«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Մամոգրաֆիկ մեկ հետազոտությունն արժե 11 հազար դրամ

Մամոգրաֆիկ մեկ հետազոտությունն արժե 11 հազար դրամ
10.10.2008 | 00:00

ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂ. ՈՉ ՄԻԱՅՆ ԿԱՆԱՆՑ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։ Կրծքագեղձի քաղցկեղը կանանց ամենատարածված հիվանդություններից է, որից մահացությունը բավականին մեծ տոկոս է կազմում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, միջին հաշվարկներով ամեն 18-րդ կինը հիվանդանում է կրծքագեղձի քաղցկեղով, իսկ Հայաստանում այդ հիվանդությունն արդեն 10 տարի շարունակում է կայուն տեղ զբաղեցնել կանանց օնկոլոգիական հիվանդությունների մեջ: Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն ԽԱՉԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ տեղեկացմամբ՝ 1997-ից սկսած՝ կենտրոնում 83 հազար 476 կին ենթարկվել է մամոգրաֆիկ քննության, նրանցից 3 հազար 782-ի մոտ ախտորոշվել է քաղցկեղ։ Այդ թվում` 43-ը՝ 0-29 տարիքային խմբում, 385-ը՝ 30-39, 1237-ը՝ 40-49, 1063-ը՝ 50-59, 1054-ը՝ 60 և ավելի տարիքային խմբերում։ Միաժամանակ մոտ 800 կին կրծքի քաղցկեղ ունի զարգացման ամենավաղ փուլում։
Հայ-ամերիկյան առողջության կենտրոն օրական այցելում է մոտ 100 կին, և ամեն 13-րդ կնոջ մոտ ախտորոշվում է քաղցկեղ։ Ընդհանուր առմամբ կենտրոնում գործունեության 11 տարիների ընթացքում հետազոտվել է 160 հազար այցելու։ Մասնագետները նշում են, որ քաղցկեղը զարգացման ամենավաղ փուլում հայտնաբերելու դեպքում հաղթահարելի և բուժելի է։ Եվ եթե վիրահատությունից 5 տարի անց օրգանիզմում քաղցկեղի բջիջներ չեն առաջանում, ապա նշանակում է, որ հիվանդությունը նահանջել է։ «Մենք ունենք վաղ շրջանում հայտնաբերված քաղցկեղով, վիրահատված կանայք, որ ավելի քան 10 տարի ապրում են։ Իսկ դա նշանակում է, որ նրանք պրակտիկորեն առողջ են։ Այդ է պատճառը, որ մենք բոլոր կանանց կոչ ենք անում տարին մեկ անգամ հետազոտվել բժշկի մոտ, համոզվելու համար, որ օրգանիզմում ոչ մի փոփոխություն չկա»,- նշում է Խաչանուշ Հակոբյանը՝ ցավով ավելացնելով, որ մեզ մոտ սեփական առողջության մասին հոգ տանելու կուլտուրա ձևավորված չէ։ Ինքներս արհեստական խոչընդոտներ ենք ստեղծում բժշկի չգնալու համար։ Ավելին, ընդամենը մի քանի հազար դրամ հատկացնելով՝ հիվանդությունը կանխարգելելն ավելի էժան է, քան քաղցկեղը վիրաբուժական և այլ մեթոդներով հեռացնելը։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում մամոգրաֆիկ մեկ հետազոտությունն արժե 11 հազար դրամ, ընդ որում, այս գումարը 1997-ից ի վեր չի փոխվել։ Խ. Հակոբյանը նշում է նաև, որ կենտրոնն անվճար հետազոտվելու հնարավորություն է տալիս հաշմանդամ կանանց, բազմազավակ մայրերին, անչափահաս երեխաներին, զոհված ազատամարտիկների ընտանիքների, երբեմն էլ նույնիսկ՝ անվճարունակ կանանց։
