38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Շուկայական հիմքերով քաղաքական դիալոգ

Շուկայական հիմքերով քաղաքական դիալոգ
18.07.2008 | 00:00

«ԽՍՀՄ փլուզումից հետո անցած 17 տարիների ընթացքում ռուսական էլիտան ապացուցեց, որ չունի որևէ ռազմավարություն «մերձավոր արտասահմանի» երկրների նկատմամբ։ Պաշտոնական դոկտրինի համաձայն՝ այդ հարաբերությունները պետք է ունենային առաջնահերթ նշանակություն, ինչը գործնականում նշանակում է, որ Մոսկվան առաջնահերթությունից ելնելով միայն հայհոյում է այդ երկրներին։ Այդ ամենը շատ նման է կամակորության՝ պայմանավորված նրանով, որ Ռուսաստանը չի ցանկանում համակերպվել իր հարևանների ինքնուրույնության հետ, մանավանդ որ նրանք շատ լավ յոլա են գնում առանց նրա հովանավորության»։
Լեոնիդ Ռաձիխովսկի. ռուսաստանցի վերլուծաբան և հրապարակախոս


Օրերս Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկրի դեսպանների հետ խորհրդակցության ժամանակ հանդես եկավ Մոսկվայի արտաքին քաղաքականության մասին ծրագրային ելույթով, որը կարճ ժամանակ անց հայտնվեց նաև նախագահի աշխատակազմի պաշտոնական ինտերնետային կայքում։ «Այս փաստաթուղթը վերջերս է հաստատվել իմ կողմից։ Իմ կարծիքով, այն բավական լուրջ է, հավասարակշռված և նոր վեկտորներ է ստեղծում մեր հետագա համատեղ աշխատանքի համար»,- հայտարարեց Ռուսաստանի ղեկավարը։ Արտասահմանյան փորձագետների գնահատմամբ, Մեդվեդևը թեկուզև իր ելույթում ձեռնպահ մնաց Պուտինին բնորոշ կտրուկ և ոչնչացնող հռետորաբանությունից, սակայն նրա ասածի ամբողջ իմաստը նույնն էր, մասնավորապես քննադատությունը Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագրի վերաբերյալ, որից Ռուսաստանը դուրս եկավ Պուտինի իշխանության վերջին շրջանում։ «Ազնիվ խոսքի վրա հենված անվտանգություն չի լինում»,- հայտարարեց Ռուսաստանի նոր առաջնորդը, արձանագրելով, որ Կրեմլին բոլորովին ձեռնտու չեն ստրատեգիական հավասարակշռությունը խախտելու` ԱՄՆ-ի գործողությունները հատկապես հակահրթիռային պաշտպանության ոլորտում, և որ Ռուսաստանը համարժեք կարձագանքի այդ քայլերին, ինչի մասին արդեն իսկ զգուշացվել են եվրոպական և ամերիկյան գործընկերները։ «Ռուսաստանը բացասական վերաբերմունք ունի ՆԱՏՕ-ի ընդարձակման, ալյանսի կազմում ՈՒկրաինան և Վրաստանն ընդգրկելու, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ռազմական ինֆրաստրուկտուրայի` ռուսական սահմաններին մոտենալու կապակցությամբ։ Դա խախտում է հավասար անվտանգության սկզբունքները և նոր բաժանարար գծեր ձևավորում Եվրոպայում»,- նշեց Ռուսաստանի նոր ղեկավարը` միաժամանակ բացասական վերաբերմունք արտահայտելով Կոսովոյի անկախության հռչակման և Բալթյան երկրներում ֆաշիզմի ռեաբիլիտացիայի փորձերի կապակցությամբ։
Սակայն Հայաստանի համար ավելի կարևոր են Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր կոնցեպցիայի ուղղակիորեն մեզ վերաբերող դրույթները։ Առանձին փորձագետների գնահատմամբ, այդ կոնցեպցիան ներառում է նոր միտումներ հետխտորհրդային տարածքում Ռուսաստանի քաղաքականության առումով։ Արձանագրելով, որ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը ԱՊՀ երկրների հետ առաջնային նշանակություն ունի, փաստաթուղթը, մասնավորապես, նշում է, որ «Ռուսաստանը ձգտելու է աշխատել իրացնել ԱՊՀ-ի՝ որպես տարածաշրջանային կազմակերպության ներուժը՝ վերածելով այն բազմակողմ քաղաքական երկխոսության և բազմապլան համագործակցության ֆորումի։ Ռուսաստանը ԱՊՀ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերություններին մոտենում է երկկողմ համագործակցության ձեռք բերված մակարդակի հաշվառմամբ, հետևողականորեն կողմնակից լինելով շուկայական մոտեցումներին իբրև իրավահավասար հարաբերությունների ձևավորման գրավական և իբրև հենք ժամանակակից ինտեգրացիայի ձևեր մշակելու համար»։
