ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կբուժվի՞, արդյոք, քաղաքական դալտոնիզմի մանկական հիվանդությունը

Կբուժվի՞, արդյոք, քաղաքական դալտոնիզմի մանկական հիվանդությունը
20.02.2009 | 00:00

ԽՈՐԱՑՈՂ ԲԵՎԵՌԱՑՈՒՄ
Երբ հետադարձ հայացք ենք ձգում անկախացումից հետո Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի առանցքային ոլորտներին, փորձում գտնել դրանցում առկա իրողությունների հիմնական բնորոշիչը, ապա մեկ բառ է գալիս ու խցկվում ուղեղիդ մեջ` բևեռացում։ Ամեն տեղ ու ամեն ինչում։ Սոցիալական բևեռացման մասին շատ է խոսվել։ Մի կողմում ունենք հարուստներ, մյուս կողմում` բացարձակ մեծամասնություն կազմող աղքատներ։ ՈՒնենք կիրթ, քաղաքակրթության լավագույն դրսևորումներն իր մեջ խտացրած, ներքին բարձր կուլտուրայով օժտված խավ, ինտելեկտուալ, ստեղծագործական հզոր ներուժով մտավորականություն` մի կողմում, մյուս կողմում` անկիրթ, սնանկ մտահորիզոնով, ասիական «ռաբիս» հոգեբանության տեր և, ցավոք, մեծամասնություն կազմող հասարակական շերտ, որից էլ ծնունդ է առնում ու «սնվում» քրեական աշխարհը։
Բևեռացման առումով հատկապես «ռեկորդներ» է սահմանում Հայաստանի քաղաքական դաշտը։ Մի կողմից` իշխանություն և իշխանամետ կուսակցություններ, մյուս կողմից` արմատական ընդդիմադիր ուժեր։ Կենտրոնը թափուր է։ Եվ որքան էլ որոշ կուսակցություններ փորձեն իրենց «կենտրոն» հռչակել կամ մեկ այլ ձևակերպմամբ` «երրորդ ուժ», միևնույն է, արդեն իներցիոն դարձած տրամաբանությամբ բոլորը փնտրելու և գտնելու են թափանցիկ դիմակի տակ թաքնված, իշխանություններին ծառայություններ մատուցող քաղաքական ուժի։
Թերևս, «կենտրոնի» անհրաժեշտություն բոլորովին էլ չլիներ, եթե մեր ընդդիմությունը դիրքավորվեր ոչ թե ծայրահեղ արմատական «խրամատներում», այլ կառուցողական կեցվածքով հանդես գար։ Ի վերջո, արևմտյան զարգացած երկրներում ընդդիմությանը, որպես կանոն, ոչ մի ածական չի կցվում, քանի որ ինքնին հասկանալի է վերջինիս կառուցողական բնույթը։
Կրկին հետ նայենք։ Անկախացումից հետո եղե՞լ է մի ժամանակահատված, երբ իշխանություններին դեմ հանդիման կանգներ ուժեղ, միաժամանակ կառուցողական ընդդիմություն։ Միշտ էլ ընդդիմությունն իշխանություններին մեղադրել է «մահացու» մեղքերի համար, համարել հայրենիքի դավաճան ու ժողովրդի թշնամի և անհապաղ իշխանափոխությունն էլ դարձրել միակ ու անփոխարինելի կարգախոս։ Արտահերթ համապետական ընտրությունների հրամայականը, որպես ամենագլխավոր օրախնդիր հարց, ամբողջ 17 տարի մշտապես եղել է ընդդիմադիրների «սեղանին»։ Յուրաքանչյուր հերթական ընտրությունից հետո սկիզբ է առել հանրահավաքների հզոր ալիքը` նոր ընտրություններ անցկացնելու պահանջով։ Մերթ սրվելով, մերթ թուլանալով` ընդդիմության կողմից թելադրվող իշխանափոխության հարցը ժողովրդական ընդվզման ալիքի վրա է «մնացել» 4-5 տարի` մինչև հերթական ընտրությունների մեկնարկը։ Այսպես անընդհատ, նույն սցենարը կրկնելով, հասել է մեր օրերը։
Եթե մտաբերենք, թե ինչ էր ուզում և իր նպատակին հասնելու համար պայքարի ինչ ձևեր էր ընտրում հայաստանյան ընդդիմությունը 1991-1996-1998-2003-ի ընտրություններից հետո և դրանք համեմատենք 2008-ի հետ, կտեսնենք, որ առանձնապես տարբերություններ չկան։ Պարզապես 1996 և 2008-ի ժողովրդական ընդվզումները ճնշվեցին ուժային բիրտ միջոցներով, ռազմական տեխնիկայի օգտագործմամբ։
