«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ի՞նչ է սպասում Հայաստանին Լեռնային Ղարաբաղում պարտությունից հետո

Ի՞նչ է սպասում Հայաստանին Լեռնային Ղարաբաղում պարտությունից հետո
11.12.2020 | 12:46

Այս աշնանը Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի ժամանակ Ադրբեջանը ոչնչացրեց Հայաստանի ռազմական տեխնիկայի մեծ մասը: Այդ ջախջախիչ պարտությունն անկասկած Երևանին դաժան դաս է տվել, որ ժամանակակից ռազմական տեխնիկան արագ զարգանում է: Լիովին հավանական է, որ դա նշանակալից ազդեցություն կունենա զենքի ապագա գնումների վրա: Իսրայելից ու հատկապես Թուրքիայից գնված ժամանակակից ռազմական անօդաչուները Ադրբեջանի համար վճռորոշ էին: Նախագահ Իլհամ Ալիևը պարծենում էր, որ իր երկրի անօդաչուները ոչնչացրել են մեկ միլիարդ դոլարի հայկական ռազմական տեխնիկա: Հայերը վերջերս գնել էին ռուսական Су-30 կործանիչներ, որ ստեղծվել են օդում գերակայելու համար: Այդ ինքնաթիռներն ամենաառաջադեմն են Հայաստանի ՀՕՊ-ում, բայց կոնֆլիկի ժամանակ չօգտագործվեցին:

Բավարար վիճակում չէին Ռուսաստանից գնված ՀՕՊ համակարգերը: Այդ վաղեմի արտահանման տարբերակները ռեակտիվ ինքնաթիռների և ռմբակոծիչների դեմ պայքարի համար են, ոչ թե փոքր ու դանդաղ շարժվող անօդաչուների: Դա թույլ տվեց Ադրբեւանին գերակայել երկնքում ճակատի ամբողջ գծով և արդյունավետ գրոհել հայկական ցամաքային թիրախները: Ատլանտյան խորհրդի ավագ գիտաշխատող, ԱՄՆ նախկին դեսպան Ադրբեջանում ու Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան գտնում է, որ վերջին բախումները «ցույց տվեցին՝ ռուսական սպառազինությունը՝ զենիթահրթիռային С-300 համակարգերը կամ Т-72 տանկերը,՝ նույնիսկ ռեակտիվ զրահով, բոլորովին այլ դարից են, եթե դուք ունեք ժամանակակից իսրայելական ու թուրքական անօդաչուների համադրում»: «Եթե դուք ցանկանում եք գնել ժամանակակից ռազմի դաշտում անհրաժեշտ սպառազինություն և դուք Հայաստանն եք, ի վերջո կարող եք մտածել այդ տեսակի սպառազինության գնման մասին,-ասում է Բրայզան:-Սակայն դեռ հասկանալի չէ՝ որտեղի՞ց է Հայաստանը գնելու անօդաչուներ կամ ՀՕՊ համակարգեր, որ անհրաժեշտ են ադրբեջանականի նման գրոհներին հակադարձելու համար»: «Ադրբեջանի զենքի հիմնական մատակարար և նավթի ներկրող Իսրայելը հազիվ թե Երևանին ժամանակակից սպառազինություն կամ անօդաչուներ վաճառի: Անկասկած՝ չի վաճառի նաև Թուրքիան, որ հիմա կատաղի պաշտպանում է Ադրբեջանին և Հայաստանի հիմնական հակառակորդն է»: Բրայզան կասկածում է, որ ԱՄՆ-ը ևս Հայաստանին ժամանակակից սպառազինություն կվաճառի: Նրա կարծիքով՝ միակ ընդունելի տարբերակը Հայաստանի համար Ռուսաստանն է՝ ավանդական մատակարարը: Բայց Մոսկվան ևս կարող է Հայաստանին ժամանակակից սպառազինություն չվաճառել: «Բոլոր դեպքերում՝ Հայաստանը հիմա զենք գնելու փող չունի»՝ ասում է Բրայզան: Բացի այդ՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը հիմա «այլ հոգեվիճակում են», քան կոնֆլիկտից առաջ էր: Այն ժամանակ՝ երկիրը կարծում էր, որ «իր բանակն անպարտելի է, իսկ ադրբեջանցիները կռվել չեն կարողանում»: «Հիմա նրանք այնպիսի ազգային աղետ են ապրել, որ նրանց ամբողջ մտածողությունը կենտրոնացած է խոր ինքնավերլուծության և բարոյական ոգին վերականգնելու վրա,-գտնում է Բրայզան:-Նրանք հիմա բավականին շատ ներքաղաքական պրոբլեմներ ունեն, այդ թվում՝ կշարունակվի՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կարիերան, թե ոչ»: «Երբ նրանք բոլոր հարցերը լուծեն, անցնելով վշտի բոլոր փուլերով,այն ժամանակ, կարծում եմ՝ կկարողանան լրջորեն զբաղվել իրենց բանակի վերականգնումով»՝ գտնում է փորձագետը: Նույնիսկ երբ հայերը հասնեն այդ փուլին, նրանց պետք չի լինի վերականգնել իրենց ռազմական ներուժը այնպես, որ համապատասխանի կամ գերազանցի Ադրբեջանի ռազմական և տեխնոլոգիական հնարավորությունները: Քանի որ Բաքուն հազիվ թե պատրաստվում է հարձակվել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի վրա: «Բաքուն գիտի՝ եթե երբևէ հարձակվի Հայաստանի տարածքի վրա, կաշխատեն ՀԱՊԿ-ի ռազմական երաշխիքները: Դա նշանակում է, որ Ռուսաստանը ստիպված կլինի միջամտել,-բացատրում է Բրայզան:-Ուստի Հայաստանին պետք չէ համապատասխանել Ադրբեջանի ռազմական հնարավորություններին: Հայաստանը պետք է հասկանա՝ ինչպիսին է լինելու իր ազգային ռազմավարությունն ապագայում և ինչպես է ապրելու իր միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում, որ հայ ժողովուրդը իրեն անվտանգ զգա: Իսկ դրա համար, կարծում եմ, Հայաստանին պետք է բոլորովին այլ ռազմական հնարավորությունների հավաքածու»՝ գտնում է փորձագետը:
Պոլ Իդոն, Forbes (ԱՄՆ)


