ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Հավատարիմ ենք ժողովրդի ձայնին, վստահ` մեր որդեգրած գաղափարների մրցունակությանը»,- ասում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

«Հավատարիմ ենք ժողովրդի ձայնին, վստահ` մեր որդեգրած գաղափարների մրցունակությանը»,- ասում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
05.05.2009 | 00:00

ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՎԱՆԻՆ
-Պարոն Բաղդասարյան, նախագահական վերջին ընտրություններից հետո Անվտանգության խորհուրդն ակնհայտորեն նոր դեր ու նշանակություն ստացավ նաև մեր երկրում, մինչդեռ աշխարհի շատ երկրներում այս կառույցն արդեն ամենաազդեցիկներից մեկն է: Որո՞նք են խորհրդի հիմնական լիազորություններն ու պարտականությունները:
-Հայաստանը ԱՊՀ տարածքում միակ երկիրն է, որը չի ունեցել Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ, էլ չեմ խոսում մեր տարածաշրջանի շատ երկրների, Իրանի, Թուրքիայի կամ եվրոպական երկրների, օրինակ, Իտալիայի մասին, որտեղ եղանք վերջերս, Ֆրանսիայի մասին, որտեղ ձևավորվում է անվտանգության խորհրդի բավականին մեծ աշխատակազմ, Լեհաստանի և այլ երկրների մասին: Իսկապես, ընտրություններից հետո մեր երկրում անվտանգության խորհրդի դերն անհամեմատ բարձրացավ: Անվտանգության խորհուրդը վերջին 15 տարիների ընթացքում նիստեր գրեթե չի գումարել: Վերջին շուրջ 10 ամիսների ընթացքում ԱԱԽ-ն գումարել է 8 նիստ, որտեղ քննարկվել են երկրի ռազմավարական զարգացմանն ու անվտանգությանն առնչվող տարաբնույթ հարցեր, իսկ Անվտանգության խորհրդի աշխատակազմը նոր է ձևավորվում, որը պետք է բավականին ծանրաբեռնված աշխատի: Անվտանգության խորհուրդն աշխատելու է մի շարք ուղղություններով։ Նախ` դա ենթադրում է երկրի ներքին անվտանգությանն առնչվող գործառույթների համակարգում և վերահսկում, խնդիր, որն առնչվում է իրավական ողջ համակարգի գործունեությանը, արտաքին անվտանգությանն առնչվող գործառույթների համակարգում և վերահսկում, խնդիր, որն առնչվում է երկրի արտաքին անվտանգության առջև ծառացած մարտահրավերներին` ներառյալ մեր դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության արդյունավետությունից մինչև տարբեր միջազգային կազմակերպություններում Հայաստանի արտաքին անվտանգությանն առնչվող խնդիրները: Մենք համակարգում ենք նաև Հայաստանի համագործակցությունը եվրոպական կառույցների, ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի հետ: Միայն այս ուղղությամբ առաջիկա երեք տարիներին նախատեսվում է շուրջ 400 միջոցառումների, ծրագրերի և բարեփոխումների իրականացում, որից մինչև 195-ը նախատեսված է Հայաստան-ԵՄ համագործակցության 2009-2011 թվականների ծրագրով: Յուրաքանչյուր նախարարություն կամ գերատեսչություն ունի իր ծրագիրը և պարտականությունները: Կան բարեփոխումներ, որոնք միաժամանակ վերաբերում են մի շարք գերատեսչությունների: Մեր խնդիրն է` զբաղվել այս աշխատանքները համակարգելու և դրանց իրականացումը վերահսկելու գործառույթներով: Մենք համակարգելու ենք համապատասխան պետական մարմինների գործունեությունը երկրի անվտանգությանն ուղղակիորեն առնչվող այնպիսի հարցերով, ինչպիսիք են երկրի ռազմական ու ռազմատեխնիկական համալիրի ամրապնդումը, միգրացիայի, թմրամիջոցների դեմ պայքարը, զենքի ապօրինի առևտուրը, ֆինանսների ապօրինի շրջանառությունը և