Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Հաղթելու ենք»-ի ուկրաինական սինդրոմն ու ֆիասկոն

«Հաղթելու ենք»-ի  ուկրաինական սինդրոմն ու ֆիասկոն
11.12.2023 | 21:30

ՈՒկրաինիայում պատերազմը շարունակվում է, բայց խիստ հավանական է, որ շուտով այն կավարտվի:

Կավարտվի, որովհետև հավաքական Արևմուտքը և մասնավորապես ԱՄՆ-ն այլևս չունեն սպառազինություն նրան տրամադրելու, ՈՒկրաինան էլ իր զինանոցը վաղուց սպառել է:

«Եթե ԱՄՆ-ի օգնությունը չշարունակվի, մեծ ռիսկ կա, որ մենք կպարտվենք»,- ասում է ՈՒկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը:

«ՈՒկրաինայի վիճակը ծանր է․ ԱՄՆ-ի կողմից հատկացվող միջոցներն արդեն սպառվել են»,- կհաստատի ԱՄՆ Պետդեպը:

Դե իսկ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ կտեղեկացնի, որ «ՈՒկրաինայի զինված ուժերը հակահարձակման վեց ամսվա ընթացքում կորցրել են ավելի քան 125 հազար մարդ և 16 հազար միավոր զենք։ Արևմտյան զենքի մատակարարումները և մոբիլիզացիան միայն ավելացնում են ուկրաինական ստորաբաժանումների կորուստները»:

Եվ այս տխուր ու անելանելի իրավիճակում, այսքան արհավիրքներից հետո նոր կհնչեն այնպիսի կարծիքներ, ափսոսանքի խոսքեր, խրատականներ ու խորհուրդներ ինչպիսիք են՝ «Եթե մենք խաղաղության պայմանագիր ստորագրեինք Ստամբուլում, ապա հիմա 300-400 հազար ուկրաինացի ողջ կլիներ»:

ՈՒկրաինայի նախագահի գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչ. «Չենք կարող հավերժ էյֆորիայի մեջ ստել մեր ժողովրդին. իրավիճակն իրոք փակուղային է…

Զելենսկին կվճարի իր սխալների համար»:

Կիևի քաղաքապետ՝ Վիտալի Կլիչկո:

Ամերիկյան հայտնի «The Wall Street Journal»-ը կոչ է անում ընդունել իրականությունը.

Պարբերականի ներկայացրած հոդվածում, մասնավորապես ասվում է․

«Ժամանակն է վերջ տալ Ռուսաստանի պարտության մասին երազային մտքերին, քանզի ռազմաճակատում որևէ նշան չկա, որ Ռուսաստանը պարտվում է,

Ռուսաստանի տնտեսությունը պատժամիջոցների կիրառման պատճառով այդպես էլ չոչնչացավ, ընդհակառակը՝ սկսում է դանդաղ, բայց աճ գրանցել,

ռուսական սպառազինության կրիզիս տեղի չունեցավ, դիցուք, Ռուսաստանի ռազմական գործարանները մեծացնում են արտադրության ծավալները,

Չինաստանը, Հնդկաստանը և Իրանը (մի շարք այլ երկրներ ևս) օգնում են ռուսական տնտեսությանը, ժողովրդի աջակցությունն էլ Պուտինին՝ մնում է ամուր և կայուն:

Մեկ այլ հայտնի ամերիկյան պարբերական «The Economist»-ն էլ իր՝ «Պուտինը հաղթու՞մ է» հոդվածում էլ կակնարկվի, որ «2022 թվականի փետրվարի 24-ից՝ ՈՒկրաինա ներխուժումից հետո, առաջին անգամ Պուտինը, կարծես թե, հաղթում է պատերազմում։ Ռուսաստանի նախագահն իր երկիրը դրել է պատերազմի ռելսերի վրա և ամրապնդել է իշխանությունը: Նա խարխլում է Արևմուտքի այն համոզմունքը, որ ՈՒկրաինան կարող է պատերազմից դուրս գալ որպես ծաղկող եվրոպական ժողովրդավարություն»:

Կարծում եմ` հասկանալի է, որ սա իհարկե ոչ պաշտոնապես արտահայտում է Միացյալ Նահանգների դիրքորոշումը:

Եվ այն պաշտոնապես ասելը ուղիղ կրակոց է իր իսկ ստեղծած համաշխարհային հեգեմոնի ստասուսի վրա:

Ընդունել, որ սա նաև իր ձախողումն է ու պարտությունը՝ անընդունելի է ԱՄՆ-ի պես պետության համար:

Մանավանդ, երբ Նահանգները (իհարկե ոչ ուղիղ մասնակցությամբ, այլ ՈՒկրաինայի «դեմքով», վերջինիս գործիք սարքելով, տարածքն էլ՝ ռազմական գործողությունների հարթակ) իրենց ֆինանսական ու ռազմական օգնությամբ ու օժանդակությամբ փաստացի պատերազմի կողմ էր հանդիսանում:

ՈՒ չնայած Բայդենի կոչերին, որն իրականում իր դեմքն է ուզում փրկել՝ ԱՄՆ Սենատը արգելափակեց ՈՒկրաինային 106 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու խնդրանքը:

Դրա հետևանքն էլ այն է, որ ՈՒկրաինան, ըստ էության, մենակ ու անպաշտպան է մնում Ռուսաստանի դեմ պատերազմում՝ այդկերպ գրանցելով կատարյալ ֆիասկո:

Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Կիևը ստիպված է լինելու շատ ավելի վատ պայմաններով համաձայնության գալ Մոսկվայի հետ, քան հնարավոր էր 2022-ի գարնանը, երբ Զելենսկին՝ Արևմուտքի հորդորով հրաժարվեց համաձայնության գալ Ռուսաստանի բանագնացների հետ:

Իսկ թե հիմա, Սպիտակ տանը Զելենսկին որքան ջանք ու եռանդ կթափի, որպեսզի համոզի ԱՄՆ Կոնգրեսականներին ռազմական աջակցության տրամադրման հարցում՝ դժվար չէ կռահել:

Անխոս՝ նա այդ հարցում կանի առավելագույնը, որպեսզի այս ճակատագրական պահին փրկի թե՛ իր դեմքը, թե՛ իշխանությունը, թե՛ երկրի պետականությունը և թե՛ գոնե մնացյալ տարածքների հանդեպ իր սուվերենությունը:

Քանզի փաստ է՝ մարդկային ու սպառազինության ռեսուրսների դեֆիցիտի պատճառով ՈՒկրաինան ռազմաճակատում բեկում մտցնելու կամ իրավիճակ փոխելու հնարավորություն այլևս չունի:

Մանավանդ, երբ արդեն իսկ ակնհայտ են բարձրաստիճան զինվորականության հետ ունեցած լուրջ հակասությունները, ավելին, երբ նրանք այլևս չեն ուզում կռվել:

Իհարկե, այս ծանր ժամանակներում կհայտնվեն «բարեգործ միջնորդեր», ովքեր անմնացորդ կերպով իրենց բարի կամքը կդրսևորեն և աջակցություն կհայտնեն ռազմական գործողությունների դադարեցման ու խաղաղության հաստատման հարցում:

Եվ ինչպես Էրդողանն է պատրաստակամություն դրսևորում, ասելով՝ «Թուրքիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել պաղեստինյան պետության ստեղծման համար, այնպես էլ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն է իր հերթին հայտնում, որ «Թուրքիան կրկին պատրաստ է բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև»:

Դե իսկ ոմանք էլ (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ) դեռ «կտերով կկերակրեն», թե բա՝ «ՈՒկրաինան պատերազմից հետո, ռեֆորմների դեպքում, կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»:

Իսկ թե ինչ սահմաններով կլինի հետպատերազմյան ՈՒկրաինան, կամ կլինի թե չի լինի, կմնա թե չի մնա պետություն ու պետականություն, որի առջև կբացվեն ՆԱՏՕ-ի դռները՝ իհարկե չի ասվում:

Ինչևէ, այս ամենը՝ արկածախնդրության, անհեռատեսության, քաղաքական մտքի, ռազմաքաղաքական հաշվարկների բացակայության, դիվանագիտության աշխատանքի թերացման խոսուն փաստեր են:

Դե իսկ դիլետանտության, ապիկարության, ամբարտավանության մասին՝ էլ չեմ խոսում:

Այսպիսով, շուտով ականատեսը կդառնանք կապիտուլյացիայի, իսկ հետո՝ խաղաղության:

Ինչպես բոլոր պատերազմներն իրենց վերջնարդյունքով:

Եվ ինչպես բոլոր դեպքերում՝ հաղթողներին չեն պատժում, պարտվողներին էլ չեն խղճում:

Արդյունքում՝ տուժեց ու շարունակում է տուժել հասարակ ժողովուրդը:

Այրունակցական կապով եղբայրական ժողովուրդները դարձան թշնամիներ, իսկ թշնամանքն ու անտագոնիզմն էլ հասավ ամենաբարձր մակարդակի:

Թե քանի տասնամյակ կպահանջվի ու քանի սերնդափոխություն պետք է լինի, որպեսզի մեղմվի կամ իսպառ վերանա թշնամանքը, ոչ ոք չգիտի:

Գուցե համերաշխություն լինի, գուցե և՝ ոչ:

Այս ամենի պատասխանը կտա նորին մեծություն՝ Ժամանակը:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 3071

Մեկնաբանություններ