38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Անիմանալի էգործը Աստծո

Անիմանալի էգործը Աստծո
05.09.2008 | 00:00

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԿՐՔԵՐ
ՈՒղիղ մեկ ամիս առաջ մասնավոր այցով Երևանում էր գտնվում ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Ֆրանսիայի հավաքականի նախկին առանցքային խաղացող Քրիստիան Կարեմբյուն, ում թեթև ձեռքով 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի և Թուրքիայի հավաքականներն ընդգրկվեցին նույն ենթախմբում։ Այն ժամանակ, երբ ակնարկեցի այդ մասին, նա պատասխանեց.
-Դե, գիտեք, դա արդեն Աստծո ձեռքի գործն է, բայց նաև համոզված եմ, որ սպորտը ժողովուրդների մերձեցման, բարեկամության ամրապնդման լավագույն միջոց է, ինչն արտահայտվում է ոչ միայն խաղադաշտում, այլև նրա սահմաններից դուրս։
Եվ ահա վաղը, ժամը 21-ին, «Հրազդան» կենտրոնական մարզադաշտում տեղի կունենա պատմական իրադարձություն։ Դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու պետությունների մերձեցման առաջին ծիծեռնակը դարձյալ կդառնա բոլոր ժամանակների «խաղաղության դեսպանը»՝ նորին գերազանցություն ֆուտբոլը։
Այս ֆուտբոլային երկխոսությանը մեծ հետաքրքրությամբ են սպասում ոչ միայն Հայաստանում ու Թուրքիայում, այլև ՈՒԵՖԱ-ում, որն այս հանդիպումը դասել է «վտանգավոր խաղերի» շարքը։
Թե այն օրերին մամուլում և հեռուստատեսությունում ինչպիսի քննարկումներ եղան, ինչպես արձագանքեցին այս հանդիպմանը, հայտնի է բոլորին։ Իսկ ի՞նչ են մտածում մեր նշանավոր վետերանները։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ («Արարատ-73»-ի մարզիչ, Հայաստանի վաստակավոր մարզիչ)- Շատ ծանր խաղ է լինելու։ Թուրքիայի հավաքականը հզոր, հաղթանակի համար ամեն ինչ ներդնող թիմ է։ Ֆուտբոլասերները դա տեսան նաև Եվրոպայի այս տարվա առաջնության ժամանակ, երբ թուրքերը կրկնեցին աշխարհի վերջին առաջնության հաջողությունը՝ գրավելով 3-րդ տեղը։ Այս ամենը խոսում է ֆուտբոլային հարուստ փորձի մասին։ Ինչ վերաբերում է մեր տղաներին, ապա նրանք նման պայքարի համար դեռ շատ երիտասարդ են և արժանի մրցակցություն ցույց տալու համար պետք է խաղին նախապատրաստվեն հատկապես հոգեբանորեն։ Ֆիզիկականը, տեխնիկականը, տակտիկականը մի կողմ դրած՝ պետք է մեծ ուշադրություն դարձնեն հոգեբանական պատրաստականությանը։ Այս առումով երիտասարդական հավաքականն ավագներին լավ օրինակ ծառայեց։ Կարծում եմ՝ հավաքականի մեր փորձառու մարզիչն այս կարճատև հավաքի ժամանակ աշխատանքներ է տարել հենց այդ ուղղությամբ, որպեսզի ամեն ինչի մասին մտածեն, բացի առաջիկա հանդիպումից։ Եթե հոգեբանորեն պատրաստված լինեն, ապա ամեն ինչ լավ կլինի։ Այսօր ուժեղն ու թույլն այնքան էական չէ։ Էական է, թե ով հանուն ինչի է դուրս գալիս խաղադաշտ։ Խորհրդային տարիներին «Արարատը» նման հոգեբանությամբ ծնկի էր բերում ոչ միայն երկրի ամենաուժեղ ակումբներին, այլև գլխավոր հավաքականին։ Եթե ես այս մարզչի հետ մոտիկ լինեի, խորհուրդ կտայի հոգեբան հրավիրել, որպեսզի տղաները զերծ մնան այս համազգային քննարկումներից։ Առանց այդ էլ լարվածության պատճառ կա. գարնանային ընկերական հանդիպումներից հետո, որտեղ մեր հավաքականը բավականին լավ տպավորություն թողեց, խաղացողներն առաջին անգամ են մի տեղ հավաքվում, ինչը շատ վատ է։ Այս ընթացքում պետք է գոնե մեկ հանդիպում