Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՆ ՈՒ ՎԱՆՔԵՐԸ

ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՆ ՈՒ ՎԱՆՔԵՐԸ
26.10.2010 | 00:00

Զբոսաշրջիկների շրջանում մեծ ճանաչում է վայելում Սևանա լճի թերակղզում գտնվող Սևանավանքը, որը տեսարժան վայրերից 7-րդն է: Ամեն ամառ թերակղզին լի է հայազգի և օտարերկրյա հյուրերով և այցելուներով:
Գրեթե ամեն տարի ամռանը ԱՄՆ-ից Հայաստան Է գալիս Գաբրիելյանների ընտանիքը, որը մեծ անհամբերությամբ պատրաստվում է Սևան ուղևորվելուն` «ըմբոշխնելու նրա գեղատեսիլ բնությունն ու սառնորակ օդը»:
«Շուրջ 22 տարի է` ԱՄՆ-ում ենք բնակվում, և գրեթե ամեն տարի ամռանը գալիս ենք Հայաստան` հանգստանալու, կարոտներս առնելու։ Աշխատում ենք ողջ ընտանիքով (սեփական կարի ֆաբրիկա ունենք) և ձմեռվանից արդեն պատրաստվում ենք հայրենիք գալուն: Հասնելով այստեղ` առաջին գործը կապուտակ Սևան «թռչելն է», տաք ավազներին պառկելը, այնուհետև կղզի բարձրանալն ու զարմանահրաշ Սևանավանքում մոմ վառելը: Կհավատաք, թե ոչ, բայց առաջին մոմը, որպես սովորություն, ամբողջ հայության համար եմ վառում, մեր ազգի խաղաղության համար, հետո նոր մնացյալի…»,- հուզմունքը հազիվ զսպելով խոստովանում է երբեմնի հայաստանաբնակ, 64-ամյա Գառնիկ Գաբրիելյանը, որի ընտանիքի հետ պատահաբար ծանոթացա Սևանա կղզում: Վերջինս Հայաստան էր ժամանել կնոջ, որդու և աղջկա հետ: Իմ այն պարզ հարցին, թե` «այդքան հայրենասեր լինելով, ինչպե՞ս է, որ հեռացել եք հայրենիքից և բնակություն հաստատել օտար երկրում», նա պատասխանեց. «ՈՒրիշ ճար չունեինք, նախ` երկրի վիճակը վատացավ, մեր բոլոր հարազատները ԱՄՆ տեղափոխվեցին… Դե, հետագայում մենք ևս մեկնեցինք։ Գոնե լավ է` այստեղի տունը չվաճառեցինք։ Դիմանում ենք մի կերպ, այսպիսի խոսք կա` «Որտեղ հաց, էնտեղ կաց», այդպես էլ անում ենք, վաստակում ենք այնքան, որքան հարկավոր է մարդավայել ապրելու համար, բայց, անկախ ամեն ինչից, Հայաստանն ուրիշ բան է մեզ` սփյուռքահայերիս համար, բառերով չեմ կարող զգացածս բացատրել։ Եթե մի տարի չգանք (հատկապես ես), կարոտից կհալչենք»:
Հայաստան այցելող զբոսաշրջիկներին, ինչպես պարզվում է, ավելի շատ հետաքրքրում են եկեղեցիներն ու վանքերը` Խոր վիրապը, Էջմիածինը, Գառնի-Գեղարդը, Տաթևի վանքը, Հաղպատը, Նորավանքը և այլն:
«Ես առաջին անգամ եմ այստեղ ու թեև լավ տեղեկացված չեմ վանքի պատմությանը, բայց այս սրբատեղին, որը յուրահատուկ գեղեցկություն ունի, մի տեսակ ակնածանքով է լցնում հոգիս, և ոչ միայն իմ, դա կարող են հաստատել նաև ընկերներս, որոնք քիչ առաջ ասացին, որ դրական հույզեր ու լիցքեր են ստացել այստեղ»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ 26-ամյա Վահրամը, որն ընկերների հետ Գերմանիայից էր ժամանել:
