38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՀԱՊԿ անդամ պետությունները կարող են ունենալ սեփական քաղաքականություն

ՀԱՊԿ անդամ պետությունները կարող են ունենալ սեփական քաղաքականություն
09.09.2008 | 00:00

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչման գործընթացում ռուսական քաղաքականությունն առայժմ ցանկալի արդյունքներ չի արձանագրում։ Ինչպես և սպասելի էր, Նիկարագուայի կողմից Վրաստանի նախկին երկու հատվածների անկախության ընդունումն առայժմ մնում է օրինաչափությունից դուրս բացառություն։ Երբ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովում այդ կառույցի մյուս մասնակից պետությունները չաջակցեցին Ռուսաստանին այս հարցում, շատերը դա պայմանավորեցին Չինաստանի դիրքորոշմամբ։ Ըստ այդմ, հնչում էին ոչ անհիմն կարծիքներ, թե Սուխումի և Ցխինվալի պաշտոնական ճանաչմանը հասնելու խնդիրը Մոսկվան կփորձի լուծել ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում, թեպետ այս կառույցի մեջ մտնող յոթ պետություններից չորսը միաժամանակ ՇՀԿ-ի անդամ է։
Անցած շաբաթվա վերջին օրերը ցույց տվեցին, որ Մոսկվային չհաջողվեց լուծել այդ խնդիրը։ Ավելին, ՀԱՊԿ գագաթաժողովի ավարտին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը մամուլի ասուլիսում ինքն արձանագրեց, թե ՀԱՊԿ անդամ պետությունները Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչման հարցում կարող են ունենալ սեփական քաղաքականություն՝ կառուցելով այն իրենց ազգային շահերի հիմքի վրա, և Ռուսաստանն այս հարցում չի փորձելու որևէ պարտադրանք կիրառել ռազմաքաղաքական դաշնակիցների նկատմամբ։ Եթե անդրադառնալու լինենք պատճառներին, որոնցից ելնելով ՀԱՊԿ անդամ երկրները խուսափեցին Հարավային Օսիայի և Աբխազիայի վերաբերյալ ռուսական քաղաքականությանն աջակցելուց, ապա այդ պատճառները տարբեր են ՀԱՊԿ կենտրոնասիական խմբավորման պետությունների համար և այլ են Հայաստանի ու Բելառուսի պարագայում։
Իրավիճակի համալիր վերլուծության դեպքում դժվար չէ տեսնել, որ ՀԱՊԿ-ի մեջ մտնող չորս կենտրոնասիական երկրները՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և ՈՒզբեկստանը, չեն կարող գնալ Ցխինվալի և Սուխումի ճանաչման ճանապարհով, քանզի այդ քայլը համանման խնդիրներ կստեղծի հենց իրենց ներսում։ Օրինակ, Տաջիկստանը և ՈՒզբեկստանն ունեն խորհրդային ժամանակներում վարչական սահմանների ձևավորման արդյունքում ստեղծված ինքնավարություններ։ Տաջիկստանի պարագայում դա Լեռնային Բադախշանի Ինքնավար մարզն է, որի տարածքը ներառում է տաջիկական պետության 143 հազար քառակուսի կիլոմետրի գրեթե կեսը։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ Դուշանբեն երբեք չի կարող դիմել այլ չճանաչված պետությունների ճանաչման քայլին՝ մտահոգվելով սեփական տարածքային ամբողջականության խնդիրներով, քանզի ժամանակակից փորձն ապացուցում է, որ ինքնավարությունից մինչև անկախություն մեկ քայլ է։ ՈՒզբեկստանը ևս ունի համանման խնդիր. նրա 447 հազար քառակուսի կիլոմետր տարածքի 164 հազարը կազմում է Կարակալպակյան Ինքնավար Հանրապետությունը՝ Նուկուս կենտրոնով և ներառում է ուզբեկական պետության ամենաբարեբեր շրջանները։
Ղազախստանի և Ղրղզստանի պարագայում իրավիճակը քիչ տարբեր է, սակայն սկզբունքորեն նույնպես պարունակում է տարածքային ամբողջականության վտանգներ։ Ղրղզստանի դեպքում խնդիրն այն է, որ 1930-ականներին ԽՍՀՄ իրավահավասար հանրապետություն դարձած այս երկիրն ընդհանուր առմամբ համարվում է արհեստականորեն ստեղծված պետություն։ Ղրղզստանի հյուսիսային և հարավային հատվածների միջև մշտական և խորքային բաժանում կա՝ պայմանավորված բնակչության մենթալիտետի կտրուկ տարբերություններով։ Երկրի հարավային հատվածում գերակշռում է ուզբեկական տարրը, և ԽՍՀՄ փլուզումից ի վեր օրակարգում մշտապես առկա է Հարավային Ղրղզստանի անջատման ու Տաշքենդի ազդեցության տակ անցնելու վտանգը։ Ղազախստանը ևս իր կազմում չունի վարչական սահմաններով անջատված ինքնավարություններ։ Սակայն Աստանայի դեպքում հիմնախնդիրը ժողովրդագրական է։ 1980-ականների վերջին՝ ԽՍՀՄ փլուզման շեմին, Ղազախստանում, այսպես ասած, բնիկ ազգության՝ ղազախների թվակազմը չէր գերազանցում 37 տոկոսը, մինչդեռ ռուս բնակչությունը կազմում էր 41 տոկոս՝ չհաշված մնացած ազգությունները, որ միասին կազմում էին բնակչության 20 տոկոսից ավելին։ Ճիշտ է, ԽՍՀՄ փլուզումից անցած 17 տարիների ընթացքում օբյեկտիվ տնտեսական գործոնների, ազգամիջյան հարաբերությունների որոշակի լարվածության, բայց նաև Նուրսուլթան Նազարբաևի բավական ճկուն ու հեռանպատակ քաղաքականության շնորհիվ ղազախ տարրը ձեռք բերեց գերակշռություն, սակայն նույնիսկ լավագույն հաշվարկներով դարձյալ կազմում է երկրի բնակչության կեսից ոչ ավելին։ Փորձագետների գնահատմամբ՝ Ռուսաստանն այսօր էլ պահպանում է հնարավորությունները Հյուսիսային Ղազախստանի լայնածավալ տարածքները Աստանայից անջատելու, եթե վերջինս կտրուկ հակառուսական քաղաքականություն որդեգրի։ Բայց միաժամանակ պարզ է, որ Ղազախստանը չի կարող դիմել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչելու քայլին՝ դրանով իսկ խոր և հեռանկարային փոս փորելով իր համար։ Թեպետ Աստանայի պարագայում պակաս նշանակություն չունի նավթային գործոնը։ Ղազախական նավթի մի մասը տանկերներով հասցվում է Ադրբեջան և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով մղվում Միջերկրական ծով։ Այսինքն, Թբիլիսին, թեկուզ միջնորդավորված, բայց հանդիսանում է Աստանայի էներգետիկ գործընկերը, և սա ևս մի ծանրակշիռ պատճառ է Հարավային Օսիայի ու Աբխազիայի հարցում Ղազախստանի չեզոքության։
Ըստ այդմ, կարծես Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչման պոտենցիալ աջակցողներ Մոսկվայի համար մնում էին Բելառուսն ու Հայաստանը։ Սակայն Մինսկն ու Երևանը ևս չդիմեցին այդ քայլին։ Հայաստանի պարագայում պատճառներն ավելի քան ակնհայտ են։ Եվ թեպետ Հայաստանի նախագահը նախքան ՀԱՊԿ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Մոսկվա մեկնելը երկրի դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ արձանագրեց, որ Հայաստանը չի ճանաչելու Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, քանզի կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, բոլորի համար էլ պարզ է, որ բանը միայն դա չէ։ Եթե նույնիսկ Ռուսաստանը պատասխան քայլ աներ և ճանաչեր ԼՂՀ անկախությունը՝ Հայաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչման դիմաց, մեզ համար իրադրության այսպիսի դասավորությունը բոլորովին էլ նպաստավոր չէր լինի։ Որովհետև ոչ միայն անմիջապես կոմունիկացիոն լուրջ խնդիրներ կառաջանային Վրաստանի հետ հարաբերություններում, այլև այդ քայլով Հայաստանն առիթ կտար Թբիլիսիին՝ ճնշումներ իրականացնելու Վրաստանում բնակվող հայության նկատմամբ, ինչն անխուսափելիորեն կհանգեցներ Ջավախքում ազգամիջյան հակամարտության համար նախադրյալների ստեղծման։ Հասկանալի է, որ երկրորդ հակամարտությունը, ղարաբաղյան հարցի կարգավորված չլինելու խորապատկերի վրա, Հայաստանին պետք չէ։
Այսպիսով, Հարավային Օսիայի և Աբխազիայի նկատմամբ ռուսական քաղաքականությանն աջակցություն ցուցաբերելու առումով Մոսկվայի միակ իրական դաշնակիցը մնում է Բելառուսը։ Թեպետ, փորձագետների մեծամասնության կարծիքով, Մինսկը չի դիմի այդ քայլին՝ Արևմուտքի հետ առանց այդ էլ ոչ փայլուն փոխհարաբերություններն ավելի չվատթարացնելու համար, սակայն որոշ հարակից գործընթացներ այլ բան են հուշում։ Մասնավորապես, Ռուսաստան-Բելառուս միության գործադիր քարտուղար Պավել Բորոդինն անցած շաբաթ հայտարարեց, որ Հարավային Օսիան և Աբխազիան առանց որևէ խոչընդոտների կարող են դիմել և անդամակցել Ռուսաստան-Բելառուս միությանը կամ միութենական պետությանը։ Սա նշանակում է, որ այս շրջանակներում առկա է դիվանագիտական գործընթաց, որի նպատակը Մինսկի կողմից Ցխինվալի և Սուխումի անկախության ճանաչմանը հասնելն է։ Թեպետ վերլուծաբանների մեծամասնությունը կարծում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ամեն գնով կխուսափի այդ քայլին դիմելուց։ Հիշեցնենք, որ հենց Բելառուսի նախագահին էր պատկանում Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչման հարցը ՀԱՊԿ պետությունների գագաթաժողովում քննարկման առարկա դարձնելու գաղափարը։ Բելառուսի նախագահը, անկասկած, քաջատեղյակ էր, որ դաշինքի անդամ մյուս պետությունները վերը նշված պատճառներով չեն աջակցի Կրեմլի նախաձեռնությանը, բայց այդ քննարկումը հնարավորություն էր տալիս Մինսկին՝ գոնե առժամանակ խուսափելու Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչման մոսկովյան պարտադրանքից: Որքանով դա հաջողվեց Բելառուսի նախագահին, ցույց կտան առաջիկա զարգացումները։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 5518

Մեկնաբանություններ