ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Գլոբալ «տնտեսական էգոիզմի» լոկալ շորշոփները

Գլոբալ «տնտեսական էգոիզմի» լոկալ շորշոփները
21.10.2008 | 00:00

«ՁՆՀԱԼ»
ԱՄՆ-ի տնտեսությունը մտել է հետընթացի այնպիսի մի փուլ, որպիսին չէր եղել վերջին կես դարի ընթացքում, իսկ երկրի ՀՆԱ-ն նվազել է 1,2 տոկոսով, գրում է ֆինանսական աշխարհում բարձր հեղինակություն վայելող «Wall Street Journal» հանդեսը, որի «ճգնաժամային վերլուծությունը» կազմված է երկրի 56 առաջատար տնտեսագետների արտահայտած կարծիքների հիման վրա:

«Մենք մի շատ մութ թունելի մեջտեղում ենք, ամեն օր համակարգը նոր ճաքեր է տալիս»,- գրում է թերթը և նույն այդ կանխատեսումների հիման վրա պնդում, թե ամենամեծ խնդիրը հիմա բանկային կապիտալն է: «ԱՄՆ-ի ֆինանսական շուկան այնպես է շարքից դուրս եկել, որ նրանք, ովքեր դեռ ռեսուրսներ ունեն, գերադասում են դրանք պահել «սև օրվա համար»: Այսինքն, շատերն են գտնում, որ չնայած ամեն բան չափազանց վատ է, բայց ամենավատը դեռ առջևում է: Համեմատելով 2008-ը մեծ դեպրեսիայի տարիների հետ` հանդեսում համոզմունք է հայտնվում, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ, երկրում ահռելի չափերի կհասնի գործազրկությունը (մինչև 6,8%), իսկ առաջիկա ամիսների ընթացքում արդեն իսկ մոտ 72 000 մարդ կկորցնի իր աշխատանքը: Եվ, այսուհանդերձ, տեսակետ է հայտնվում, թե խնդիրն այդպես չի մնա. արդեն 2009-ի երկրորդ կեսին ամեն բան կկարգավորվի, և մարդիկ կկարողանան ինչ-որ առումով հանգիստ շունչ քաշել: Որոշ իմաստով փրկություն է դիտվում նաև սպառողական գների նվազումը, չնայած կան տնտեսագետներ, որոնք սա կատարյալ ապուշություն են համարում. իբր` ի՞նչ մի լավ բան կա նրանում, որ մարդկանց գնողունակությունը նվազելու է, «ջհանդամը», թե ձեր գները մի քիչ էլ չեն նվազելու…
Գալով մեզ ավելի մոտիկ ՌԴ-ին` հարկ է նշել, որ անցած կիրակի օրվանից Փարիզում սկիզբ առած եվրոպական երկրների ղեկավարների հավաքի ժամանակ Սարկոզին հերթական անգամ ԱՄՆ-ի վարչակարգի առանձին ղեկավարների մեղադրեց «բառի բուն իմաստով հիվանդ լինելու» և «տնտեսական էգոիզմի» մեջ, ինչի պատճառով հիմա ողջ աշխարհն է խառնվել իրար. նա որոշակի լուծումներ առաջարկեց ֆինանսական ճգնաժամից դուրս գալու համար` հերթական անգամ հավատացնելով, թե իրենք կարող են Ռուսաստանում և նույնիսկ ողջ ԱՊՀ-ում վերահսկել իրավիճակը: Արդյունքում հաղորդվեց, որ ԵՄ 25 երկրների ղեկավարները կարողացել են համաձայնության գալ և որոշակի հակաճգնաժամային պլան են կազմել: Դրա հիմնական էությունն այն է, որ բոլոր երկրները հիմա պիտի երաշխավորը լինեն բանկային լիկվիդայնության ապահովման, իսկ եթե հարկ լինի մինչև 2009թ. դեկտեմբերի 31-ը վերաֆինանսավորեն բանկերը։ «Սա մեր պլանն է, որ մենք պիտի համատեղ իրականացնենք»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ով հերթական անգամ «ապշել էր այն բանից, թե