ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Վարուժան Նալբանդյան

Վարուժան Նալբանդյան
26.07.2019 | 02:09

«Դու քո ճիշտ տեղում չես նստած, փորձիր նստել իբր... ծնկներիդ կին կա, իբր Փոքր Մհերն ես»։ Վարուժան Նալբանդյանի հերթական իմպրովիզն է, որ երբեմն գրառում էի գրողների միության իմ աշխատասենյակում նստած, ոչ իր պատվիրած դիրքով, ուր շաբաթը մեկ անգամ «գրոհում էր»՝ անօրինակ, տարաշխարհիկ էսսեներով, ինչպիսին ինքն էր, խառնափնթոր կերպ ու կերպարով, բայց զտարյուն մտավորականի, գրողի, դրամատուրգի, թարգմանչի խոհականությամբ։
Իր համար արտաքին աշխարհը... թքած. որտեղ երբևէ չի ապրել ու նույնիսկ երևակայել չի կամեցել։ Երևակայությունն այլ տեղ էր, այլ մշակութախիտ ոլորտներում։ ՈՒրիշ կերպ ապրելն անկարելի էր՝ պարզ ու բնական, ինչպես իր վախճանը մեզ համար բնականաբար ակնկալված, անհասկանալի։


70-ականների վերջերից էի ճանաչում. այն տարիներից էր նիրվանայի «բնակիչ»՝ Եղիա Տեմիրճիպաշյան էր «բուրում» նրանից, վտանգավոր հայացքով, անկրկնելի և Վարուժան՝ ծնյալ Եգիպտոս, հայրենադարձված... երևի իրենից անկախ հանգամանքներում, որ ոչ միայն մեզ, այլև շատերի համար էր առեղծված՝ բազմաթիվ անհայտներով հավասարման պես մի բան։
Եվս մեկ գրառում. «Ծվատված մարդիկ միշտ առեղծվածային՝ անծնունդ են. փորձիր գրպաններդ քրքրել շուկայական գներով, բայց մարսողությանդ վնաս չտաս»։ Հոդված-էսսեների տպված, թե չտպված հոնորարը իմ գրպանից իր գրպանում էր հայտնվում վայրկենապես, սենյակ մտնելուն պես, և միշտ այնքան անուշադիր իմ նկատմամբ, ինչպես ինքն իր։ Ողջ կյանքում. ուզում էի գրել «անավարտ կյանքում», բայց այդ կյանքն իբրև կյանքի տեսակ, այժմ էլ ավարտուն չէ, այն շարունակվում է մեր և հանդերձյալ աշխարհի բնակիչների համար։ Ես հիմա պատկերացնում եմ վերջինների սրտնեղված վիճակը, սրտնեղության «չափ ու քանակը»։


Վարուժանի միտքն իրենից հեռու-հեռվում էր թափառում։ Տեղակայուն չէր, անորսալի, փշախաղողի պես վեր մագլցող, միշտ դժգոհ, չհամակերպվող։ ՈՒմի՞ց էր դժգոհում. միայն իրենից, իր ստեղծած իրականությունից, որի միակ բնակիչն էր տարիներ ի վեր։ Մենակյացի կյանք՝ ուխտադրժություն չընդունող, անհեթեթորեն անկասելի։ Հանկարծ որևէ մեկը չհանդգներ խռովել իր անբնորոշելի կենցաղը։
Եղե՞լ է արդյոք նա այն տարիքին, երբ սիրում են, ատում, բաժանվում։ Կյանքի և առհասարակ իրականության նկատմամբ ատելությունը երբվանից էր սկիզբ առել և ինչ պայմաններում։ Մի օր, հերթական «շրջայցի» ժամանակ, երբ դռների մեջ հայտնվեց, որոշեցի հումորի «հրավեր կարդալ»։ Ասացի. «Վարուժան, էպիգո՞ն, թե՞ էպիգող»։ Պատասխանը կարճ էր, հատու. «Էպիբոզ»։ Հետո շարունակեց՝ հռհռոցի միջից հազիվ լսելի. «Էպիգողի ու էպիբոզի օրը քառասուն օր է»։


