«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Մեղրի. ստվեր և լույս

Մեղրի. ստվեր և լույս
10.10.2008 | 00:00

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԱՆԴՈՐՐ
Միշտ էլ ներողամիտ ժպիտով եմ կարդացել հանրապետական մամուլում լույս տեսած ակնարկներն ու ռեպորտաժներն իմ ծննդավայրի մասին, քանզի, որպես կանոն, դրանք սկսվում էին Մեղրու էկզոտիկ բնության, քաղցրահամ մրգերի, անկրկնելի ժայռերի մասին դիֆերամբներով։ Այդ ամենն ամենևին զարմանալի չէր հնչում սովետի տարիներին, հատկապես որ գրողները Մեղրիում առաջին կամ միայն մեկ անգամ եղող լրագրողներ էին։ Անկախությունից հետո հիմնովին փոխված Մեղրու մասին հիմա այդպես գրելն առնվազն ծիծաղելի է։ Դեռևս 1999-ին «Голос Армении» թերթում տպագրված «Буря на острове Мегри» հոդվածն այնպիսի տպավորություն էր առաջացրել բոլոր ծանոթներիս, գործընկերներիս, նախկինում Մեղրիում բնակվածների շրջանում, որ ստիպված էի կրկին անդրադառնալ այդ թեմային և մեկ տարի անց փորձել լույսի մի փոքրիկ շող գտնել համատարած այդ խավարի թագավորությունում։ Դժվար գործ էր։ Մարդկանց մեծ մասը աշխատանք չուներ, հացը պարտքով էին գնում, տների մեծ մասն անբնակ էր մնացել, բոլորը շտապում էին հեռանալ, հեռուստատեսությունը, հեռախոսակապը նորմալ չէին գործում... Բազում էին հիմնախնդիրները, և չկային լուծումներ, թեև պարբերաբար կառավարությունը որոշումներ էր ընդունում այդ ուղղությամբ։

Այսօր վիճակն անհամեմատ փոխվել է լավ առումով, և անհրաժեշտություն է զգացվում կրկին անդրադառնալ այն հոգսերին, որոնք դժվարացնում են մարդկանց կյանքը։
Սկսենք տեղեկատվական դաշտից։ Համարյա բոլոր թերթերն ու ամսագրերը կարելի է 1 օր անց գնել կրպակից։ Շատ լավ է գործում հեռուստատեսությունը, ցավոք, հայկական հեռուստաալիքների թիվը 3-ն է (Հ1, Հ2, ԱԼՄ), ցանկացողները կաբելային կապով կարող են դիտել նաև «Արմենիայի» հաղորդումները։ Դրան հակառակ, ռուսական ալիքների առատությունը բարի նախանձ է առաջացնում, որովհետև ավանդական OPT և PTP ալիքներից բացի, հեռարձակվում են HTB և «Звезда» (զինվորական) ալիքները։ Վերջիններս Մեղրիում տեղակայված ռուսական ջոկատի մենաշնորհն են (արբանյակային կապով), որից սիրով օգտվում են նաև մեղրեցիները։
Մի փոքրիկ լրացում ևս, որ պակաս կարևոր չէ։ Եթե մայրաքաղաքում ռուսական ալիքների գովազդային րոպեներին մենք դիտում ենք անիմաստ և տափակ հայկական հոլովակներ, ապա Մեղրիում դրանք չեն ենթարկվում գրաքննության, և հեռուստադիտողը հաճույքով է դիտում նոր հաղորդումների և կինոնկարների մասին պատմող հետաքրքիր տեսահոլովակները։
Ի դեպ, օգտվելով առիթից, կուզենայի մի փոքր էլ անդրադառնալ ռուսական ջոկատի առկայությանը։ Մեղրեցիները դա շատ բնականոն և օգտակար են համարում։ Նախ, այն առումով, որ լրացուցիչ աշխատատեղեր են բացվում (շուրջ 3 տասնյակ մարդ աշխատում է, կան զինծառայությունը վճարովի շարունակողներ)։ Ջոկատի գործող դպրոց և մանկապարտեզ են հաճախում ոչ միայն զինծառայողների, այլև որոշ տեղաբնակների երեխաներ, որոնք հնարավորություն են ունենում հետագայում կրթությունը շարունակել ռուսական բուհերում։ Բացի դրանից, արժե խոստովանել, որ տարածաշրջանում 2 հայկական զինվորական ջոկատների կողքին ռուսական ներկայությունն անվտանգության ավելի մեծ երաշխիքներ է տալիս սահմանամերձ փոքրիկ քաղաքի բնակիչներին։ Թեև հայ-իրանական սահմանը միշտ էլ եղել է անվտանգ, խաղաղ, երբևէ բախումներ չեն եղել, բայց լրացուցիչ հսկողությունը երբեք չի խանգարում ոչ մարդկանց, ոչ էլ անընդհատ երթևեկող և Հայաստան բեռներ ներկրող իրանական հսկա մեքենաներին։ Նախկինի համեմատ ուղղակի հրաշալի, անխափան է հեռախոսակապը։ Ցանկացած զանգ ցանկացած վայր հնարավոր է իրականացնել անցյալ տարի հնգանիշ թվակարգի անցած լինելու շնորհիվ։ Մեղրեցիները դժգոհ են հիմնականում ինտերնետային կապից։ Այն աշխատում է խափանումներով։ Իրենց տանը ինտերնետ ունենալ ցանկացողները շատ են, բայց դա հնարավոր չէ իրագործել գծային եղանակով, իսկ այլ եղանակով (մոդեմ) տեղադրելը շատ թանկ է (60 հազար դրամ) և հասանելի չէ շատերին։