Այսպիսով, հիշյալ կոնցեպցիան ամբողջությամբ տրանսֆորմացիայի է ենթարկում ԱՊՀ ձևավորման փիլիսոփայությունը՝ վերածելով այն ոչ քաղաքական կազմակերպության կամ ֆորումի, որը պիտանի է միայն քաղաքական երկխոսության և ԱՊՀ երկրների հետ տնտեսական հարաբերությունները շուկայական հիմքերի վրա դնելու համար։ Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են, մանավանդ որ Ռուսաստանը, կոնցեպտուալ առումով, ԱՊՀ-ն դիտարկում է իբրև ինքնատիպ մի կառույց նոր և ընտրովի ինտեգրացիայի համար այն պետությունների հետ, որոնք «պատրաստակամություն են դրսևորում ստրատեգիական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների»։ Պարզվում է, որ այդ համատեքստում նկատի են առնվում միայն Ղազախստանն ու Բելառուսը՝ ԵՎՐԱԶԵՍ-ի շրջանակներում, իսկ շուկայական հարաբերությունները տարածելու են նույնիսկ ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) անդամ երկրների վրա։
Թեպետ նշվում է, որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ն դիտարկում է որպես կոլեկտիվ անվտանգության, կայունության պահպանման կարևոր գործիք ԱՊՀ տարածքում, սակայն հղում է արված այն կապակցությամբ, որ ՀԱՊԿ-ն պետք է վերափոխման ենթարկվի իբրև բազմաֆունկցիոնալ ինտեգրացիոն կառույց և վերածվի առանցքային ինստիտուտի իր պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման առումով։ Մինչդեռ նման հղումները ոչ մի կերպ չեն համապատասխանում Ռուսաստանի նախագահի՝ Բաքվում հնչեցրած հայտարարություններին, թե ՀԱՊԿ-ն, օրինակ, Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական կոնֆլիկտի դեպքում որևէ միջամտություն չի դրսևորի։ Փորձագետների գնահատմամբ, ՀԱՊԿ-ի դերակատարության կարևորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր կոնցեպցիայում պայմանավորված է ընդամենը ՆԱՏՕ-ի ընդարձակման դեմ հակակշիռ ստեղծելու ցանկություններով։ Սակայն, հարկ է արձանագրել, որ նման հղումներով, ինչպես նաև հրթիռները Կիևի վրա ուղղելու սպառնալիքներով Մոսկվան ավելի շատ է մղում իր հարևաններին դեպի ՆԱՏՕ։ Մանավանդ որ Ռուսաստանում ոչ ոք չի պարզաբանում, թե ինչու են վտանգ տեսնում դրա մեջ։ Երբ բոլորի համար պարզ է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ։
Նոր արտաքին քաղաքական դոկտրինում արձանագրելով, որ Ռուսաստանն աշխատելու է ԱՊՀ երկրների հետ ընդլայնել փոխադարձ անվտանգության ապահովմանն ուղղված համագործակցությունը՝ հատկապես միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության, թմրանյութերի, թրաֆիքինգի, տրանսազգային հանցավորության և անօրինական միգրացիայի ոլորտում, փաստաթուղթը, մասնավորապես, նաև նշում է. «Առաջնահերթ խնդիրներ են հանդիսանում ահաբեկչության և թմրանյութերի տարածման վտանգների կանխարգելումը, որ բխում է Աֆղանստանից, կանխարգելելով իրավիճակի ապակայունացումը Կենտրոնական Ասիայում և Անդրկովկասում։ Ռուսաստանը հանդես է գալիս ԱՊՀ տարածքում հակամարտությունների խաղաղ լուծման օգտին՝ միջազգային իրավունքի հիմքի և նախօրոք ձեռքբերված պայմանավորվածությունները հարգելու ճանապարհով»։ Եվ ինչպե՞ս այստեղ չհիշես ռազմավարական համագործակցության ռուս-ադրբեջանական վերջին հռչակագիրը։
Շատ բնութագրական է այս փաստաթղթում Ռուսաստանի վերաբերմունքն այն տարածաշրջանային միավորումների նկատմամբ, որոնք հետխորհրդային տարածքում ձևավորվել են առանց Մոսկվայի մասնակցության։ Այդ վերաբերմունքը բնութագրվում է «ելնելով այն գնահատականից, թե որքանով են դրանք նպաստել բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ու կայունության պահպանմանը, որքանով են հաշվի առնում Ռուսաստանի օրինական շահերը և դրական վերաբերմունք ունեն արդեն ձևավորված համագործակցության մեխանիզմների՝ ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵՎՐԱԶԵՍԻ և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) նկատմամբ։ Այդ հունով են կառուցվելու Ռուսաստանի մոտեցումները Սևծովյան և Կասպյան տարածաշրջաններում համագործակցության վերաբերյալ»։ Համաձայնենք, որ սա հնչում է դատավճռի նման։ Այսինքն, որքան որոշ երկրներ ավելի հրապուրվեն իրենց տրանզիտային հնարավորությունները վաճառելու հեռանկարով և տրամադրեն իրենց տարածքը էներգակիրների հակառուսական այլընտրանքային ուղիների ձևավորման համար, այդքան բացասական կլինի Մոսկվայի արձագանքը։ Այսպիսով, Մոսկվայում սկսել են համարել, որ մտրակը քաղցրաբլիթից ավելի ներգործուն է, և միաժամանակ գտնում են, որ «Ռուսաստանը միջազգային իրավունքի նորմերին համաձայն օգտագործելու է իր տրամադրության տակ եղած բոլոր տնտեսական լծակներն ու ռեսուրսները և մրցակցային առավելություններն իր ազգային շահերը պաշտպանելու համար»։ Այս մոտեցումն արդեն սկսել է իրագործվել։ Անցած շաբաթ, երբ ԱՄՆ-ը Չեխիայի հետ ստորագրեց հակահրթիռային պաշտպանության ռադարի տեղակայման մասին պայմանագիրը, ռուսական նավթային խողովակաշարերի օպերատոր «Տրանսնեֆտ» պետական ընկերությունը հայտարարեց, որ կրկնակի կրճատվել է Չեխիային տրամադրվող նավթամթերքների քանակը, իհարկե, կոմերցիոն և ոչ քաղաքական շարժառիթներով։
Սակայն գործնականում ստացվում է, որ որքան Ռուսաստանն ավելի է ուժեղացնում ճնշումը հարևանների վրա, սպառնալով վերջիններիս տարբեր տնտեսական սանկցիաներով, այնքան ավելի են ուժեղանում ՎՈՒԱՄ-ի տիպի կառույցներ ձևավորելու միտումները։ Կառույցներ, որոնց գործունեությունն առնվազն Մոսկվայի վրա ընդհանուր քաղաքական ճնշում գործադրելու տեսակետից արդարացված է։ Այսպիսով, մոսկովյան չինովնիկների երևակայությունը թեկուզ անսպառ է, բայց իրականությունն ավելի քիչ տպավորիչ է։ Դատելով ամենից` Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը հետագայում գնալով ավելի ու ավելի քիչ է պարունակելու ռազմավարական մոտեցումներ, լավագույն դեպքում առանձնանալու է տակտիկական-տնտեսական պրագմատիզմով։ Այսինքն՝ իրենից ներկայացնելու է խորհրդային ժամանակների դասական ուժային քաղաքականության և տնտեսական առաջնահերթությունների տարօրինակ խառնուրդ, ելնելով նրանից, որ ինչ ձեռնտու է «Գազպրոմին», ձեռնտու է նաև Ռուսաստանին։ Առայժմ Կրեմլը օբյեկտիվորեն գերիշխում է ԱՊՀ տարածքում, սակայն նրա ազդեցությունը գնալով ակնհայտորեն նվազում է։ Ռուսաստանի հարաբերությունները մի շարք հետխորհրդային երկրների հետ լարված են, ուրիշների հետ էլ՝ հիմնավորապես փլուզված։ Բարիդրացիության և ինտեգրացիայի համար հիմքեր ստեղծելու գաղափարներն այդպես էլ մնացին բարի մտադրություններ, իսկ այդ ընթացքում ԽՍՀՄ նախկին հանրապետություններն աստիճանաբար կայացան իբրև պետություններ` իրենց ներքին և արտաքին քաղաքականությամբ։ Ամենակարևորը, նրանք այլևս չեն հանդիսանում միասնական համակարգ, որն աշխատում է ընդհանուր խնդիրների և նպատակների իրագործման ուղղությամբ։ Նախկին ԽՍՀՄ երկրների մի մասն արդեն Եվրոպայում է, մի մասն աներկբա ձգտում է այնտեղ, որովհետև ցանկանում են արտաքին աշխարհում ընկալված լինել որպես ինքնուրույն պետություն՝ առանց ծանր ժառանգության բեռի։ Ռուսաստանի նոր նախագահն առայժմ այդպես էլ չի պատասխանել ամենակարևոր հարցին. արդյոք Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը մնալու է սոսկ իբրև ինքնահաստատման գործի՞ք, թե՞ վերածվելու է մոդեռնացման ռեսուրսի, և ոչ միայն Ռուսաստանի համար։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 6956

Մեկնաբանություններ