Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Առաջ աղանձը Նոր տարվա սեղանից անպակաս էր

Առաջ աղանձը Նոր տարվա սեղանից անպակաս էր
31.12.2023 | 12:34

Հիմա ո՜վ ա աղանձ անում՝ հազարից մեկը։ Իսկ առաջ աղանձը Նոր տարվա սեղանից անպակաս էր։ Մեծ ամանով դնում էին սեղանին՝ չարազի կողքը, ու չարազից պակաս հարգված չէր։ Հյուրերին աղանձով հյուրասիրելն ամոթ բան չէր, չնայած, երևի, Նոր տարվա սեղանի ամենաէժան բանն էր, իհարկե, աղն ու բիբարը չհաշված։ Քանի որ աղանձը երկար էր ուտվում, միշտ Նոր տարվա մնացած ուտելիքներից ավելի ուշ էր վերջանում ու, մի տեսակ, տոներից սովորական առօրյա անկումը մեղմող պարաշյուտի նման մի բան էր դառնում։ Տոներին աղանձով հրաժեշտ տալն ավելի հեշտ էր լինում. տոների համը դեռ մի քիչ կար աղանձի մեջ։

Աղանձը փիլիսոփաների ուտելիքն էր. երկար ծամելիս ինչ միտք ասես՝ գլուխդ գալիս էր, ու սկսում էիր մտքերն աղանձի հետ ծամել ու ծամել։ Բայց ինչքան էլ աղանձը լավ բոված լիներ, ուտելու համար ամուր, առողջ ատամներ ունենալը պարտադիր պայման էր։ Ու էդ ժամանակ էիր հասկանում, թե ինչի համար են ասում՝ փիլիսոփայությունը պիտի ատամներով լինի։

Աղանձ սարքելը դժվար չէր, բայց նրբություններ ուներ ու հմտություն էր պահանջում։ Ձավարի սպիտակ, խոշոր, լխտիկ հատիկները լավ լավանում ու բովում էին, մինչև սկսում էին ոսկեգույն, տաք ցորենաբույր արձակել, դառնում էին չոր ու փխրուն, որ ատամների թեթև սեղմումից փշրվում էին՝ բերանը լցնելով ցորենի ջերմ, հացային համով։ Բոված ձավարը տաք-տաք լցնում էին սրբիչի վրա ու մի ուրիշ սրբիչով ծածկում, որ սառեր։ Բայց աղանձի ամենագրավիչ մասը, իհարկե, կանեփն էր։ Կանեփն աղաջրի մեջ թրջում էին ու բովում։ Հենց կանեփի հատիկները սկսում էին ճայթել, պայթել ու աջուձախ թռնել, էլի լցնում էին սրբիչի վրա ու սպասում, որ սառեր։ Քանի դեռ կանեփը չէին խառնել ձավարի հետ, գնում-գալիս, մատների ծայրով մի քիչ թռցնում էիր ու գցում բերանդ, մինչև բժժում էիր։ Կանեփի մանր հատիկներն ատամներիդ տակ ճթճթալով ջարդվում էին, ու մեջներից դուրս էր գալիս նուրբ կանեփահամը, որը խառնվում էր աղի հետ ու քիմքդ շոյում փշոտ, ծակծկող բեկորներով։ Աղանձի հետ խառնելուց հետո էլ, պատահում էր, մի բուռ վերցնում էիր ու սկսում հավի նման քուջուջ անել՝ մատի թաց ծայրով միջից կանեփի հատիկները հերթով ջոկել-հանել ու գցել բերանդ։ Էդ գործողությունը համբերություն էր պահանջում, լավ տեսողություն ու դիպուկահարի ճշգրտություն։

Իսկ ձմռան երկար երեկոները մի քիչ աղանձ էիր գցում բերանդ, ու սկսվում էր երկարատև որոճափիլիսոփայական գործընթացը, որն ավարտվում էր աղանձի մանրացրած բեկորների մի մասը կուլ տալով, իսկ մնացածը՝ լեզվի ծայրով բերանի տարբեր հատվածներից ու ատամների արանքներից բերման ենթարկելով ու կամաց-կամաց կուլ տալով։ Էդ տեսակ ակտիվ շրթնալեզվային աշխատանքի ժամանակ խոսալ, առանձնապես, չէր ստացվում ու, ստիպված, սկսում էիր մտածել աշխարհի բանի մասին։ Աղանձը ծամելիս կարող էիր կյանքի որոշումներ կայացնել, փիլիսոփայական հարցեր լուծել, հայտնագործություններ անել։

Հիմա աղանձ ուտելը շռայլություն ա. ժամանակ չկա էդքան ծամելու։ Մեր օրերում արդեն ծամած, մտածած ուտելիքներն են մոդա, ու աղանձի մշակույթը կամաց-կամաց անցնում ա պատմության գիրկը՝ ծամելու մշակույթի ու մտածելու մշակույթի հետ միասին։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9825

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող  իշ­խա­նա­վորն ու ծա­րավ  հայը
«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող իշ­խա­նա­վորն ու ծա­րավ հայը