Այժմ անցնենք Մեղրու հիմնախնդիրներին, որոնցից առաջինը, թերևս, բանջարաբոստանային կուլտուրաների պակասն է, եթե չասենք՝ բացակայությունը։ Ժամանակին ամեն մեղրեցի իր փոքրիկ հողակտորում պարտադիր աճեցնում էր լոլիկ, կաղամբ, տաքդեղ, վարունգ, սոխ, կանաչի, իսկ շուկայում, կոլտնտեսության կրպակում վաճառվում էին և՛ մրգեր, և՛ բանջարեղեն։ Հիմա, չգիտես ինչու, տնամերձ այգիներից վերացել են այդ կուլտուրաները։ Տեղացիները պատմում են, որ գարնանը սածիլներ են գնում, փորձում աճեցնել, բայց հետո հուսախաբ են լինում, որովհետև դրանք չորանում են։ Ամենատարբեր բացատրություններից ամենահավանականը՝ շրջակա հանքավայրերի ազդեցությունը կրող օդի և ջրի աղտոտվածությունից է։
Ի՞նչ են անում մարդիկ։ Ամեն օր սպասում են, թե երբ Արարատյան դաշտավայրից որևէ մեքենա կհայտնվի Մեղրիում և բանջարեղեն կվաճառի այնպիսի գներով, որոնք մայրաքաղաքային գներից բարձր են 3-4 անգամ։ Զարմանալի ոչինչ չկա, որովհետև տեղանքի հեռավորությունը և բենզինի բարձր գներն իրենց կնիքն են դնում բերված սննդամթերքի գնի վրա։ ՈՒզում եմ զգուշացնել բոլոր նրանց, ում կվիճակվի գործուղման մեկնել Մեղրի՝ չմոռանալ իրենց հետ վերցնել անհրաժեշտ ուտելիք, հատկապես բանջարեղեն և ապա կաթնամթերք, մսամթերք, բացի հացից։ Հիշեք, որ մեր հանրապետությունում ամեն ինչի ամենաթանկ գները Մեղրիում են։ Եթե Մեղրիում հանկարծ հայտնվում է պանրով, ձմերուկով կամ այլ մթերքով բեռնված մեքենա, սկսվում է իրարանցում։ Այդ իրադարձությանը հեռախոսազանգերով արագ արձագանքում են հարևանները և ծանոթները, որոնք շտապում են գնումների։
Հաջորդ հիմնախնդիրը, որ միշտ եղել է ու դեռ մնում է, ջուրն է, հատկապես խմելու ջուրը, որը ձմռանը համարյա բացակայում է, քանզի սառչում կամ խափանվում են իրենց դարն ապրած խողովակները, և սկսվում է պահածոների գործարանի միակ ծորակից դույլերով ջուր կրելու գործընթացը։ Խմելու համար մի կերպ հայթայթում են, իսկ ինչքա՞ն ջուր բերեն կեղտաջրերի հեռացման համար։ Այդ պատճառով շատերը որոշել են կրկին կառուցել վաղուց քանդված և մոռացված իրենց ինքնաշեն զուգարանները։ Որոշ թաղամասերում ջրամատակարարումից ամենևին դժգոհ չեն, շուրջօրյա գործում է, իսկ Գործարանային թաղամասի բնակիչները դժգոհում են ոչ միայն ձմռանը, այլև տարվա մյուս եղանակներին, որովհետև ջրից կարող են օգտվել օրվա մեջ միայն մեկ անգամ և այն էլ առավոտյան, երբ պատրաստվում են մեկնել աշխատանքի։ Ի՞նչ անի, օրինակ, մանկավարժ բնակիչը, որը չի կարող դասից ուշանալ, բայց չի կարող նաև առանց ջրի մնալ։
Ո՞րն է ելքը։ Կամ ջուրը տալ օրվա մեջ երկու անգամ, կամ մատակարարել երեկոյան, երբ բոլորը տանն են։
Մեղրի հասնելուս հենց առաջին օրը նկատեցի, որ տներում գազօջախի փոխարեն շատերն էլեկտրական սալիկներ են օգտագործում։ Պարզվեց, որ գազի 1 կգ-ի արժեքն այնքան թանկ է, որ գերադասելի է օգտվել էլեկտրաէներգիայից։
