«Նրանք ոչ միայն ժամանակակիցներ են, այլև երկար տարիներ աշխատել են նույն արվեստանոցում»
03.03.2020 | 01:53
«Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի» արվեստային տարածքում շուրջ մեկ ամիս (փետրվարի 28-ապրիլի 4) արվեստասերները հնարավորություն ունեն դիտելու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքները: «Գույնն ու գիծը միաձուլվելով ծնում են մի պատկերավոր երկխոսություն այն մասին, թե որքան տարբեր կարող են լինել հարազատ քույրերը արվեստի իրենց ընկալումներով: Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերը 20-րդ դարի հայ կերպարվեստի վառ անհատականություններից են: Երանուհի Ասլամազյանի նուրբ ու հավասարակշռված գիծը լրացնում են Մարիամի բուռն, կրակոտ գույները, որի արդյունքում էլ ձևավորվել է Ասլամազյան քույրերի գեղարվեստական ինքնատիպ աշխարհը»,- նշված է միջոցառման անոտացիայում:
Այս ցուցադրությամբ մեկնարկում է «XX դար. Նիկոլայ Նիկողոսյանն ու իր ժամանակակիցները» նախագիծը, ինչը Նիկոլայ Նիկողոսյանի դստեր՝ ԳԱՅԱՆԵ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ խոսքով՝ ամենևին պատահական չէ. «Այդ մարդկանց միացնում էր ոչ միայն ազգակցական կապը, այլև ստեղծագործական: Նրանք ոչ միայն ժամանակակիցներ են, այլև երկար տարիներ աշխատել են նույն արվեստանոցում. առաջին հարկում Նիկոլայ Նիկողոսյանն էր, երկրորդում՝ Ասլամազյան քույրերը: Նրանք միասին մեծ թվով ցուցադրություններ են ունեցել: Երկար դադարից հետո առիթ է ընձեռվել նորից մեկ հարկի տակ տեսնելու Նիկոլայ Նիկողոսյանի և Ասլամազյան քույրերի արվեստը»: Գայանե Նիկողոսյանը նշեց, որ նրանք երեքն էլ խորհրդային տարիներին ճանաչված և սիրված վարպետներ էին, ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում: Հավելեց, որ 1987-ին քույրերը Գյումրիում թանգարան բացեցին. ուրախ էին, որ իրենց ժառանգությունը բաց կլինի ցուցադրության համար ու կպատկանի հայ ժողովրդին:
«Նիկոլայ Նիկողոսյան» ցուցասրահի տնօրեն, արվեստագետ ՍԱՐԳԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ ներկայացված շուրջ 30 աշխատանքները երկար տարիներ պահվում են Ասլամազյան քույրերի պատկերասրահի ֆոնդերում: Ցուցադրությանը զուգընթաց կանցկացվի ոչ ֆորմալ արվեստային կրթական ծրագիր, որին ներգրավված են լինելու արվեստի դպրոցների աշակերտներ թե՛ մարզերից, թե՛ մայրաքաղաքից: Երեխաները կծանոթանան խոշորագույն վարպետների ստեղծագործություններին, կմասնակցեն փորագրության դասընթացների և իրենց հետ կտանեն սեփական աշխատանքները՝ ունենալով հուշ-նկար մշակութային այս կարևոր իրադարձությունից: Բացի այդ, ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի ուսանողները «Թանգարանագիտություն» առարկան անցնելու են «Նիկոլայ Նիկողոսյան» ցուցասրահում, կգրեն զեկույցներ, հիմնադրամը դրանց հիման վրա կկազմակերպի շնորհանդեսներ, արվեստաբանները կլսեն, կօգնեն ուսանողներին: Իսկ ցուցադրության փակման նախօրեին, հավանաբար ապրիլի 3-ին, Ասլամազյան քույրերի արվեստը հիմնավոր կերպով կներկայացնեն հրավիրված արվեստաբանները: Ցուցասրահի տնօրենը նկատում է, որ այս կերպ Հայաստանում արվեստաբանական դպրոցը զարգացնելու կարևոր քայլ է արվում:
Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՎԱՐԴՊԱՐՈՆՅԱՆՆ ասաց, որ Գյումրիում գտնվող պատկերասրահում պահվում է Մարիամ և Երանուհի Ասլամազյանների ամենամեծ հավաքածուն՝ 620 բնօրինակ աշխատանք: Փոքր հատված ներառված է մշտական ցուցադրության մեջ, մնացած և՛ կիրառական, և՛ գրաֆիկական, և՛ գեղանկարչական աշխատանքները պահվում են պահոցներում: Անհրաժեշտություն կա ժամանակ առ ժամանակ փոխելու ցուցադրությունը: Վերջին անգամ նորացվել է 2018-ին: Պատկերասրահի տարածքից դուրս ցուցահանդեսներ քիչ են եղել: Սա երրորդ շրջիկ ցուցադրությունն է, որ կազմակերպվել է նույն համագործակցության շնորհիվ: Նմանօրինակ ցուցադրություներով փորձում են ներկայացնել տարբեր տարիների կատարած աշխատանքները: Կոնկրետ այս հավաքածուն առաջին անգամ ցուցադրվել է Ասլամազյան քույրերի պատկերասրահում 2019-ին՝ նվիրված Անկախության օրվան: Երևանում ցուցադրվում է առաջին անգամ: Տնօրենը նշեց նաև, որ ցուցանմուշները առաջին անգամ Հայաստանի սահմաններից դուրս են բերվել 2018-ին, ցուցադրվել Մոսկվայի Արևելքի թանգարանում: Վերջին տվյալներով՝ Ասլամազյանների պատկերասրահի այցելուների 60 տոկոսը Հայաստանից է, 40 տոկոսը՝ արտերկրից:
Ինչ վերաբերում է խնդիրներին, Միքայել Վարդպարոնյանն ասաց, որ դրանք շատ են, բայց մի քանիսն արդեն լուծված են. «Oրինակ, 2018 թվականից պատկերասրահը ջեռուցվում է. հասարակ խնդիր է թվում, բայց պատկերասրահի համար մեծ նշանակութուն ունի, որովհետև նկարների պահպանման համար անհրաժեշտ է որոշակի ջերմաստիճան: Պատկերասրահը վթարային պատշգամբ ունի, որն այս տարի վերականգնվելու է»:
Պատկերասրահը երկհարկանի շենք է, առաջին հարկում ցուցադրվում են Երանուհի Ասլամազյանի, երկրորդ հարկում` Մարիամ Ասլամազյանի գործերը:
19-րդ դարի ճարտարապետության վառ օրինակ հանդիսացող այդ կառույցը 1980 թվականին ներառվել է «Կումայրի արգելոց թանգարանի» մեջ՝ համալրելով պետության կողմից պահպանվող պատմամշակութային կառույցների ցանկը: Պատկերասրահի շենքը 136 տարում երկու անգամ ենթարկվել է հզոր փորձությունների՝ աղետալի երկրաշարժերի ¥1923, 1988¤, հետո վերականգնվել է և վերաբացվել: 1988 թվականին Գյումրու երկրաշարժից հետո շենքը տրամադրվել էր անօթևաններին և վերաբացվել է 2004 թվականին:
«XX դար. Նիկոլայ Նիկողոսյանն ու իր ժամանակակիցները» նախագիծն իրականացվում է «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի» և ՀՀ ԿԳՄՍ նախարարության համաֆինանսավորմամբ: Տարվա ընթացքում փոփոխվող ցուցադրություններով կներկայացվեն 20-րդ դարի խոշորագույն արվեստագետները՝ Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյան, Մարի Հովելյան-Հակոբյան, Հովհաննես Զարդարյան, Խաչատուր Իսկանդարյան, Ալեքսանդր Գրիգորյան:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարներ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