Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Պուտին-Զելենսկի» արյունոտ տրագիկոմեդիան

«Պուտին-Զելենսկի» արյունոտ տրագիկոմեդիան
30.01.2024 | 15:51

ՈՒկրաինայում պատերազմը շարունակվում է: Ռազմական գործողությունների աշխարհագրությունը չի ընդլայնվում, բայց երկուստեք զոհերի թվաքանակը պրոգրեսիվ աճում է:

Հնարավոր խաղաղությունից խոսելիս՝

Պուտինը ֆիքսում է, որ «անհնար է հաղթել Ռուսաստանին» և որ «խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ Ռուսաստանը հասնի «Հատուկ ռազմական գործողության» նպատակների իրականացմանը. այն է՝ ՈՒկրաինայի ապառազմականացումն ու չեզոք կարգավիճակը»։

Իսկ «ՈՒկրաինան հրաժարվեց Ռուսաստանի հետ բանակցել, հիմարներ, ամեն ինչ վաղուց ավարտված կլիներ» արտահայտությունը խոսում է այն մասին, որ խաղաղության հաստատման «գնացքը գնացել է», և որ մոտ ժամանակներս դրա մասին անգամ խոսելն անիրատեսական է:

Հետևաբար, անորոշ ժամանակահատվածով անհավանական է թե՛ բանակցությունների անցկացումը և թե՛, առավել ևս, պատերազմի դադարեցումը:

Մանավանդ, երբ ՈՒկրաինայի տարածքից արձակված հրթիռից Բելգորոդում կործանվեց ռուսական ԻԼ-76 ռազմական ինքնաթիռը, որի արդյունքում փոխանակման նպատակով տեղափոխվող ՈՒկրաինայի ԶՈՒ 65 գերեվարված զինծառայող և օդանավի անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող զոհվեցին:

Իր հերթին ՈՒկրաինայի ԱԳ նախարարը բարձրաձայնում է, որ «իրավիճակը շատ լուրջ է, նույնիսկ ավելի լուրջ, քան գրեթե երկու տարի առաջ՝ ռուսական ներխուժման ժամանակ», որ «ռազմաճակատում իրավիճակը շարունակում է ծանր մնալ՝ զինամթերքի ու զինվորականների պակասի պատճառով»:

Դե իսկ՝ «կրակի վրա յուղ լցնող», «կուտ տվող» կամ պարզապես քամի անող ու «հույս բաժանող» ՆԱՏՕ-ի նախկին և գործող գլխավոր քարտուղարներն էլ կասեն, թե՝ «Ռուսաստանն ու ռուսներն ավելի մեծ մեկուսացման մեջ են, այդ թվում՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում», որ «եթե Պուտինը հաղթի այս պատերազմում, ապա մենք բոլորս պարտվելու ենք», որ «բոլորս ՈՒկրաինայի ժողովրդի կողքին ենք», որ «պատերազմից հետո ՈՒկրաինան կդառնա ալյանսի անդամ» և նման մի շարք սրտաճմլիկ ու լալահառաչ կոչեր ու հայտարարություններ:

Նման պատրանքներից ու պաթոսալացից հետ չի մնում նախագահ Զելենսկին, որը լիրիկական զեղումներով ու «տատական նավսով» պետք է անիծի Պուտինին, ասելով, որ նա «չպետք է իրեն հանգիստ զգա ոչ այս, ոչ էլ մյուս կյանքում» և որ «այրվելու է դժոխքի կրակներում»:

Ինչևէ, բարդ դեպք է և բարդ ժամանակներ են:

Ինչպես ռուսական ասացվածքն է ասում՝ «Каждый сходит с ума по-своему»!

