ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆ-4

ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆ-4
22.02.2012 | 00:00

(սկիզբը` նախորդ համարում)

Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ

Գերեզմանոցում իսկական արևախառն օր էր։ Սարերում ապրիլին նման ջերմ օրեր քիչ են լինում: Ամբողջ գիշեր ծխախոտահարված առանձնասենյակից հետո դրսում նա ամբողջ մարմնով ընկալեց գարնան անարատ ու անզուգական հոտը: Սարերից փչող մեղմիկ սառը քամին իր հետ բերում էր ձյան շունչը, որը, խառնվելով նոր տերևակալած ծառերին ու նորածիլ կանաչին, առանձնահատուկ բույր էր տարածում չորս կողմը: Սրանից արբեցած ճնճղուկների ինքնամոռաց բարձր ծլվլոցներին խառնվում էր վայրի մեղուների միալար դզզոցը: Բնությունն արթնանում էր յուրովի ու արագ, հետք անգամ չթողնելով սառցահոտ ձմռան շնչից: Միայն շրջապատի գեղեցկությանն անտարբեր գերեզմանաքարերի հյուսիսային մասում տեղ-տեղ կանաչ թավշի միջից վախվորած՝ թաքնվելով արեգակից, սպիտակին էին տալիս ձյան վերջին, անկանոն բզկտված շերտերը:
Հեռվից Սվետոզորովայի թաղումը բավականին տպավորիչ էր, այն պիոներական մեծ տողանի էր նմանվում: Կանոնավոր շարքերով, սպիտակ վերնաշապիկների վրա կարմրին էին տալիս պիոներական փողկապները: Պիոներների ու կոմերիտների դեմ դիմաց սև համազգեստավորների մի հսկա բանակ էր կանգնած:
Հայկազունին անշտապ մոտեցավ ու տեղ գրավեց շրջկոմի առաջին քարտուղար Շավարշյանի կողքին: Վերջինս հարգանքի արժանացած մարդ էր: Նրան հաջողվել էր կարճ ժամանակում զգալիորեն բարձրացնել գյուղմթերքների արտադրությունը: Նոր թափ էր հաղորդվել շինարարությանը շրջանում: Նրա քրտնաջան աշխատանքի շնորհիվ էր, որ շրջանը հանրապետության առաջավորներից մեկն էր համարվում:
Շավարշյանը ձեռքը մեկնեց միլպետին, հարցնելով.
-Ի՞նչ արեցիք, ընկեր Հայկազունի, բացահայտվե՞ց ուսուցչուհու սպանությունը:
-Այո՛, ընկեր Շավարշյան,- քարտուղարի հաստ, բանվորական ափը սեղմելով` պատասխանեց Հայկազունին:
-Մերո՞նք էին այդ ստահակները,- ճշտեց Շավարշյանը կիսաձայն:
-Ո՛չ, երեքն էլ մերոնցից չեն: Մենք սկզբից ևեթ ճիշտ էինք կողմնորոշվել, մերոնց մեջ չէինք փնտրում:
-Լավ է, որ մերոնցից չեն, ես էլ էի մտածում, որ դրսից կլինեն: Թաղումից հետո կզրուցենք,- ասաց Շավարշյանն ու կողքին կանգնած հյուրի ականջին ինչ-որ բան շշնջաց: Հյուրը, նայելով Հայկազունու կողմը,՝ բազմանշանակ գլուխը շարժեց:
Շավարշյանից աջ շարքով կանգնած էր Երևանից ժամանած հյուրերի հոծ բազմությունը: Օրիորդին արդեն բարեհաջող հանձնել էին հողին: Թարմ շիրմաթմբից արևը կուլ էր տալիս ձմռանը սևահողի հավաքած խոնավությունը: Թմբից բարձրացող գոլորշին այն տպավորությունն էր թողնում, կարծես գեհենում սատանաներն արդեն գործի էին անցել:
