Լուրյեի էթնո-հոգեբանական պրպտումներն ուղղված են անգիտակցականության ոլորտի խոր շերտերին: ՈՒշադրություն է դարձվում արքետիպի մանրամասներից մեկին. «Անցածի մասին հիշողությունը» հայերի գիտակցության կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Անցյալի վեհության, հին հայկական պետականության, հայերի ոսկեդարի մասին հիշողությունն ունեցել է հստակ վախճանաբանական, գրեթե կրոնական երանգավորում: Այդ երազանքի հետ կապված գաղափարներն իրենց մեջ չէին ներառում դրանց իրագործման «այժմ» և «այստեղ» կարգավորումը, այլ միայն «երբևէ»-ի հույսը: XI դարին թվագրվող «Բարի ժամանակների մասին» ավանդազրույցում ասվում է.«…/ Եվ կժողովվի իր երկրում/ Աշխարհով մեկ ցաք ու ցրիվ հայ ժողովուրդը/Եվ կգան հայերը ամեն կողմից»: … Այդ մասին է նաև Ն. Շնորհալու (XII դար) եղերերգը. «… Յայնժամ որդիք իմ հեռացած,/ որք այժմ հինէն էք բաժանած,/Գայք ի վերայ բարձեալ կառաց /պալարակաց երիվարաց/, Որք ցրվեցույք յամեն կողմանց/ չորեքծագեան տիեզերաց.../»:
Դիտարկելով հայկական սփյուռքը, որը նույնպես չի սպրդել Լուրյեի տեսադաշտից, հեղինակը հայերին առաջարկում է դիմել իրական պետության կազմավորմանը: Պետություն, որը հնարավոր կլինի «երբևէ» ստեղծել, իսկ դրա համար անհրաժեշտ է նախ և առաջ կործանել Երևանը, որը կարող է գոյություն ունենալ որպես հիշողություն, որպես առասպել: «Հայերի համար հիշողություններն, ընդհանրապես, ունեն հատուկ իմաստ, հասցվում են գրեթե կուռքի, պաշտամունքի աստիճանի: Դա հստակորեն արտահայտված է ժամանակակից հայ գրող Պ. Զեթունցյանի պիեսներից մեկում՝ «Ավերված քաղաքի առասպելում»: Այդ պիեսը Արշակ արքայի քաղաքի՝ Արշակավանի մասին է, քաղաք, որը գոյատևել է ընդամենը մի քանի տարի, ավերվել՝ իր վեհությանը չհասած: Պիեսում անհասկանալի է. ի՞նչ է ստեղծում արքան՝ հզոր քաղաք, թե հզոր քաղաքի մասին առասպել, խորհրդանիշ: Ավելի շուտ երկրորդը, քան առաջինը… Ահա, արքան բանտում է, քաղաքը սրբվել է երկրի երեսից. «Դրաստամատ (արքայի երբեմնի մտերիմ). – Արշակավանի հետքն անգամ չի մնացել: Միայն մերկ հող, մոխիր, և թափառում են այնտեղ անտուն շներն ու ոռնում՝ նկատելով որևէ ճրագ: Բայց մարդիկ գալիս են այնտեղ: Ամբողջ երկրից գալիս է ժողովուրդը: Այդ անապատային վայրը սրբազան է դարձել: Զինվորները վռնդում են մարդկանց այնտեղից, ծեծում, նետում են զնդան, բայց նրանք շարունակում են գալ:
ԱՐՇԱԿ- Տեսնո՞ւմ ես,Դրաստամատ, ազատ քաղաքի գաղափարս կծառայի այս երկրի վերածննդին… Ես մարդկանց համար առասպել ստեղծեցի, թողեցի հիշողություն… որը կփոխանցվի սերնդեսերունդ»:
