«Հայֆիլմ» նախաձեռնությունը դարձել է «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ: Նպատակն ու պահանջները նույնն են: ՀԿ-ի նախագահ Հայկ Բաբայանն ասաց, որ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին առաջարկել են փոխել «Հայֆիլմի» կարգավիճակը` պետգույքի կառավարման կոմիտեից տեղափոխել ԿԳՄՍ նախարարություն, իրականացնել կադրային փոփոխություններ, կոնկրետ հաստիքներ տալ, որ ամեն մեկը զբաղվի կոնկրետ բաժնի զարգացմամբ՝ մարքեթինգ, կրթություն, կինոարտադրություն, ստեղծել սցենարիստների, կասկադյորների, պրոդյուսերների դպրոց: «Նորից պետք է «Հայֆիլմի» լոգոն տեղադրել պատի վրա, որ «Հայֆիլմ» մտնելիս չմտածեն, թե գտնվում են լամպերի պահեստում կամ կահույքի ցեխում: Չենք ասում, թե խորհրդային տարիների նման պետք է ֆիլմեր արտադրի, բայց բրենդը պետք է պահել ամեն գնով»,- ընդգծեց Հայկ Բաբայանը:
ՈՒնեն նաև սոցիալական ծրագրեր. կառավարությանն առաջարկելու են ԵԹԿՊԻ-ի միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին, ապրիլյան պատերազմի մասնակիցներին «Հայֆիլմի» ռեկվիզիտորներից, տարածքից, տեխնիկական հնարավորություններից 30 տոկոս զեղչով օգտվելու հնարավորություն ընձեռել: «Հայֆիլմը» ընկալվում է որպես գույք: Սա նշանակում է, որ մենք այսօր կանգնած ենք մշակութային գերեզմանի առաջ, պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, որ հայկական կինոարտադրությունը սկսի տեղից շարժել»,- հավելեց ՀԿ-ի փոխնախագահ Հայկ Զաքարյանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