ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ցանկանո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանը դառնալ Հայաստանի վարչապետ, թե՞ ոչ

Ցանկանո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանը  դառնալ Հայաստանի վարչապետ, թե՞ ոչ
21.08.2009 | 00:00

ԻՇԽԱՆԱՊԱՀԱԿԱՆ ՑՈՒԳՑՎԱՆԳ
Աշնանային ներքաղաքական զարգացումներում գնալով ավելի արդիական է դառնում նախկին ու ներկա իշխանությունների միջև պայքարի հավանական սրացումը։ Նախկին ասելով` նկատի ունենք Ռոբերտ Քոչարյանին ու նրա շրջապատը, քանզի Տեր-Պետրոսյանը նախկինի նախկին իշխանությունն է։ Եվ այսպես, հայաստանյան ներքաղաքական զարգացումները դարձյալ ընթանալու են առաջին-երկրորդ-երրորդ նախագահներ եռանկյունում, և կողմերից յուրաքանչյուրի ձեռնարկած քայլերից է կախված իր համար առավել նախընտրելի դիրքերի ձևավորումը։
Աշնան շեմին առաջին հարցադրումը դարձյալ առաջին հայացքից տեսական, բայց իրականում բավականին արդիական է։ Այն է` ցանկանո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանը դառնալ Հայաստանի վարչապետ, թե՞ ոչ։ Անցած մեկուկես տարում այս հարցի պատասխանն այդպես էլ մնաց օդում կախված, որովհետև ոչ միայն գործող նախագահի` իր նախորդին վարչապետ նշանակելու ցանկության բացակայությունը, այլև ստեղծված ներքաղաքական իրադրությունը դրա համար ոչ մի հնարավորության տեղ չէր թողնում։ Մարտի 1-ի իրադարձություններից հետո իրավիճակն այնպիսին էր, որ երկրորդ նախագահը հարկադրված էր մի կողմ դնել իր հավակնությունները, եթե անգամ դրանք իրականում գոյություն ունեին, և բավարարվել ռուսական հարուստ ընկերություններից մեկի անկախ տնօրենի պաշտոնով։
Սակայն շրջանառվող լուրերի համաձայն, սա, այնուհանդերձ, ժամանակավոր քայլ էր կամ այդպիսին է գնահատվում` ելնելով իրավիճակի փոփոխությունից։ Այսպես թե այնպես, գալու է պահը, երբ գործող նախագահը փորձելու է ազատվել նախորդի ժառանգությունից, հատկապես կադրերի առումով, ինչը նշանակում է գնալ սեփական թիմի ձևավորման։ Դրա անհրաժեշտությունը Սերժ Սարգսյանն ունի ոչ միայն համակարգում Քոչարյանի ունեցած ազդեցությունից ազատվելու համար, այլև կառավարման օղակներում տարրական կարգապահություն և կարգ ու կանոն հաստատելու տեսանկյունից։ Այն, որ պետական ապարատը Հայաստանի քաղաքացու շահերի տեսանկյունից գործում է ճիշտ հակառակ տրամաբանությամբ, ոչ ոքի համար գաղտնիք չէ։
Քաղաքացիների հետ անմիջական առնչություն ունեցող որևէ օղակում գրեթե անհնարին է առանց կոռուպցիոն գործարքի ամենատարրական որևէ հարցի լուծումը։ Համապատասխանաբար հասարակական դժգոհությունը երկրում չի պակասում, չի նվազում նաև արմատական ընդդիմության պոտենցիալ կողմնակիցների թիվը։ Այլ բան է, որ ընդդիմության գործողություններից որոշակիորեն դժգոհ ընդդիմադիր ընտրազանգվածի մի զգալի մասն այսօր պարզապես պասիվ կեցվածք է ընդունել և ձեռքն ամեն ինչի վրա թափ տվել` «Մեկ է, ոչ մի բան չի փոխվելու» տրամաբանությունից ելնելով։ Սակայն եթե աշնան շեմին ընդդիմությանը հաջողվի առաջ քաշել նոր կարգախոսներ, ստեղծել իրեն հարող բնակչության զանգվածին համախմբելու նոր ձևեր ու մեխանիզմներ, իսկ դա սկզբունքորեն բացառված չէ, ապա իշխանությունը կհայտնվի բավականին նեղ դրության մեջ։ Մանավանդ եթե նկատի ունենանք տնտեսական ճգնաժամի հետևանքները, երբ աղքատության շեմին հասած մարդկանց թվաքանակը բոլորովին էլ չի նվազել, այլ ավելացել է` գործազրկության աճի, արտասահմանից ուղարկվող տրանսֆերտների զգալի կրճատման հետևանքով։
Ըստ այդմ, իշխանության համար կառավարման համակարգի գործունեության կատարելագործումն ու բյուրոկրատիայի կողմից քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերի կտրուկ նվազեցումն օրվա հրամայականն է։ Դրան կարելի է հասնել միայն կառավարման համակարգում օպերատիվ ու կտրուկ փոփոխությունների միջոցով։ Հայաստանում այդպիսի փոփոխություններ անհնարին է անել առանց կառավարման համակարգում անձնական ազդեցության աստիճանի վերաբաշխման։ Իսկ ո՞ւմ ազդեցությունը կարող է նվազել այդպիսի գործընթաց սկսվելու պարագայում։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ նախկին իշխանության, այսինքն` Ռոբերտ Քոչարյանի, որովհետև նրանից բացի, այդպիսի ազդեցություն ֆորմալ իշխանությունից դուրս գտնվող որևէ բևեռ չունի։ Լևոն Տեր-Պետրոսյանի այդպիսի ազդեցությունը, փաստորեն, մեծ մասամբ չեզոքացվեց 2008-ի նախագահական ընտրությունների ընթացքում, երբ կառավարման համակարգում նրա հրաժարականից հետո ինչ-որ դիրքեր պահպանած տարբեր պաշտոնյաներ իրենց աջակցությունը հայտնեցին ասպարեզ վերադարձած նախկին առաջնորդին և, իհարկե, անմիջապես հեռացվեցին պաշտոններից։