Ցավալին այն է, որ այսքան մարդկային ու տարածքային կորուստներից, անդառնալի հետևանքներից և ապագայում ավելի ծանր ու անելանելի իրավիճակներից հետո անգամ Զելենսկին առ այսօր չի հասկացել, որ իրեն ու իր երկիրն օգտագործում են ու հա «գցում»:

Որ նա Արևմուտքի համար պարզապես հակառուսական «գործիք» է, իսկ իր երկիրը՝ «հաշիվներ մաքրելու» պլացդարմ ու ֆորպոստ:

Որ չպետք է գայթակղվել Հավաքական Արևմուտքի գեղեցիկ փաթեթավորված, բայց իրականում շատ վտանգավոր առաջարկներից, քաջալերանքներից, ռազմական աջակցությունից:

Որ պետք է «քարը փեշից թափել» ու օր առաջ բանակցել ՌԴ-ի հետ, քանի որ պատերազմը տանուլ է տվել, իսկ պետությունն օրեցօր վերածվում է փլատակների:

Առավել ևս, որ այսօրվա դրությամբ ունի խիստ սահմանափակ սպառազինություն ու մոբիլիզացիայի խնդիր:

Էլ չեմ խոսում այն մասին, որ՝

* շուրջ 10 միլիոն ուկրաինացի դարձել է փախստական, որից 2,5 միլիոնը չի կարող վերադառնալ տուն,

* վերջին տեղեկատվության համաձայն՝ պատերազմի պատճառով ուկրաինական տնտեսության ուղղակի կորուստներն արդեն հասնում են շուրջ 113,5 մլրդ դոլարի,

* այս պահին մշակվում և վերլուծվում են արբանյակների օգնությամբ հավաքված ՈՒկրաինայի ենթակառուցվածքի ավերածությունների և վնասվածքների լուսանկարները, որպեսզի արձանագրեն հասցված վնասի չափը,

* տնտեսական ու էներգետիկ ճգնաժամը սպառնում է ՈՒկրաինայի պետականությանը:

Փաստ է՝ անկախ ՌԴ-ի հանդեպ մեր ունեցած օբյեկտիվ ու սուբյեկտիվ, նեգատիվ, թե պոզիտիվ վերաբերմունքից ու վերապահումներից, ռեալ պոլիտիկն արձանագրում է, որ նրա այդքան կանխագուշակված ու կանխորոշված պարտությունն այդպես էլ տեղի չի ունենում:

Պատերազմն ընթանում է ոչ իր սուվերեն տարածքում, չունի և ոչ մի միլիմետր կորսված տարածք, ընդհակառակը՝ ինքն է գրավել 130 հազար քմ-ից ավելի տարածք, որի վերադարձը գրեթե անհնար է դարձել, առավել ևս, որ ՈՒկրաինան արդեն որերորդ լայնամասշտաբ հակահարձակումն է ձախողում:

Դե իսկ ՌԴ-ն՝ որպես զինամթերք արտադրող պետություն, իր սպառազինության կորուստները վերականգնելու ու արսենալը թարմացնելու խնդիր չունի:

Իսկ մարդկային կորուստնե՞րը՝ «դե հիմա», նրանց ոգիներն են անմահ:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ պատերազմի արդյունքում, այս պահի դրությամբ, խաղաղ բնակիչների շրջանում կա ավելի քան 10 300 զոհ,

20 000-ից ավելի վիրավոր, իսկ նահատակված զինվորականների թիվը գերազանցում է 500 000-ը:

Ի՞նչ է սա, եթե ոչ՝ ողբերգություն:

Մանավանդ, երբ կռվում (կռվեցվում) ու զոհվում են նույն արյունակցական կապով, երկու եղբայրական ժողովուրդներ:

Դեռ ինչքա՞ն պետք է արյուն թափվի, որ երկու կողմերը հագենան ու բավարարվեն և, ի վերջո, կանգ առնեն:

Փաստ է՝ երկուստեք արկածախնդրությունը, պատեհապաշտությունն ու ամբիցիաները, թշնամանքի, քինախնդրության ու անտագոնիզմի հետ միասին սահմաններ չունեն:

Հետևաբար, սպանդն ու ավերածություններն անժամկետ կշարունակվեն:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 5211

Մեկնաբանություններ