Այս տանը շարունակում է կերտվել հայ լուսանկարչության պատմությունը
13.03.2020 | 03:30
«Անդրանիկ Քոչարի անվան լուսանկարչական թանգարան». եռալեզու այս ցուցանակը կարելի է տեսնել՝ մոտենալով Ավետ Ավետիսյան 19 հասցեում գտնվող երկհարկանի տանը: Այստեղ է իր ընտանիքի հետ բնակվում անվանի լուսանկարչի որդին՝ լուսանկարիչ, գեղանկարիչ ՎԱՀԱՆ ՔՈՉԱՐԸ: Թանգարանի է վերածվել տան հյուրասենյակը: Տարածքը փոքր է, ցուցանմուշներն այստեղ շատ չեն: Ներկայացված են 14 հեղինակ` 5-6 աշխատանքներով: Աշխարհի հայ լուսանկարիչներն են` Ֆրանսիայից, Կանադայից, Բրազիլիայից, Թուրքիայից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Եգիպտոսից և այլ երկրներից:
Անդրանիկ Քոչարի աշխատանքներն ու հավաքածուն պահվում են տան նկուղում: Մոտավորապես 15 հազար նյութ կա՝ տպագրված լուսանկարներ, չտպագրված ժապավեններ, թվայնացված աշխատանքներ, տարաբնույթ իրեր: Վահան Քոչարի տեղեկացմամբ՝ պատկերասրահի աշխատակցուհին՝ Քրիստեն, կամավորության սկզբունքով ֆոնդավորում է նյութերը, թվայնացնում: Վահան Քոչարը չի կորցնում հույսը, որ դրանք մի օր իրենց տեղն ու դերը կունենան, դուրս կգան նկուղից, կպատմեն լուսանկարչության պատմությունը, կերկխոսեն սերունդների հետ՝ վեր հանելով անուններ, ժամանակագրություն, դրվագներ, հավերժացած ակնթարթներ: Սակայն մեր երկրում լուսանկարչական թանգարան ունենալու բոլոր ջանքերն ի դերև են եղել: Այդ են վկայում պաշտոնյաների զուր խոստումներն ու մերժողական նամակները: Իսկ մերժումների պատմությունը սկսվում է դեռևս խորհրդային տարիներից:
Գիտությունների ակադեմիայում աշխատելու տարիներին Անդրանիկ Քոչարը երկար պայքարել է, որ լուսանկարչի հաստիք բացեն: «Մի քիչ էլ համբերիր, քեզ լուսնի վրա լաբորատորիա կտամ»,- լուսանկարչի համառությանն ի պատասխան՝ ասել է Վիկտոր Համբարձումյանը: Մեր զրուցակիցը ցավով փաստում է, որ լուսանկարչությունը չի գնահատվում մինչ օրս, ինչը, ըստ նրա, կապված է մեր մենթալիտետի հետ:
Տպագրության է պատրաստ Վահան Քոչարի կազմած «Հայ լուսանկարիչներ» գրքի չորսհատորյակը, որը ստեղծվել է Անդրանիկ Քոչարի թողած ժառանգության հիման վրա: Ժամանակին գրքի առաջին հատորը, որտեղ ներկայացված են 500 հայ լուսանկարչի կենսագրական տվյալներն ու մոտ հիսուն լուսանկարչի աշխատանքները, հրատարակվել է Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ: Վահան Քոչարը նշում է, որ անմիջապես լուծում է տրվել խնդրին: Հաջորդ քայլը թանգարանն էր լինելու: Նրա մահից հետո դիմել է Տարոն Մարգարյանին: «Մի օր զանգեցին քաղաքապետարանից, կանչեցին ընդունելության: Մտածեցի թանգարանի հարցը լուծվում է: Տարոն Մարգարյանը կրծքիս մեդալ փակցրեց, ասացի՝ սա տալիս եք, որ թանգարանը չտա՞ք: Թանգարանի հարցը լուծեիք, որ հասկանայի, թե ինչի համար եք պարգևատրում»,- պատմեց լուսանկարիչը:
Նոր Հայաստանում նույնպես լուսանկարչական թանգարան ունենալու խնդրանքը մերժվել է: «Վարչապետի խորհրդականներից մեկի մոտ եմ գնացել, կես ժամ զրուցելուց հետո ասաց՝ պետք է անցնեք ինքնաֆինանսավորման: Ես ասացի` ուրեմն դուք ընդհանրապես բան չհասկացաք, եկել եմ այստեղ, որովհետև մինչ օրս ինքնաֆինանսավորմամբ եմ աշխատել: Դրանից հետո տան մի հատվածը վերածեցի թանգարանի»,- ասաց մեր զրուցակիցը: Թանգարան այցելում են և՛ Հայաստանից, և՛ դրսից: Մուտքը անվճար է: Բաց է շաբաթ, կիրակի, երկուշաբի օրերին, ժամը 11-17-ը: Վարպետը կատակում է՝ թանգարանի տնօրենը թոռնիկս է: Տասնամյա թոռնիկի անունը Վահան է, կրտսեր Վահան Քոչարն է:
Հարցնում եմ՝ նյութերի ո՞ր մասն է ցուցադրվել: Պատասխանում է՝ աննշան մասը: Որտե՞ղ ցուցադրվի: 2019-ին Տաթև Մնացականյանի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվել է առաջին լուսանկարչական միջազգային ֆորումը, որի շրջանակում 39 լուսանկարչական ցուցահանդես է կազմակերպվել: Դրանցից հինգում ներկայացվել են լուսանկարներ Անդրանիկ Քոչարի հավաքածուից: Վերջին ցուցահանդեսը նախագահի նստավայրում է եղել: Ներկայացվել են աշխարհի հայ խոշորագույն լուսանկարիչների աշխատանքները, որոնք պատկերել են օտարազգի առաջին դեմքերի, ասենք, Վլադիմիր Մուսայելյանը, որը եղել է Բրեժնևի անձնական լուսանկարիչը: Հայր-որդի-թոռներ Բոյաջյանները եղել են Եթովպիայի պալատական լուսանկարիչները: Հայր և դուստր Նալչայանները նկարել են ԱՄՆ նախագահներին: Այդ գործերը հիմա նկուղում են:
Մասնագետները վկայում են, որ Եվրոպայում, ԱՄՆ-ում լուսանկարչությունը բավականին լուրջ արվեստ է համարվում: Հայ լուսանկարիչները նույնպես ներկայանում են թե՛ մեզ մոտ, թե՛ միջազգային ասպարեզում, բայց անհատական մակարդակով: Պետական մոտեցում չկա խնդրին: Իսկ խնդրի լուծման հնարավոր տարբերակներից մեկը, ոլորտի ներկայացուցիչների պնդմամբ, հայ լուսանկարչության թանգարանի հիմնումն է: «Ազգ» օրաթերթում Ալեքսանդր Թոփչյանը, արձագանքելով «Իրատեսի» «Ոչ թե տեղանքն է դեր խաղում, այլ անունը» (23.01.2018 թ.) հոդվածին, որտեղ ասվում է, որ Արա Գյուլերի անվան լուսանկարչության թանգարանի տարածքի հարցը «բանակցությունների» օրակարգում է, զարմանք է հայտնում` ինչու՞ Արա Գյուլերի անունով թանգարան, այն դեպքում, երբ Երևանում գործել է Անդրանիկ Քոչարը և լուսանկարչության համար արել այն, ինչը չի կարող անել Գյուլերը Թուրքիայում, առավել ևս, որ նա այնտեղ իր թանգարանն էլ ունի, աշխարհի բոլոր կոչումներն էլ: Հոդվածի վերնագիրն է «Ապերախտություն»:
Վահան Քոչարի համար, սակայն, կարևորը անվանումը չէ, այլ հայ լուսանկարչության թանգարանի գոյությունը, որ կունենա մշտական ցուցադրության բաժին, հավաքատեղի կլինի լուսանկարիչների համար, դահլիճի առկայությունը կլուծի նաև ցուցադրության խնդիրը:
Վահան Քոչարը թանգարանին է նվիրելու իր հոր հավաքածուն ՝ 15 հազար նյութ, որոնցից մոտ 200-ը՝ շրջանակված:
Այս տանը շարունակում է կերտվել հայ լուսանկարչության պատմությունը: Անդրանիկ Քոչարի թողած ժառանգությունը որդին ոչ միայն պահպանում է, այլև համալրում, գրքեր կազմում:
Նշենք, որ «Հայ լուսանկարիչներ» 450-էջանոց գիրքն արդեն 1300 էջ է, 4 ու կես հազարից ավելի լուսանկարներ կան` սկսած 1858-ից (լուսանկարչությունը ծնունդ է առել 1839-ին): Տպագրության համար միջոցներ չկան: ՈՒզում է, որ անգլերեն լինեն գրքերը: «Հայ լուսանկարիչներ» գիրքը երեք միջազգային ցուցահանդեսում ներկայացվել է և երեքից էլ նույն բանն են ասել, որ հայկական տաղավարի ամենահետաքրքիր գրքերից մեկն է, բայց դիտորդները հարցրել են՝ կա՞ այլ լեզվով, որ կարողանան կարդալ գրքում զետեղված տեղեկությունները:
Իրականում, ինչպես Վահան Քոչարն է ասում, «Հայ լուսանկարիչներ» ժողովածուն անսպառ է, պարզապես կան արդեն կազմած հատորներ:
Նշենք, որ Անդրանիկ Քոչարը հայրենադարձվել է 1947-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից՝ Հայաստանում դնելով գեղարվեստական լուսանկարչության հիմքը: 1948-ին, հայրենիք գալուց մեկ տարի անց, նա Երևանում բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը:
1962 թվականին հիմնադրել է «Երևան» ֆոտոակումբը և տասը տարի անընդմեջ ղեկավարել այն:
Քոչարը լուսանկարել է բազմաթիվ դիմանկարներ, բնանկարներ, ճարտարապետական հուշարձաններ, կենդանիներ, երեխաների նկարներ, նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Ռիգայում, Լենինգրադում, Մոսկվայում, Լիտվայում, Բուլղարիայում, ՈՒկրաինայում, Ֆրանսիայում, Սալոնիկում, Լոնդոնում: Մահացել է երկարատև հիվանդությունից հետո՝ 1984 թվականի մարտի 29-ին, Երևանում:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Գլխավոր լուսանկարը՝ Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆԻ
Լուսանկարներ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