ինչպես Ռուսաստանը ոտքի ելավ 90-ականներին ստացած հարվածներից և կրկին գերտերություն դարձավ»: Սարկոզին չի նշել այն գումարի չափը, որը ԵՄ-ն պատրաստվում է հատկացնել այս ծրագիրն իրականացնելու համար, բայց ակնհայտ է, որ խոսքն ահավոր մեծ չափերի հասնող գումարների մասին է: Առայժմ հայտնի է միայն, որ այսօր արդեն Իտալիան, Գերմանիան և մյուս երկրները պիտի ներկայացնեին հակաճգնաժամային այս ծրագրի երկրորդ մասը, և բոլորիս համար պարզաբանեին՝ կոնկրետ ինչ է իրենից ներկայացնում ծրագիրը թե բովանդակային, թե ժամկետային իմաստով։
Միով բանիվ, այն, ինչը նկատվեց թե այս հավաքի, թե Ջորջ Բուշի վերջին հրապարակային ուղերձի ժամանակ, այն է, որ ամբողջ աշխարհն իսկապես սոսկալի անհանգիստ վիճակում է: Հանգամանք, ինչն ասում են` «մեզ չի վերաբերում»: Մեր երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հայտարարեցին, թե ՀՀ-ի ֆինանսական համակարգի` աշխարհին չինտեգրացված լինելու պատճառով հայոց կորուստներն աննկատ կլինեն սովորական բնակչության համար: Սրանից զայրացած՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անցած ուրբաթ իր սեփական գնահատականը հնչեցրեց, նշելով, թե «նույն Տիգրան Սարգսյանը նախկինում այլ բան էր ասում մեր զարգացած բանկային ու աշխարհին լավ էլ ինտեգրացված ֆինանսական համակարգի մասին»: Բագրատյանը համոզված է, որ ծիծաղելի է ուղղակի խոսել մեր «չազդվելու մասին» այն դեպքում, երբ հիմնականում ռուսական կապիտալ ունեցող մեր բանկային համակարգն արդեն լիկվիդայնության խնդիրներ ունի, երբ կատաստրոֆիկ կերպով նվազում են հումքի, այդ թվում` մոլիբդենի, և էլի շատ ու շատ ապրանքատեսակների գները: Ի դեպ, ելնելով մեր տնտեսության կամ նույն բանկային համակարգի հիմնականում «ռուսականացված լինելուց», նա նաև մտավախություն ունի ՌԴ-ում ընթացող պրոցեսների առումով, որովհետև ամեն օր, ըստ որոշ լուրերի, այդ երկրից ահռելի չափի կապիտալ է դուրս գալիս, և պրոբլեմն այն է, թե կկարողանա՞ն, արդյոք, ռուսական իշխանությունները «կանխել կապիտալի արտահոսքը, նվազեցնել ճգնաժամի հետևանքը», որը, ի տարբերություն հիմնականում ֆինանսական խնդիր ներկայացնող ամերիկյան ճգնաժամի, Ռուսաստանում «վերածվել է կորպորատիվ խնդրի», ինչը նշանակում է, որ այս երկրում սովորական քաղաքացիներն ավելի շատ իրենց մաշկի վրա կզգան ճգնաժամի հետևանքները։
Ի միջի այլոց, նույն խնդրին անդրադարձավ նաև ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, ով սրանից դեռ շատ առաջ էր կանխատեսել, որ «սարերի վրա ապրող, աշխարհի հետ ընդհանուր ճանապարհ չունեցող, ձյուն դրած մեր երկրում մի օր ձնհալ է սկսվելու և շատ տխուր ձնհալ»: Նա արդեն խնդիր է տեսնում ոչ միայն վերը թվարկված հարցերի առումով, այլ նաև այն բանի հետ կապված, որ «վերջին 7 ամիսների կտրվածքով` մեր արտաքին ակտիվներն ընդամենը 2 մլրդ ԱՄՆ դոլար են կազմել, ինչը շատ ցածր ցուցանիշ է և նշանակում