Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Թող քո պորտից բուժիչ ջուր դուրս գա, իսկ ինքդ քար դարձիր»

«Թող քո պորտից բուժիչ ջուր դուրս գա, իսկ ինքդ քար դարձիր»
29.10.2012 | 15:20

Հովհաննես Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը (717-728 թթ.) կյանքի վերջում ապրել է Արդվիում: Լոռու մարզի Արդվի գյուղը հանրապետության հնագույն բնակավայրերից է, գտնվում է Օձուն գյուղից 5-6 կմ հեռավորության վրա: 727-728 թվականներին Օձնեցին Արդվու իր անվամբ հայտնի սրբավայրում ճգնել և ուսուցչությամբ է զբաղվել:

Սրբավայր այցելող ուխտավորները գիտեն, որ Արդվի տանող ճանապարհին է գտնվում նաև հայտնի «Օձի պորտը»: Ժայռի մեջտեղի հատվածում հստակ երևում է օձաձև, մուգ քարը: Այդ քարի ուղիղ մեջտեղից` «Օձի պորտից», ջուր է հոսում: Ասում են` այն բուժիչ է, և աղբյուրի պատմությունը կապում են հինավուրց մի լեգենդի հետ: Հովհաննես Օձնեցին ուղարկում է իր աշակերտներին ջրի: Յոթ աշակերտ գնում ու չի վերադառնում: Օձնեցին ինքն է գնում, գավազանով հարվածում է օձին ու ասում. «Ինքդ քար դարձիր, թող քո պորտից բուժիչ ջուր դուրս գա»: Այդպես էլ լինում է: Օձնեցու հրաշագործություններին արդվիեցիները խորապես հավատում են: Ասում են` գիտականորեն ապացուցված է նաև, որ «Օձի պորտից» հոսող ջրում ոսկի ու արծաթ կա: Սրբավայր այցելած ուխտավորներն էլ պատմում են բուժիչ ջրի զորության մասին, որ զգացել են սեփական մարմնի վրա: Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս լեգենդը մոտ տասը տարբերակ ունի: Հայտնի է նաև մոնթերի տարբերակը, ըստ որի` Հովհաննես Օձնեցին 7 մոնթերին (աշակերտ) հերթով ուղարկում է ջրի: Ոչ մեկը չի վերադառնում: Այս ամենը տեսնում է մի պառավ, որը գութան վարողներին հաց էր տանում, բայց Օձնեցուն չի տեղեկացնում պատահածի մասին: Օձնեցին գնում է և տեսնում, որ ձորում մի վիշապ օձ է նստած ու մոտ եկողներին կուլ է տալիս: Սուրբն անիծում է, գավազանով խփում է օձի պորտին և ասում. «Պորտիդ խփեմ, քարանաս, պորտիցդ ջուր դուրս գա, դեղ դառնա»: Այդպես էլ լինում է: Օձը քարանում է, քարի մեջտեղից բուժիչ ջուր է հոսում: Հովհան Օձնեցին անիծում է նաև պառավին, այդ վայրն էլ Պառավքար է կոչվում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5459

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