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրենի տեղեկացմամբ՝ վերջին տարիներին նկատվում է կրծքագեղձի քաղցկեղի երիտասարդացում։ Այսօր կենտրոնն ունի 18 տարեկան հիվանդ, որը տառապում է այս հիվանդությամբ։ Իսկ հիվանդության առաջացման պատճառները մի քանիսն են։ Նախ՝ ժառանգականությունը, որի դեմ որևէ բան անել անկարող ենք։ Երկրորդ գործոնը սթրեսներն են (բոլորս էլ այս կամ այն չափով ենթակա ենք սթրեսների), ապա՝ սխալ կենսակերպը։ Առողջությանը մեծ վնաս են պատճառում ծխելը, ալկոհոլի չարաշահումը, նստակյացությունը. «Պետք է ճիշտ ապրելակերպ ընտրել։ Խոսքը նաև կանանց՝ ժամանակին ամուսնանալու, ժամանակին ծննդաբերելու մասին է։ Շատ մեծ նշանակություն ունի կրծքով կերակրելը։ Բայց չպետք է մոռանալ, որ երեխային չափից երկար կրծքով կերակրելն էլ է վնասակար։ Մեկ տարի կերակրելուց հետո մայրական կաթը կորցնում է իր որակական հատկանիշները և օգտակարությունը»։
Խ. Հակոբյանի հավաստմամբ՝ կենտրոն հաճախող կանանց 95 տոկոսը շատ բորբոքված ու գրգռված է, քանի որ ունի վախի և անորոշության զգացում սեփական առողջության նկատմամբ, և իրենք ամեն ինչ անում են, որ այս դռներից մուտք գործող յուրաքանչյուր կին հոգեբանորեն չճնշվի։ Հատուկ աշխատանք է տարվում նաև հիվանդի հարազատների հետ։ Նա նաև նշում է, որ յուրաքանչյուր հիվանդություն, նույնիսկ քաղցկեղը, մարդ կարող է հաղթահարել, եթե լավատես լինի և չկորցնի ապաքինման հույսը։
Խ. Հակոբյանը շատ ծանր է բնութագրում վիճակը մարզերում։ Կենցաղային պայմանները, սոցիալական վիճակը, գյուղի կնոջ հոգսերը թույլ չեն տալիս, որ նա գա մայրաքաղաք և զբաղվի սեփական առողջության հարցերով։ Այդ է պատճառը, որ կենտրոնում որոշել են ընդառաջ գնալ գյուղի կանանց, և ամեն ուրբաթ կենտրոնի մասնագետներն այցելում են մարզային բնակավայրեր՝ անվճար հետազոտություններ կատարելով այնտեղ։ «Ցավոք, այդ հետազոտությունները տխուր պատկեր են վեր հանում։ Այն կանայք, ում ամուսինները մեկնում են արտագնա աշխատանքի, ունենում են ոչ միայն կրծքագեղձի, այլև գինեկոլոգիական խնդիրներ, ամենատարբեր սեռավարակներ։ Այդ իսկ պատճառով մարզային այցելությունների ժամանակ բրիգադների կազմում ընդգրկվում են նաև գինեկոլոգներ, ովքեր արգանդի վզիկից քսուք են վերցնում և Երևանում հետազոտելուց ու հիվանդություն հայտնաբերելուց հետո նույն այդ կնոջն են ուղարկում ախտորոշումն ու բուժումը»,- նշում է Խ. Հակոբյանը։ Ասենք, որ նման հետազոտությունը հնարավորություն է տալիս արգանդի պարանոցի վրա ժամանակից շուտ հայտնաբերել քաղցկեղածին բջիջները։
Եվս մեկ առանձնահատկություն. եթե կինն ունի կրծքագեղձի պրոբլեմ, ապա, մասնագետների հավաստմամբ, նա ունի նաև գինեկոլոգիական խնդիրներ։ Նույնը վերաբերում է նաև բազեդովյան հիվանդությանը։ Վահանաձև գեղձի ֆունկցիաների փոփոխությունները բերում են հորմոնալ ֆոնի խախտման, իսկ նման դեպքերում անխուսափելի են կրծքի և արգանդի հիվանդությունները։
Ի դեպ, կրծքագեղձի քաղցկեղը բացառապես կանանց հիվանդություն չէ։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում գրանցվել է նաև կրծքի քաղցկեղ ունեցող 7 տղամարդ (4-ը մահացել է)։ Այժմ կենտրոնում հաշվառված է մոտ 100 երիտասարդ տղամարդ, ովքեր ունեն բարորակ գոյացություններ կրծքում՝ գինեկոմաստիաներ, որոնց առաջացման պատճառը հորմոնալ խախտումներն են։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 10860

Մեկնաբանություններ