պահանջում էին դուրս բերել հայկական զինված ուժերը ԼՂՀ անվտանգության գոտին կազմող հինգ շրջաններից։ Այժմ խոսվում է միայն ղարաբաղյան կարգավորման գործընթացում որևէ առաջընթացի անհրաժեշտության մասին։ Այո, Թուրքիան առայժմ չի կարողանում տարանջատել հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանականից։ Բայց իրենք դեռ մի քիչ ժամանակ ունեն և, նկատի ունենալով, որ Թուրքիան դիվանագիտական ավանդույթներ ունեցող երկիր է, փորձում են արձանագրությունների վավերացման գործընթացը ձգելով ավելին պոկել Հայաստանից և գործընթացում շահագրգիռ այլ երկրներից։
-Հայաստանի արձագանքը համարժե՞ք եք համարում։
-Սկզբունքորեն` այո, որովհետև մենք մեծ հաշվով այլևս զիջումներ չունենք անելու։ Թեպետ, եթե Անկարայում մտահոգ են, որ արձանագրությունները վավերացնելուց հետո ղարաբաղյան կարգավորման գործընթացը կսառեցվի, իբրև վերջին զիջում Թուրքիային կարելի է առաջարկել իր դերակատարության որոշակի ընդլայնում կարգավորման այդ գործընթացում` որպես Մինսկի խմբի անդամ երկիր։ Թող իրենք համոզվեն, որ ղարաբաղյան կարգավորումն առաջընթաց չի արձանագրում Ադրբեջանի, ոչ թե Հայաստանի կոշտ դիրքորոշման պատճառով։ Ամեն դեպքում կարծում եմ, որ եթե մինչև ապրիլ Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, ապա լուրջ խնդիրներ կունենա գործընթացում շահագրգիռ ու որոշակիորեն մասնակից պետությունների, հատկապես` ԱՄՆ-ի, Եվրամիության, միգուցե նաև Ռուսաստանի հետ։
-Ինչո՞ւ եք համոզված, որ այդ շահագրգիռ կողմերի ճնշումները կարող են արդյունք տալ։ Ի վերջո, Թուրքիան խոշոր պետություն է, ու հազիվ թե Վաշինգտոնը, Բրյուսելը կամ Մոսկվան գնան նրա հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման։
-ԱՄՆ-ը, Եվրամիությունը և Ռուսաստանն առանձին-առանձին, նույնիսկ միմյանցից անկախ, իրենց շահերը տեսան հայ-թուրքական սահմանի բացման հարցում։ Այսինքն` դա ձեռնտու է բոլորին, և այդ իմաստով նրանց շահերը համընկնում են։ Թուրքիան էլ իր հերթին մտավ գործընթացի մեջ, և եթե հիմա փորձի դուրս գալ, ոչ ոք նման բան թույլ չի տա, հակընդդեմ քայլեր կձեռնարկվեն։ Ի վերջո, այնքան կարևոր չէ Վաշինգտոնում Էրդողանի ասածը, որքան Օբամայի կուլիսային պատասխանը։ Որքան հայտնի է, ԱՄՆ-ի նախագահն ասել էր, որ պրոբլեմ չկա, Թուրքիան կարող է չվավերացնել արձանագրությունները, բայց այդ դեպքում մենք էլ չենք կարող կասեցնել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Իսկ սա նշանակում է, որ Թուրքիայի կողմից արձանագրությունները չվավերացնելու դեպքում, ԱՄՆ-ի Կոնգրեսը մինչև ապրիլի 24-ը շատ արագ կընդունի արդեն երկար ժամանակ օրակարգում գտնվող համապատասխան բանաձևը, իսկ ապրիլի 24-ին Օբաման կանի դրան համապատասխան հայտարարություն։
-Եվ թուրք-ամերիկյան հարաբերությունները կխզվեն, ինչը ձեռնտու է Ռուսաստանին, ուստի Մոսկվան ամեն ինչ կանի Անկարային դեպի իրեն կողմնորոշելու համար։
