38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

...

...
06.02.2009 | 00:00

Վազգեն-նախագա՛հ
Իշխանական ճամբարում ընթացող լուրջ վերադասավորությունները «հասնելու և անցնելու» են այդպես էլ չծնված Հանրային խորհրդի դռներով: Պարզվում է, շատերի կողմից «մեռելածին» համարված այդ կառույցն այնքան էլ մեռելածին չէ, և շուտով «ծնվելու» ակնհայտ նշաններ կցուցաբերի:
Ի դեպ, ոմանց պնդմամբ, այդ կառույցի «տակ» դրվել է լուրջ հայեցակարգ, որը կաշխատի, եթե այն ղեկավարի նույնքան լուրջ մարդ, որովհետև կան նաև «լուրջ» գումարներ, որոնցով էլ հնարավոր կլինի ստեղծել ահավոր «լուրջ» աշխատակազմ:
Թե էս անլուրջ հասարակությունում ոնց են փորձելու իրականացնել այդքան «լուրջ» ծրագիր, դժվար է ասել, բայց, ըստ ամենայնի, նախագահին կից այդ կառույցը կղեկավարի ոչ այլ ոք, եթե ոչ Վազգեն Մանուկյանը (լա՜վ հարևանություն կանի նախագահին կից «մույսի»` Արթուր Բաղդասարյանի հետ):
Եվ քանի որ վերջինս չի՜ խոսում լրատվամիջոցների հետ, տևական ժամանակ քաղաքական ակտիվության նշաններ չի դրսևորում, այդպես էլ չիմացանք` ինքը ցանկանո՞ւմ է, թե՞ չի ցանկանում...
Վայ թե ցանկանում է:
Կ. Դ.

Էս ո՞վ ա. էս` Շմայսն ա
ԱԺ գարնանային նստաշրջանը բացվելու առիթով հնչած օրհներգի ժամանակ ոչ անհայտ Առաքել Մովսիսյանը գլխի անհանգիստ շարժումով որոնում էր, թե` էս ի՞նչ ձեն է գալիս դահլիճից:
Նրա հայացքը մեկ էլ ու ապշահար կանգ առավ Րաֆֆի Հովհաննիսյանի վրա. վերջինս երգում էր հայոց հիմնը: Առաքելը մատը տնկեց, թե` է՞ս ով ա:
Առաջարկ օրենսդիրներին. օրենքի նախագիծ մշակել ու օրենք ընդունել` օրհներգը պարտադիր երգելու մասին. երկրում միանգամից տեղի կունենան համակարգային փոփոխություններ, կազատվենք օլիգարխա-կրիմինալ համակարգից, որովհետեւ «տղայականով զապադլո է»` կանգնել ու երգել:
Բայց դե, մյուս կողմից էլ, մերոնք ելքը կգտնեն. կասեն` Պուտինն էլ է երգում, Մեդվեդևն էլ, իսկ Օբաման, ընդհանրապես, երգում է:
Կասեն ու կերգեն:
Կ. ԴԱՎԹՅԱՆ

Պայքար բանկային դաշտում
Ըստ հավաստի աղբյուրների, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ներկա իշխանության դեմ վարած ստվերային պայքարը տեղափոխվել է բանկային դաշտ։ Նախկին նախագահը հրահանգել է իր և մերձավոր շրջապատի կողմից վերահսկվող բանկերին` բարդացնել վարկային գումարների տրամադրման գործընթացը։ Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, «քոչարյանական» որոշ բանկեր սկսել են վարկեր տրամադրել բացառապես ոսկու դիմաց։ Սակայն «նախկինների» այս «ձիու քայլն» աննկատ չի անցել կառավարությունում։ Կան խոսակցություններ, որ պատրաստվում է օրենքի նախագիծ կամ կառավարության որոշում, որի համաձայն տեղի կունենա մի շարք ոչ մեծ բանկերի միավորում առավել խոշորների հետ, և դրա պատճառով «նախկինների» ազդեցությունը բանկային համակարգում էապես կնվազի։
Ա. ՄԱՐՏՈՅԱՆ