Մենագրության մեջ մատնանշվում է «Տաճար տանող ուղին», տաճար «Մեծ Հայաստան» անվամբ «Ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը չի ընկալվում որպես ամբողջական Հայաստան: Դա նրա մի փոքր մասն է, և Երևանը նրա կենտրոնը: Բայց ամբողջ Հայաստանը, ինչպես հայելու մեջ, արտացոլված է Երևանում: Երևանյան անվանումներում գերակայում է «նոր» բառը, Նոր Սեբաստիա, Նոր Զեյթուն, Նոր Բութանիա, Նորագյուղ և այլն: Երևանի շրջանները կրում են երբեմնի հայերով բնակեցված հողերի անվանումները: Ստեղծվել է առասպելի մարմնավորում դարձած քաղաք, իսկ այժմ այն ապրում է ինքնուրույն կյանքով, նա թելադրում է հայ ժողովրդին իր կանոնները (ինչին բոլորը ստիպված են ենթարկվել, թեև ոչ բոլորին է դա հաճելի)»:
Այո, Երևանը, որ «թելադրում է հայ ժողովրդին իր կանոնները», բոլորին չէ, որ հաճելի է: Այդ պատճառով այն պետք է կործանվի: Եվ այդ «պատմական արարքի» առաքելությունը վերապահված է Լևոն Տեր-Պետրոսյանին, որի հոգեբանական բաղադրությունը պարտադիր չէ, որ համապատասխանի հայ ազգի արքետիպին, քանի որ «Անհնար է ազգաբանության միջոցով բացատրել կոնկրետ պատմական անձանց գործողությունները. բնավորության անհատական առանձնահատկությունները, յուրաքանչյուր անձի դեպքում, գերիշխում են էթնիկ առանձնահատկություններին: Էթնոհոգեբանությունը խմբերի կամ զանգվածների հոգեբանությունն է»:
Ահա թե ինչպես է Հայաստանի Հանրապետությունում քողազերծվել ցեղասպանության գաղափարը. առաջին հերթին սկսվեց Երևանի ամայացումը՝ արտագաղթեց բնակչության ընտրախավի հատվածը: «Ազատ և անկախ» Հայաստանի Հանրապետությունում ցեղասպանության մեկնարկը տրված է:
Նոր իշխանությունների սադրանքով երևանցիները վանում էին Ադրբեջանի փախստականներին: Ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց Երևանի հետագա զարգացման մասին, մեկ միլիոն բնակիչը բավարար է Հայաստանում՝ քաղաքացիներին կառավարելու համար, հիմնավորելով այդ տարածքի համեստությամբ: Սակայն, Իսրայելը, օրինակ, չնայած սահմանափակ հողատարածքներին, իր դռները բացեց ամբողջ աշխարհի հրեաների առաջ: Միևնույն ժամանակ, Ադրբեջանն իր տարածքում հավաքեց շուրջ մեկ միլիոն մուսուլմանների, այդ թվում, թուրք-մեսխեթցիների՝ բոլոր մուսուլմաններին հայտարարելով «Լեռնային Ղարաբաղի փախստականներ», հետագայում, Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման նպատակով, նոր հանրաքվե սադրելու դեպքում, նրանց օգտագործելու համար:
Միանգամայն ճիշտ է գնահատում ստեղծված իրավիճակը Ս. Լուրյեն իր մենագրության մեջ. «1915 թ. հայերի ցեղասպանությունը և դրան հաջորդած մի շարք իրադարձություններ (հետպատերազմյան խաղաղ կոնֆերանսների շարանը, որտեղ քննարկվում կամ, հետո արդեն, չէր քննարկվում «հայկական հարցը») հայ ժողովրդի համար ահռելի ցնցում էր: Ընդ որում, հայտնի չէ, թե ինչն էր առավել ցնցող. թուրքերի վայրագությունները, մեկ միլիոնը գերազանցող զոհերի քանակը, զանգվածային գա՞ղթը, թե՞ համաշխարհային պատերազմին հաջորդած խաղաղ կոնֆերանսների աղաղակող անարդարությունը, որտեղ չարիքը չդատապարտվեց, որտեղ հայերին մերժվեց ոչ միայն Թուրքիայի սահմաններում գոնե «ազգային օջախ» ունենալու» իրավունքը, ոչ միայն փոխհատուցումը՝ կորցրած նյութական ունեցվածքի դիմաց, այլև նույնիսկ բարոյական աջակցությունը: Հայերին պարզապես ուրացան: Այդ ընթացքում աշխարհը հասցրեց մոռանալ հայերի ցեղասպանությունը, իսկ դա նրանց համար պակաս ծանր չէր, քան բուն ցեղասպանությունը: Նրանք ապրում էին տարբեր երկրներում ցրված, աշխարհի համընդհանուր անարդարության մեջ համոզված՝ հաճախ փորձելով նույնիսկ թաքցնել իրենց ծագումը, թեև նրանց այլևս ոչ մի տեղ չէին հետապնդում: Թուրք դիվանագետների նկատմամբ իրականացված մի շարք ահաբեկչական գործողությունները չափազանց մեղմ մխիթարություն էին: Հայերի գիտակցության կոնֆլիկտայնության մակարդակը շարունակում էր իր գերաճը»:
Այդ կերպ, ինչպես Եվրոպան և ԱՄՆ-ը, այդպես և Սովետական Ռուսաստանը շտապեցին «մոռանալ անհարմար հայկական հարցը», որը խանգարում էր համաշխարհային առաջատար տերությունների զարգացմանն ու տնտեսական ընդարձակմանը:
«Բոլոր հարցերը լուծվում էին առանց հայերի և ի հաշիվ հայերի, որոնք վերջին հաշվով զրկվեցին հայ ազգի բնօրրանը հանդիսացող տարածքների ճնշող մեծամասնությունից»: Լուրյեն չի ցանկանում բացահայտորեն ցույց տալ իր մենագրության հակասովետական, հակառուսական էությունը (այդ մասին հետո կասի ԱՄՆ նախագահի օգնական Բոլթոնը): Նա այդ անում է զգուշաբար. «Միակ երկիրը, որն այն տարիներին ընկալվում էր ոչ թշնամական, մնացել էր Ռուսաստանը, ընդ որում, արդեն Սովետական Ռուսաստանը: Այն, իբրև թե, որոշ հոգատարություն էր ցուցաբերում հայերի հանդեպ: «1915 թ. ջարդերի պատճառով թուրքերի նկատմամբ առաջացած ատելությունը, և Լոզանից հետո հայերից հրաժարված Եվրոպայի դավաճանության հանդեպ վրդովմունքը, փաստորեն ստիպում են նրանց նետվելու փրկարար Ռուսաստանի գիրկը: Նա ընդունում է Արևմուտքի անլուրջ վերաբերմունքից վիրավորված և մերժված հայերին: Օգտագործելով հոգեվերլուծաբանների տերմինաբանությունը, Սովետական Ռուսաստանը ստանձնում է ամենակարող մոր կերպար, որը կարող է օգնել և պաշտպանել թշնամական աշխարհից»:
Ս. Լուրյեն շարունակում է. «Որքան ավելի էր զարգանում, իր սահմաններն ընդարձակում Երևանը, այնքան ավելի միատարր էր դառնում նրա միջավայրը: Այդ քաղաքում ապրում են համարյա թե միայն հայեր… Այս առումով Երևանը բացառիկ է… իր փոխհարաբերությունների ոճով, իր չափազանց միասնական միջավայրով… ավանդական և պահպանողական … մեր առջև բացառիկ երևույթ է: ՈՒրբանիզացիան սովորաբար ուղեկցվում է ավանդույթների ավերածությամբ, սոցիալական միջավայրը դարձնում առավել բաց և հանդուրժող զանազան արժեքների և վարքաձևերի նկատմամբ: Երևանում հակառակ գործընթացն է: Քաղաքի աճի, նրա ինդուստրացման չափերին համապատասխան (համենայն դեպս, դրան զուգահեռ), Երևանի սոցիալական միջավայրը դառնում է ավելի ներփակ և պահպանողական»:
Երևանը բնութագրելով, Լուրյեն հատուկ ընդգծում է բացառիկությունը և, հատկապես, տվյալ ֆենոմենի արհեստականությունը՝ ցավոտ կետերի բացահայտմամբ, որը դժվար չէ կոռոզիայի ենթարկել նպատակային ագրեսիվ հոսքի պարագայում:
Առաջին հայացքից, այդ հանգամանքն ուներ դրական նշանակություն, բայց հատկապես նշված ցավոտ կետագծին էր նպատակաուղղված երևանյան ընտրախավի վերացման դիվերսիայի սլաքը:
Հիմնականում հարձակման են ենթարկվում հատկապես ուրբանիզացված մթնոլորտի թվացյալ «ամբողջականությունը և պահպանողականությունը», խաբուսիկ «ավանդական և պահպանողական միջավայրի միասնականությունը»: Պատահական չէ, որ հեղինակը շեշտում է Երևանի երիտասարդ լինելը, որի բնակիչները «թվում են հնատոհմ քաղաքացիներ, քաղաքային մշակույթին վաղուց վարժված ուրբանիստ ժողովուրդ»: Դա համապատասխանում է իրականությանը, բայց միակողմանի: Մյուս կողմից, վերլուծությունն ակնհայտ անհամապատասխանություն է բացահայտում իրերի իրական դրության հետ: Քաղաքացինե՞ր: Այո՛: Ավանդույթնե՞ր: Ո՛չ: Փաստ է, որ Երևանն իր «միլիոնանոց» մակարդակին է հասել «մոնոէթնիկ վիճակում»: Սակայն իրական չէ այն, որ Երևանն իր «միլիոնանոց մոնոէթնիկությամբ» ներկայացվում է «միասնական ավանդական և պահպանողական միջավայրով», քանի որ գյուղական տարրով հագեցած սոցիալական բնակության ուրբանիզացիան իրականացվում է նվազագույնը քաղաքացիների երեք սերնդի ընթացքում: Հենց այստեղ է թաքնված ծայրաստիճան վտանգավոր այն ցավոտ կետը, որի վրա ներգործելու միջոցով իրագործվեց «երազանքի քաղաքի» կործանումը:
Այնուհետև. «հայ հայրենադարձների ներգրավումը հետպատերազմական քաղաքականության մեջ տևեց ընդամենը մի քանի տարի և նրանցից շատերի համար ավարտվեց սիբիրյան աքսորով: Մեկ անգամ չէ, որ Երևանի տեղում նորմալ «ինտերնացիոնալ» քաղաք կառուցելու փորձեր ձեռնարկվեցին, սակայն դրանք ոչ մի արդյունք չտվեցին: Երևանն իրենից ներկայացնում էր այնպիսի փակ միջավայր, որ գաղթյալները անկարող էին մերվելու դրան: Ընդ որում, սովետական վարչակարգի պայմաններում, խոսք անգամ չէր կարող լինել բազմազգության դեմ գիտակցական դիմադրության մասին: Այն տարիներին մերձբալթյան հանրապետությունների մայրաքաղաքները, որտեղ, ի տարբերություն Երևանի, ուժեղ էին հակառուսական տրամադրությունները, չկարողացան իրական դիմադրություն ցուցաբերել բազմազգայնացմանը: Իսկ Երևանում ամեն բան, ասես կախարդանքով, ինքնաբերաբար էր կատարվում: Պատմաբանը չի հայտնաբերի որևէ վկայություն կամ թեկուզ ինքնախոստովանություն, որ այդ գործընթացն ուղղորդվել է ինչ-որ մեկի կողմից: Երևանի ձևավորմանն առնչվող գաղափարախոսական ոչ մի հետք գոյություն չունի: Ոչ մի գաղտնի արխիվի ոչ մի բացահայտում պատմաբանին չի մոտեցնի Երևանի ձևավորման հանելուկի լուծմանը: Այս արտակարգ երևույթը բացատրվում է այն բանով, որ տվյալ պահին հայ էթնոսը վերապրում էր իր «վերակառուցողական» շրջանը, և ազգագրական գործընթացն ավելի զորեղ գտնվեց, քան քաղաքական, սոցիալական և ժողովրդագրական գործընթացները»:
Ինչպես նշված է մենագրության մեջ. «հայկական մայրաքաղաքում մշակվել են վարքագծի, բարեվարքության, ծեսերի՝ հայերին նախկինում անծանոթ, սակայն քաղաքի բնակչության կողմից արագ յուրացվող նոր օրինակներ»: Սոցիալ-հոգեբանական վարքային բնութագրերի համաձայն, ստեղծվում էր Երևանի հատուկ տեսակ՝ իր ուրույն մթնոլորտով: Մշակվել էին նույնիսկ երեկոյան զբոսանքի ձևաչափեր, որոշակիորեն հանդարտ քայլքով, հատկապես, այսպես կոչված, «ոսկե աշնան» շրջանում:
Հասարակության առավել ուսյալ, բարեկիրթ հատվածին «ընտրաիրավունքից» հեռացնելու համար Հայաստանում իշխանությունը բռնազավթողներն իրականացնում էին բնակչության նպատակային հոգեբանական մշակում: Չէին խորշում նաև ներգործության «էկզոտիկ» միջոցների կիրառումից: Այսպես, 1992 թվականի աշնանը Երևանի բուն կենտրոնում, Լենինի անվան պողոտայի մայթին, Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքի մերձակայքում, երեկոյան ժամերին հայտնվեցին մարդկային արտաթորանքի բազում կույտեր, ինչը ծայրաստիճան բացասաբար էր ազդում զբոսնող մտավորականության ներկայացուցիչների վրա: Բանն այն է, որ աշնանային Երևանում եղանակը հրաշալի է, դա սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին էր, երբ օդի ջերմաստիճանը բարենպաստ է երեկոյան զբոսանքի համար: Երևանցիները զբոսանքի ժամանակ հանդիպում էին մեկմեկու, հաղորդակցվում միմյանց հետ, քանի որ բոլորը ճանաչում էին իրար: Մարդկային կեղտի կույտերը (ի դեպ, գեղեցիկ հարդարված, ինչպես կրեմը տորթի վրա) գարշանք էին առաջացնում մտավորականության մեջ, և նրանք բարձրաձայն արտահայտում էին իրենց դժգոհությունը, բացասական գնահատելով բնակչության այն ներկայացուցիչներին, ովքեր իրենց թույլ էին տալիս «այդպիսի այլանդակություն»: Այդ ամենը, միասին վերցված, Երևանի մտավորականությանն աստիճանաբար մղում էր համընդհանուր դժգոհության և աստիճանաբար հանրապետությունից հեռանալու, այդ թվում, էլեկտրականության, խմելու ջրի և գազի մատակարարումների ընթացքում հաճախակի անջատումների համապատկերում: Կարևոր է նշել, որ մի բուժաշխատող (Ռուբեն Սեդրակյան) որոշեց ստուգել հիշյալ կղկղանքի բաղադրությունը, որի համար առավոտյան ժամը 5-ին լուցկու տուփով վերցրեց «մարդու կենսաբանական» արտադրանք: Լաբորատոր քննությունը ցույց տվեց, որ դա ընդամենը արհեստական ներքողարկում էր (նրանց նման, որ վաճառվում էին արևմտյան երկրների «հումորային» խանութներում): Երևանցիների գիտակցության վրա հոգեբանական ներգործության անհերքելի փաստ: Այդ կերպ Երևանի մտավորականության նկատմամբ կիրառվում էր հոգեբանական միջոցառումների լայնածավալ բազմազանություն՝ նրա արտահոսքը կազմակերպելու և «երազանքի քաղաքի» բնակչության ընտրախավային շերտը ոչնչացնելու նպատակով:
(շարունակելի)
Ռուսերենից թարգմանեց
Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆԸