ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Տեր-Պետրոսյանը տասը տարի իրավունք ուներ չզբաղվելու քաղաքականությամբ, երեսուն տարի հետո կարող է վերադառնալ»...

«Տեր-Պետրոսյանը տասը տարի իրավունք ուներ չզբաղվելու քաղաքականությամբ, երեսուն տարի հետո կարող է վերադառնալ»...
22.08.2008 | 00:00

«ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ»
Այս տարվա երևանյան աշունը սովորականից ավելի բուռն է լինելու, ինչի համար հիմք է ստեղծելու ոչ միայն ներքաղաքական լարվածությունը, այլև ՏԻՄ ընտրությունների սպասվող աժիոտաժը։ Սպասվելիք «թեժության» և այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։
-ՀՀԿ-ն հայտարարեց, որ աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններում սատարելու է գրեթե բոլոր համայնքապետերին, ովքեր, մեղմ ասած, հասարակության մեջ ոչ բարի համբավ ունեն։ Այս քայլով ՀՀԿ-ն ավելի շատ վտանգի տակ չի՞ դնում իր քաղաքական վարկանիշը և իր հանդեպ հասարակության անվստահության չափաբաժինը չի՞ մեծացնում։
-Եթե համայնքապետը ՀՀԿ-ական է, ապա, անկախ նրա գործելակերպից, ընդդիմությունը դժգոհ է նրանից։ Բայց կուսակցությունը ոչ թե առաջնորդվում է ընդդիմության կամ առանձին մարդկանց կարծիքներով, այլ իր կուսակցական սկզբունքներով։ Հետևապես, ՀՀԿ-ն չի կարող երաշխավորել մի մարդու թեկնածություն, ում գործելակերպը չի համընկնում կուսակցության քաղաքականության հետ կամ նա չի վայելում ժողովրդի վստահությունը։ Իսկ այդ վստահությունը թաղապետին տրվում է ոչ թե առանձին մարդկանց կարծիքներով, այլ ժողովրդի ընտրությամբ։
-Իսկ ՀՀԿ-ն հաշվի չի՞ առնում այն հանգամանքը, որ, դիցուք, տվյալ համայնքում թաղապետը չի վայելում իր ընտրողի վստահությունը։
-Հասարակությունը բազմաշերտ է, և եթե գերակշիռ հատվածը պաշտպանել է այդ թաղապետին, ու նա կրկին ընտրվել է, ապա սա ապացուցում է, որ համայնքն այդ ղեկավարին վստահում է։ Մենք նաև մեր ներքին ուսումնասիրություններն ենք անում, ինչը ցույց տվեց, որ այժմ էլ այդպիսին է հասարակության կարծիքը։ Դրանից հետո այդ հարցը կուսակցությունում քննարկվել է, և պաշտպանելու որոշում է կայացվել։ Կարծում եմ, որ բոլոր տեղերում էլ պաշտպանելու ենք գործող թաղապետերին։
-Մամուլում հաճախ է գրվել, որ մարտի 1-ին ժողովրդի դեմ կատարած հանցագործության հեղինակներն այդ թաղապետերի «մարդիկ» են։ Այս պարագայում հասարակությունն ինչպե՞ս վստահի այս իշխանության խոստումներին, որ անաչառ հետաքննություն է ընթանում։
-Այդ տեղեկությունները, որոնք տպագրվում են, 99 տոկոսով կեղծված են և հնարովի։ Հետևաբար, մամուլի հրապարակումները ես չեմ ընդունում որպես դատական վճիռ։ Անկախ հանձնաժողով է ստեղծվել, և հետաքննություն է ընթանում, որի արդյունքում պարզ կդառնա, թե ովքեր են այս ամենին մասնակցել, և ովքեր են մեղավոր, ըստ այդմ էլ պատասխանատվության կենթարկվեն։
-Սերժ Սարգսյանի իշխանությունում մեծ տեղ է հատկացված երկրորդ սերնդի բարեփոխումներին։ Սա ենթադրո՞ւմ է նաև նման կադրերի պահպանումը։
-Կարծում եմ, որ երկրորդ սերնդի բարեփոխումները ենթադրում են նաև կադրային փոփոխություններ, ինչը նորընտիր նախագահը շատ խոհեմաբար կատարում է առանց հեղափոխական կոտորածների։ Իհարկե, նոր կադրային փոփոխություններ կլինեն։ Սարգսյանն իր ելույթներից մեկում արդեն ասել է, որ հիմնական կադրային փոփոխությունները կատարված են, բայց կշարունակվեն որոշ ոչ առանցքային փոփոխությունները։
