38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Լուրեր

Լուրեր
12.08.2008 | 00:00

«Երրորդ ուժ» ՀՅԴ առանցքո՞վ
Դաշնակցությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկայում, ի վերջո, կձևավորվի քաղաքական դաշտի «երրորդ ուժ» կոչված թևը, որի առանցքը կդառնա ՀՅԴ-ն: Ինչպես մանրամասնում է մեր աղբյուրը, այդ հատվածի մաս են կազմելու նաև ԲՀԿ-ն ու որոշ հանրապետականներ։ Թեպետ վերջին պնդումն այնքան էլ իրատեսական չէ այն առումով, որ ՀՀԿ-ն, իբրև խորհրդարանական մեծամասնություն կազմող խմբակցություն, չի կարող փլուզվել «երրորդ ուժ» ձևավորելու համար։ ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունը կրող քաղաքական ուժն է, իսկ Քոչարյան-դաշնակցություն հարաբերություններն այնպիսին չեն, որ ՀՅԴ-ն համաձայնի նախկին նախագահի քաղաքական վերակենդանացման համար «երրորդ ուժի» դերակատարություն ստանձնել։ Անշուշտ, դաշնակցությունն ունակ է, որպես վերջին երկու ընտրություններում ծանրակշիռ քվե ունեցող քաղաքական ուժ, ինքնուրույն ստանձնել «երրորդ ուժի» գործառույթները։ Այդ դեպքում միանգամայն հավանական է, որ նույն դաշտում հայտնվեն ԱԺՄ-ն և նրա հետ գործակցող քաղաքական ուժերը, բայց ոչ ԱԻՄ-ը, ոչ ՔԴՄ-ն, ոչ ՀԴԿ-ն, ոչ էլ գրեթե գոյություն չունեցող այլ «կուսակցություններ»։
Վ. Մ.

Գործող բոլոր թաղապետերը կվերընտրվե՞ն
Հավաստի աղբյուրների փոխանցմամբ` Նոր Նորքի թաղապետի հավանական թեկնածուներից մեկը՝ ԱԺ նախկին պատգամավոր Ղուկաս ՈՒլիխանյանի եղբայրը, փակել է իր արդեն բացած շտաբը և չի մասնակցի ընտրություններին։ Ինչպես տեղեկացնում է նախագահական նստավայրին մոտ կանգնած մեր աղբյուրը, նախագահականում արդեն որոշում է կայացվել, որ մինչև Երևանի քաղաքապետի ընտրությունները բոլոր գործող թաղապետերը պետք է վերընտրվեն և մնան իրենց պաշտոններում։ Փաստորեն, թաղապետերի փոփոխություն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո, երբ թաղապետի պաշտոնը կդառնա նշանակովի։
Վ. Մ.

Մեկը՝ Մոսկվա, մյուսը՝ Վաշինգտոն
Արմատական ընդդիմությանը մոտ կանգնած աղբյուրի վկայությամբ` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջանակի գործիչները մտադիր են ակտիվացնել արտաքին շփումները դրսի հետ՝ իրենց առաջնորդի օգտին որոշակի «իմպուլսներ» ապահովելու համար։ Այդ նպատակով առաջիկայում Լևոն Զուրաբյանը, ամենայն հավանականությամբ, կմեկնի Մոսկվա, իսկ Դավիթ Շահնազարյանը՝ Վաշինգտոն։ Վերջինս պատրաստվում է Տեր-Պետրոսյանին սատարող հայկական սփյուռքի ներկայացուցիչների միջոցով շփումներ ունենալ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնական շրջանակների հետ, ինչպես նաև ծանոթանալ Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Մարի Յոհանովիչի հետ։
Վ. Մ.

