38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ինքս էլ չեմ հասկանում` ինչ ասել է էջը փակել»

«Ինքս էլ չեմ հասկանում` ինչ ասել է էջը փակել»
28.08.2009 | 00:00

«ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ՀՈԳՈՒ ՄԵՋ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ
-Սեպտեմբերի 15-ին լրանում է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը, և հանձնաժողովն ԱԺ-ին պետք է ներկայացնի իր զեկույցը: Դուք համարո՞ւմ եք, որ հանձնաժողովն այս ընթացքում կարողացավ իր առջև դրված խնդիրները լուծել:
-Հանձնաժողովի առջև դրված էր երեք խնդիր. առաջին` ոստիկանության գործողությունների համաչափության ու իրավաչափության գնահատական, երկրորդ` մահվան հանգամանքների բացահայտում, երրորդ` առաջարկությունների և երաշխիքների համակարգի առաջարկում` հետագայում ռիսկերը նվազեցնելու կամ նման դեպքերը բացառելու ուղղությամբ: Առաջին և երրորդ մասերով մենք աշխատանքի ընթացքում հասել ենք բավականին լուրջ հաջողությունների, և հանձնաժողովի եզրակացությունն այս մասերով կլինի: Հանձնաժողովը, որպես մեկ միասնական մարմին, ինչ-որ միջանկյալ տեսակետներ է ներկայացնում, յուրաքանչյուր անդամ իր տեսակետներն ունի, և եթե ես, որպես հանձնաժողովի անդամ, ունեմ այլ տեսակետ, ես նաև իրավունք ունեմ հատուկ կարծիքով ներկայացնելու: Այս երկու մասով հանձնաժողովն ունի ծավալուն նյութեր, մեծ աշխատանք է կատարել, կան հասարակական տարբեր հատվածների փորձագետների գնահատականները, վերլուծությունները:
-Բայց հասարակության համար ամենացավոտը, թերևս, երկրորդ կետն է` մահվան հանգամանքների բացահայտումը, որը գուցե նաև հանձնաժողովի խնդիր դարձնելը, իր ունեցած լիազորությունների պարագայում, անիմա՞ստ էր:
-Այո՛, կարծում եմ` ի սկզբանե սխալ տեղի ունեցավ, որ այս խնդիրը հանձնաժողովի վրա դրվեց: Այս ուղղությամբ մենք էական առաջընթաց չունենք, որովհետև սա գերազանցապես նախաքննական մարմնի խնդիրն է, որը պետք է կարողանար իր իրավասությունների շրջանակներում զոհերի մահվան հանգամանքները բացահայտել: Ես համարում եմ, որ նախաքննական մարմինն իր խնդիրը չի լուծել: Իմ կարծիքով` հանձնաժողովը պետք է անբավարար գնահատի նախաքննական մարմնի աշխատանքը, դրանով մենք գոնե հնարավորություն կունենանք ասելու, որ չունենք այն իրավասությունները, ինչ նախաքննական մարմինը, բայց պատրաստակամություն ենք հայտնել, որ նախաքննական մարմինն օգտագործի նաև մեր ունեցած հնարավորությունները և բացահայտի կատարվածը: Ավելին` հանձնաժողովը երկար ժամանակ գնաց այս ուղղությամբ, մենք հայտարարեցինք, որ պատրաստ ենք լսելու սպանությունների բոլոր ականատեսներին: Ակնհայտ է, որ ոչ մեկը չէր կարող այնտեղ մենակ լինել, բոլոր սպանվածների կողքին անպայմանորեն եղել են մարդիկ, եղել են ականատեսներ: Բայց այդ ուղղությամբ էլ մենք հաջողություն չարձանագրեցինք, մարդիկ կամ վստահություն չունեցան, կամ տարբեր պատճառներ գտան իբրև ականատես հանդես չգալու...
-Գուցե այդ բոլորին ավելացավ պարզ մարդկային վա՞խը` իրենց վկայության հետևանքներից...
-Գուցե: Բայց դա էլ է վկայում, որ հանձնաժողովի վրա դրված էր ոչ իրավաչափ խնդիր, և հետևանքը եղավ այն, որ մահվան հանգամանքները մենք չբացահայտեցինք: Ցավով եմ ասում, բայց այդպես է:
-Փաստահավաք խմբի նյութերն այդ առումով օգտակար չէի՞ն:
-Փաստահավաք խմբի հետ շատերն էին մեծ հույսեր կապում, դեռ ստեղծման ժամանակ ես ասում էի` կգա ժամանակ, երբ կփոշմանեն: Այն ջանքերը, որ գործադրվեցին փաստահավաք խմբի ստեղծման վրա, եթե իմ ընդդիմադիր գործընկերները միավորեին խորհրդարանական ընդդիմության հետ, արդյունքը շատ ավելի մեծ կարող էր լինել: Այսօր ունենք ինչ-որ կիսատ-պռատ եզրակացություններ: Փաստահավաք խմբի առանձին անդամներ իրենց զեկույցներն են ներկայացնում, իսկ փաստահավաք խմբի անունից ներկայացված զեկույցը որևէ եզրակացություն չի պարունակում, ընդամենը հարցադրումներ են, որոնք մենք էլ ենք բարձրացրել ամենատարբեր ժամանակներ, բայց չկան պատասխաններ, կան առանձին անդամների գնահատականները միայն: Դա մեզ համար նույնն է, ինչ տարբեր փորձագետների տված կարծիքները: Մենք փաստահավաք խմբից ավելին չենք ստացել, քան ունեինք: Մեկ օրինակ միայն. հատուկ միջոցների գործադրման վերաբերյալ տալիս են զեկույց, որտեղ հիմք է ընդունվում մի իրավական ակտ, որն ուժը կորցրած է պարզապես: Բավական չէ, որ ոստիկանությունը սխալ է թույլ տվել` անվավեր իրավական ակտով շարժվելով հատուկ միջոցի գործադրման ժամանակ, փաստահավաք խմբի անդամները երկրորդ սխալն են թույլ տալիս` հիմնավորելով, որ այդ ակտով ոստիկաններն իրավունք չունեին նման քայլեր ձեռնարկելու: Սա իրավական առումով ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, չի կարելի իրավական համակարգն այդ աստիճան դեգրադացնել, եթե ինչ-որ բան անելու իրավունք չունես, ուրեմն վերջ` իրավունք չունես, ոչ թե սկսես քննարկել` եթե արել ես, ինչպես պիտի անեիր... Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ սեպտեմբերի 15-ին կունենանք այնպիսի զեկույց, որը հնարավորինս օբյեկտիվ կլինի, և իր առջև դրված խնդիրների մի զգալի հատվածը հանձնաժողովը լուծած կլինի:
-Տարբեր քաղաքական գործիչների ելույթներում անընդհատ հնչում է մարտի 1-ի էջը փակելու գաղափարը։ Ձեր կարծիքով` երբևէ հնարավո՞ր է այդ էջը փակել, և ընդհանրապես ի՞նչ է դա նշանակում...
-Եթե նկատի ունեն զուտ տեխնիկական առումով, որ այլևս չպատասխանված հարց չմնա, այդպիսի բան չի կարող լինել, ուղղակի չի կարող լինել:
-Գուցե պետության իրավական գնահատականի անհրաժեշտությո՞ւնն է:
-Պետությունը գնահատական տալիս է, նախաքննական մարմինը տալիս է, դատարանները տալիս են դատավճիռներով, որոնք նույնպես անսպառ չեն, միշտ էլ քննարկման ենթակա են: Ես ինքս էլ չեմ հասկանում` ինչ ասել է էջը փակել: Մյուս կողմից` եթե փորձենք հասկանալ, թե ինչ կարող են նկատի ունենալ, որ հետագայում մեր քաղաքականությունն ավելի տեսանելի լինի, ես կարծում եմ` այդ դեպքում նկատի ունեն դասեր քաղելը, այսինքն` հետագայում այնպիսի քաղաքականություն վարելը, որ չհանգեցնի նման դեպքերի: Այդ տեսանկյունից ես կարծում եմ, որ խոսելուց այն կողմ չենք անցել: Քաղաքական ուժերը, որոնք խոսում են էջը փակելու մասին, վաղը նման իրավիճակում նույնն են անելու` նոր էջ են բացելու, որովհետև իրականության մեջ էջ փակելը պետք է լինի կոնկրետ գործողություններով, կոնկրետ քաղաքականությամբ: Իսկ մենք ի՞նչ ունեցանք: Մարտի 1-2-ից հետո ամենևին հասարակության մեջ անհանդուրժողականությունը չնվազեց, բևեռացումը շարունակվեց ու շարունակվում է: Ես համարում եմ, որ դրանք այս պահին դեռևս ընդամենը խոսքեր են, խոսքից այն կողմ դեռ ոչինչ չենք արել: Թեև մի քանի օրենսդրական փոփոխություններ իրականացրել ենք, բայց դրանք կյանքի կոչելու կամքն էլ դեռևս չունենք, իրական քաղաքականություն վարելու կամքը չունենք: Բերեմ համաներման օրինակը` կիսատ-պռատ քայլ: Մենք հանձնաժողովում առաջարկեցինք հաշվի առնել քայլի կարևորությունը, որ կարող է էական նշանակություն ունենալ, հանդուրժողականություն սերմանել, քաղաքական կամքի դրսևորում դառնալ, այնուամենայնիվ, կիսատ-պռատություն ստացվեց: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ անձինք, ովքեր խոսում են էջը փակելու կամ դասեր քաղելու և հետագայում նման երևույթները բացառելու մասին, նույնպես իրենց էությամբ, իրենց ընկալումներով պատրաստ չեն փակված համարել այս էջը: Սա վերաբերում է թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը:
-Քաղաքականությունը և մշակույթը միմյանց հետ կապվա՞ծ են:
-Քաղաքականությունն ու մշակույթը փոխադարձորեն միմյանց կապված երևույթներ են, չի կարող լինել քաղաքականություն առանց մշակույթի: Ի վերջո, ազգը, որպես միասնական ամբողջություն, իր մշակույթով է պայմանավորում դրսևորվող քաղաքականությունը: Եթե մենք մեր մշակութային տիրույթում լինեինք հանդուրժող, այդպիսին կլիներ և մեր քաղաքականությունը:
-Եթե այսօր մեր մշակութային տիրույթում գերակշռում են ռաբիսը, ցինիզմը, գռեհկությունը, մեր քաղաքականությունն այդպես անհո՞ւյս պիտի մնա:
-Ինչ կա մեր մշակույթում, արտացոլվում է նաև քաղաքականության մեջ, ինչ քաղաքականությունն է թելադրում, արտացոլվում է մեր մշակույթի մեջ: Եթե վերցնենք քաղաքականության մեջ այս անհանդուրժողականությունը, դա էլ է մեր մշակույթի մի մասը: Ցավում եմ, որ վատ մասն է, բայց այդպես է: Եթե մշակութային գործիչը որոշում է քաղաքականությամբ զբաղվել, մոռանալով, որ ինքը համազգային նպատակներ պետք է հետապնդի, ոչ թե այս կամ այն կուսակցության նեղ խմբակային շահերը և տեսակետները ներկայացնի, նա այլևս մշակութային գործիչ չէ, բայց քաղաքականության մեջ էլ չի տեղավորվում` փորձելով գտնվել և՛ մշակութային, և՛ քաղաքական դաշտում: Սա ամենևին չի նշանակում, որ մշակութային գործիչներն իրենց տեսակետները չպետք է արտահայտեն, պետք է արտահայտեն, բայց երբ իրենք ձևակերպում են քաղաքական այս կամ այն հայեցակարգը և հետևողականորեն փորձում են պարտադրել հասարակությանը, այլևս դադարում են մշակութային գործիչ լինելուց` նրանք այդ մասին պետք է այլևս մոռանան և գնան դեպի քաղաքականություն: Ինձ համար տարօրինակ է, երբ մշակութային գործիչները, որոնց ես շատ հարգում էի, Երևանի ավագանու ընտրություններում այդպիսի ջերմեռանդություն էին դրսևորում, ավելի, քան քաղաքական գործիչները: Թվում էր` երկնային մանանա է իջնելու մայրաքաղաքի վրա: Արդյունքն ի՞նչ եղավ:
-Նույն կեղտոտ, ջարդված լապտերներով, մութ փողոցները և իր խնդիրների հետ մենակ մնացած երևանցին...
-Բայց նրանք կորցրին իրենց մշակութային դեմքը և ձեռք չբերեցին քաղաքական գործչի կերպար, քաղաքական քայլեր չարեցին, հետևաբար ես կարծում եմ, որ այս վիճակից դուրս գալու առաջին քայլն ազգային կրթական համակարգն ուժեղացնելն է, մշակույթի մեջ ազգայինի դերակատարության բարձրացումը: Սա է միակ ճանապարհը, որ հնարավորություն կտա մշակույթը ավելի ռաբիսացումից զերծ պահել և աստիճանաբար, հնարավորինս ձեռնպահ մնալով կոսմոպոլիտիզմից, մեր ազգային, մաքուր մշակույթը ձևավորել, որն ավելի մեծ արժեք է, քան այլ, թեկուզ մեծագույն մշակույթների իրողությունների հետ առանց բովանդակության մեջ խորանալու համադրված արժեքները: Երբ մենք խոսում ենք ընդհանրապես զարգացման մասին, ես համարում եմ, որ յուրաքանչյուր ազգ ավելի մեծ հնարավորություն ունի զարգանալու իր ավանդականը պահելով, քան տուրք տալով ժամանակակից մոտեցումներին, ամեն ինչի մեջ փորձելով մտցնել մոդեռնը, ջանալով աշխարհի երեսին ինքնահաստատվել իբրև ժամանակակից քաղաքացի: Դա ժամանակի մեջ, դարերի ընթացքում է ձևավորվում: Անկախություն ձեռք բերելով, եվրաինտեգրում հայտարարելով մենք եվրոպացի չդարձանք: Մյուս կողմից` պիտի հասկանանք, որ միայն մեր մեջ եղած ազգայինը զարգացնելով կկարողանանք բարձր մակարդակի հասնել, քան թե եղածը մի կողմ շպրտելով` բերել ու մեր մեջ ինչ-որ արհեստական համակարգ ներմուծելով: Հնարավոր չէ, ամեն ինչ իր զարգացման ընթացքն ունի, տրամաբանությունը, հեղափոխականությունն առաջին հերթին մարդու հոգու մեջ պետք է լինեն, հետո արտահայտվեն:
-Ձեր սիրած քանդակագործն ո՞վ է:
-Շատ չեմ խորացել այդ ուղղությամբ, բայց քանդակների առումով ինձ շատ է դուր գալիս Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթը», որովհետև իսկապես ազգային ոգի եմ տեսնում, պայքար եմ տեսնում:
-Որ ձին համբերության թասը թափե՞ց:
-Ոչ միայն:
-Իսկ երաժշտության մե՞ջ:
-Ես տարատեսակ երաժշտություն եմ լսում, սիրում եմ ազգային-ժողովրդականը:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1757

Մեկնաբանություններ