Երաժշտական գլուխգործոցներն էներգետիկ մեծ ներուժ են մեր ներկայի ու ապագայի համար
13.12.2019 | 01:02
«Խաչատրյանի երաժշտությունը գունեղ է‚ արևային, հուզական։ Այն մարդկանց տալիս է պայծառագույն հույզեր։ Նրա մեղեդու հուզականությունն ուղղակի ցնցում է: Երևի շատ համընկնում է իմ բնավորության հետ։ Ասում են‚ թե ես էմոցիոնալ մարդ եմ»‚- ահա այսպես արտահայտվեց հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի արվեստի մասին աշխարհահռչակ ջութակահար‚ «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովը:
Ջութակահարի իր երաժշտական ուղին Վենգերովը սկսել է 5 տարեկանից։ Առաջին համերգը կայացել է Նովոսիբիրսկում: Որպես երաժիշտ շրջել է գրեթե ամբողջ աշխարհում։ Սերտ կապեր ունի նաև հայ երաժիշտների հետ՝ դաշնակահար‚ դիրիժոր Վահագն Պապյան‚ թավջութակահար Վահրամ Սարաջյան։ Վերջիններիս հետ Վենգերովը եռյակով շրջագայել է աշխարհի շատ երկրներում։ Մաքսիմ Վենգերովը ցավով նշեց‚ որ թավջութակահար Վահրամ Սարաջյանը հեռացավ կյանքից։
«Դա ողբերգական իրադարձություն է‚ մենք չէինք սպասում։ Մահից մեկ շաբաթ առաջ եմ զրուցել նրա հետ։ Նա ինձ իր փառատոնին էր հրավիրում‚ որը պետք է ամռանը տեղի ունենար։ Մենք ծրագրեր էինք իրար հետ կազմում, բայց հանկարծ այդ դժբախտ դեպքը տեղի ունեցավ։ Տաղանդավոր երաժիշտ էր թավջութակահար Վահրամ Սարաջյանը։ Մենք երեքով՝ Սարաջյանի և Վահագն Պապյանի հետ աշխարհի գրեթե կեսը շրջագայել ենք։ Դա 20 տարի առաջ էր‚ եղել ենք լավագույն համերգասրահներում։ Այդ համագործակցությունը մեր աստեղային ժամերից է եղել։ Վահագն Պապյանի հետ աշխատել եմ երկար տարիներ‚ համագործակցել եմ և՛ որպես ջութակահար‚ և՛ որպես դիրիժոր։ Վահագն Պապյանից ստացել եմ դիրիժորության առաջին դասերը։ Նա իմ առաջին պրոֆեսորն էր‚ ով ծանոթացրեց դիրիժորության մեծագույն դպրոցի հետ։ Պապյանի շնորհիվ էլ դարձա դիրիժոր‚ ինչի համար շատ շնորհակալ եմ։ Վերջերս նվագել ենք Հարավային Ամերիկայում‚ մյուս տարի մի քանի համատեղ համերգներ ունենք։ Վահագնը ինձ համար շատ մոտ ու հարազատ մարդ է։ Այնպես որ, բարեկամներ Հայաստանում ես ունեմ»‚- ասաց Մաքսիմ Վենգերովը։
«Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել‚ որ դասական երաժշտությունը լավագույնն է։ Դա ասում եմ ոչ թե նրա համար‚ որ ինքս դասական երաժիշտ եմ։ Մեծագույն կոմպոզիտորների՝ դարեր առաջ ստեղծած երաժշտական գլուխգործոցներն էներգետիկ մեծ ներուժ են մեր ներկայի ու ապագայի համար։ Ես տեղյակ եմ‚ որ ձեր երկրում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իրականացնում է Դաս A նախագիծը դպրոցահասակ երեխաների համար‚ դա հրաշալի բան է։ Հենց երաժշտությունն է մարդկանց տալիս հույս ու ոգեղենություն։ Երբ երեխան որևէ երաժշտական գործիք է նվագում‚ նա և՛ ֆիզիկապես է ակտիվ‚ և՛ հոգեպես հարուստ։ Բացվում են էներգետիկ չակրաները։ Երաժշտությամբ զբաղվող երեխան ունի պատասխանատվության մեծ զգացում‚ ճաշակ‚ կարգապահություն‚ լայն մտահորիզոն‚ աշխարհայացք։ Եթե անգամ երեխաները հետագայում չեն դառնում պրոֆեսիոնալ երաժիշտներ‚ միևնույն է‚ երաժշտությունը նրանց կյանքում դրական մեծ փոփոխություն է կատարում՝ թողնելով դրական հետք»։
Անդրադառնալով ժամանակակից դասական երաժշտությանը՝ Մաքսիմ Վենգերովն ընդգծեց‚ որ երաժշտական հանճարները արդեն իսկ գրել են այնպիսի գլուխգործոցներ‚ որ դժվար է նրանց գերազանցել‚ և ժամանակակից կոմպոզիտորներն ապրում են նրանց ստվերում։ Ջութակահարը հույս հայտնեց‚ որ այնուամենայնիվ ժամանակի հետ աշխարհը նորովի կբացվի։
Նշենք‚ որ Մաքսիմ Վենգերովը Հայաստանում է Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնի շրջանակներում և հանդես է գալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Իսկ 2020 թվականի հունվարին Վենգերովը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնելու են եվրոպական համերգային շրջագայությունների։
Արփի ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Մեկնաբանություններ