Կա՛մ Ստեփանը, կա՛մ Րաֆֆին
Ըստ լուրերի, Հայ ազգային կոնգրեսում առաջնային դիրքեր զբաղեցնելու համար քողարկված պայքարը Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցող կուսակցությունների շրջանակում շարունակվում է։ Քանի որ ՀՀՇ-ի գործիչները գնալով ավելի շատ են մղվում առաջին պլան, մյուս կուսակցությունների ղեկավարներն առաջին նախագահից պահանջել են, որ կոնգրեսի կառույցների ձևավորման և համակարգման աշխատանքները գլխավորի ոչ ՀՀՇ-ական քաղաքական գործիչ։ Մեր աղբյուրի պնդմամբ, դա լինելու է կամ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, կամ` «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։ Հենց դա է լինելու «Ժառանգության»՝ կոնգրեսին միանալու հիմնական պատճառը։
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Հայաստանում ապահով է
Վրաց-հարավօսական պատերազմի պատճառով Վրաստանից Հայաստանի Հանրապետություն են վերադառնում ոչ միայն ՀՀ, այլև այլ երկրների քաղաքացի: Ըստ ՀՀ ԱԳՆ տվյալների` օգոստոսի 11-ի դրությամբ շուրջ 7500 ՀՀ քաղաքացիներ վերադարձել է հայրենիք, այդ թվում՝ դիվանագետներ իրենց ընտանիքներով: Արտաքին գերատեսչությունը նաև տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ տեղի ունեցած իրադարձությունների պատճառով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ, որով զանգեր են ստացվում և՛ Հայաստանից, և՛ արտերկրից:
Ի դեպ, Վրաստանից այլ երկրների 850 քաղաքացի է Հայաստան տեղափոխվել, որոնցից 130-ը` ԱՄՆ քաղաքացի, իսկ 180-ը` Լեհաստանի: Օտարերկրյա քաղաքացիներից Հայաստանի կառավարությունը մուտքի վիզայի և «օդի հարկի» վճար չի պահանջել:
Ռ. Խ.

«Անառակ որդու» վերադա՞րձը
Ըստ կառավարամերձ շրջանակներում տարածված լուրերի` հավանական է համարվում, որ մոտ ժամանակներս լուծում ստանա Ազգային անվտանգության ծառայության պետի հարցը։ Թոշակի տարիքին մոտեցող գեներալ Գորիկ Հակոբյանին կարող է փոխարինել 2000-2005 թթ. այդ ծառայության նախկին ղեկավար Կառլոս Պետրոսյանը։ Նշվում է, թե նրա վերականգնումն այդ պաշտոնում նախագահ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է ռուսական որոշ շրջանակների հետ հարաբերությունները կարգավորելու համար։ ՀՀԿ-ին մերձ շրջանակները, սակայն, այդ նշանակումը բոլորովին հավանական չեն համարում, մանավանդ որ Կառլոս Պետրոսյանը, երկարամյա բացակայությունից հետո Երևանում գտնվելով, այցելել է Հյուսիսային պողոտա և բավականին ջերմորեն շփվել նստացույցի արմատական ընդդիմության ներկայացուցիչների հետ։
Աննա ԲԱՐՖՅԱՆ

Երկու քայլ` մեկ օրում
Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն էր տարածել` ողջունելով Հայ ազգային կոնգրեսի ստեղծումը: Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Կուսակցությունն արժանվույնս է գնահատում համաժողովրդական շարժման անցած ուղին և դերակատարումը Հայաստանում քաղաքացիական գիտակցության արթնացման, համակարգափոխության, այլընտրանք առաջարկելու և այդ ուղղությամբ հասարակությանն առաջնորդելու գործում: Ողջունում է այդ շարժման հանրակարգային հանգրվանը հանդիսացող Հայ ազգային կոնգրեսի հռչակումն իբրև բազմակարծ և տարբեր գաղափարախոսություններ դավանող քաղաքական ուժերի միասնականության լավագույն խորհրդանիշ»: Կարևորելով ընդդիմադիր ուժերի գործողությունների համակարգվածությունը` «Ժառանգություն»-ն իր գործընկերային մասնակցության պատրաստակամությունն է հայտնում ՀԱԿ-ին: «Ժառանգությունը» պատրաստակամություն է հայտնում ՀԱԿ-ի ծրագրային և աշխատակարգային փաստաթղթերի ընդունումից առաջ կամ հետո քննարկել նրա հետ մասնակցության, համագործակցության կամ գործընկերության բոլոր հնարավոր ձևերը»,-նշված է հայտարարության վերջում:
Նույն օրը «Ժառանգության» տարածած մեկ այլ հայտարարություն էլ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին: «Ժառանգությունը» հայտարարությամբ փաստում է ՏԻՄ ընտրություններին իր մասնակցությունը` ՀՀ քաղաքացիներին կոչ անելով ակտիվ մասնակցել ընտրություններին և նպաստել դրանց թափանցիկ, արդար անցկացմանը: «Կուսակցությունը կոչ է անում ընդդիմադիր բոլոր գործընկերներին ակտիվորեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին, համաձայնեցնել գործողությունները, այդ թվում` համապատասխան համայնքներում թեկնածուների առաջադրումն ու փոխադարձ սատարումը, ողջ ներուժն ուղղել ընդդիմության թեկնածուների հաղթանակին»,-ասված է հայտարարությունում: Իշխանություններին ևս «Ժառանգությունը» կոչեր է անում` գործել ՀՀ Սահմանադրությամբ, ապահովել առանց կեղծիքների և ընտրակաշառքների ՏԻՄ ընտրություններ:
Ռ. Խ.

