38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ահա և արտադրողականության բարձրացում...

Ահա և արտադրողականության բարձրացում...
20.06.2008 | 00:00

Վերջին տարիներին մեր կառավարությունից հաճախ կարելի է լսել այն մասին, որ անհրաժեշտ է բարձրացնել արտադրողականությունը, արտահանել ոչ միայն հումք, այլև պատրաստի արտադրանք, որն ինքնին պահանջում է տեխնոլոգիական ներդրումներ և աշխատանքային նոր գործելաոճ:
Եվ սա վերաբերում է ոչ միայն արտադրական ոլորտին, որը, ինչքան էլ կառավարությունը խոսում է, այնպես էլ տեղից չի շարժվում, այլ նաև գյուղատնտեսությանը, որտեղ այս տարի մեր նորընտիր նախագահն ու վարչապետը կատարեցին մի մեծ հայտնագործություն: Այն, որ Հայաստանը պետք է իրեն ապահովի ցորենով և առաջին անհրաժեշտության այլ սննդամթերքներով: Սակայն պարզ է, որ կառավարությունը, ելնելով միայն անցյալ տարվա ցորենի պակասությունից, որը հանգեցրեց դրա համաշխարհային թանկացմանը, որոշում ընդունեց ընդլայնել ցորենի ցանքատարածքները: Սակայն եթե կառավարությունը կարծում է, որ ավելացնելով ցորենի արտադրությունը հարց է լուծում, ապա սխալվում է, քանի որ վերջին մեկուկես ամսում համաշխարհային սակարաններում ցորենի գինը նվազել է ավելի քան 50%-ով, որը պայմանավորված է սպասվելիք համաշխարհային ցորենի նոր բերքի լավ ակնկալիքով: Իզուր չէ, որ ցորեն և ալյուր արտահանող այնպիսի երկիր, ինչպիսին ՈՒկրաինան է, որը դեռևս անցյալ տարվա աշնանից սահմանափակել էր արտահանվող ցորենի չափաբաժինը, ներկայումս արագ ձերբազատվում է անցյալ տարվա պաշարներից: Իսկ Հայաստանում եթե առաջնորդվեին նոր կառավարության տրամաբանությամբ, և ողջ Հայաստանով ցորեն ցանեին, ապա վնասները բավականին մեծ կլինեին, քանի որ ցորենի գներն այս տարի էականորեն ցածր կլինեն նախորդից, և մեր գյուղացու վնասներն` ավելի մեծ:
Սակայն սա մեր կառավարության գործելաոճի մի կողմն է: Եվ այսպես։ արտադրողականություն: Բոլորն են հիշում, որ անցյալ տարի, ինչպես ժողովուրդն էր արտահայտվում, հայկական ծիրանն անբարենպաստ եղանակի պատճառով իսկապես «ոսկու» գին ուներ: Բարեբախտաբար, այս տարի ծիրանի բավականին լավ բերք է սպասվում, սակայն այս պարագայում հարց է ծագում, թե ի՞նչ անել դրա հետ: Պարզ է` սպասվող 100-150 հազար տոննա բերքի պարագայում հարցեր են առաջանում դրա իրացման շուրջ: Կառավարության խոսքերով` այս տարի Հայաստանից կարող է արտահանվել մինչև 20 հազար տոննա ծիրան: Սակայն որոշ ժամանակ անց արդեն գյուղատնտեսության նախարարության պատասխանատուներն արձանագրում են, որ կրկին Վրաստանը Ռուսաստանին կապող Վերին Լարսի անցակետի չգործելու պատճառով ծիրանի արտահանման միակ ուղին մնում է ավիացիան, որով, պարզ է, ծիրանի բերքը կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ վերոհիշյալ քանակությամբ արտահանել:
Սակայն այս խնդրահարույց, ինչպես և բոլոր հարցերին Հայաստանում կարելի է լուծում գտնել, եթե կառավարությունը, ինչպես ինքն է ասում` գնա արտադրողականության բարձրացման ճանապարհով: Պարզ է` սա արդեն ոչ միայն կառավարության, այլ նաև բիզնեսի խնդիրն է:
Եվ այսպես, ինչպե՞ս լուծել այս բազմաչարչար խնդիրը: Եթե նկատի ունենանք, որ մեր հարևաններից մեկը` կոնկրետ Թուրքիան, տարեկան արտահանում է 700-800 հազար տոննա ծիրանի չիր, որը հիմնականում իրացվում է եվրոպական երկրներում և Ռուսաստանում 1 կգ-ը 5-15 եվրո արժեքով, ապա կարելի է արձանագրել, որ այնտեղ, ի տարբերություն Հայաստանի, այդ հարցը փակված է: Սակայն դրան հասնելու համար անհրաժեշտ է ստանալ որակյալ ծիրանի հումք (իսկ դա էլ կախված է լավ մշակումից) և պարզապես շահագրգռել բիզնեսին, նաև դրսի, ներդրումներ կատարել այդ ոլորտում: Հասկանալի է` դա կպահանջի մի քանի տարվա հետևողական աշխատանք, սակայն և´ արդյունքը մեծ կլինի, և´ գյուղացին վստահ կլինի, որ իր բերքը չի փչանալու:

Ատոմ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 13417

Մեկնաբանություններ