Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ՎԱՏ ՍՈՎՈՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

ՎԱՏ ՍՈՎՈՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
07.12.2010 | 00:00

Հայաստանի Հանրապետությունն աշխարհում զբաղեցնում է առաջատար դիրքեր ծխողների քանակով, մեկ շնչին ընկնող ծխախոտի սպառման ծավալներով և բոլոր այն հիվանդություններով, որոնք առնչվում են ծխելուն: Ծխելուց մահացության դեպքերը մեր երկրում նույնպես անթույլատրելի շատ են: Վերջին շրջանում խոսակցությունները ծխախոտի թանկացման շուրջ, իբրև ծխելու դեմ պայքարի միջոցի, տարակուսանքի տեղիք են տալիս, թեև ծխելու դեմ պայքարի միտումն ինքնին գովելի է: Եթե հասարակության մի մասի համար ծխելն ընկալվում է իբրև «վատ սովորություն», ապա շատերի համար անհրաժեշտություն է: Ավելի ստույգ` կախվածություն:
Հոգեբան ՄԵԼԻՆԵ ԽՈՒԳԵՅԱՆԸ հստակեցնում է. «Ծխելը սովորություն է, որն աստիճանաբար վերածվում է օրգանիզմի պահանջի` կախվածության»: Ըստ հոգեբանի` ծխողների մոտ ավելի մեծ է ֆիզիոլոգիական կախվածությունը. ծխելու ընթացքում օրգանիզմը բազմաթիվ թույներ է ստանում, այսինքն, ենթարկվում է ինքնաթունավորման: «Ծխում են իբր վատ տրամադրությունից, լարվածությունից դուրս գալու համար: Թվում է, ծխելուց հետո հանգստություն են ձեռք բերում, իրականում լայնանում են արյան անոթները: Մի քանի վայրկյան հետո անոթները նեղանում են: Այսինքն, ծխախոտի մեկ գլանակն օգնում է մի քանի վայրկյան, այն էլ` թվացյալ»:
Ինչ վերաբերում է հոգեբանական կախվածությանը, Մելինե Խուգեյանը նկատում է, որ ծխել հիմնականում սկսում են դեռահասության շրջանում, ինքնահաստատման նպատակով, սկզբում թաքնվելով դպրոցների զուգարաններում և այլուր: «Ինքնահաստատումն արտահայտվում է նրանով, որ դեռահասը սկսում է իրեն մեծ զգալ, նմանվել շրջապատի «լավ», իրականում «վատ» տղաներին»: «Այն ժամանակ, երբ մեզ մոտ ծխախոտն այդպես լայն տարածում գտավ, Արևմուտքում սկսում էին թողնել ծխելը: Հիմա արդեն եվրոպական, զարգացած երկրներում ժամանակակից է նա, ով չի ծխում: Դեռ մի բան էլ, ծխողներին են ծուռ աչքով նայում: Ծխելու դեմ պայքարի միտումն ուշացումով սկսում է գալ նաև Հայաստան: ՈՒ քանի որ մենք մեր կանոնները չունեցող երկիր ենք, սովորաբար ոչ թե թելադրում ենք, այլ կատարում: Թեկուզ ուշացումով, հետևում ենք Արևմուտքին: Նայած երբ, ոնց է մոդայիկ»: Ծխախոտի թանկացումը, իբրև ծխելու դեմ պայքարի միջոց, հոգեբանի կարծիքով, այնքան էլ համոզիչ չէ: «Անգլիայում ծխախոտի մեկ տուփն արժե հայկական դրամի փոխարժեքով 3000 դրամ,- ասում է նա:- Տարբերությունն ակնհայտ է, երբ մեզ մոտ ծխախոտի գները սկսվում են 100-200 դրամից: Բայց իմ դիտարկումով, նրանք, ովքեր ծխում են, գնալով Անգլիա, շարունակում են ծխել: Արգելքը, պարտադրանքը ոչ մի բանի դեմ չեն կարող պայքարել, ընդհակառակը, ավելի են մեծացնում ունենալու ձգտումը: Արգելված պտուղի պես»: Իսկ ո՞րն է միջոցը: «Մեկ միջոց եմ տեսնում` սեփական որոշումը»,- ասում է նա:
Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային համաձայնագիրը հերքում է գոյություն ունեցող այն կարծիքը, թե ծխելն ընդամենը «վատ սովորություն» է: Համաձայնագրում ասվում է. «Սիգարետները և ծխախոտի այլ արտադրատեսակները համարվում են բարձր տեխնոլոգիական արտադրանքներ` մշակված այնպես, որ հնարավոր լինի ծնել կախվածություն և շարունակաբար խթանել այն, իսկ դրանցում պարունակվող բազմաթիվ բաղադրամասերն ու դրանցից արտանետվող ծուխը դեղաբանորեն ակտիվ, թունավոր, մուտագեն և քաղցկեղածին են»:
Երկրագնդի վրա ծխողների թիվը հասնում է 1,1 միլիարդի: Հայաստանում ծխում է տղամարդկանց 59,6 և կանանց` 2,1 տոկոսը: Ծխախոտը սպանում է ամեն տասներորդին աշխարհում: Հարկ է նշել, որ ծխելու պատճառով առաջացած հիվանդությունների մահացու ելքը չի շրջանցում նաև պասիվ ծխողներին: 2004-2010 թվականներին հավաքված տվյալների համաձայն` պասիվ ծխելու պատճառով աշխարհում տարեկան 600 հազար մարդ է մահանում, որոնց մեկ երրորդը` երեխան:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2141

Մեկնաբանություններ