Թափուր տեղեր ինչպես անվճար, այնպես էլ վճարովի և ԱՏ ուսուցման համակարգում
Հանրապետական ընդունող հանձնաժողովը երեկ գումարեց վերջին նիստը, որտեղ ամփոփվեցին ՀՀ պետական բուհերի 2008 թվականի ընդունելության արդյունքները։ Ընդունվածների ցուցակները բուհերում հրապարակվեցին երեկ՝ ժամը 16.00-ից հետո։
Օրակարգի համաձայն, հանձնաժողովը քննարկեց անվճար, վճարովի, ԱՏ և պահուստային տեղերի վերաբաշխման հարցը։ Մրցույթի արդյունքում այս տարի առաջացել են թափուր տեղեր ինչպես անվճար, այնպես էլ, ավելի շատ, վճարովի և ԱՏ ուսուցման համակարգերում։
Հանձնաժողովի որոշմամբ, դրանք կվերաբաշխվեն բոլոր այն մասնագիտություններով, որտեղ մրցույթն առավել լարված է։ Մաթեմատիկական և բնագիտական, հատկապես քիմիական, մասնագիտությունների ուղղությամբ դիմորդների շրջանում տարեցտարի հետաքրքրության նվազումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Այս մասնագիտությունների հանդեպ հետաքրքրության կորուստը և հետագայում բարձրորակ մասնագետների պակասն անվտանգության և երկրի ընդհանուր զարգացման ռազմավարության առումով անցանկալի հետևանքներ կարող է ունենալ։ ՈՒստի որոշվեց առաջիկայում բուհերի ու կրթության և գիտության նախարարության համատեղ ջանքերով կազմակերպել քննարկում՝ խնդրի լուծման ուղիների որոնման նպատակով։
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Որոշել են «դեմն առնել»
Վերջերս, ըստ հավաստի աղբյուրի, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր մերձավոր շրջապատում կարծիք է հայտնել, թե այսպես շարունակվելու դեպքում Սերժ Սարգսյանն իրենց բոլորին կհանձնի։ Նախկին նախագահը նշել է, թե պետք է դրա «դեմն առնել», և Քոչարյանի շրջապատում արդեն իսկ մշակվել ու գործի է դրվելու, այսպես կոչված, «դեմն առնելու» ծրագիրը։ Այն հիմնականում պետք է իրագործեն քոչարյանամերձ այն պետական չինովնիկները, ովքեր նրա օրոք իշխանության գլուխ գալով` լուրջ կարողություններ են կուտակել և այսօր մտահոգ են իրենց անորոշ ապագայով։
Մ. ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Ջավախքում անհանգիստ է
Երեկ, ըստ «Ռեգնում» գործակալության, այսպիսի հայտարարություն է արել «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, որը մասնավորապես նշել է. «Տարբեր լուրեր են շրջում, որ փակվելու է Բավրայի անցակետը, և որ զինակոչիկներին ուժով հավաքագրելու են բանակ։ Ես կապվել եմ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների ղեկավարության հետ, նրանք նշում են, թե անցակետը բաց է։ Փաստացի զորակոչ Ջավախքում չի իրականացվել առայժմ, սակայն լուրեր են շրջում, որ երիտասարդությունը կամ Երևանի ճանապարհին է, կամ էլ չի վերադառնում լեռնային արոտավայրերից։ Սակայն, կարծում եմ, դրանք չափազանցված լուրեր են»։ Շ. Թորոսյանի գնահատմամբ, այդ տրամադրություններն առաջացել են հայաստանյան տուրիստների՝ Վրաստանից արագ հեռանալու պատճառով։
Ա. Բ.

Դիտվել է՝ 4353

Մեկնաբանություններ