ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Դեկտեմբերի 11. լեռների միջազգային օր

Դեկտեմբերի 11. լեռների միջազգային օր
11.12.2012 | 12:16

Դեկտեմբերի 11-ը Լեռների միջազգային օրն է: Այն սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 57-րդ նստաշրջանի որոշմամբ` 2003 թվականին: Օրվա կապակցությամբ մեր մոլորակում անցկացվում են միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են ներկայացնելու լեռնային և ալպյան գոտիների բացառիկ նշանակությունն ու այնտեղ անցկացվող զբոսաշրջությունը (ժայռամագլցում, լեռնագնացություն, անհատական երթուղի):
«Ո՞րն է լեռների կենսակարևոր նշանակությունն ու հիմնարար դերը երկրագնդի բնակչության համար»,- հարցով դիմեցինք Երևանի պետական համալսարանի գեոմորֆոլոգիայի և քարտեզագրության ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՎԼԱԴԻՄԻՐ ԲՈՅՆԱԳՐՅԱՆԻՆ:

-Լեռները հզոր բարձունքների վրա գտնվող կայուն ձնածածկույթի, հսկա սառցադաշտերի ու տարվա բոլոր առատ տեղումների պահպանման-կուտակման ջրաշտարակներ են, որոնցից սկիզբ առնող գետերի մեծ մասի խմելաջրերով սնվում է հարթավայրերում ապրող բնակչության հիմնական մասը: Դրանցից է, օրինակ` Հիմալայները, որի սառցադաշտերից սկզբնավորվող Ինդոս և Գանգես գետերի ջրերով սնվում է ավելի քան 32 մլն մարդ:
Հայաստանի հիմնական ջրաշտարակներն են Արագածը, Աժդահակը, Կապուտջուղը, ինչպես նաև Ողջաբերդի և Գեղամա լեռները:
Արագածի բարձրության վրա ընկած հավերժական շուրջ 6 քկմ ձնածածկույթից սկիզբ առնող Ամբերդ, Քասախ, Գեղարոտ, Մանթաշ, Գեղաձոր, Ծաղկահովիտ գետերի և լեռան լանջերից բխող հարյուրավոր սառնորակ աղբյուրների ջրերը լիովին բավարարում են Երևան, Աշտարակ, Ապարան, Արթիկ, Թալին քաղաքների, մի շարք մեծ բնակավայրերի և բազմաթիվ գյուղերի բնակչության կենցաղային պահանջները:
Լեռնալանջերից իջնող, անապական այդ մաքուր ջրերը, ի տարբերություն շատ երկրների ծովերից, օվկիանոսներից, խոնավ տարածքներից թորած-զտած ջրերի, առողջարար են, վտանգավոր տարրերից և նյութերից զերծ, և ամենակարևորը, հարուստ են թթվածնով:
Արագածի ընդերքից է սնվում նաև Արարատյան դաշտում գտնվող Մեծամոր լիճը, ինչպես նաև լեռան 3250 մ բարձրությամբ լանջերին գտնվող մի քանի տասնյակ գեղատեսիլ քաղցրահամ լճակներ (Քարի, Ամբերդի, Լեսինգի և այլն)։
Կապուտջուղից սկիզբ առնող, Ողջիի վտակներ` Քաջարան, Գիլյան գետերի ջրով սնվում են Քաջարան, Կապան քաղաքներն ու Սյունիքի մնացած բնակավայրերը։
-Ի՞նչքան տարածք են զբաղեցնում լեռները Երկրի մակերևույթում:
-Ավելի քան 2,4 տոկոսը կամ 3,58 մլն քկմ: Հանդիսանալով աշխարհի բնակչության ավելի քան 12 տոկոսի բնակության միջավայր, լեռները մեծ նշանակություն ու դեր ունեն նաև այդ բնակչության հիմնական զբաղմունք հանդիսացող անասնապահության, խաշնարածության զարգացման ոլորտներում: Չնայած այդ մեծ բարձրությունների վրա ընկած տարածքներում կլիման և ապրողների սոցիալ-կենցաղային պայմանները ծանր են և թթվածնի նոսրության պատճառով շատերն ունեն լեռնային հիվանդություն, սակայն այդ մարդիկ բնության մերձավորության շնորհիվ ավելի շիտակ են, հախուռն, ազնիվ, և ավելի պատվախնդիր:
Նշեմ, որ ՄԱԿ-ի մեկ այլ որոշմամբ նախատեսվել է լեռնցիների ապրելակերպն ու կենցաղը զարգացնել` հասցնելով այն հարթավայրերում ապրողների կենցաղի չափանիշներին:
-Ի՞նչ կասեք Հայաստանի հզոր գագաթների մասին:
-Հայաստանի (տարածքի 70 տոկոսից ավելին զբաղեցնում են լեռներն ու բլուրները) ամենաբարձր գագաթը Արագածն է (4090 մ):
Հայ մատենագիրների վկայությամբ, հնում Արագածը ծածկված է եղել փարթամ անտառներով, որտեղ ապրել են վայրի կենդանիներ: Այդ է վկայում լեռան հարավային լանջին 1800-2300 մ բարձրության վրա դեռևս պահպանվող անտառակը, որտեղ աճող հիմնական ծառն արևելյան կաղնին է, իսկ ապրող կենդանիները ճագարամուկը, նապաստակը, աղվեսը, գայլը, կրիան, օձը, մողեսը: Արագածի փեշերը հարուստ են նաև տուֆի, պեմզայի, պեռլիտի պաշարներով:
Ասեմ, որ Արագածի լանջերին պահպանվել են ոռոգման հին խողովակաշարերի մնացորդներ, իսկ Ամբերդ, Բյուրական լճերի ակունքների մոտ` ջրի պաշտամունքը խորհրդանշող «վիշապ» կոչվող ձկնակերպ հուշարձան-կոթողներ, ինչպես նաև միջնադարյան ճարտարապետության ուշագրավ մի շարք կառույցներ:
Մյուսը քարակարկառներով հարուստ, լեռնատունդրային դաժան կլիմայով Սյունյաց աշխարհի Կապուտջուղ (3904 մ) լեռն է, որը հարևան լեռնաշղթաներից համեմատաբար մեկուսի է, զառիթափ լանջերով և ներառում է ֆիռնային դաշտեր: Լեռան վրա ալպյան մարգագետիններ չկան, գագաթնամերձ գոտին մերկ է:
Երրորդը տարվա մեծ մասը ձյունածածկ Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթ Աժդահակն է (3597 մ), որն առաջացել է վերին անթրոպոգենի դարաշրջանում. հրաբխային արտավիժումներից և լավային արտահոսքերից: Աժդահակը նույնպես բուսական աշխարհ չունի և լերկալանջ է:
Մասիսը (5165 մ), որի պատկերը դրոշմված է հայկական գերբի վրա, դժվարհաղթահարելի գագաթներից է: Լեռան միջին գոտու (1500-3500 մ) բուսական ծածկույթը համեմատաբար փարթամ է, իսկ ստորին գոտին (1500 մ-ից ցած) ծածկված է կիսաանապատային բույսերով: Հնում հռչակված կենդանիներով և թռչուններով հարուստ լանջերը ծառայել են որպես հայոց արքունի որսատեղի։
Նշեմ, որ Մասիսի սառցադաշտերը, վերջին տարիների գլոբալ տաքացումների հետ կապված, սկսել են արագորեն հալվել:
-Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման, զարգացման տեսանկյունից ի՞նչ հնարավորություններ կարող են ստեղծել նրա լեռները:
-Հայաստանը` եզակի աշխարհագրական դիրքով, գեղատեսիլ վայրերով, բարձունքների վրա կառուցված հարյուր հազարավոր պատմական հուշարձաններով, ամրոցներով, տաճարներով և խաչքարերով, բաց երկնքի տակ գտնվող մի հսկայական թանգարան է, որի շնորհիվ հնարավոր է զարգացնել լեռնային զբոսաշրջության բոլոր տեսակները:
Ասեմ նաև, որ ի դեմս լեռնային զբոսաշրջության զարգացման, հնարավորություն կստեղծվի վերականգնելու նաև խորհրդային տարիներին լքված, լեռնային բնության գողտրիկ անկյուններում ծվարած շուրջ 270 գյուղական բնակավայրեր: Այդ գեղատեսիլ համայնապատկերներով բնակավայրերը, որոնց մեծ մասը հիշատակվել է հնագույն մատյաններում, և որոնցում կան նախնադարյան և միջնադարյան վարպետների գլուխգործոցներ, բնության, պատմական արժեքավոր հուշարձաններ, կոթողներ, յուրաքանչյուրում ժամանակին ապրել է 250-400 մարդ:
Նշված բնակավայրերի վերացման պատճառով զգալի չափով հողատարածքներ են դուրս եկել շրջանառությունից կամ էլ օգտագործվում են ոչ լիարժեք: Այդ հողերի վերականգնումը, ավելի քան 150 հազար հա հողատարածքներ մշակելի դարձնելուց բացի, հնարավորություն կստեղծի նշված բնակավայրերում բնակեցնելու 130-140 հազար մարդ: Վերաբնակեցված բնակչությանը աշխատանքով բավարարելու համար նպատակահարմար կլինի այդ բնակավայրերում ստեղծել ձեռագործ գորգերի, ազգային խուրջինների, հագուստների, բրդյա գուլպաների, հուշանվերների արտադրության փոքր ձեռնարկություններ և արհեստանոցներ:
Այդ գյուղերում, որտեղ առկա են ամառային զով առողջարար կլիմա, մաքուր օդ, հանքային աղբյուրներ, լճեր, տուրիզմի կազմակերպման-զարգացման տեսանկյունից` հանգստի և խաղերի սիրահարների համար կարելի է ստեղծել առաջնակարգ հանգրվաններ: Լիարժեք պայմաններ ունենալու պարագայում (ազգային ճաշերի, երգ-երաժշտության զուգակցմամբ) այդ հանգրվանները կարող են գործել նույնիսկ ձմռանը` իրենց տանիքի տակ ընդունելով դահուկային սահքի և ձմեռային սպորտի մյուս խաղերի սիրահարներին:
Նշեմ, որ այս ոլորտը մի խոպան է, որի յուրացումը եկամտի հզոր աղբյուր կարող է դառնալ հանրապետության և այդ գործի մեջ մտած մարդկանց համար` համագործակցման լայն ասպարեզ բացելով արտերկրի գործարարների և, մասնավորապես, սփյուռքահայերի հետ:


Զրույցը`
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

Դիտվել է՝ 4630

Մեկնաբանություններ