Եվ դո՞ւ, Բրուտոս
Երեկ դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մամուլի ասուլիսում փորձեց հերքել այն լուրերը, թե ՀՅԴ-ն է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հնարավոր ակտիվացման հիմնական լոկոմոտիվն ու հրահրողը։ «Նման բան գոյություն չունի, որ մենք Ռոբերտ Քոչարյանի կամ մեկ այլ անձի քաղաքական ակտիվությունն ապահովելու ծրագիր ունենանք։ Որպես քաղաքական ուժ գործում ենք մեր դաշտում, մեր գործիչների միջոցով, իսկ Ռոբերտ Քոչարյանն ազատ մարդ է, և ինքը կարող է որոշել երբ ակտիվանա կամ երբ քայլեր ձեռնարկի»,- հայտարարեց դաշնակցական գործիչը։
Ա. Ռուստամյանը, սակայն, նաև կարծում է, որ նախկին նախագահները չպետք է այդպես միանգամից ու անվերադարձ հեռանան քաղաքականությունից։ «Մեծ շռայլություն է, երբ երկար տարիներ գործած նախագահները մի կողմ են քաշվում։ Դա շատ սխալ բան է, այն փորձն ու գիտելիքները, որ նրանք ունեն, պետք է ծառայեն երկրին նաև պաշտոնաթողությունից հետո։ Ես միշտ էլ ասել եմ, որ սխալ է, երբ առաջին նախագահը տասը տարի լռում էր, որից հետո նրա ակտիվանալն արդեն կասկածներ հարուցեց»։
Անի ՄԱՐՏՈՅԱՆ

Նախագահը պահանջում է բացահայտում
Երեկ նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության կապակցությամբ, որին ներկա են եղել բոլոր ուժային կառույցների ղեկավարները։ Նախագահը նշել է, թե ինքն անմիջապես տեղեկացվել է սպանության վերաբերյալ և իրավապահներից պահանջել է առավել մանրամասն հաշվետվություն։ «Ոճրագործությունը ցավ է պատճառել տասնյակ հազարավոր մարդկանց։ Ցավ, վրդովմունք և վիրավորանք։ Ոճրագործների գնդակն ուղղված էր ոչ միայն կոնկրետ մարդու, պաշտոնյայի, այլ մի ողջ համակարգի` ոստիկանության դեմ, ողջ իրավապահ համակարգի դեմ։ Գևորգ Մհերյանի վերջին ամիսների գործունեությունն ուղղված է եղել կոռուպցիոն մեխանիզմների վերացման համար պայքարին։ Սա էլ մենք պետք է գիտակցենք և համարժեք պատասխան տանք։ Մեր գործողությունները պետք է բխեն նաև այս հանգամանքից»,- նշել է Սերժ Սարգսյանը։ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանը Սերժ Սարգսյանին են ներկայացրել դեպքի մանրամասները և նախաքննության հիմնական ուղղությունը։
Ա. Բ.

Համառ է, համառ
Ռոբերտ Քոչարյանի համառության մասին հայ հասարակությունը հրաշալի տեղեկացված է։ Սակայն անգամ պաշտոնաթողությունից հետո նախկին նախագահը չի կորցրել այդ հատկանիշը։ Ըստ հավաստի լուրերի, նա այժմ գտնվում է Մոսկվայում և իրեն բնորոշ համառ հետևողականությամբ փորձում է ռուսական «իսթեբլիշմենթի» հետ հանդիպումների և պայմանավորվածությունների միջոցով, այնուհանդերձ, լուծել իր վարչապետության հարցը։ Ասում են, սակայն, որ ռուսական վերնախավը գնալով ավելի քիչ է հակվում Քոչարյանի վարչապետության գաղափարը պաշտպանելուն, քանի որ տեսնում է դրա հետ կապված ներքին լուրջ դիմադրությունը Հայաստանում։ Նույն լուրերի համաձայն, սակայն, Քոչարյանը մտադիր է Հայաստան վերադառնալ մինչև ԲՀԿ-ի համագումարը և այդ «պատմական» միջոցառման ժամանակ հանդես գալ հատուկ սենսացիոն ելույթով։
Գ. Հ.