Մի՞թե զարմանալի չէ, որ Մեղրիով անցնող Հայաստան-Իրան գազամուղի կառուցումից հետո էլ մեղրեցիները ոչինչ չշահեցին։ Քիչ է, որ բնական գազ ի սկզբանե այստեղ մուտք չի գործել, գոնե կարելի էր գազի լցակայաններում գները մատչելի դարձնել ժայռերի մեջ ծվարած մարդկանց համար։ Համեմատաբար էժան գնով գազ կարելի է բերել Իրանից, եթե ունես արտոնություն և հնարավորություն՝ վիզայով մեկնելու հարևան երկիր։
Գրել Մեղրու մասին և չանդրադառնալ նրա պերճանքի և թշվառության ուղղակի արգասիք Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին, անհնար է։ Այս հսկայի վերագործարկումը հզոր ներուժ է, դա իր հետ բերեց հարյուրավոր աշխատատեղեր և բարձր աշխատավարձ։ Ցավոք, մեղրեցիները համոզված են, որ կոմբինատը ոչ միայն իրենց կերակրողն է, այլև առողջությունը կործանողը։ Դա են վկայում քաղցկեղածին և սրտանոթային հիվանդությունների առատությունը և երիտասարդ տարիքում մահացությունների մեծ թիվը։ Եթե Թեղուտի, Քաջարանի մասին մեր բնապահպաններն այդքան շատ և տեղին են մտահոգվում, բազմիցս անդրադառնում են, Ագարակն այդ առումով կարծես թե ստվերում է մնացել, կենսաբանական հետազոտություններ չեն կատարվում։ (Իսկ կոմբինատի հայրենասեր վրացի տնօրենը վրաց-օսական պատերազմի օրերին կոմբինատում աշխատող բոլոր վրացիներին արագ զորակոչեց և ուղարկեց Վրաստան)։ Անորոշ է առայժմ մնացել Մեղրու մերձակա գյուղերից մեկում՝ Այգեձորում, վերջին տարիներին շահագործման հանձնված ոսկու հանքավայրի հետագա ճակատագիրը։ Այն առայժմ անհայտ պատճառներով փակվել է և կվերագործարկվի նոր գնորդի հայտնվելուց հետո։
Այժմ Մեղրու նախկին բոլոր գործարաններից միայն մեկի՝ պահածոների գործարանի ծխատար խողովակից է մարդկանց առողջության համար վնասակար և տհաճ ծուխ բարձրանում։ Փոքր հզորությամբ աշխատող և տեղական հումքը մշակող այդ գործարանի ծխատար խողովակը կանգնեցվել է անցյալ դարի 50-ական թվականներին և կես դարից ավելի է, ինչ աղտոտում է շրջակա միջավայրը վնասակար արտանետումներով։ Եթե ժամանակին պետությունը չի փոխել այդ խողովակը, ապա այժմ նոր գործարանատիրոջից դա անհնար է պահանջել։
Մեղրու տարածաշրջանի գյուղերի հիմնախնդիրներին հնարավոր չեղավ մոտիկից ծանոթանալ և մանրամասն անդրադառնալ, սակայն այդ օրերին կատարված մի ցավալի դեպք ցնցել էր շատերին։ Փախստականներով բնակեցված Ալվանք գյուղում միջին տարիքի մի կին փորձել էր ինքնասպանություն գործել՝ դժգոհ լինելով բնակարանի հետ կապված տեղական իշխանավորների վերաբերմունքից։ Պատճառները կպարզեն քննիչները, բայց բժիշկներին չհաջողվեց փրկել կնոջ կյանքը, և երեխաները մնացին առանց մայրական խնամքի։
Ինձ հաջողվեց լինել Լիճք գյուղում և տեսնել անցյալ տարի շահագործման հանձնված գեղեցիկ, տիպային դպրոցի շենքը։ Մի քանի տարի առաջ այստեղ շահագործվեց նաև գյուղական հիվանդանոցը։ Բարեգործական տարբեր կազմակերպությունների կողմից կառուցված այս շենքերն ի զորու չեն վաղվա օրվա հանդեպ հավատ ներշնչելու, և մարդիկ օրեցօր լքում են հայրենի գյուղը, հեռանում հարազատ օջախներից։
Իսկ առայժմ Մեղրիում հարաբերական անդորր է, որը սովորաբար լինում է փոթորկից առաջ։ Հոկտեմբերին սպասվում են քաղաքապետի ընտրություններ, հետևաբար՝ կլինեն նոր խմորումներ։ Պետական և քաղաքական շատ գործիչներ են Մեղրի ժամանում, բայց միայն ընտրությունների նախօրեին։ Լավ կլինի, որ նոր վարչապետ Տիգրան Սարգսյանը նույնպես այցելի Մեղրի, ծանոթանա բնակիչների մտահոգություններին և անձամբ տեսնի փոքրիկ քաղաքի մեծ հոգսերն ու մերձակա ժայռերից Մեղրու վրա ընկնող լույսն ու ստվերը։
Մելսինե ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` ԷԴԳԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 5567

Մեկնաբանություններ