«Կերպարվեստ կենտրոնի» գունագեղ հայտը
13.12.2019 | 00:34
Ձեռքիս տակ է «Կերպարվեստ կենտրոն» ամսագրի ազդօրինակը։ Այն լույս կընծայվի առաջիկա օրերին։ Հիմնադիր և խմբագիր Վրեժ Առաքելյանն անծանոթ չէ կերպարվեստասեր հանրությանը, քանի որ երկար տարիներ խմբագրել է Հաաստանի նկարիչների միության «Կերպարվեստ» պարբերականը, որի հրատարակումը` ֆինանսների բացակայությամբ պայմանավորված, ավարտվեց 2014-ի աշնանը։
«Կերպարվեստ կենտրոնի» տնօրենն է Արտակ Ավագյանը, որը հրատարակչական գործի մեծ փորձ ունի, պատասխանատու քարտուղարն է արվեստաբան Սիլվիա Մանուչարյանը։ Խմբագրական խորհրդում ճանաչված անուններ են` մշակութաբան Գագիկ Մանասյան, արվեստաբաններ Մարտին Միքայելյան և Զառա Մալոյան։
Թերթում ենք ամսագիրը, որը կազմված է խորագրերից։ «Վրձնահարված գրչով» խորագրում խմբագիրը զուգահեռներ է քաշում հայ կերպարվեստի խորհրդային և նորանկախական շրջափուլերի միջև, ինչն արտահայտված է նյութի վերնագրում` «Հայ կերպարվեստը մուրճի և մանգաղի միջև»։ «Գեղխորհուրդ» խորագրում հետաքրքիր առաջարկ է ներկայացվում հանրային քննարկման համար. վերաիմաստավորել օպերայամերձ Ֆրանսիայի հրապարակը, օտարել «նկարչի», միջավայրին իր չափերով անհարիր քանդակը և դրա տեղում ստեղծել Ֆրանսիայի Հանրապետության եռագույն, գրանիտյա դրոշը։ Երկրորդ առաջարկը ոչ պակաս ուշագրավ է. վերստեղծել գեղարվեստական մատենանիշի (գրապիտակ, էքսլիբրիս) մշակույթը, հաշվի առնելով, որ հանրապետությունում գրքի տպագրությունն աստիճանաբար աշխուժանում է։ «Հայ դասականներ» էջում ներկայացվել է վաստակավոր նկարիչ Արշամ Շահինյանի «Տիգրան Չուխաճյան» արձանը։ «Մեկենասյան վերածնունդ» նյութով ամսագիրը փորձում է 3-րդ հանրապետությունում վերականգնել արվեստի մեկենասության ավանդույթը` հղում կատարելով նշանավոր մեկենասներ Ալեքսանդր Մանթաշյանի, Միքայել Արամյանցի, Գալուստ Գյուլբենկյանի և Տիգրան Խան-Քելեկյանի գործունեությանը, ստեղծելով «Հայ կերպարվեստի մեկենաս» պատվո ատյանը, սպասելով մեր օրերի կերպարվեստի մեկենասների արթնացմանը։ «Մշակութային տարածք` ի հիշատակ Դերենիկ Դեմիրճյանի» հոդվածում Դերենիկ Դեմիրճյանն տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը առաջարկում է գրողի` թանգարանում գտնվող արձանը (հեղինակ` Սամվել Ղազարյան) թանգարանից դուրս բերել և տեղակայել հանդիպակաց հատվածում, այն վերածելով պուրակի, այնտեղ տեղադրելով նշանավոր դասականի հանրահայտ հերոսների արձաններն ու քանդակները։
«Պաննո» խորագրում կերպարվեստի հայ վարպետներն են արժևորվել` Հակոբ Կոջոյանը, Ժան Իհմալյանը, Արևշատ Ավագյանը, Փարավոն Միրզոյանը, Արամ Դովլաթյանը և Միքայել Հարությունյանը։
«Տեսություն և այլն...» խորագրում «Չէ՞ որ դու` ես եմ» հոդվածն է ներկայացնում Գագիկ Մանասյանը, Սիլվիա Մանուչարյանը հեղինակն է «Անթիլիասում պահվող հայկական արծաթագործության նմուշները» հոդվածի։ «Երեք սերունդ» խորագրում ներկայացված է «Գասպարյաններ» նյութը։ Իրենց հավաքածուներից նմուշներ են ներկայացրել բարձր արվեստի «Շեդևր» կենտրոնը և «Գրիգորյան» ցուցասրահը։
Այլ գրավիչ և արդիական հրապարակումներ էլ կան «Կերպարվեստ կենտրոնում», որոնց հետ ծանոթանալու նպատակով ուղղակի պետք է ձեռք բերել ամսագիրը։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