-Ճիշտն ասած, ես այդ կարծիքին չեմ։ Ռուսաստանը պակաս շահեր չունի հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված։ Որովհետև սահմանի բացումը մեծացնելու է Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում և միաժամանակ հանգեցնելու է Վրաստանի տրանզիտային դերի նվազման։ Ռուսաստանին ձեռնտու է հայ-թուրքական սահմանի բացումը նաև Հայաստանում գտնվող իր ռազմաբազան Թուրքիայի տարածքով սպասարկելու համար, ինչը Վրաստանով կամ Ադրբեջանով այսօր անելն անհնարին է հայտնի պատճառներով։ Մյուս կողմից, ռուսական կապիտալն ամրապնդվել է Հայաստանում, սահմանի բացման հետ կապված շահեր ունեն ռուսական խոշոր ընկերությունները` «Գազպրոմը», ՌԱՕԵԷՍ-ը, Հայաստանում ռուսական բիզնեսի ձեռնարկությունները։ Ռուսական կապիտալը փակ սահմանի պայմաններում ծավալվելու տեղ չունի, հայկական շուկան փոքր է։ Միաժամանակ Ռուսաստանը մտահոգ է Հայաստանում հասարակական տրամադրությունների բացասական միտումներով, նաև նրանով, որ ռուսական ձեռնարկությունները Հայաստանում չեն աշխատում։ Ռուս-վրացական հարաբերությունները դեռ երկար ժամանակ չեն կարգավորվելու, և Թուրքիան կոմունիկացիոն իմաստով Ռուսաստանը Հայաստանին կապող կարևոր ճանապարհ կարող է դառնալ։ Թուրքիան կարող է անգամ ԱՄՆ-ի հետ չհամաձայնել, բայց Ռուսաստանի հետ այսպիսի հարցերում կատակներ անելը շատ վտանգավոր է։ Ըստ այդմ, Ռուսաստանը Անկարայի նկատմամբ ճնշում կկիրառի։ Եվ, իհարկե, ամերիկյան շահերը պակաս կարևոր չեն։ ԱՄՆ-ն ունի էներգետիկ նախագծեր, և սկզբունքորեն նպատակ կա տարածաշրջանը վերածելու համագործակցության գոտու, ինչը ձեռնտու է նաև տարածաշրջանի երկրներին։
-Հասկանալի է, որ ամերիկացիներն ուզում են միջանցք բացել Հարավային Կովկասում և ապահովել դրա անխափան գործունեությունը նաև Աֆղանստանում` ելնելով իրենց շահերից։
-Այո, բայց դա էլ ամենակարևորը չէ։ Վերջին տարիներին Թուրքիայի քաղաքականության մեջ շեշտադրումներն էապես փոխվել են։ Թուրքիան հարաբերությունները կարգավորում է Սիրիայի և Իրանի հետ, ինչը նշանակում է, որ Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցները բացարձակապես անօգուտ դուրս կգան, եթե Թուրքիան չաջակցի դրանց։ Այսինքն, ամերիկա-թուրքական հարաբերություններում գոյություն ունի նաև այս կարևոր խնդիրը, ուստի Թուրքիայի վրա ճնշումներն իսկապես մեծանալու են։
-Թուրքիան 70-միլիոնանոց երկիր է և եթե որոշել է կարգավորել հարաբերություններն իր երկու հարևանների հետ, ԱՄՆ-ի պատճառով նրանց հետ չգժտվել, ապա այդպես էլ կվարվի։
-Հնարավոր է, բայց դրա համար հարկադրված կլինի վճարել։ Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ում շղթայական ռեակցիա կառաջացնի ամբողջ աշխարհում, որովհետև փաստը ճանաչում է Վաշինգտոնը, ոչ թե մի սովորական եվրոպական երկիր։ Թուրքիայի դիրքերը միջազգային կազմակերպություններում կթուլանան, քրդական խնդիրը կսրվի։ Քրդական կուսակցության գործունեության կասեցումը Թուրքիայում պատահական չէր։
-Անշուշտ, բայց դա բխում էր ինչպես Թուրքիայի, այնպես էլ Իրանի ու Սիրիայի շահերից։
-Միգուցե, բայց քրդական հարցում ամերիկացիները, ռուսներն ու եվրոպացիներն իրենց շահերն ունեն, և այս առումով Թուրքիայի նկատմամբ ճնշումը բոլոր կողմերից մեծանալու է։ Ես կարծում եմ, որ այս փուլում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը ձգձգելու համար, Հայաստանը ճիշտ կվարվեր, որ առաջինը վավերացներ արձանագրությունները և հետագա պատասխանատվությունը թողներ Անկարայի վրա։
-Բայց Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ իրենք պատրաստ են վավերացնելու, եթե Թուրքիան այդ խնդիրն իր ներսում լուծի։ Ինչո՞ւ պետք է առաջին քայլը կրկին Հայաստանն անի։
-Որովհետև բոլորը գիտեն, որ Հայաստանի խորհրդարանն անկախ չէ և քվեարկում է այնպես, ինչպես ցանկանում են նախագահն ու կառավարությունը։ Այդ իմաստով ինչ-որ խաղ խաղալն անիմաստ է։ Մյուս կողմից, եթե արձանագրությունները չհասնեն վավերացման փուլին, միջազգային հանրությունը սկսելու է մեղավորներ որոնել։ Եթե Հայաստանը չի շտապում վավերացնել, իսկ Թուրքիան հրաժարվում է, պատասխանատվությունն ընկնում է երկուսի վրա։ Հետևաբար, ճնշումներն էլ երկկողմանի են լինելու, ինչը կարող է հանգեցնել մեզ համար տհաճ հետևանքների։ Միաժամանակ, Թուրքիային և Ադրբեջանին վավերացման ձգձգումը պետք է գործընթացն անընդհատ ղարաբաղյան կարգավորման հետ կապելու համար։ Որպեսզի այս արատավոր շրջանից դուրս գանք, կարծում եմ` Հայաստանը ոչինչ չի կորցնի, եթե վավերացնի` գործընթացի հետագա պատասխանատվությունն ամբողջությամբ բարդելով Թուրքիայի վրա։
-Սակայն արձանագրություններով Հայաստանը, ցավոք, ճանաչում է նաև Թուրքիայի հետ ընդհանուր սահմանը։ Եթե մենք առաջինն ենք վավերացնում, Անկարային տալիս ենք փաստաթուղթ, որի համաձայն ճանաչել ենք սահմանը, և որը հետագայում Թուրքիան կարող է ցանկացած պահի շահարկել։
-Ամենևին։ Արձանագրությունները կարող են ուժի մեջ մտնել միայն երկկողմանի վավերացման դեպքում։ Եթե Հայաստանը վավերացնում է, իսկ Թուրքիան` ոչ, դրանք որևէ գործնական ուժ ունենալ չեն կարող։ Բացի այդ, մեր օրենսդրությունը թույլ է տալիս ցանկացած պայմանագիր չեղյալ հայտարարելու։ Ինչպես, օրինակ, Վրաստանը դուրս եկավ ԱՊՀ-ից։ Նույն կերպ մենք կարող ենք չեղյալ համարել վավերացումը, եթե հետագայում ինչ-ինչ պատճառով Անկարան խուսափի այդ քայլին դիմելուց։ Այսինքն, Հայաստանը, առաջինը վավերացնելով, ոչինչ չի կորցնում, պատասխանատվությունը դնում է Թուրքիայի վրա, միջազգային հանրությանը հավաստիացնում, որ ինքը պատրաստակամ է խաղալ ընդունված կանոններով։ Հետագա գործընթացում արդեն Թուրքիան պետք է պատասխանատու դիտարկվի և ենթարկվի միջազգային ճնշման, որովհետև գնդակն արդեն նրա դաշտում է հայտնվելու։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1171

Մեկնաբանություններ