բազմաթիվ այլ ուղղություններ: Բացի այդ, Ազգային անվտանգության խորհուրդը պետք է իրականացնի ազգային անվտանգության ռազմավարության հիմնական ուղղությունների մշակումը, փոփոխումը, անվտանգության ռազմավարությամբ նախատեսված պետական ծրագրերի նախապատրաստումը և դրանց իրականացման վերահսկողությունը: Այսօր Հայաստանում ընդունված է ազգային անվտանգության ռազմավարություն, որը ենթադրում է ավելի քան 40 ուղղություններով ռազմավարական հայեցակարգերի ընդունում և դրանց իրականացման նկատմամբ վերահսկողության իրականացում, որպես օրինակ Հայաստանի քաղաքական, ռազմական, տնտեսական, տեղեկատվական, պարենային, էներգետիկ, տրանսպորտային, ժողովրդագրական, գիտատեխնիկական անվտանգության և այլ ոլորտներում: Առայսօր մեր երկրում այս ուղղությամբ որևէ հայեցակարգ կամ ծրագիր գոյություն չունի:
-Դուք արդեն պաշտոնական այցով եղել եք Իրանում, Իտալիայում, Բելառուսում: Որքանո՞վ են նպաստել Ձեր այցերը նշված երկրների հետ երկկողմ հարաբերությունների խորացմանը:
-Դուք ճիշտ եք. այս մեկ տարվա ընթացքում ես այցելել եմ Իրան, Իտալիա և Բելառուսի Հանրապետություն, ինչպես նաև` Ռուսաստանի Դաշնություն: Այդ այցերի ընթացքում ձեռք են բերվել բազմաթիվ պայմանավորվածություններ, որոնք նպաստելու են ո՛չ միայն մեր երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը նշված երկրների հետ, այլև նպաստելու են կոնկրետ ծրագրերի իրականացմանը: Իտալիայում մենք կարողացանք պայմանավորվածություններ ձեռք բերել հայ-իտալական պետական մակարդակի հանձնաժողով ստեղծելու շուրջ, որը հնարավորություն կտա հայ-իտալական երկխոսությունը հասցնել բավական բարձր մակարդակի, նպաստել Իտալիայի և Հայաստանի միջև երկկողմ տնտեսական, քաղաքական կապերի աշխուժացմանը: Բացի այդ, 10-ից ավելի համաձայնագրեր կստորագրվեն Հայաստանի և Իտալիայի տարբեր նախարարությունների և գերատեսչությունների միջև, ինչը հնարավորություն կտա թե՛ ներքին գործերի, թե՛ պաշտպանության, թե՛ արտակարգ իրավիճակների, թե՛ էկոնոմիկայի, թե՛ մյուս նախարարություններին իրենց իտալացի գործընկերների հետ իրականացնելու կոնկրետ ծրագրեր: Բացի այդ, համաձայնագիր ստորագրվեց Գավառ և Պրիվերնո, Գյումրի և Նարդո քաղաքների միջև, Արթիկ և Չիտա դե Կաստելլո քաղաքների միջև համագործակցություն հաստատելու պայմանավորվածություն ձեռք բերվեց, ինչը հնարավորություն կտա տարբեր սոցիալական, տնտեսական, մշակութային ծրագրեր իրականացնել այս քաղաքներում: Նույնը վերաբերում է Իրանին, որտեղ մենք լուրջ բանակցություններ ունեցանք, և այսօր հետամուտ ենք Իրան-Հայաստան երկաթգծի, Իրան-Հայաստան նավթատարի, Երևան-Ջավախք-Բաթումի ավտոմայրուղու կառուցման խնդիրներին, որոնք ռազմավարական ծրագրեր են, իսկ ռազմավարական բոլոր ծրագրերը գտնվում են Ազգային անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում: Բելառուսում նույնպես քննարկեցինք ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ստորագրեցինք համագործակցության հուշագիր Բելառուսի և Հայաստանի անվտանգության խորհուրդների միջև, նաև պայմանավորվեցինք համատեղ ձեռնարկություններ ստեղծելու մասին, մի շարք համաձայնագրեր կստորագրվեն Բելառուսի ռազմական ակադեմիայի և Հայաստանի ռազմական ինստիտուտի միջև, Բելառուսի ներքին գործերի նախարարության ակադեմիայի և Հայաստանի ոստիկանության ակադեմիայի, արտակարգ իրավիճակների