-Իսկ ընդհանուր առմամբ նոր իշխանությունների բարեփոխումների ընթացքն ինչպե՞ս եք գնահատում, և, ըստ Ձեզ, ի՞նչն է խանգարում դրանց։
-Նոր նախագահի հարյուր և հետագա օրերը ցույց տվեցին, որ մեր երկրում շատ լուրջ դրական փոփոխություններ են սպասվում, եթե, իհարկե, մենք ազգովի չխանգարենք նախագահին և այդ բարեփոխիչներին։ Պետք է հնարավորություն տանք, որ նախագահն ու իշխող կուսակցությունները հանգիստ, առանց ցնցումների կարողանան կատարել այդ բարեփոխումները։ Անգամ մեր «ոչ բարեկամները» կարծում են, որ նոր նախագահի քաղաքականությունն ի նպաստ ժողովրդի է, կշռադատված է ու նաև հեռահար ծրագրերի իրագործում է ենթադրում։ Եթե անգամ շրջափակում էլ լինի, մեզ այնքան վնաս չի կարող հասցնել, որքան երկրում կայունության բացակայությունը, ուստի կարևոր է երկրում քաղաքական կայունության ապահովումը։ Այդ պարագայում լիահույս եմ, որ մենք հաջողություն կունենանք։
-Անդրադառնանք ներկուսակցական հարցերին. Տիգրան Թորոսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելու՝ իսկապես «հայկական հարցի» վերածված խնդիրը քննարկվե՞լ է կուսակցությունում։
-Ո՛չ, համենայն դեպս, ես խորհրդի անդամ եմ և կարող եմ փաստել, որ այն խորհրդում չի քննարկվել։
-Իսկ Տիգրան Թորոսյանի աշխատանքից ՀՀԿ-ն դժգո՞հ է, որ ցանկանում է նրան փոխարինել մեկ ուրիշով։
-Կուսակցությունները շատ հաճախ իրենց կադրային տեղաշարժը կատարում են ոչ թե նրանց աշխատանքից դժգոհ լինելու պատճառով, այլ ստեղծված իրավիճակում դրա անհրաժեշտությամբ։ Կուսակցությունը երբեք չի դժգոհել ո՛չ Տիգրան Թորոսյանի, ո՛չ էլ Հովիկ Աբրահամյանի աշխատանքից։ Մի բան է ինձ զարմացնում. ինչո՞ւ են մեր ընտանեկան հարցերը հետաքրքրում օտար ընտանիքներին։ Բոլորն այժմ զբաղված են այդ հարցերը քննարկելով։ Մեր հանրապետության և կուսակցության առաջ այժմ լուրջ խնդիրներ կան, որոնց վրա պետք է կենտրոնանանք։ Կադրային փոփոխությունները եղել են, կան ու կլինեն։
-Իսկ ճի՞շտ են այն պնդումները, որ Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ նախագահ դառնալով, Ռոբերտ Քոչարյանը կրկին ցանկանում է իշխանության գալ։
-Ենթադրությունները, երևակայական մտքերը ես չեմ մեկնաբանում, որովհետև ոչ մեկին արգելված չէ քաղաքականությունից դուրս գալ կամ վերադառնալ։ Կարծում եմ, նույնիսկ նախկին նախագահի համար վիրավորական է նման տարբերակով քաղաքականություն վերադառնալը։ Նա, կարծում եմ, քաղաքականությունից դուրս չի էլ եկել, իսկ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու համար Ռոբերտ Քոչարյանն ունի բարոյական իրավունք։
-Իսկ ինչո՞ւ նույն ձևով չէիք արձագանքում ՀՀ առաջին նախագահի վերադարձին։
-Ո՞վ է ասում, որ Համլետ Հարությունյանը չի արձագանքել։ Ես արձագանքել եմ և իմ գնահատականները տվել եմ։ Սահմանադրորեն ոչ ոք իրավունք չունի արգելելու Հայաստանի ցանկացած քաղաքացու քաղաքականություն վերադառնալը կամ դուրս գալը։ Ամեն մեկը կարող է իր կամեցած գործով զբաղվել, իսկ քաղաքականությունը գործ է։ Տեր-Պետրոսյանը տասը տարի իրավունք ուներ չզբաղվելու քաղաքականությամբ, երեսուն տարի հետո կարող է վերադառնալ, մի քառասուն տարի հետո էլ կարող է բացակայել։
-Անձամբ ՀՀԿ-ի համար ձեռնտո՞ւ է Քոչարյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալը։
-ՀՀԿ-ում այդ հարցը չի քննարկվել, և պատրաստ էլ չենք այն քննարկելու։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4930

Մեկնաբանություններ