Ինձ համար ամենևին անակնկալ չէր, նա բառախաղեր անելու սովորույթից այդպես էլ չէր հոգնում, հրաժարվում, երևի այն հին ու բարի ժամանակներից, երբ հրատարակել էր «Ձմեռ տատ» վերնագրով մանկական պատմվածքների ժողովածուն։
Մի օր, երբ «որոշել էր նյարդերիս լարերի վրա միալար «ծլնգացնել» կատակախառը պատմությունները, ասացի. «Հասարակական հարցումներ եմ անցկացնելու՝ «քանի՞ կին է երազել տեսնել և երազում տեսել Վարուժան Նալբանդյանը» խորագրով։ Հարցաթերթիկն արդեն բաժանված է»։
«Արդյունքներին սպասե՞մ, ոնց որ Գոդոյին ենք սպասում ազգովին...»,- պատասխանեց միանգամից, լրջությամբ ու հեգնանքով։
Երբեմն խոսելիս օգտագործում էր իր թարգմանած ֆրանսիական աբսուրդի թատրոնի դրամատուրգներից կարճ և հատու ֆրազներ՝ բռնազբոսիկ ծիծաղով համեմված. ու միշտ անակնկալ, պարտադիր չէր ինչ-որ առիթով, ուղղակի լայնախոհության «բանավոր» նոթատետրից բարձրաձայն ընթերցումներ էր անում։


Դպրոցականի գրագիտությունն այդպես էլ չհաղթահարած գրական և մերձգրական «երևույթներից» Վարուժանին պաշտպանելու գործին միշտ պատրաստ, երբեմն զայրանում էի, բայց հետո «մտաբերում», ու՞մ հետ և ինչու՞... միայն նրա վանող արտաքինի տպավորությամբ էին փորձում կարծիք կազմել, արտահայտվել մարդու մասին, մարդու՝ ոչ թե նրա գրականության, թարգմանությունների և վրդովեցնելու աստիճան սխալվելով՝ տգիտորեն լռում էին։ Իսկ ինքն՝ արտասովոր կերպով արհամարհում էր մարդկային իր տեսակը և բնույթը չընդունողներին, հատկապես խիստ չափաբերված կյանքով ապրողներին, որոնք հակացուցված էին իր բնույթին՝ իրենց անձով և գրականությամբ։ Փոխկապակցված էր այդ անհանդուրժելի ատելությունը։ Ինքը միայնության մեջ կարոտ էր այլ կենսատու ուժերի։ Իր կյանքը գաղափարների թելաշար էր հիշեցնում և դժվար էր ապրել Վարուժան Նալբանդյանի կյանքով։ Այդ գիտակցման բացակայությամբ էր ծնվել՝ ժխտելու նաև այն, ինչն ամենաթանկն էր իր համար՝ ազատությունը. «Նրանք փոշմանել են, որ ծնվել են այդ տեսակով, որովհետև խնդիրներ են հարուցում իրենց և շրջապատի համար»։ Էական չէ, թե ում խոսքերն ակամա հիշեցի, բայց Վարուժանը չէր փոշմանել, թերևս իմ գրառած իր ամենաինքնաբնորոշ արտահայտություններից. «Ես ճգնաժամային ծնունդ եմ...»։


Նրան նորովի ճանաչելու ժամանակ դեռ ունենք. ոչ միայն արժևորելու, այլ նաև հոգեբանական-հոգեվերլուծաբանական վերլուծության ենթարկելու Վարուժան Նալբանդյան զուտ մարդ տեսակի էությունը՝ ստեղծագործություններում առկա՝ չափազանց երևութական ու ....աներևույթ։

Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 1380

Մեկնաբանություններ