Ճշմարտության դեմ չմեղանչելու համար անհրաժեշտ է արձանագրել, որ, այնուամենայնիվ, եղել է մեկ դեպք (1999 թ. խորհրդարանական ընտրություններից հետո մի կարճ ժամանակահատված, մինչև նույն թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգությունը), երբ ընդդիմությունն «ըմբռնող» ու հանդուրժողական կեցվածք է ընդունել, ինչն արդյունք էր իշխանությունների հեռատես մարտավարության։ Նրանք ընդդիմությանը զիջեցին կարևոր, առանցքային պաշտոններ խորհրդարանում, ինչպես նաև գործադիր մարմնում` փորձելով ստեղծել ազգային համաձայնության կառավարություն։ Արամ Զ. Սարգսյանի վարչապետության ժամանակ նույն փորձը կրկնվեց։ Բայց, ցավոք, ի հայտ եկան խանգարող անձինք ու հանգամանքներ, և ամեն ինչ մնաց կիսատ։ Սակայն միայն այս փաստը բավական է հետևություն անելու, որ ընդդիմության արմատականության մեղմացման, ավելին` կառուցողական դաշտ տեղափոխվելու հարցում շատ կարևոր դերակատարություն ունեն իշխանությունները։
Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը շարունակում են տառապել քաղաքական դալտոնիզմով` տարբերակելով միայն սևն ու սպիտակը։ Սպիտակը «հագնում» են իրենք, սևը «հագցնում» քաղաքական հակառակորդներին։ Բայց դա բոլորովին չի նշանակում, թե, օրինակ, ընդդիմության բոլոր քննադատություններն անհիմն են ու մտացածին և ընդամենը սևացնելու նպատակ են հետապնդում։ Չնայած որոշ ուռճացվածությանը, նրանց կարծիքների, գնահատականների, առաջարկների և պահանջների մեջ շատ հաճախ առողջ, օբյեկտիվ, ռացիոնալ հատիկ կա, ինչը վերլուծելու և համարժեք հետևություններ անելու համար իշխանություններին օդ ու ջրի պես քաղաքական կամք է անհրաժեշտ։ Այսքան տևական քաղաքական բևեռացումը գերիշխող է եղել հիմնականում այն պատճառով, որ դրսևորվել է անտարբերություն ու արհամարհանք նույնիսկ առողջ քննադատության հանդեպ։ Նախորդ բոլոր իշխանություններն էլ առավել կամ պակաս չափով տառապել են ինքնագոհությամբ։ Արժե՞ ասել, թե որքան վտանգավոր երևույթ է սա, առավել ևս թույլ զարգացած, աղքատ երկրներում, որտեղ իշխանություններին երբեք չպետք է լքի իրենցից մշտապես դժգոհ լինելու հոգեբանական վիճակը։
Կրկին արդարության դեմ չմեղանչելու համար հարկ է խոստովանել, որ գործող իշխանությունները, ի տարբերություն նախորդների, գոնե մինչ այսօր ինքնագոհ կեցվածք չեն ընդունել, ինքնաքննադատությունն էլ նորմալ մակարդակի վրա է։ Վճռականություն, կարծես, կա, բայց դա առայժմ ավելի շատ խոսքի, քան գործի վճռականություն է։ Վարչակազմի ամենամեծ բացթողումն ընդդիմության հետ քիչ թե շատ նորմալ հարաբերությունների հաստատման անկարողությունն է։ Իհարկե, կարելի է հակադարձել, թե իշխանությունները որոշ քայլեր կատարել են այդ ուղղությամբ, բայց համարժեք արձագանք չեն ստացել։ Կարծում ենք` դա արդարացում չէ, քանի որ երկրի ղեկավարությունը ցանկության դեպքում կարող էր գտնել առավել լիարժեք և արդյունավետ գործող մեխանիզմներ, որոնց կիրառումով կլիցքաթափվեր լարված քաղաքական մթնոլորտը։ Ամենաակնառու փաստը մարտի 1-ի գործով ձերբակալվածներին մինչ այժմ ճաղերի հետևում պահելն է։
Քաղաքական դաշտի բևեռացման, իշխանություն-ընդդիմություն փոխադարձ անհանդուրժողականության, ատելության և թշնամանքի պատճառները որոնելիս բոլորովին էլ տեղին չէ հավի ու ձվի պարադոքսը մեջբերել։ Գլխավոր, առանցքային դերակատարություն ստանձնելը, նախաձեռնություն ցուցաբերելը, երկրում հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելը պետության ղեկավարների անմիջական պարտականությունն են։ Անցյալում (ինչպես վերը նշեցինք) Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին հաջողվեց այդ անջրպետը հաղթահարել։ ՈՒրեմն, կա նախադեպ։ Պակասում է փոխադարձ վիրավորանքներն ու սխալները ներելու մեծահոգությունը։