նախարարությունների միջև, ինչը հնարավորություն կտա խորացնել երկկողմ կապերը: Բոլոր այցերն ավարտվել են գործնական պայմանավորվածություններով, և մենք շատ շուտով կտեսնենք լավ արդյունքներ և բազմաթիվ ուղղություններով հարաբերությունների խորացում այս երկրների հետ: ՈՒզում եմ նշել, որ մենք նաև ակտիվ համագործակցում ենք Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի հետ, կապեր ենք հաստատում այլ երկրների նույն կառույցների հետ, և բոլոր այդ կապերը ծառայելու են Հայաստանի անվտանգության ամրապնդմանը և մեր երկրի մրցունակության բարձրացմանը:
-Քրիստոնեաժողովրդավարական ինտերնացիոնալի նախագահ Պիեր Ֆերդինանդո Կազինիի հրավերով Ձեր գլխավորած պատվիրակությունն օրերս Լեհաստանում էր: Ի՞նչ հանդիպումներ ունեցաք, և ի՞նչ արդյունքներ արձանագրվեցին:
-Նախ` նշեմ, որ հանդիպել եմ Լեհաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Շիգլոյի հետ: Հանդիպման ընթացքում պայմանավորվել ենք ստորագրել համագործակցության համաձայնագիր Հայաստանի և Լեհաստանի ազգային անվտանգության խորհուրդների միջև: Ա. Շիգլոն ողջունեց Հայաստանի իշխանությունների կառուցողական դիրքորոշումը Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու գործում և նշեց, որ դա կարևոր է ոչ միայն Կովկասյան տարածաշրջանի, այլ նաև ողջ Եվրոպայի համար, որ Լեհաստանը պատրաստակամ է աջակցելու այդ գործընթացին: Մենք պայմանավորվեցինք կազմակերպել քաղաքական կոնսուլտացիաներ անվտանգության խորհուրդների միջև երկու երկրներին հուզող առանցքային խնդիրների առնչությամբ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերով:
Ես հանդիպել եմ նաև Լեհաստանի արտաքին գործերի պետական քարտուղար Անջեյ Կրեմերի հետ, քննարկել ենք Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցեր: Այս հանդիպման ընթացքում ևս անդրադարձել ենք հայ-թուրքական հարաբերություններին, ես ներկայացրել եմ ՀՀ-ԵՄ 2009-2011 թվականների գործողությունների ծրագիրը: Անջեյ Կրեմերը ողջունել է Հայաստանի իշխանությունների` Եվրամիության հետ մեր երկրի հարաբերությունները խորացնելուն ուղղված ջանքերը:
Հանդիպել եմ նաև Համաշխարհային քրիստոնեաժողովրդավարական ինտերնացիոնալի նախագահ Պիեր Ֆերդինանդո Կազինիի հետ: Ինտերնացիոնալն աշխարհի ավելի քան 120 քաղաքական կազմակերպությունների միություն է, որին անդամակցում է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որը մեծամասնություն է եվրոպական խորհրդարանում, ելույթ եմ ունեցել ինտերնացիոնալի կառավարման խորհրդի նիստում, որտեղ ներկայացրել եմ Հայաստանում կատարվող բարեփոխումների ընթացքը, անդրադարձել եմ տարածաշրջանային զարգացումներին, հայ-թուրքական հարաբերություններին: Նիստում որոշվել է կազմակերպել ինտերնացիոնալի մասնակից քաղաքական ուժերի համաժողով Երևանում:
Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ քննարկել ենք քաղաքական խնդիրներին առնչվող հարցեր: Այցի ընթացքում հանդիպել եմ նաև Եվրոպական միության խորհրդարանի նախագահի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Իտալիայի և այլ երկրների քույր կուսակցությունների ղեկավարների հետ, ձեռք ենք բերել քաղաքական համագործակցության զարգացման պայմանավորվածություն:
-Վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ ՕԵԿ ընտրացուցակը գլխավորելու եք ոչ թե Դուք, այլ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Արդյո՞ք դա հուսախաբության տեղիք չի տա ակնհայտորեն Ձեզ համակրող ընտրազանգվածի շրջանում: Ինչո՞ւ ընտրվեց հենց Հեղինե Բիշարյանը: Որքա՞ն մրցունակ է ՕԵԿ ցուցակի առաջին եռյակը:
-Հեղինե Բիշարյանը կայացած քաղաքական գործիչ է, Ազգային ժողովում ՕԵԿ խմբակցության ղեկավարը: Նա վերջին տարիներին ապացուցել է մեր պայքարին իր նվիրվածությունը, սկզբունքայնությունը, հետևողականությունը: Հեղինե Բիշարյանը համակիրների լայն շրջանակ ունի և՛ «Օրինաց երկիր» կուսակցության մեջ, և՛ հանրապետության ընտրողների շրջանում: Մեկուկես տարի առաջ նա Շենգավիթ համայնքում կարողացավ հավաքել շուրջ 14 հազար քվե, ընդ որում` որպես մեծամասնական թեկնածու, և այդ քվեների թիկունքում չկային ո՛չ բռնաճնշումներ, ո՛չ ընտրակաշառք: Բացի այդ, Հեղինե Բիշարյանի հետ առաջին եռյակում երկրորդ հորիզոնականը կզբաղեցնի բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Բակունցը, ով լայն հեղինակություն ունեցող, անվանի մտավորական է, լավ բժիշկ և պատկերացնում է մեր երկրի, մայրաքաղաքի առողջապահության համակարգի խնդիրները, իսկ երրորդը տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Վահանյանն է, ով ունի կառավարման փորձ, տնտեսության կառավարման բարձրակարգ գիտելիքներ, և մենք վստահ ենք, որ հանրությանը ներկայացված մեր եռյակը կկարողանա ներկայանալի մոտեցումներով մեր մայրաքաղաքի բնակիչներին ցույց տալ մեր քաղաքի առջև ծառացած խնդիրների լուծման ուղիները, կառաջարկի նոր մոտեցումներ: Մենք վստահ ենք, որ, չնայած տարբեր տեսակի չարախնդումներին, ինչպես վերջին 10 տարիների ընթացքում, «ՕԵԿ»-ը կստանա մեր մայրաքաղաքի բնակիչների վստահության քվեն, որը մեզ համար չափազանց կարևոր է:
Ինչ վերաբերում է իմ` ընտրացուցակը չգլխավորելուն, ես չեմ կարծում, որ դա կարող է ընտրողների շրջանում լուրջ հուսախաբություն առաջացնել, որովհետև կարևոր չէ` ով է գլխավորում ցուցակը, կարևորն այն է, որ մենք թիմով ենք մասնակցում ընտրություններին, այսինքն` Հեղինե Բիշարյանի` ընտրություններին մասնակցելը չի նշանակում, թե Արթուր Բաղդասարյանը պետք է ձեռքերը լվա, քաշվի մի կողմ: Մենք միասնական ենք որպես թիմ, թիմով մասնակցելու ենք և թիմով էլ հաղթելու ենք: Մենք հավատարիմ ենք լինելու մեր օգտին քվեարկած յուրաքանչյուր քաղաքացու քվեին, ինչպես արել ենք մինչ օրս: Կարծում եմ` մեր լուծումն առանձնահատուկ էր, քանի որ առաջադրել ենք կին թեկնածու, չնայած շատերը քննադատում են, թե ինչ է, մի տղամարդ չկա՞ր կուսակցությունում, որ կին ընտրեցիք, բայց սա նաև այն դեպքն է, որ պետք է ոչ թե անընդհատ խոսել, թե ինչու կանանց տեղ չեք տալիս, այլ գործնական քայլեր ձեռնարկել: Հիմա կանանց տեղ ենք տվել, տեսնենք, թե ինչ դիրքորոշում կունենան նաև կին ընտրողները, երբ քաղաքապետի թեկնածուների մեջ միակ կին թեկնածուն Հեղինե Բիշարյանն է:
Մենք կարծում ենք, որ ընտրությունները պետք է անցնեն արդարության, ակտիվ մրցակցության պայմաններում: Ի վերջո, սրանք քաղաքային ընտրություններ են, և պետք է հասկանանք, որ այս ընտրությունների շատ քաղաքականացումը չի կարող արդյունավետ լինել. պետք է հիմնականում խոսենք քաղաքային նշանակության հիմնահարցերից, և կոնկրետ` ՕԵԿ-ն այդ դիրքերից է հանդես գալու: Կարևորն այն է, որ ընտրություններն անցնեն բաց և թափանցիկ:
-Ինչո՞ւ պետք է երևանցին ընտրություններին մասնակցող 6 կուսակցություններից և մեկ դաշինքից ընտրի հենց ՕԵԿ-ին, ի՞նչ ասելիքով և կարգախոսով է ՕԵԿ-ը մասնակցելու ընտրություներին:
-Որովհետև ՕԵԿ-ը միշտ էլ հավատարիմ է եղել իր հռչակած նպատակներին և գործով է ապացուցել իր արտահայտած գաղափարների մրցունակությունը: Մենք ոչ թե սոսկ խոսքով, այլ գործերով ենք փորձել ապացուցել մեր առաջարկած ծրագրերի իրատեսությունը: Բերենք մի քանի օրինակ. եթե երեկ ավանդների վերադարձը շատերի համար ծիծաղելի էր հնչում, ապա այսօր արդեն այն իրականություն է դարձել բազմաթիվ ընտանիքների համար, ովքեր ստանում են իրենց պահ տված ավանդները, և մենք դեռ շարունակելու ենք պայքարել, որ բոլոր ավանդատուները, ոչ թե սոսկ սոցիալապես խոցելի խավերը կարողանան ստանալ իրենց ավանդները, ժառանգները նույնպես կարողանան ստանալ իրենց ծնողների գումարները: Այսօր արդեն իրականություն en դարձել պոլիկլինիկական անվճար համակարգի գոյությունը, անվճար սերտիֆիկացիոն ծննդօգնության և ծննդաբերության համակարգի ներդրումը, այսօր արդեն իրողություն է մինչև 2 տարեկան երեխաների նպաստների շուրջ 6 անգամ ավելացումը, իսկ յուրաքանչյուր երրորդ երեխայի ծնվելու դեպքում` շուրջ 430 հազար դրամի ֆինանսական աջակցության ցուցաբերումը պետության կողմից: Կրթության համակարգում արդեն գործում է մրցակցային սկզբունքը, համաձայն որի շնորհալի երեխաները կարող են սովորել անվճար կամ զեղչով` ելնելով իրենց ուսման առաջադիմության աստիճանից: Այսօր արդեն իրականություն է աղետի գոտու վերականգնման ընթացքը, որը ենթադրում է առաջիկա տարիներին շուրջ 6 հազար ընտանիքի բնակարանով ապահովում, ինչը Սերժ Սարգսյանի և իմ ստորագրած քաղաքական կոալիցիա կազմելու մասին փաստաթղթի առանցքային դրույթներից մեկն է: Թվարկումը կարելի է շարունակել, բայց բավարարվենք այսքանով: Նշեմ միայն, որ «Օրինաց երկիրն» այսօր ևս ԱԺ-ի ամենաակտիվ խմբակցություններից մեկն է, որը հեղինակել է 30-ից ավելի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք վերաբերում են մեր հասարակությանը հուզող տարաբնույթ հիմնախնդիրների` սկսած բռնադատվածների խնդիրներից մինչև սոցիալական ու տնտեսական հարցադրումներ պարունակող և լուծումներ պահանջող զանազան հարցեր: Այժմ էլ մենք մասնակցում ենք Երևանի ավագանու ընտրություններին հստակ ու հավակնոտ ծրագրով, կոնկրետ առաջարկություններով ու մոտեցումներով` զարգացնելու մեր քաղաքը, լուծումներ տալու մայրաքաղաքի առջև ծառացած բազմապիսի խնդիրներին: Մեր ընտրացուցակը ներկայացուցչական է, նրանում ներկայացված են մեր հանրության շրջանում հարգանք ու հեղինակություն վայելող շատ վառ, նաև երիտասարդ անհատականություններ, ովքեր լուրջ ասելիք ունեն, ինչու ոչ` նաև լուրջ փորձ մեր քաղաքի կառավարման ոլորտում:
Մենք առաջարկում ենք համալիր բարեփոխումներ մայրաքաղաքում, մենք առաջարկում ենք նոր լուծումներ տարիներ շարունակ կուտակված հին հիմնախնդիրներին մայրաքաղաքի կառավարման բոլոր ոլորտներում` սկսած բնապահպանությունից, ավարտած առողջապահության, քաղաքաշինության, կրթության, մշակույթի ոլորտներով։ Եվ որ ամենակարևորն է` մենք մեր քարոզարշավում առաջնորդվելու ենք ոչ թե չարության և անհանդուրժողականության, այլ բարու և համերաշխության դիրքերից, և վստահ ենք, որ մեր ծրագրերը կբռնեն ժամանակի փորձությունը։
Զրույցը` Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1647

Մեկնաբանություններ