Հ.Գ. Մինչև Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակվելը և թրքուհի Զեյնո Բարանի հետ ամուսնանալը՝ Մեթյու Բրայզան հեռանկարային դիվանագետ էր, բայց նա նախընտրեց անձնական-բիզնես կյանքը և ժամանակ առ ժամանակ մամուլին փորձագիտական տեսակետներ է ներկայացնում, որոնց հետևից լավ երևում են պատվիրատուի ականջները:
Հայաստանը պետք է 5–րդ սերնդի պատերազմների ռազմավարությանը հարիր սպառազինություն ձեռքբերի, ու դա քննարկման թեմա չէ, հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված վիճակը և ազգային անվտանգության խնդիրները: Բրայզան չի կարող չիմանալ, որ Ադրբեջանում գործում էին ոչ միայն իսրայելական ու թուրքական դրոնները, այլև նրանք ուղղորդվում էին ՆԱՏՕ-ի տիեզերական տեխնոլոգիաներով, իսկ դա բոլորովին այլ պատմություն ու պատերազմի այլ մակարդակ է: Իրոք, Ռուսաստանը Հայաստանին վաճառել է իր հին համարվող տեխնոլոգիաները, որոնք այս պատերազմի համար չէին: Բայց Բրայզային չէր կարող հայտնի չլինել, որ Իսրայելը Հայաստանին ևս առաջարկել էր զենք գնել, պարզապես Հայաստանին համար այդ զենքը համարվեց «թանկ»: Հայաստանը, իհարկե, զենք չի գնի Թուրքիայից և Թուրքիան էլ Հայաստանին զենք չի վաճառի, բայց ժամանակակից սպառազինության շուկայում միայն Ռուսաստանը, Իսրայելը ու Թուրքիան չեն: Եվ ով-ով՝ Բրայզան պետք է իմանար, որ ԱՄՆ-ը Հայաստանին անհրաժեշտության դեպքում պատրաստ է զենք վաճառել, պարզապես Հայաստանն է միշտ հրաժարվել ամերիկյան զենքից, որ հնարավոր չէր համադրել ՀԱՊԿ-ի սպառազինության հետ՝ ըստ պաշտոնական հիմնավորման: Բայց ՀԱՊԿ-ի զենքը հասցրեց իրոք ջախջախիչ պարտության, իսկ երկրի անվտանգության ապահովման հարցի լուծումը զենքի գնման դիվերսիֆիկացման մեջ է:


Դեռ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում զորահանդեսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղում «արդարության հաղթանակի» և ակնարկել պատերազմի հնարավոր շարունակության մասին՝ ընդհուպ մինչև Հայաստանի տարածքի զավթումը:՝ գրում է Московский Комсомолец-ը: Ալիևը նշել է, որ դեռևս անցյալ դարի 80-ականներին հարյուր հազարավոր ադրբեջանցիներ «վտարվել են իրենց հայրենի հողերից»: «Զանգեզուրը, Գոյչան (Սևան), Իրևանը (Երևանը) մեր պատմական հողերն են», -հայտարարել է Ալիևը: 90-ականների իրադարձություններն ու Լեռնային Ղարաբաղի անկախությունն Ալիևն անվանել է «շրջափակում»: ԼՂ մի մասի վերադարձը նա որակել է «տարածքային ամբողջականության վերականգնում»: Ալիևն ակնարկել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակն իրեն լիովին ձեռնտու չէ: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ինքը բազմիցս ասել էր, որ եթե Հայաստանը «չվերադարձնի իրենց հողերը, այդ հարցը կլուծեն ռազմական ճանապարհով»: Երեկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ուղիներ փնտրեն տարածաշրջանում խոր հակասություններն ու տարակարծություններն իրենց շահերին համապատասխանեցնելու համար: «Ադրբեջանցիների և հայերի համակեցության պատմական դրական փորձ կա ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածքում: Այժմ Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ դադարեցվել է արյունահեղությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել փախստականների, ներքին տեղահանված անձանց վերադարձի և տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ»,- ասել է Զախարովան: Նա հիշեցրել է, որ արդեն ստեղծվել է մարդասիրական արձագանքման կենտրոն, որը նախատեսված է Ադրբեջանին, Հայաստանին օգնություն տրամադրելու, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, բնակչության բնականոն կյանքի պայմանների ստեղծման համար: Ըստ նրա, դա իրական նախադրյալներ է ստեղծում ժողովուրդների միջև երկխոսություն հաստատելու համար, և այդ երկխոսությունը տարաձայնությունները հաղթահարելու միակ հնարավոր տարբերակն է: Զախարովան նշել է, որ կողմերը պետք է մասնակցեն տարածաշրջանում առևտրի, տրանսպորտի և էներգետիկ հնարավորությունների փոխշահավետ տարբեր տարբերակների իրականացմանը:


«Օրակարգը պետք է ներառի գործարարների, գիտնականների, առհասարակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև կապերի ստեղծում և համախմբում: Փոխգործակցության հնարավոր տարբերակներից մեկը լրագրողների փոխայցելություններն են, մանավանդ, որ արդեն նման փորձ կա»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Նրա խոսքով, սա ճիշտ քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Այնուամենայնիվ, ըստ Զախարովայի, այս ամենը հնարավոր կլինի պետությունների ղեկավարների քաղաքական կամքի դրսևորման դեպքում: «Քաղաքական հայտարարությունները չպետք է խափանեն ձեռք բերված արդյունքը՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը: Քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն սկսված կարգավորման գործընթացին»՝ բրիֆինգում հայտարարել է Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվի ռազմական շքերթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանը, Սևանը և Զանգեզուրը ադրբեջանական տարածքներ անվանելու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքը, թե այս օրը «Էնվեր փաշայի, Նուրի փաշայի և Կովկասի իսլամական բանակի զինվորների հոգու լուսավորման օրն է»:


Բայց նույնիսկ նա մեկնաբանություն չունի՝ ինչու՞ ՌԴ ռազմավարական դաշնակից Ադրբեջանը չի համաձայնում վերադարձնել հայ ռազմագերիներին, թույլ չի տալիս դիերը հավաքել իր օկուպացրած տարածքներից: Փոխարենը Ռուսաստանում բոլորը խոսում են ինչ-որ բարեկամության մասին, որը հավասարեցված է համակարգչային կոճակ սեղմելուն: Իսկ Լավրովը տրտնջում է, որ Արևմուտքը մեղադրում է Ռուսաստանին Թուրքիայի հետ Ղարաբաղը կիսելու մեջ:

«Արևմուտքը պատրաստ է բազմաթիվ պատճառներ ներկայացնել՝ Ռուսաստանին հերթական անգամ մեղադրելու այլ պետությունների գործերին միջամտության» համար»՝ RT հեռուստատեսությանը հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ նշելով, որ Մոսկվան մեղադրվում է Բելառուսում և Լեռնային Ղարաբաղում միջամտելու համար: «Իբր, մենք միջամտել ենք Լեռնային Ղարաբաղում՝ բացառապես Արևմուտքի դեմ այնտեղ մեր աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու համար, իբր մենք պայմանավորվել ենք Թուրքիայի հետ այս տարածաշրջանի բաժանման մասին, միայն թե Արևմուտքն այնտեղ չուժեղացնի իր դիրքերը: Սա այն վերլուծաբանների տրամաբանությունն ու հոգեբանությունն է, ովքեր այժմ գերակշռում են Եվրոպայում և ԱՄՆ-ում, հատկապես՝ Բրիտանական կղզիներում», - բողոքել է նա: Ով ինչից՝ Լավրովը միշտ բողոքում է Արևմուտքից: Բայց չի լսում իրեն ուղղված բողոքները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12531

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