Առկա իրավիճակի վերափոխման պատասխանատվության առյուծի բաժինն իրավացիորեն բարդելով իշխանությունների վրա` բնավ նկատի չունենք, որ արմատականները քաղաքական լարվածությունը հաղթահարելուն միտված քայլեր ու գործողություններ ձեռնարկելու ուղղությամբ պատասխանատվություն բնավ չեն կրում։ Գույները խտացնելը, իսկ ավելի ճիշտ` ծայրահեղությունների մեջ ընկնելով բոլորին և ամեն ինչ «սևով» ներկայացնելը եղել ու մնում է ընդդիմադիրների անփոփոխ ձեռագիրը։ Սևի ու սպիտակի միջև ընկած բազմաթիվ գույները չտեսնելու սինդրոմը միշտ էլ եղել է մեր արմատականների մանկական հիվանդությունը, որը, կարծես, անբուժելի է։ Հիվանդության վիրուսի ծագումնաբանությունը հետազոտության և վերլուծության կարիք չունի, այն շատ պարզ է. ծնվում և բազմանում է կույր սիրուց կամ կույր ատելությունից։
Իշխանություններին քննադատելիս բացառապես սև ակնոցներով զինված ընդդիմադիրների ելույթները, տեսակետները, գնահատականներն այլևս կարելի է չլսել ու չկարդալ։ Նախապես արդեն պարզ է, թե ինչ են ասելու և ինչ «գույն» են դեմ տալու։
Ո՞վ կարող է մտաբերել գոնե մեկ դեպք, երբ իշխանություններին մի լավ քարկոծելուց, տասնյակ սխալներ և ձախողումներ մատնանշելուց հետո արմատական ընդդիմությունը հանկարծ խոստովանի, թե մեկ ոլորտում, թեկուզ կիսով չափ իշխանությունները, այնուամենայնիվ, հաջողել են։ Կարելի է մեծ գումարի վրա գրազ գալ, որ գոնե այսօրվա դրությամբ նման «հրաշքը» բացառվում է։ Հիվանդությունը շատ է խորացել։
Ի՞նչն է զարմանալի։ Ընդդիմության շարքերում կան բավականին ինտելեկտուալ մարդիկ, մի՞թե նրանք չեն կարողանում հասկանալ, որ իշխանությունների հասցեին տասը բացասական, բայց ճշմարտությանը համապատասխանող քննադատություն հնչեցնելիս եթե գոնե մեկ դրականը չեն մատնանշում, ակամա կասկածի տակ են դնում իրենց օբյեկտիվությունը, առողջ գնահատականներ տալու ունակությունը։ Չափից դուրս ատելությունը թույլ չի տալիս տեսնել ոչ մի դրական բան, բայց չէ՞ որ թեկուզ ճշմարտացիության իմիտացիա ստեղծելու առումով դա պարտադիր նախապայման պետք է լիներ։
Ինչ վերաբերում է ընդդիմության նկատմամբ իշխանությունների վերաբերմունքին, ապա այստեղ ատելությունը փոքր-ինչ հաջողվում է վարագուրել իշխանական աթոռների բարձրությունից բխող որոշ նրբանկատությամբ, սակայն դրանից էությունը չի փոխվում, վարագույրն էլ շատ է թափանցիկ։
Անդրադառնալով սպասվող «օրակարգային» իրադարձություններին` բոլորովին էլ համոզված չենք, որ ԵԽԽՎ-ի հետ պայմանավորվածությամբ քրեական օրենսգրքի 225, 230 հոդվածները փոփոխելով ընդդիմադիր գործիչներին բանտերից ազատելը կնպաստի իշխանություն-ընդդիմություն երկխոսության կայացմանը։ Դա չափազանց քիչ է` երկու ճամբարներում էլ հոգեբանական լուրջ շրջադարձ ապահովելու համար։ Շարունակական այլ քայլեր են անհրաժեշտ։ Կարվեն դրանք` կնշանակի վերականգնվել է սթափ ու ողջամիտ «հայացքը» իրականության նկատմամբ, ինչն իրավական, արդար պետության կայացման հիմնական նախապայմանն է։
Արամ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3673

Մեկնաբանություններ