Անշուշտ, Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան առարկայական հակադրության մասին խոսելն առայժմ ավելի շատ տեսական հարթության վրա է։ Միանգամայն հնարավոր է, որ նախկին նախագահն իսկապես հրաժարվել է կառավարման համակարգում որևէ դերակատարություն ունենալու հավակնություններից և բավարարվելու է ազատ քաղաքացու իր կարգավիճակով։ Բայց դա չի նշանակում, որ հավակնություններից հրաժարվել են նաև նրա մերձավոր շրջապատը, հայտնի մարդիկ` հայտնի անուններով, ովքեր և՛ խոշոր բիզնես ունեն, և՛ իշխանական լծակներ, ուստի կառավարման համակարգում նոր զտումների դեպքում` կորցնելու շատ բան։ Եվ բոլորովին չի բացառվում, որ այդ շերտը կամ թիմը բոլոր ջանքերը ներդնելու է իր առաջնորդին համոզելու, որ հապաղելու և դիրքերի ու ազդեցության պահպանման համար պայքար չմղելու, այդ պայքարում նոր դիրքեր չնվաճելու դեպքում իրենք կարող են կորցնել ամեն ինչ` դրանից բխող բոլոր հետևանքներով։ Միարժեք է, որ այդպիսի հակադրություն առաջանալու դեպքում գործող նախագահի շահելու հավանականությունն ավելի մեծ է։ Կան կարծիքներ, որ Քոչարյանի շրջապատի առանձին գործիչներ մեծ հույսեր են կապում Սերժ Սարգսյանի վրա Ռուսաստանի որոշակի շրջանակներից ճնշում կիրառելու հնարավորության հետ։ Իբր այդ ճնշման արդյունքում գործող նախագահը հարկադրված կլինի դիմել իր նախորդին վարչապետ նշանակելու քայլին, իսկ վերջինս, իր բնավորության հայտնի դրսևորումներով, կկարողանա շատ արագ «ձգել» համակարգը, վերականգնել իր նախկին ազդեցությունը և, ըստ այդմ, դառնալ իշխանության իրական տերը։ Սա գուցե ոմանց համար ցանկալի, սակայն անիրականանալի սցենար է, և դրա համար նրանք կարող են հավիտյանս անիծել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն։ Եթե չլիներ ռուս-վրացական պատերազմը և Վրաստանի բացարձակ դուրս գալը ռուսական ազդեցության դաշտից, այդպիսի ճնշումը Մոսկվայից Հայաստանի նախագահի նկատմամբ գուցե և ինչ-որ արդյունք տար։ Համենայն դեպս, Սերժ Սարգսյանի համար մինչև 2008-ի օգոստոսը եղած իրավիճակում շատ ավելի դժվար կլիներ մերժել ռազմավարական դաշնակիցների այդպիսի խնդրանքը։
Իրավիճակը հիմա այլ է, և Ռուսաստանը չունի Հայաստանի նկատմամբ այդպիսի ճնշում գործադրելու լծակներ։ Մոսկվայում էլ դա շատ լավ հասկացել են, և ուշադրության է արժանի այն, որ անգամ ղարաբաղյան հարցի նման կարևոր խնդրում ռուսների կողմից ճնշում գործադրելու ցանկացած փորձի անմիջապես հաջորդում է Հայաստանի նախագահին ինչ-որ ձևով սիրաշահելու մեկ այլ քայլ։ Այլ կերպ ասած, Կրեմլը հիմա ավելի մտահոգ է Հարավային Կովկասում վերջին «ֆորպոստի» պահպանմամբ և հազիվ թե վտանգի իր դիրքերը հանուն Ռոբերտ Քոչարյանին վարչապետի պաշտոնում տեսնելու։ Մանավանդ որ այդպիսի զարգացումը կտրուկ մեծացնելու է ընդդիմության ակտիվությունը և ուժեղացնելու վերջինիս «խաղաքարտերը»։ Այդպիսի նշանակումը պարզապես նվեր կլիներ Լևոն Տեր-Պետրոսյանին, որը դրանից հետո Մատենադարանի հարթակից պարզապես կհայտարարեր, որ օրվա իշխանության վերաբերյալ նախկինում հնչեցրած իրենց բոլոր գնահատականներն ու մեղադրանքները ճիշտ էին, քանզի գործող նախագահը ոչ միայն չի կարողանում, այլև չի ցանկանում որևէ կերպ ձերբազատվել նախորդից` նրա կառավարումից մնացած մարտիմեկյան ծանր բեռով հանդերձ։
Բոլոր այս զարգացումների հնարավորությունը, անկասկած, հաշվարկում է նաև գործող նախագահը։ Ինչպիսին կլինեն նրա շախմատային քայլերն աշնանային քաղաքական զարգացումների նոր պարտիայում, կերևա առաջիկա շաբաթներին։ Բայց մի բան ակնհայտ է. հազիվ թե նա այնքան միամիտ գտնվի, որ հանուն իր նախորդի հետ ինչ-ինչ, նույնիսկ չափազանց կարևոր հարաբերությունների, սեփական ձեռքերով փոս փորի իր համար, պայմաններ ստեղծի, որպեսզի ընդդիմությունը կրկին կարողանա բնակչության լայն զանգվածներին դուրս բերել փողոց` դրանից բխող հնարավոր բոլոր հետևանքներով։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 1852

Մեկնաբանություններ