Բստրել, բստրել ու էլի բստրել
Գարնանային նստաշրջանի առաջին քառօրյան իսկապես հետաքրքիր էր, բայց ոչ թե օրենսդրական գործունեության, այլ աբրահամյանական հերթական «նոու հաուների» առումով: Նախ ԱԺ-ում աշխատող օպերատորներին հրահանգեցին նիստը սկսվելուց 30 րոպե անց այլևս պատգամավորների «պատկերները ղալամով չքաշեն». մարդ է, կարող է քնած է, քթի «հանածոներն է պեղում» և այլն, և այլն: Պարզվում է նաև` մեր ԱԺ նախագահը շա՜տ համեստ է, ու պատգամավորներն էլ «տեղին-անտեղի» չարաշահում են «նախագահողի համեստությունը», բայց դե սրանից բոլորովին էլ չի նեղվում օրենսդրի ղեկավարը, անգամ կառավարությանը հորդորում է «ընդառաջ գնալ պատգամավորներին»: Երբեմն էլ պատգամավորների հայտարարությունները լսելով` «փիքր է անում»` կարո՞ղ է «շախմատային արքա» ասելով իրեն նկատի ունեին։ Կարող է: ՈՒ այսպես, քանի գնում Աբրահամյանն ավելի շատ է հասկանում, որ ԱԺ-ի դերի բարձրացումը սահմանափակվում է միմիայն ձևական կողմի մեջ: Ի դեպ, այս շաբաթ հիշեցին նաև, թե ով է մկրտված, ով է իսկական հեթանոսն ու քրիստոնյան, աստվածային խնդիրներն ու պատմական իրողությունները «տակն ու վրա» արեցին, իսկ դրա առիթը դաշնակցականների հեղինակած նախագիծն էր, որի ընդունմամբ օգոստոսի 11-ը տոնվելու է որպես ազգային ինքնության օր: «Հենց էդ է մեզ պետք», վերջում համոզմունք հայտնեց Սամվել Նիկոյանը:
Չմոռանանք ու նշենք, որ այս քառօրյան էլ հետ չմնաց օրենսդիրների բացառիկ բառային նորամուծություններից` «ոչ բստրածին լիազորություններ»: Իսկ ասվածը վերաբերում էր ԱԺ նախագահի լիազորություններին, ինչի դեպքում, կարծում ենք, ԲՀԿ-ական այդ պատգամավորն այնքան էլ սխալ չի արտահայտվել:
Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանում 1000 նորածնից 22-ը մահանում է
ՅՈՒՆԻՍԵՖ-ն օրերս ներկայացրեց «Երեխաների իրավիճակը աշխարհում» 2009 թվականի զեկույցը, ըստ որի` աշխարհի առավել թույլ զարգացած երկրներում ծննդաբերության և հղիության հետ կապված բարդությունների պատճառով կանանց մոտ 300 անգամ ավելի մեծ է մահանալու հավանականությունը, քան զարգացած երկրներում:
Վերջին տարիներին ՅՈՒՆԻՍԵՖ-ի և միջազգային այլ կազմակերպությունների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ մանկական մահացության ցուցանիշները Հայաստանում գրեթե երեք անգամ բարձր են աղքատ տնային տնտեսություններում: Զեկույցի համաձայն, Հայաստանում մոտավոր հաշվարկներով 1000 նորածնից 22-ը մահանում է դեռ տարին չբոլորած, մահացությունների շուրջ 80 տոկոսը տեղի է ունենում երեխայի կյանքի առաջին 28 օրվա ընթացքում։
Մտահոգիչ է նաև մայրական մահացության ցուցանիշը: Հղիությունից կամ ծննդաբերության բարդություններից մահանալու հավանականությունը 9 անգամ ավելի մեծ է, քան զարգացած երկրներում:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լ. Մոշիրին համոզված է, որ մայրական մահացության ցուցանիշը նվազեցնելու համար անհրաժեշտ է գործի դնել առողջապահական համակարգի համապատասխան ծառայությունները՝ ընտանիքի, համայնքի, արտագնա և բժշկական հաստատությունների տրամադրած խնամքի ծառայությունները։
Լ. Գ.

Դիտվել է՝ 2422

Մեկնաբանություններ