է, որ մենք արդեն իսկ 300 միլիոնի չափով վնաս ենք կրել»: Պարոն Ասատրյանը հիշում է, որ չնայած իր ԿԲ նախագահ եղած տարիներին «նախորդ հանցագործ ռեժիմի» կառավարման ժամանակ էլ մեր բանկային կապիտալի կեսը կամ կեսից ավելին «դրսի փող էր», բայց դա «500 տարվա անգլիական փող էր, ոչ թե այսօրվա պես ռուսական ջահել ու հեղհեղուկ, ոչ հասուն փող»: Հետևաբար, Բագրատ Ասատրյանը ևս ծիծաղելի է համարում այն պնդումները, թե մենք ոչ մի կերպ չենք ազդվի այս ֆինանսական ճգնաժամից, ինչում նրան պաշտպանում կամ այս տեսակետի կողքին է կանգնում տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը:
Ի դեպ, պարոն Մանասերյանը մեզ տված գրեթե բոլոր հարցազրույցներում ժամանակին պնդել է, որ խիստ վտանգավոր է այս չդիվերսիֆիկացված վիճակը թե՛ մեր բանկային համակարգի, թե՛ տնտեսության համար առհասարակ: Ուստի նա ևս գտնում է, որ չնայած որոշ առումով համաձայն է արտաքին աշխարհին մեր տնտեսության չինտեգրացված լինելու փաստին, բայց նաև համոզված է, որ «չկա չարիք առանց բարիքի» տեսակետը խիստ հարաբերական է»: Ընդ որում` «հենց միայն այն պատճառով, որ մենք արդեն իսկ 3 անգամ ավելի շատ ենք ներմուծում, քան արտահանում: Եվ եթե հիմա դրսում խնդիրներ լինեն, ինչպե՞ս կարող ենք ասել, որ չենք ազդվելու թեկուզ միջնորդավորված ձևով»,- նշում է տնտեսագետը: Մանասերյանը, ի միջի այլոց, այս իմաստով անցած ուրբաթ «Ուրվագծի» եթերում «թեթև վեճի մեջ մտավ» մեկ այլ տնտեսագետի` Տիգրան Ջրբաշյանի հետ, որովհետև վերջինս համոզված էր, թե ներմուծման մեր ծավալների դեպքում դրսի սպառողական գների անկումը որոշ իմաստով էլ կարող է օգնել մեզ, խթանել մեր տնտեսությունը, օրինակ՝ վառելիքի էժանացման առումով:
Իսկ որ գնաճը շատ շուտով ահավոր չափերի կհասնի մեզանում, եթե որոշակի քայլեր չձեռնարկվեն, արդեն իսկ պարզ էր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի անցած շաբաթ օրվա ռեպլիկից, թե «պայքարել է պետք դրա դեմ, և պիտի պայքարենք հաջորդ տարվա բյուջեի աննախադեպ փոքր դեֆիցիտով, որը փոքր է լինելու անգամ միջազգային կառույցների հորդորած չափերից»։
Ինչևէ, այս բոլոր տեսակետների համադրումից ակնհայտ է դառնում, որ գլոբալ ճգնաժամը մեզ ևս հանգիստ չի թողնելու և արտահայտվելու է հիմնականում «մի քանի դեմքով», օրինակ` մեր գնողունակության ահավոր նվազմամբ, բյուջեից է՛լ ավելի արտաքին տրանսֆերտների նվազմամբ (հայտնի է, որ դրանց առյուծի բաժինը գալիս էր ՌԴ-ից` կապված այդ երկրի տնտեսական աճի հետ), գործազրկության աճով, քանի որ «խոպանչիների» մեծ մասը կվերադառնա Ռուսաստանից, գուցե նաև` այլ եվրոպական երկրներից և բուն ճգնաժամի «հայրենիք» ԱՄՆ-ից։
Իսկ թե «անուղղակի-միջնորդավորված» այլ որակի ինչպիսի ազդեցություն կկրի մեր տնտեսությունն այս ճգնաժամից, բնականաբար, այս պահին դժվար է հաշվարկել:
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 9805

Մեկնաբանություններ