Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Ո՞վ, եթե ոչ ես` Արա Բաբլոյանս, պետք է պայքարի մանկանց առողջության համար»

«Ո՞վ, եթե ոչ ես` Արա Բաբլոյանս, պետք է պայքարի մանկանց առողջության համար»
18.11.2008 | 00:00

«ՄԵՐ ԳՈՐԾԸ ԹՈՂՆԵՆՔ, ԸՆԿՆԵՆՔ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՀԵՏԵՎԻ՞Ց»
Վերջերս Վանաձորում տարածված զանգվածային վարակը հասարակական մեծ հուզում առաջացրեց։ Այդուհանդերձ, առողջապահության ոլորտի ներկայացուցիչները մինչ օրս դրա պատճառների առնչությամբ խիստ թեական պատասխաններ են հնչեցնում, ինչին չարձագանքեց նաև ԱԺ առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովը։ «Ինչո՞ւ»,- հարցրինք հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ։

-Ավելի քան 30 տարի աշխատում եմ առողջապահության համակարգում և կարծում եմ, որ նման դեպքում իրազեկումը պետք է ճշգրիտ լինի, դուռ չբացի տարընթերցումների առաջ։ Իսկ մենք կարող ենք առողջապահության նախարարությունից ստանալ օպերատիվ տեղեկություն։
-Ստացե՞լ եք։
-Վարակը տարածվել է ջրի աղտոտման հետևանքով։ Դա են վկայում բոլոր ուսումնասիրությունները։
-Այս դեպքը հանձնաժողովի համար հիմք չէ՞ր, որպեսզի ԱԺ-ում լսումներ անցկացներ և պարզաբանումներ ներկայացներ հասարակությանը։
-Այսօր հանձնաժողովը շատ ծանրաբեռնված է աշխատում ու պետք է իր գործառույթն իրականացնի։
-Լսումները հանձնաժողովի գործառույթը չե՞ն։
-Լսումները մեր գործառույթն են, բայց հիմա մենք ողջ օրենսդրական դաշտն ենք փորձում կարգավորել։ Այս պահին աշխատում ենք հանրային առողջության անվտանգության օրենքի մշակման վրա, որի մի մասն է կազմում նաև վերոհիշյալ խնդիրը։ Պատկերացրեք՝ սա թողնենք և ընկնենք պոպուլիստական պարզաբանումների հետևից։ Եթե այժմ մեր գործառույթը թողնենք և ուրիշի գործառույթն իրականացնենք, արդյունքի չենք հասնի։
-Գնահատական տալը պոպուլի՞զմ եք համարում։
-Մենք գնահատականներ տվել ենք, հանդիպել ենք նախարարին, աշխատել պատկան մարմինների ներկայացուցիչների հետ։ Բազմիցս ասել ենք, որ չպետք է թուլացնել զգոնությունը, այլ պետք է առկա մեխանիզմներն օգտագործել։ Ինչքան էլ առողջապահության համակարգը լավ աշխատի, հանրային առողջությունը միջգերատեսչական խնդիր է։ Իսկ առողջապահության նախարարությունը պարտավոր է իր գործառույթը շատ հստակ իրականացնել, քանի որ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ պետության քաղաքացիների առողջությունն արժեք է, ինչը չի կարող միմիայն առողջապահության ոլորտով սահմանափակվել։ Նոր օրենքով մենք ավելի ենք խստացնում բոլոր նախարարությունների նկատմամբ մարդկանց առողջությանը հետևելու պահանջը։
-Բայց և այնպես, ո՞րն է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի դիրքորոշումը շոշափվող խնդրի առնչությամբ:
-Հանձնաժողովը պետք է շտկի օրենսդրական դաշտի թերությունները, որոնք նպաստում են նման երևույթների առաջացմանը: Շտկի՝ դրանք բացառելու նպատակով։ Մեր անելիքները շատ են կանխարգելման տիրույթում, իսկ բուժելու, հայտնաբերելու, ուսումնասիրելու գործոնները վերապահված են գործադիր մարմնին։ Յուրաքանչյուրն իր գործը լավ պետք է անի։ Առողջապահության հանձնաժողովը ստեղծում է օրենսդրական դաշտ ոչ միայն առողջապահության նախարարության, այլև բոլոր գերատեսչությունների համար։
-Իսկ Ձեզ գոհացնո՞ւմ են 2009-ի բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվելիք գումարները:
-Քննարկումների ժամանակ արդեն ասել եմ, որ չենք կարող լիարժեք գոհ լինել, քանի որ հենց այդ պահին էլ համակարգի զարգացումը կանգ կառնի։ Բայց նախորդ տարվա հատկացումների համեմատությամբ, բնականաբար, գոհ եմ (չնայած մամուլը գրեց, թե մենք մեր հիվանդանոցների համար ենք գումարներ պահանջում)։ Բյուջետային քննարկումների ժամանակ իմ բարձրացրած հարցերը եղել են հստակ։ Եթե առողջապահության այլ ոլորտները կարող ենք պլանավորել, ապա մանկական առողջապահության ոլորտը` ոչ: Վաղ հասակի երեխաների մոտ սուր հիվանդությունները երկու ժամում կարող են մահվան պատճառ դառնալ։
-Ասել է՝ հատկացումը լիովին արդարացնո՞ւմ եք։
-Պահանջն է արդարացված: Մենք պահանջել էինք մանկական հիվանդանոցներին հատկացվելիք գումարն ավելացնել 550 մլն դրամով, ինչը տրամադրվելու է ոչ թե առանձին վերցրած որևէ բուժհաստատության, այլ մանկական առողջապահական ողջ ոլորտին՝ սկսած մարզային հիվանդանոցներից։
-Հատկացումների ավելացման պահանջը սուբյեկտիվ գործոնով պայմանավորված չէ՞։
-Դա բացառվում է։ Ի վերջո, հարցը բարձրացրել ենք, բայց խորհրդարանի և կառավարության հավանությանը դեռ պիտի արժանանա։ Ո՞վ, եթե ոչ ես՝ Արա Բաբլոյանս, ով մանկաբույժ է, աշխատանքային ողջ գործունեությունը նվիրել է մանուկների բուժմանը, պետք է պայքարի մանկանց առողջության համար։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3909

Մեկնաբանություններ