ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Անտարբերության վիրուսը

Անտարբերության վիրուսը
21.01.2015 | 15:20

Մեր բոլորի, մեր հասարակության հետ ինչ-որ բան է կատարվում: Տեսակափոխվել ենք, դարձել անտարբեր՝ ինքներս մեր ու մեր երկրի, շրջապատի, քաղաքի ու փողոցի հանդեպ: Ամանորի շեմին թալանվեցինք՝ բառիս իսկական իմաստով: Չգիտեմ՝ ոմանց շուստրիությա՞ն, թե՞ օբյեկտիվ ճգնաժամի պատճառով դա եղավ, դարձյալ դժվար է ենթադրել՝ մեր կառավարությո՞ւնն է շատ ապաշնորհ, թե՞ աշխարհում միջակությունը գլուխ է բարձրացրել, բայց մի քանի օր ֆինանսական շուկան ցնցվեց, ոմանց գրպանները ավելի շատ փող լցվեց, հասարակության մեծամասնությունն աղքատացավ ու նվաստացավ: ՈՒ ի՞նչ: Առանձնապես՝ ոչինչ. մի քանի տասնյակ մարդ հավաքվեց կառավարության շենքի մոտ, մի քիչ աղմկեցին, մի քիչ սպառնացին, նույնիսկ պաշտոնյայի երես չտեսած՝ տուն գնացին: Գնացին բանկեր՝ տոկոսով փող վերցնելու, որ Նոր տարի անեն ու տասներկու օրվա խումարից հետո ընկնեն ԴԱՀԿ-ների ձեռքը: Տարին ահաբեկչությամբ, դաժան սպանդով սկսվեց: Մի ամբողջ ընտանիք պատմություն դարձավ: Բոլորս ցավեցինք, ողբացինք: Հատկապես վերջինը մեզանում լավ է ստացվում, բայց չպայքարելու հազար ու մի մոտիվացիա գտանք: Չխաբենք ինքներս մեզ. հուզումներ եղան, բայց դրանք լոկալ բնույթի էին՝ մեկ քաղաքով սահմանափակված, մնացածս դիտորդ էինք պայքարի մեջ՝ համազգային բնույթ հաղորդելով միայն մեր սգին, ցավին: Ասում եմ՝ չպայքարելու հազար պատճառ կարելի է գտնել: Որ ուրիշ պատճառ չլինի, կարող ենք հասնել ցինիզմի ու մեզ մխիթարել, որ ընտանիքը ցեղասպանվել է դաշնակցի բանակի արյունարբու զինվորի կողմից: Այ, որ թուրք լիներ… Երևակայելու մեջ լավ ենք, ու արդեն Պերմյակովը կենցաղային զրույցների մակարդակում ոչ թե ռուսական բանակի զինվոր է, այլ շպիոն՝ Ամերիկայի, Թուրքիայի: ՈՒ չեմ զարմանա, որ շաբաթներ անց էս թեմայով ցույց տեսնեմ Երևանում, ասենք, ԱՄՆ-ի դեսպանատան մոտ, որտեղ մեր «թունդ հայրենասերները» ռուսական շահերը պաշտպանեն «ամերիկյան գործակալ» Պերմյակովի ոտնձգությունից: Մեր հասարակությունը նման «կտերի» վարժվել է: Իշխանությունը՝ ավելի շատ, որ սեփական մեռելի ցավը հիշում է միայն Պուտինից հետո, որ հանկարծ ցարի տոնայնությունից դուրս մի բան չասի: Խորհրդարանական լսումները հետաձգում են, որովհետև սգում են, բայց պետական մակարդակով սուգ հայտարարող չկա: Տարեսկզբից պատերազմ է. ութ զոհ ենք տվել արդեն: Բայց ինքներս մեզ խաբում ենք, որովհետև պատերազմի ռեժիմով ապրել չենք կարող: Սեփական արժանապատվությունն ու իրավունքները կորցրած մարդու համար հայրենիքը դառնում է վիրտուալ: Իշխանությունը գիտի իր քաղաքականության հետևանքը ու տեսնում է բոլորիս անտարբերությունը, բայց վախենում է դրա իսկ խոստովանությունից, որովհետև եթե հասարակությունը համախմբվի, արթնանա, ապա սահման հասնելուց առաջ գուցե վերացնի այն բարիկադները, որ որոշ զոռբաներ կառուցել են մեր քաղաքի կենտրոնում՝ Հայաստանը բաժանելով պետականության մայրամուտը գուժող արքունիքի ու անտարբեր և թշվառացած հասարակության միջև: Հենց այսպես էլ ապրում ենք՝ առավոտյան լսելով հերթական զինվորի մահը, երեկոյան խմելով մեր հերոս տղերքի ու մսխվող հայրենիքի կենացը…

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 21013

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