Հայաստանը թեև վերջիններիս հիշողություններում մնացել է որպես հարուստ բուսականությամբ և կենդանական աշխարհով երկիր, բայց այն, կարծես, այնքան էլ չի գրավում այցելուներին (պատճառը, թերևս այն է, որ առաջվա բնությունից ոչինչ չի մնացել): Նրանցից ոչ բոլորն են տեղեկացված Հայաստանի դարավոր պատմությանը, նրա պատմամշակութային արժեքներին։ Շատերը նույնիսկ հայերեն գրել-կարդալ չգիտեն (ցավով նշենք, որ այդ խնդիրն առկա է նաև հայաստանաբնակների շրջանում): Իսկ սփյուռքահայերը չեն ժխտում, որ, տարիների ընթացքում, «ինչ էլ գիտեին, մոռացել են»: Նրանցից շատերն այժմ էլ սիրով պատրաստ են ծանոթանալու սեփական երկրի հարուստ պատմությանն ու մշակույթին: Թեև պետք է փաստել, որ մեր պատմությունից քիչ բան է կանգուն մնացել, անցյալից հիմնականում պահպանվել են եկեղեցիներն ու վանքերը
Եվ այսպես։
ՍԵՎԱՆԱՎԱՆՔ
Սևանի վանքը կամ Սևանավանքը, որը հայտնի է նաև Մարիամաշեն անունով, 305 թվականին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը: Պեղումների արդյունքում պարզվել է, որ այդ վայրը բնակեցված է եղել դեռևս նոր քարի և բրոնզի դարերում: Այստեղ, դարեր առաջ, հեթանոսական ժամանակաշրջանում, մեր նախնիները մեհյան են կառուցել, իսկ հետագայում` եկեղեցի:
Խորհրդային տարիներին վանքը չի գործել: Համալիրը մեծապես վնասվել է 1936 թվականի ավերիչ երկրաշարժից:
Բազմաթիվ ավերածություններից տուժած վանական համալիրն այսօր ունի ճեմարան, որտեղ 4 տարի սովորելուց հետո շրջանավարտները հնարավորություն ունեն իրենց ուսումը շարունակելու Գևորգյան ճեմարանում: ՈՒսանողների մի մասն օտարերկրացի է` Բելգիայից, Գերմանիայից, Իրաքից, Ռուսաստանից և այլ երկրներից:
Սևանա թերակղզին լճին յուրահատուկ հմայք ու շքեղություն տվող սրբատեղի և ուխտատեղի չէ միայն, այն նաև զբոսաշրջության ու հանգստի հիասքանչ վայր է:
Կղզին ունի ինչպես բնական, այնպես էլ ձեռակերտ խորհրդանիշներ: Սևանա վանքը, իր գեղաքանդակ խաչքարերից բացի, ունի մշտական «բնակիչներ», ովքեր այցելուների աչքի առաջ ստեղծագործում ու արարում են: Նրանք ինչպես հինավուրց խաչքարեր, կղզու անբաժանելի մասն են: Նրանցից մեկը խաչքարանկարիչ Երվանդն է, որը ջրաներկով վարպետորեն այնպիսի հրաշք խաչքարեր է նկարում, որ, թվում է, եկեղեցու պատերի տակ դրված իսկական խաչքարեր են: Երվանդը միակը չէ. թերակղզում ստեղծագործում են երիտասարդ ուրիշ նկարիչներ ևս, որոնց բնանկարները նույնպես արժանի են ուշադրության:
Վանք տանող քարե աստիճաններով բարձրանալիս այցելուների ուշադրությունը սևեռվում է մի երգող մարդու վրա, որն ասես ողջ կյանքն այդտեղ է անցկացրել և, ինչպես խաչքար, հավերժ կանգնած է խաչքարերի կողքին ու երգում է: Նա 82-ամյա Ստյոպան է, որը սազը ձեռքին երգում ու ասմունքում է, կատակում անցորդների հետ ու պատմում կղզում անցկացրած իր հետաքրքիր ու զարմանալի օրերից: Դրա հետ մեկտեղ այդ բարի ու մեծահոգի ծերունին չի զլանում մարդկանց բարի խորհուրդներ տալ: Նա իր գլխավոր պարտքն է համարում յուրաքանչյուր այցելուի հիշեցնել, որ Սևանով, որը ողջ հայության հպարտությունն է, զմայլվելու հետ մեկտեղ, հարկավոր է նաև մաքուր պահել այն, չաղտոտել տեղանքը, որն այնքան բավականություն է պատճառում մեզ։ «Սիրելի հայրենակիցներ,- հորդորում ու խնդրում է նա,- սրբությամբ ու սրտի դողով պահպանեք այն ամենը, ինչը բնությունը շռայլորեն տվել, իսկ մեր պապերը փոխանցել են մեզ, որ մենք էլ պահպանենք ու արժանի դառնանք մեր սերունդներին ու աշխարհին»:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2000

Մեկնաբանություններ