Դատախազը կարդում էր հանգուցյալի բուռն կենսագրությունը: Նա կանգնել էր արդեն կիսով չափ գետնի տակ անցած Վիկտոր Սվետոզորովի շիրմաքարի վրա, որպեսզի կոշիկները չցեխոտվեն:
Վիկտոր Սվետոզորովը և նրա երիտասարդ կինը՝ Ռենա Բաբաևան, կուսակցության կոչով որպես գաղափարական ճակատի աշխատակիցներ, կոմերիտի ուղեգրով 1932 թ. գործուղվել էին հեռավոր Հայաստան: Ռենան ամուսնանալուց հետո վերցրել էր ամուսնու ազգանունը՝ Բաբաևայից դառնալով Սվետոզորովա:
Պատերազմից առաջ Վիկտորը ղեկավարում էր շրջկենտրոնի միջնակարգ դպրոցներից մեկը, Ռենան՝ շրջանի կոմերիտմիությունը: Հայրենականը սկսվելուն պես Վիկտորը շրջանում առաջիններից մեկն էր, որ կամավոր մեկնեց բանակ: Նրա համար պատերազմը շուտ ավարտվեց: 1943-ին Ռոստովի կենտրոնական հոսպիտալից զորացրեցին, մեկ ոտքը հեռացրած՝ ուղարկելով ըստ բնակության վայրի՝ Հայաստան, որտեղ նա պիտի շարունակեր հետագա բուժումը: Ռենան նրան ընդունեց արտասվախառն աչքերով և սկզբնական շրջանում ամեն ինչ անում էր ամուսնուն բարոյապես և ֆիզիկապես ոտքի կանգնեցնելու համար: Մի քանի ամիս անց Վիկտորը դեռ լրիվ չապաքինված, դիմում ներկայացրեց աշխատանքի անցնելու համար: Շրջկոմն անմիջապես հարգեց նրա դիմումը։ Նրան նշանակեցին շինարարական տեխնիկումի տնօրեն, և հաջորդ օրը նա հենակներով գնաց աշխատանքի:
Ամեն ինչ գուցե այդպես խաղաղ ընթանար, եթե նորին գերազանցություն ճակատագիրը կրկին չմիջամտեր նրա ընտանիքի ներքին գործերին:
Այդ չարաբաստիկ օրը Վիկտորն առավոտյան գնացել էր շրջանային զինկոմիսարիատ՝ ՈՒռուսբաբյանի հետ տեխնիկումի զորակոչիկների ցուցակները ճշտելու: Վիկտորը Երևանում տեխնիկումի հետ կապված գործեր ուներ և իմանալով, որ զինկոմիսարիատից Երևան մեկնող բեռնատար կա, խնդրեց ՈՒռուսբաբյանին, որ վարորդն իրեն էլ քաղաք տանի: Զինկոմը սիրով ընդառաջեց նրան:
Բեռնատարը դեռ նոր էր դուրս եկել շրջկենտրոնից, երբ Վիկտորի ոտքի վերքը սկսեց արնահոսել: Վարորդը Երևանի փոխարեն Վիկտորին իջեցրեց շրջանային հիվանդանոցում` վերքը վիրակապելու, և ինքը մեկնեց: Այնտեղ նրա ոտքի վերքը վիրակապեցին, և Վիկտորը հենակներով մի կերպ հասավ տուն: Այստեղ նրան նոր անակնկալ էր սպասում: Նա իր անկողնում բռնացրեց Ռենային՝ զինկոմ ՈՒռուսբաբյանի գրկում խաղաղ քնած: Սեղանի վրա մնացել էին կիսատ օղու շիշն ու կիսով չափ կերած ձկան պահածոն: Վիկտորը մեկ ոտքի վրա կանգնած՝ ձեռքի հենակն իջեցրեց զինկոմի գլխին, հենակը դիպավ նիկելապատ մահճակալի գլխազարդին, այնտեղից զնգոցով իջավ ՈՒռուսբաբյանի ճակատին՝ խոր վերք առաջացնելով: ՈՒռուսբաբյանը սկզբում չհասկացավ կատարվածը, արյունը ճակատից հորդում էր բարձի վրա: Սիրահարները վեր թռան անկողնուց: Վիկտորն իր իսկ հարվածի ուժից ընկավ հատակին: Զինկոմիսարն անզոր Վիկտորին մի կողմ շպրտեց, և մինչ նա անիմաստ փորձեր էր անում մեկ ոտքի վրա կանգնելու, ՈՒռուսբաբյանն արագ հագնվեց ու արնաթաթախ դուրս եկավ սենյակից: Ամուսինները երկար լռեցին. Ռենան` մահճակալի մեջ պառկած, Վիկտորը՝ հատակին նստած:
Հաջորդ օրը զինկոմ ՈՒռուսբաբյանը մի մատնություն գրեց, որ իբր Վիկտոր Սվետոզորովը ոտքը կորցնելու համար մեղադրում է անձամբ ընկեր Ստալինին և երկրի բարձրագույն զինվորական ղեկավարությանը: Իբր Սվետոզորովն ակնարկել էր, որ եթե կարգին հրամանատարություն ունենայինք, իրենք այսքան անիմաստ զոհեր և վիրավորներ չէին ունենա, պատերազմն էլ այդքան չէր ձգձգվի: Մատնության թղթի տակ ստորագրել էր նաև Վիկտորի կինը՝ Ռենան:
ՈՒռուսբաբյանն ազատվել էր ռազմաճակատից՝ ներկայացնելով կեղծ հիվանդության փաստաթղթեր: Եթե Սվետոզորովի տանը կատարվածն իմանային, ապա նրան լուրջ բարդություններ էին սպասում: Նախ, նա պատասխան կտար իր կուսակցական տոմսով, որպես բարոյազուրկ կոմունիստ, նրա հնարովի հիվանդության պատմությունը ի չիք կդառնար, որից հետո կուղարկեին ուղիղ ճակատ: Իսկ Ռենան կկորցներ իր անբասիր կոմունիստի, այդքան ծանր ու զրկանքների ճանապարհով ձեռք բերած հեղինակությունը: ՈՒռուսբաբյանն ուղղակի իր կաշին էր փրկում, քանի որ ռազմաճակատում, որպես կանոն, թիկունքում կռվողների կանանց հետ քարշ եկողների վախճանն արագ էր վրա հասնում: Նրանց ուղղակի գնդակահարում էին յուրայիններն առաջին իսկ խառնաշփոթի, նահանջի կամ գրոհի ժամանակ:
Մատնության տեղ հասնելուց մեկ օր հետո չեկիստներն ուշ գիշերով տնից տարան Վիկտորին։ Թե ուր, միայն Աստծուն էր հայտնի, այն Աստծուն, որին Վիկտորը երբեք չէր հավատացել: Երբ ամուսնուն խցկեցին ժողովրդի մեջ տարածում ստացած «սև ագռավ» անունը կրող փակ բեռնատարը, Ռենան թեթևացած շունչ քաշեց:
Վիկտորի անհետանալուց հետո շրջանում լուրեր տարածվեցին, որ նա մահացել է էտապում, գնացքի մեջ՝ փտախտից:
Ստալինի մահից հետո երկրում իրադրությունը կտրուկ փոխվեց: 1956 թվականից սկսեցին լուրջ խոսել անմեղ բռնադատվածների մասին: Ռենան և ՈՒռուսբաբյանը մի քանի տանջալի տարիներ ապրեցին միասին։ ՈՒռուսբաբյանը, որպես «պարկեշտ» ամուսին, ի վերջո, ընտանիք էր վերադարձել: Նրանց վախն անցավ միայն այն ժամանակ, երբ հասկացան, որ ՊԱԿ-ի արխիվներն անձեռնմխելի են: Այնժամ օրիորդ Սվետոզորովան սկսեց նոր թափով ծավալել իր հասարակական աշխատանքները և հասկացավ, որ պատմական պահից օգտվելու ժամն է հասել:
1958 թվականից հետո նույնիսկ անմեղ բռնադատվածների այրիներին սկսեցին թոշակավորել: Ռենան, որին իր իսկ կամքով «օրիորդ» էին հորջորջում, արձակուրդից վերադարձավ մի սափորով: Շուտով շրջանում իմացան, որ նա գտել է անմեղ բռնադատված ամուսնու գերեզմանը և այնտեղից հող է բերել շրջանի գերեզմանոցում թաղելու համար: Գործադիր կոմիտեն գերեզմանոցում հող հատկացրեց Վիկտոր Սվետոզորովի անունով, և Ռենան, ինչպես կարգն է, սափորը թաղեց, որից հետո ամուսնու գերեզմանին տապանաքար տեղադրեց՝ «Անմեղ բռնադատված Վիկտոր Իվանի Սվետոզորով, 1910 - 1943 թթ.»: Սափորի հողը Ռենան և ՈՒռուսբաբյանը լցրել էին իրենց պարտեզից, այնպես որ Սվետոզորովից այնտեղ ոչինչ չկար և լինել էլ չէր կարող: Բռնադատվածները, որպես կանոն, գերեզմաններ չունեին, իսկ եթե պատահում էին այդպիսիք, ապա նրանց ոսկորները հանգչում էին եղբայրական գերեզմաններում:
Թոշակառու գնդապետ ՈՒռուսբաբյանն իր անիմաստ ու գորշ կյանքը երկար շարունակեց: Կյանքի վերջին տարիներին գնդապետին պարբերաբար դպրոցներ էին հրավիրում, որտեղ նա երեխաներին իր չեղած պատերազմական հուշերն էր պատմում և որպես ապացույց ցույց տալիս «գերմանացուց» ստացած ճակատի սպին: Այն նույն սպին, որը հիշատակ էր մնացել Վիկտորի հենակից: Նրա հասակակիցները համոզված էին, որ այդ ամենը սուտ է, բայց, մի կողմից չէր կարելի ՈՒռուսբաբյան տականքի հետ վիճաբանել, մյուս կողմից էլ` փաստեր չունեին: Մատնությունը գրելուց հետո նա մեկնել էր Երևան, որտեղ և մնացել էր մինչև պատերազմի ավարտը: Այնպես որ, շրջանում ճակատի մեծ սպիի պատմությունը հայտնի էր միայն նրա կնոջն ու Սվետոզորովային:
Դատախազը վերջացրեց օրիորդ Սվետոզորովայի կենսագրությունը, որը մի քանի մեքենագիր էջ էր։ Այն նա հանդիսավորությամբ հանձնեց կողքին կանգնած կոմսոմոլի թանգարանի տնօրենին: Վերջինս, շոյված նման շռայլությունից ու բարի վերաբերմունքից, ջերմագին թափահարեց դատախազի աջը, շնորհակալությունների մի ամբողջ շարանով:
Հայկազունին անհանգիստ շարժվեց տեղում, սարերում գարնանային արևը դուրեկանից արդեն անհանգստացնող էր դառնում: Օրիորդին նվիրված հետմահու գովազդը, անքնությունն ու այրող արևը լրիվ թուլացրել էին նրան:
«Սրանք էս ծաղր ու ծանակը դեռ երկար են շարունակելու, հիմա էլ արի ու էս պառվաբոզի համար արևահարվիր»։
Հայկազունին պիոներների ու կոմերիտների հոծ շարքերի միջով շարժվեց դեպի իր ծառայողական մեքենան:
Ազատը մեքենայի դուռը բացել և իրեն էր սպասում։
-Կներեք, ընկեր պետ, հանգուցյալն այնքան էլ հաջող անձնավորություն չէր: Եթե աստվածավախ լիներ, կասեի՝ Աստված հոգին լուսավորի, բայց հիմա չեմ իմանում` ինչ ասեմ,- եզրակացրեց վարորդը:
- Ազա՛տ, հանգուցյալների մասին կամ լավն են ասում, կամ ոչինչ:
- Ընկեր պե՛տ, հանգուցյալին պապս «շան ծիծ կերած էր ասում», հետո փոշմանում էր, երբ մեր շանն էր նայում:
Հայկազունին գերադասեց լռել, նա Սվետոզորովային պաշտպանելու մտադրություն չուներ:
«Ա՜յ քեզ պատմություն,- մտածեց Հայկազունին՝ գլուխը քորելով։- Փաստորեն, օրիորդը հոգվոց հանգուցելոց եղավ Դեղագործյանի շենքի ճակատից վայր ընկնելով։ Հետո ասում են, թե նախախնամություն չկա: Ոչինչ չկա գաղտնի այս արևի տակ»:
(շարունակելի)

Դիտվել է՝ 18677

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