անցկացվեր, որ տղաներն իրար չմոռանային։ Նրանք մոռանում են անգամ ժողովրդի սովորական բղավոցները։ Սրանք նրբություններ են, որոնք պետք է հաշվի առնվեն։ Ի դեպ, ժողովրդի մասին. երիտասարդական հավաքականների հանդիպման ժամանակ ժողովուրդն իրեն շատ վատ պահեց։ Հիմնը յուրաքանչյուր երկրի սրբությունն է, և անկախ նրանից, թե որ երկրի հիմնն է կատարվում, բոլորը պարտավոր են ոտքի կանգնել։ Չէ՞ որ լինելու է նաև պատասխան հանդիպում և համարժեք վերաբերմունք։ Ցանկացած ավելորդ, չմտածված քայլը, արտահայտությունը կարող է իր հետքը թողնել խաղի վրա։ Մինչդեռ սա ընդամենը խաղ է, որը քաղաքականությունից դուրս է։ Ֆուտբոլիստին չպետք է շատ բան պարտադրել։ Թե անցած հինգ օրում մարզչական կազմը ինչ է արել, ինչպես է նախապատրաստվել այս հանդիպմանը, կիմանանք վաղը։ Տա Աստված, որ այս անգամ էլ մեր հավաքականի մոտ ամեն ինչ այնպես ստացվի, ինչպես մենք ենք ցանկանում։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՆԱԶԱՆՅԱՆ («Արարատ-73»-ի ավագ) -Չգիտես ինչու, հոգեբանորեն այս խաղին լավ եմ տրամադրված։ Վստահ եմ, որ մեր ֆուտբոլիստները կանեն ամեն ինչ, կներդնեն իրենց ողջ ուժը, որպեսզի Հայաստան-Թուրքիա հանդիպումների ապագա վիճակագրությունը սկսվի բարձր նոտայով։ Տղաները պետք է շատ կոռեկտ խաղան, խուսափեն բախումներից։ Տևական ընդմիջումից հետո առաջին անգամ՝ վաղը, 55 հազար մարզասեր կհավաքվի մի տեղ, և նրանք կարոտ են հաղթանակի։ Ես հասկանում եմ, որ վարպետության և մրցակցական փորձի առումով Թուրքիայի հավաքականը շատ բարձր է։ Նրանց ֆուտբոլիստների մեծ մասը հանդես է գալիս եվրոպական հանրահայտ ակումբներում, բայց կան բաներ, որոնք այս ամենից շատ ավելի բարձր են, և եթե այդ գործոնը գործի, ապա վստահ եմ՝ ամեն ինչ լավ կլինի։ Դա արդեն երիտասարդներն իրենց խաղով ապացուցեցին։ Եվ, ամենակարևորը. ամեն ինչով հանդերձ ֆուտբոլիստները պետք է ցույց տան, որ քաղաքակիրթ ազգ ենք։ Ամեն քայլ կատարելուց առաջ թող հիշեն, որ ռեպորտաժները հեռարձակում են արտասահմանյան հեռուստաընկերությունները, և նրանք ձեռքից բաց չեն թողի աշխարհով մեկ ցուցադրելու մեր ազգի նկարագրին ոչ հարիր դրվագներ...
***
Հանդիպման նախօրյակին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ հրավիրել էր մամուլի ասուլիս։
-Ես կցանկանայի, որ մենք մեր երկրով, մեր ժողովրդով ապացուցենք, որ հյուրընկալ ազգ ենք, և չանենք այնպիսի քայլեր, որոնք պատիվ չեն բերի մեր նկարագրին։ Հանդիպումը պետք չէ վերածել քաղաքական շոուի և դարձնել սպեկուլյացիայի առարկա։ Սա ուղղակի ֆուտբոլ է, և ցանկալի կլինի, որ ողջ ազգն աջակցի մեր հավաքականին։ Իմ կարծիքով՝ հաջողություն ունենալու ենք և դրանով ավելի լուրջ պատասխան կարող ենք տալ, քան քաղաքական հայտարարություններով։
Պետք է ասեմ, որ տղաները մարտականորեն են տրամադրված և լի են հաղթանակի հասնելու վճռականությամբ...
Պարոն Հայրապետյանը նաև տեղեկացրեց, որ հավաքականի առջև խնդիր է դրված անպայման նվաճել 2010 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր։ Սա, իհարկե, վատ ձգտում չէ, սակայն առայժմ մեր գլխավոր նպատակն է արժանի մրցակցություն ցույց տալ այս խաղում, որը, ի տարբերություն մինչ այժմ տեղի ունեցածների, առավել լայն միջազգային հնչեղություն է ունենալու։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5376

Մեկնաբանություններ